Կրթության վերածնունդը - Mediamax.am

Կրթության վերածնունդը
24556 դիտում

Կրթության վերածնունդը


Մոտենում է սեպտեմբերի եւ նոր ուսումնական տարվա առաջին օրը, առաջ մղելով կրթական թեման մեր բազմատեսակ մտորումների շարքում։

Երբ աշխատում ես կրթության ոլորտում, քեզանից անկախ անընդհատ մտածում ես ապագայի մասին, քանի որ կրթությունը իր բնույթով ապագային է միտված, եւ զգալի մասով պայմանավորում է այդ ապագան։

Սակայն ժամանակ առ ժամանակ կարելի է հայացքը շրջել եւ ուսումնասիրել մշուշոտ անցյալը, զարմանալով, թե որոշ պահերի որքան մոտ ենք այդքան հեռու թվացող դարերին։

Մինչ տպագրության գյուտը կրթությունը շատ էր տարբերվում մեզ ծանոթ ձեւաչափից։ Եվրոպական համալսարաններում ուսանողները մանրամասն ուսումնասիրում էին ընդամենը մի քանի աղբյուրներ՝ Աստվածաշունչ, Արիստոտելի մեկ-երկու գործ։ Ավելին հնարավոր չէր, քանի որ ձեռագիր գրքերը թանկ էին, իսկ ուսանողական համայնքը՝ բազմաքանակ եւ ոչ միշտ բաղկացած ունեւոր երիտասարդներից։

Մնացածը իրենք ստանում էին երկու կարեւոր գործընթացների միջոցով՝ դասախոսությունների եւ բանավեճերի։ Դասախոսներն ոչ այնքան փաստեր եւ պատրաստի գիտելիք էին ներկայացնում, որքան իրենց մտորումները։ Բանավեճերը հիմնված էին ստույգ աղբյուրների վրա, ինչպիսին էր համարվում, օրինակ՝ Աստվածաշունչը, եւ միտված էին ցուցաբերելու ուսանողի համոզիչ կերպով փաստարկելու, սուր եւ ճկուն մտածելու, միտքը մարդկանց հասցնելու, հետաքրքիր խոսելու կարողությունները։

Ուսանողական կյանքը պատրաստում էր մարդկանց իրական կյանքին, ուր կրթված մարդը առաջին հերթին հզոր եւ ճկուն ուղեղ եւ ճարտար լեզու ունեցողն էր, օժտված հիմնարար մարդկային հմտություններով եւ ամուր արժեհամակարգով, այլ ոչ թե լայնածավալ փաստացի գիտելիքների տիրապետողը։ Փաստացի գիտելիքը գալիս էր կյանքի հետ, եւ ծառայում ընթացիկ նպատակներին։ Չկային պատրաստի ճանապարհներ՝ ամեն կրթված մարդ կառուցում էր իր կյանքը ինքնուրույն։

Հետո եկավ նոր, ինդուստրիալ դարաշրջանը, եւ վիճակը փոխվեց։ Հասարակությանը պետք էին չափելի մասնագետներ, մեկը մյուսին արտադրության մեջ հեշտությամբ փոխարինող, հստակ սահմանված փաստացի գիտելիքներին նախապես տիրապետող։ Մարդկանց փոքր խումբը պիտի ստեղծագործեր, մնացածը պիտի ընդամենը կրկնօրինակեին։

Այդ դարաշրջանը ստեղծեց բանակ հիշեցնող դպրոցական եւ ուսանողական համակարգեր, բազմաթիվ դասագրքեր, որոնց պարունակությունը պիտի վերածվեր ուսանողի փաստացի գիտելիքի, բազմաթիվ դասախոսներ, որոնց նպատակը այդ գիտելիքը «փոխանցելն» էր, նյութը «կարդալը»։ Կրթական համակարգը կայացավ եւ ազնիվ ծառայեց հասարակությանը, ապահովելով արտադրության սրընթաց աճը, տնտեսությունների աննախադեպ զարգացումը եւ դրանցով պայմանավորված մարդկության աներեւակայելի քանակական աճը։

Սակայն հենց այդ զարգացումը մեզ բերեց մի նոր դարաշրջան, ուր մարդու դերը արագ փոխվում է։ Այն կոչվում է «չորրորդ ինդուստրիալ դարաշրջան»։ Այլեւս չափորոշիչային մարդիկ պետք չէն։ Մենք կարիք չունենք զգալի ծավալի փաստացի գիտելիքներ կուտակելու՝ տեղեկությունը հասանելի է ամեն պահին, այն փոփոխական է եւ արագ հնացող։ Կրթությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, եւ փնտրում է իր ճանապարհը, վերադառնալով ակունքներին, միջին դարերի իր փորձին։

Վերստին կարեւորվում են հմտությունները եւ մարդկային հատկանիշները։ Փաստացի գիտելիքը դառնում է երկրորդական եւ միայն ծառայողական դերում է գտնվում։ Կրթությունը պատրաստում է մարդուն գիտելիքների կուտակելուն ըստ պահանջի, ոչ թե նախապես։ Տնտեսությունը պահանջում է ինքնուրույն մարդկանց, դարձյալ չկան կանխորոշված ճանապարհներ, ամեն բան անորոշ է դարձել, փոփոխական։ Իհարկե, իրավիճակը շատ է տարբերվում միջին դարերից, մարտահրավերները այլ են, տեխնոլոգիան ահռելի զարգացում է ապրել, բայց մարդը որպես տեսակ չի փոխվել, ուրեմն՝ դարերով ձեւավորված կրթական մոտեցումներն էլ, որոնք կիրառվել են այն ժամանակ, կարող են դարձյալ մտնել կրթական աշխարհ, շունչ տալ կրթությանը։ Ինչպես ժամանակին հին հունական եւ հռոմեական արվեստը եւ ճարտարապետությունը Ռենեսանսի հիմք դարձան, այնպես էլ այսօր միջնադարյան կրթական միջավայրը այսօրվա կրթական փիլիսոփայության հիմք է դառնում ։

Ժամանակակից կրթական հաստատությունը այլեւս չափորոշիչներին համապատասխանող գիտելիքի ծավալ փոխանցելու համար չէ։ Այն մարդ է կերտում, ուրույն անձնավորություն, իր եզակի հատկանիշներով եւ իր սեփական կյանքի հետագծով։ Այն կենտրոնանում է մարդու վրա, գիտակցելով, որ եթե աշակերտը կամ ուսանողը օժտված է անհրաժեշտ հմտություններով եւ արժեհամակարգով, ապա նա ինքնուրույն եւ առանց արտաքին աջակցության կհասնի եւ ընթացիկ կրթական նպատակների, եւ երկարաժամկետ կյանքի հաջողության։ Այն հասարակությունը, որը կկարողանա կայացնել այդ բնույթի կրթական համակարգ, կկայանա եւ կգոյատեւի նոր դարում։ Մնացածների ճակատագիրը ծայրահեղ անորոշ է։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին