Երեւանում ապրում է սերը - Mediamax.am

Երեւանում ապրում է սերը
4163 դիտում

Երեւանում ապրում է սերը


Հասցրեցինք. չնայած մեր ետեւից ոչ ոք ընկած չէր, բայց խուճապի մատնվելով ու շտապելով` հերոսաբար կարողացանք մինչեւ դեկտեմբերի 31-ը դատարկել խանութները, պատրաստել աղցանները, կտրատել մսեղենը, գնել խմիչքը, չրեղենն ու սպասել կեսգիշերին, երբ մեզ կհաջողվի անտեսանելի դռների միջով մուտք գործել նոր տարի: Մտանք, ու մի քանի վայրկյան անց ձյուն տեղաց` փորձելով իր գիրկն առնել քաղաքն ու քողարկել թերությունները: Մենք էլ միանգամից մոռացանք, որ այդքան շտապում էինք նոր տարում հայտնվել, «հարձակվեցինք» ձյան վրա ու սկսեցինք դժգոհել:

Մոռացանք, որ շատերի համար նոր տարվա անտեսանելի դռներն, այնուամենայնիվ, չբացվեցին ու շարունակեցինք անէական, գոյություն չունեցող կախարդանքներ փնտրել` բնականաբար չգտնելով, բողոքեցինք, որ հերիք չի այս տարի էլ հրաշք չեղավ, ճանապարհներն էլ փակվեցին: 

«Կախարդական» գիշերվանից հետո տաքսի պատվիրելը մեր քաղաքում մի քանի օր խնդիր էր, բայց փոխարենը ձյան մեջ կորած փողոցներում տաքսիները լիքն էին, նույնիսկ ուղեւոր ունեցող ավտոմեքենաները կանգնում ու առաջարկում էին տեղ հասցնել. «Շնորհավոր ձեր նոր տարին, ինչ տարբերություն ուղղությունը հարմար ա, թե ոչ, նստեք` մեր Երեւանով ենք քշում, չէ՞»:

Հունվարի 5-ին կենտրոնական փողոցում գտնվող մեր շենքի մայթը սառույցի վերածված ձյան տակ անանցանելի էր դարձել: Մինչ բոլորս փորձում էինք դրական էներգիա ուղարկել քաղաքապետարան ու հիշեցնել մեր մասին` դիմացի շենքի երրորդ հարկի բնակչուհի 70-ամյա տիկին Անոն ծնկաչոք փոքրիկ մուրճով կոտրում էր սառույցը, հետո էլ հավաքում ու լցնում դույլի մեջ: «Ինչ տարբերություն, որ դռանս դեմը չի, իմ փողոցն ա, իմ քաղաքը,  բա մթին մարդիկ ո՞նց կանցնեն, մեր Երեւանն ա»:

Հունվարի 6-ին երեւանյան սրճարաններից մեկում նոր տարին նշողներից մեկն ասաց` «Էս էլ խմենք մեր Երեւանի կենացը, որ կարողանում ա մեզ միասին հավաքել ու գրկել: Ու էդքան թերություններով հանդերձ մենք իրան շատ սիրում ենք»:

Հունվարի 8-ին բացվեցին քաղաքի բանկերը, ու բոլորս խուճապի մատնված վազեցինք վարկերն ու ապառիկները մարելու, որ տոների պատճառով ուշացումներ չգրանցվեն: Բանկերից մեկում գոյացած հերթի մի ծայրում կանգնած երիտասարդին ծանոթ թվաց մյուս ծայրում կանգնածի դեմքը` «Ախպեր, անունդ Գոռ ա, չէ՞»: «Մոսո` դու ե՞ս, վայ ես քո ցավը տանեմ, ինչ փոքր ա մեր Երեւանը, մերսի Երեւան ջան, ընկերոջս նորից գտա»:

Հունվարի 9-ին տաքսու վարորդին խնդրեցի Թումանյան-Աբովյան խաչմերուկ տանել: Վստահության համար «ստուգող կրակոց արձակեցի»` ճշտելով, որ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող խաչմերուկը նկատի ունեմ: Վարորդին իմ ճշգրտումը խիստ վիրավորեց` «Անունս Սամվել ա, քաղաքի տղա եմ: Ութ տարի ա աշխատում եմ տաքսու վարորդ, գիտե՞ք ինչու, որովհետեւ սիրում եմ մասնագիտությունս: Իմ առաքելությունն եմ համարում մարդկանց շուտ ու ապահով իրանց ուզած տեղը հասցնելը: Այդ պատճառով քաղաքն անգիր` տաս մատիս պես գիտեմ, ամեն ծակուծուկով: Գիտե՞ք ինչու, որովհետեւ սիրում եմ Երեւանը»:

Հունվարի 10-ին երեւանյան մի ուրիշ սրճարանում հանդիպեցին միմյանց մոտ հինգ տարի չտեսած ընկերները ու հասկացան, որ արտերկրից Երեւան են վերադարձել անբացատրելի կարոտի պատճառով:

Այնքան զգուշությամբ եմ վերաբերվում ամանորյա տոներին, շշուկով եմ խոսում ու ոտաբոբիկ քայլում, փորձում եմ անտեսանելի դառնալ, ամբողջ գիշեր արթուն մնալ, որ այդ օրերի ժամանակն ինձ հանկարծ չնկատի ու արագ չանցնի-հեռանա, ու ձեռքերիս մեջ բռնեմ ամեն վայրկյանն ու պահեմ ափերումս: Գուցե իրոք անիմաստ շտապում ենք, ոչ թե ապրել, այլ հասցնել գոհացնել գալիք տարվա կենդանակերպի նշաններին:  Գուցե կարելի է մի րոպե կանգ առնել, նայել ու տեսնել, թե որքան կախարդական է ձյան տակ մնացած քաղաքը: Վերջապես Երեւանն իսկապես գեղեցիկ ու հեքիաթային է` ձյան հաստ շերտի տակ գոնե մի քանի օրով խեղդված խնդիրներով: Գուցե ձյան տակ կորած անանցանելի ճանապարհներից դժգոհելու փոխարեն որոշում կայացնենք  դուրս չգալ տանից, մնալ ու սուրճ խմել սեփական եսի հետ` վայելելով սպիտակ լռությունը:

Տարին երբեք չեմ ամփոփում, որովհետեւ ամեն օրն ինձ համար մի տարի է` առանձին կյանք, յուրաքանչյուր առավոտ նոր նպատակներ, նվաճումներ, երազանքներ, հազար ու մի բան, իսկ  գիշերը` մահ: Ողջ գիշեր անէացած, ու եթե արթնանում ենք, ուրեմն այն երջանիկների թվում ենք, ում համար առավոտյան հնչեցին «կախարդական» 00:00-ի զանգերն ու մենք դիմավորեցինք «նոր տարին»:

Երբ փոքր էինք, ամեն մանրուք մեզ կախարդական էր թվում, հետո մի պահ մոռացանք, որ կախարդանքը` ամեն ինչի հանդեպ ունեցած սերն է: Իսկ Երեւանում ապրում է սերը:

«Ձյունը գալիս է` թողնելով ամբողջ աշխարհը փոքրամասնության մեջ»:

Լենա Գեւորգյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին