Սփյուռքի խամրող լույսը - Mediamax.am

Սփյուռքի խամրող լույսը
10453 դիտում

Սփյուռքի խամրող լույսը


Անցյալ տարվա իմ վերլուծական ակնարկներից մեկում դիտարկել էի անդրազգային ազգի՝ որպես հայկական աշխարհի կառուցման հնարավոր մոդելի, հայեցակարգի որոշ մանրամասներ: Պրոֆեսոր Թոմաս Ֆեյսթն՝ սփյուռքի անդրազգայնության տեսության հիմնադիրներից մեկը, իր աշխատություններում նշում է, որ վերջին տասնամյակում նկատվում է էթնիկական համայնքային խմբերի քաղաքական եւ տնտեսական ակտիվության էական անկում իրենց ծագման երկրների նկատմամբ: Սփյուռքի խմբերի ազգային իմունիտետն ունակ չէ արդյունավետորեն արձագանքելու այնպիսի դասական սպառնալիքներին եւ վտանգներին, ինչպիսիք են ասիմիլյացիան եւ ունիֆիկացումը:

Փոփոխությունները ստիպում են սփյուռքի ռեսուրսի խիստ կարիք ունեցող ծագման երկրներին փոխել վերաբերմունքն իրենց արտաքին համայնքների նկատմամբ: Սակայն համապատասխան ռազմավարության մշակումն անհնար է առանց հիմնարար սխալներն ընդունելու: Այս հոդվածի շրջանակներում կփորձեմ մանրամասն բացահայտել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են հայկական ցանցային ազգի կառուցմանը:

Ժամանակակից հայկական քաղաքական իրականությունում սփյուռքը դիտարկվում է որպես անսպառ ռեսուրս: Իրենց հայտարարություններում եւ հարցազրույցներում բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ հայերն իրենց ինքնությունն այլ հասարակություններում պահպանելու ֆենոմենալ ունակություն ունեն: Սակայն պատմական փաստերն ու այսօրվա վիճակագրությունը ցույց են տալիս, որ հայ ժողովրդի պատմական անմահության գաղափարը չափազանց վտանգավոր ճանապարհ է, որն խանգարում է օբյեկտիվորեն հասկանալ եւ վերլուծել իրական խնդիրները:

Պատմաբաններն ու սոցիոլոգները մեծաթիվ աշխատություններ են հրատարակել, որոնցում հետազոտվում են աշխարհի էթնիկ հայերի գործունեության տարբեր ասպեկտները: Խնդիրը նրանում է, որ այդ աշխատությունների ճնշող մեծամասնությունը նվիրված է համայնքին, որն առաջացել է 1915-1923թթ. ցեղասպանության հետեւանքով: Ընդ որում, չի ծագում այն տրամաբանական հարցը, թե ի՞նչ եղավ ավելի վաղ ժամանակներից գոյություն ունեցող հայկական համայնքների հետ:

Ուղղակի եւ անուղղակի աղբյուրներից ստացված տվյալների համակարգումը ցույց է տալիս, որ Եվրոպայում այն կազմել է 250 հազար մարդ: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում ապրել են մոտավորապես 30 հազար էթնիկ հայեր: Ցավոք, ասիական երկրներում հայերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չկան: Սակայն լայն ճանաչում ունեն այն նյութերը, որտեղ նկարագրվում է հայկական խոշոր գաղութների գործունեությունը Հնդկաստանում, Աֆղանստանում, Չինաստանում եւ Մալայզիայում: Վաղ համայնքների մեծ մասը տարրալուծվել է բնակության երկրների ներսում՝ իրենից հետո թողնելով սահմանափակ, սակայն պատմականորեն արժեքավոր ժառանգություն: Եվ դրանք միայն բիզնես բրենդներ, բանկեր, դպրոցներ, համալսարաններ եւ կրոնական հաստատություններ չեն:

Ժամանակին մենք ուշադրության չենք արժանացրել գենետիկական խառնուրդների ատլասը (genetic atlas of human admixture history), որը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի եւ Մաքս Պլանկի անվան անթրոպոլոգիայի գերմանական ինստիտուտի գիտնականների երկարամյա համատեղ հետազոտությունների հիման վրա: Այդ աղբյուրի տվյալների համաձայն՝ հայկական գեներ ունեն լեհերի 8,1%-ը, լիտվացիների՝ 6,9%-ը, իտալացի-սիցիլիացիների՝ 4,8%-ը, չինացիների՝ 4%-ը, փուշտուների՝ 3,7%-ը, իռլանդացիների՝ 2,8%-ը, բասկերի՝ 2,1%-ը եւ վալլերի՝ 0,6%-ը: Այդ բացահայտումները մեզանից լուրջ եւ խորը վերլուծություն են պահանջում, չէ՞ որ խոսքը նշանակալի ռեսուրների մասին է, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են օգտակար լինել բազմաթիվ համազգային խնդիրների լուծման համար: Մեր դեպքում վերոնշյալ թվերը վկայում են, որ դեռեւս 1915թ.-ից շատ ավելի վաղ, աշխարհով մեկ բազմաթիվ հայկական համայնքներ ասիմիլացվել են:

Նման գործընթացներ այսօր տեղի են ունենում նաեւ այն սփյուռքի հետ, որի հարյուրամյակը լրացավ 2015 թ.-ին: Ամերիկայի հայերի օրինակով (արեւմտահայկական համայնքի առավել խոշոր մասը) կարելի է հստակորեն հետեւել սփյուռքի աստիճանական ձուլման դինամիկային: 1991թ. Հարվարդի համալսարանի սոցիոլոգները բազմաչափ գծային ռեգրեսիոն վերլուծություններ անցկացրեցին մշակութային ասիմիլյացիայի հետեւյալ ցուցիչների վերաբերյալ. սերունդ, կրոնական հետեւորդություն, ծնողների ազգություն եւ կրթություն: Վերջնական արդյունքները ցույց տվեցին, որ հայկական համայնքում խառնամուսնությունների տոկոսն առաջինից չորրորդ սերունդ աճում է՝ 23,1%-ից մինչեւ 30,5%, 45,6% եւ 66,3% համապատասխանաբար: Ասիմիլյացիայի աճը սրվում է Հայ  Առաքելական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիներից դեպի բողոքականություն, մորմոնականություն եւ այլ կրոններ գնացող հայերի թվի ավելացմանը զուգահեռ:

1930թ. հայ բողոքականների թիվն կազմում էր 1,7 հազար մարդ, 1974թ.-ին այդ թիվն աճել էր մինչեւ 32 հազար, իսկ 2000թ.-ին բողոքականության հայ հետեւորդների թիվն հասել էր 46 հազարի:

Միացյալ Նահանգների հայկական համայնքի ընդհանուր թվաքանակի հայտնաբերման հարցում լուրջ հակասություններ կան: Հայկական միջավայրում ակտիվորեն տարածվում է 1,5 միլիոնանոց համայնքի առկայության մասին տեղեկությունը: Պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ է. 2010թ. մարդահամարի տվյալներով, էթնիկ հայերի թիվն կազմել է 474 հազար, իսկ 2014թ. ընդամենը ԱՄՆ-ի 461 հազար քաղաքացիներ են նշել իրենց հայկական ծագման մասին: Հատկանշական է, որ ընդհանուր թվի 58%-ը «նոր սփյուռքի» ներկայացուցիչներ են, ովքեր Ամերիկա են արտագաղթել ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին կամ անկախ Հայաստանից: Այսօր նոր համայնքները թույլ են ինտեգրված ամերիկյան հասարակությունում, ինչը նպաստում է սեփական ինքնության պահպանմանը:

Այսպիսով, մենք դառնում ենք դասական արեւմտահայկական սփյուռքի անկման վկաները, որը որոշ ժամանակ անց ամբողջությամբ կանհետանա: Ավելին, հաշվի առնելով գլոբալացման արագությունը, նոր համայնքն ավելի արագ կձուլվի: Հայկական համայնքային մեծամասնությունը դատապարտված է ոչնչացման, այն անմահ չէ, եւ դա պետք է ընդունել:

Ի՞նչ անել նման իրավիճակում: Մյուս փոքր ազգերի փորձն ինձ տալիս է այն համոզմունքը, որ անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել հետեւյալ հիմնարար քայլերը:

Առաջին՝ անհրաժեշտ է վերապրոֆիլավորել Սփյուռքի նախարարության աշխատանքը: Հնդկաստանում, Իսրայելում, Իռլանդիայում եւ Լեհաստանում նման ինստիտուտները զբաղվում են այնպիսի խնդիրների լուծմամբ, որոնք ուղղված են հասնելու միայն մեկ նպատակի՝ ռազմավարական հայրենադարձության: Մարդկային կապիտալը արեւելքից եւ արեւմուտքից աշխարհագրական գերության մեջ գտնվող ոչ մեծ Հայաստանի գոյատեւման եւ զարգացման միակ ռեսուրսն է: Համայնքային զանգվածին ներգրավելու համար երկրի իշխանությունները պետք է ստեղծեն բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ: Անհրաժեշտ է գալ այն գիտակցմանը, որ բնական հայրենասիրության գաղափարախոսությունը բավարար մոտիվացիա չէ աշխարհի միլիոնավոր հայերի համար:

Դժվար է գտնել հայի, ով չի հիանում իր երկրով եւ նրա հարուստ պատմությամբ, սակայն չափից դուրս ռացիոնալությունը ճնշող մեծամասնությանը թույլ չի տա գնալ սոցիալական զոհողությունների եւ տնտեսական կորուստների հանուն Հայաստան վերադառնալու եւ այնտեղ ապրելու գաղափարի: Սփյուռքի բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր պոտենցիալ հետաքրքրված են Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու եւ հետագայում հայրենադարձվելու հարցում, կարեւոր է կայուն քաղաքական իրադրությունը եւ բարենպաստ ներդրումային կլիման: Եվս մեկ ոչ պակաս կարեւոր գործոն՝ առողջ մրցակցության առկայությունը եւ ցանկացած տիպի  իրավունքների ոտնահարման բացակայությունը:

Երկրորդ՝ անհրաժեշտ է արձակել Սփյուռքի հնացած ավանդական քաղաքական կուսակցությունները: Այսօր այդ կազմակերպություններն ունակ չեն արձագանքելու համայնքների առջեւ ծառացած սպառնալիքներին եւ վտանգներին, եւ արդյունավետորեն  առաջ մղելու ծագման երկրի շահերը:

Ավելին, ավանդական հայկական կառույցներն, որպես կանոն, թույլ չեն տալիս, որ նոր մտածելակերպ եւ մոտեցումներ ի հայտ գան: Այդ խնդիրն հստակ բացատրում է, թե ինչու է հայերի մի նշանակալի մասը դուրս մնում կուսակցական կազմակերպություններից՝ վերածվելով պասիվ հետեւողների, ինչը նույնպես արագացնում է ասիմիլյացիոն գործընթացները: Ավանդական կուսակցությունների առաջնորդներն իրենց վրա վերցնում են անիրագործելի սոցիալական եւ քաղաքական գործառույթներ՝ ցանկանալով փորձել սփյուռքի «տիրակալների պսակները»: Նրանք արհեստականորեն երկու պայմանական Հայաստաններ են ստեղծում՝ «սփյուռքի» (ամերիկյան Հայաստան, ֆրանսիական Հայաստան, լիբանանյան Հայաստան եւ այլն) եւ «պատմա-մետաֆիզիկական», որն հիմնված է ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արեւմտյան Հայաստանի տարածքները վերադարձնելու գաղափարի վրա: Այդ պարադիգմների առկայությունը հարցեր չէր առաջացնի, եթե չլիներ մեկ հանգամանք՝ իրական Հայաստանի Հանրապետության գոյությունը իրական բնակչությամբ եւ իրական ներքին եւ արտաքին խնդիրներով:

Այդ կուսակցությունների փոխարեն պետք է ստեղծվեն առանձին ոլորտային ասոցիացիաներ, որոնք կզբաղվեն կոնկրետ խնդիրների լուծմամբ. էթնիկ ինքնության պահպանում, քաղաքական լոբբիզմ, կադրերի պատրաստում, ֆինանսական միջոցների հավաքագրում եւ բաշխում եւ այլն: Իր հերթին, հայկական պետությունը Սփյուռքի նկատմամբ իր վրա պետք է վերցնի մի շարք կարեւորագույն գործառույթներ. պահապանի՝ պետությունը դաստիարակում, պաշտպանում, կարգավորում եւ ուղղորդում է հայակենտրոն զանգվածն արտաքին աշխարհում, մանկաբարձի՝ պետությունը սահմանում է պոտենցիալ պարտականությունները, լիդերներին եւ ակտիվները, մոբիլիզացնում եւ մշակում է դրանք, երբ խոսքը գնում է համազգային շահերի մասին, դեմիուրգի՝ պետությունն անմիջականորեն ստեղծում եւ ղեկավարում է սփյուռքի նոր ցանցերը եւ լիդերներին թույլ է տալիս տեղում ապահովել դրանց ամենօրյա գործառնումը: Բոլոր այս դերերը հանգում են նրան, որ Սփյուռքին հաղորդվի հայկական սուբյեկտայնություն եւ թույլ չտրվի այլ ուժերին այն որպես գործիք օգտագործել Հայաստանի դեմ:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին