Ալեքսիեւիչի հետ Բեռլինում - Mediamax.am

Ալեքսիեւիչի հետ Բեռլինում
3331 դիտում

Ալեքսիեւիչի հետ Բեռլինում


Այս տարի Սվետլանա Ալեքսիեւիչը դարձավ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր` «բազմաձայն» ստեղծագործելու կարողության համար: Ալեքսիեւիչը Նոբելյան մրցանակի արժանացած առաջին լրագրողն է: Հենց այս փաստն էլ որոշիչ դեր խաղաց, որ սկսեմ կարդալ նրա «Պատերազմը կանացի դեմք չունի» գիրքը:

Հավանաբար, պատահական ոչինչ չի լինում ու նույնիսկ ամենաչնչին թվացող մանրուքները նշանակություն ունեն՝ գիրքն սկսեցի կարդալ այն ժամանակ, երբ Բեռլին մեկնեցի:

Պատերազմի մասին պատմող գրքերի մեծ մասում այն ներկայացվում է տղամարդկանց աչքերով: Ալեքսիեւիչը գրքի սկզբում ասում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմը կանացի ֆենոմենի ականատեսը եղավ`անգլիական բանակում 225, ամերիկյանում` 450–500,  գերմանականում՝ 500 հազար, իսկ սովետական բանակում մոտ մեկ միլիոն կանայք կռվեցին:

«Տղամարդիկ գրում են տղամարդկանց պատերազմի մասին, ամեն ինչ «տղամարդկային ձայնով» է պատմված: Իսկ կանայք լռում են: Մորս, տատիկիս, ինձնից բացի ոչ ոք չէր հարցնում պատերազմի մասին: Նրանք էլ տղամարդկանց վերապրած պատերազմի մասին էին հիշում: Ու միայն տանը, զինակից ընկերուհիների հետ էին սկսում խոսել ինձ անծանոթ պատերազմի մասին», - գրում է Ալեքսիեւիչը:

«Պատերազմը կանացի դեմք չունի» գրքի էջերից հնչում են կռիվը տեսած միայն կանացի «ձայներ»: Ստեղծագործությունը նոր ` լրագրողական վավերագրություն ժանրով է գրված. հեղինակը գրառում է հերոսների հետ ունեցած զրույցները` նրանց  ուղիղ խոսքը: Երբեմն միջամտում է ու ներկայացնում է սեփական զգացողությունները:

Մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեռլինի «Թեգել» օդանավակայնում, թռիչքի ողջ ընթացքում գրքի էջերին Ալեքսիեւիչը հավաքագրում էր պատերազմն անցած կանանց տվյալները` հերթով զանգահարելով, նամակներ գրելով նրանց: Շատերը հրաժարվում էին խոսել` պատճառաբանելով, որ ի վիճակի չեն, կամ չեն ցանկանում նորից վերապրել այդ դժոխքը, մյուսներն ուրախանում էին` վերջապես կկարողանան գոնե մեկին պատմել այն, ինչ այսքան տարի իրենց հոգում փակի տակ էր պահվել:

«Ես մարդկային հոգու պատմաբան եմ: Ինձ հետաքրքրում է ոչ միայն մեզ շրջապատող իրականությունն, այլ նաեւ այն աշխարհը, որ հոգու խորքում է», - գրում է Ալեքսիեւիչը:

Հասանք Շարլոթենբուրգում գտնվող մեր հյուրանոցը, Ալեքսիեւիչն էլ սկսեց այցելել իր գրքի հերոսներին: Ցերեկը ոտնատակ էինք անում Բեռլինը, գիշերն էլ հեղինակի հետ հավասար այցելում էի տատիկներին, զգում յուրաքանչյուրի բնակարանի հոտը, հյուրասիրվող թեյի տաքությունն ու կարկանդակների համը, տեսնում նրանց դիմագծերն ու պատկերացնում երիտասարդ տարիքում, հուզվում, արտասվում, անհանգստանում նրանց արագացող շնչառությունից ու լսում ձայները:

Ձայները … գրքում ձայներն ամենուրեք են, յուրաքանչյուր նախադասության մեջ` բառերում, տառերում, տողատակերում: Բացի կենդանի ձայներից հստակ լսվում են նաեւ կռվի դաշտից հավերժ հեռացածների ձայները, վերջապես նրանք էլ հնարավորություն ունեն խոսելու ու լսելի դառնալու:

Ու թեեւ Ալեքսիեւիչը գրքի էջերում շատ քիչ է «խոսում», անդադար զգում ես նրա ներկայությունը, հերոսների խոսքի արանքում չգրված, բայց հնչած հարցերը, դադարները, լռությունը: «Ուշադիր լսում եմ մարդկային ցավը … Ցավը, որպես անցած-գնացած կյանքի ապացույց: Այլ ապացույցներ չկան, այլ ապացույցներին ես չեմ վստահում: Լսում եմ, երբ նրանք խոսում են… լսում եմ, երբ լռում են: Եվ խոսքերը, եւ լռությունն ինձ համար տեքստ է», գրում է Ալեքսիեւիչը:

Բեռլինում 1987 թվականից գործում է «Տեռորի տեղագրություն» ցուցասրահը: Նախկինում այս տարածքում գեստապոյի նկուղներն էին: Այսօր էլ այստեղ ներկայացվում են հենց գեստապոականների կողմից արված արխիվային լուսանկարները: Մինչ ուսումնասիրում էի նացիստների աննկարագրելի վայրագությունները ցուցադրող լուսանկարների արխիվը, Ալեքսիեւիչի տարիքն առած կանայք հրաժարվում էին հավատալ, որ պատերազմը հենց իրենց հետ է պատահել՝ «ախր 16 տարեկան էի, հասկանում ե՞ս, սպանելը կնոջ գործ չէ, նույնիսկ, եթե թշնամիդ է, բայց մարդ է, չէ՞»: Ձայներն ամենայն մանրամասնություններով նկարագրում են մարդկային մարմնի մեջ մտնող փամփուշտի ձայնը, կորուստից արձակված ոռնոցը, երեխաների ու մայրերի ճիչերը, անդամահատվող զինվորների հառաչանքը, մահացողների վերջին շնչի սառնությունը, ընդհանուր գերեզման նետված մարմինների ոսկորների շրխկոցը: Մահն իրենց համար անձնավորված կերպար է, որ քայլում յուրաքանչյուրի ձեռքը պինդ սեղմած:

Փարիզ՝ սիրո մայրաքաղաք, Հռոմ՝ հավերժ քաղաք, Լոնդոն՝ մառախլապատ Ալբիոն, իսկ Բեռլինը՞: Մինչ Բեռլին մեկնելը չէի պատկերացնում, ո՞րն է քաղաքի ոգին,  կողքից ինձ միաձայն հարցնում ու ասում էին՝ ինչու՞ հենց այնտեղ, «սառը գերմանացիներ», Հիթլերի քաղաք, դաժան նացիստներ, վայրագություն: Իսկ Բեռլինն այնքան է ուզում, որ մարդիկ մոռանան իր մասին ստեղծված կարծրատիպերը: Բազմաշերտ քաղաք, որտեղ պահպանվում է սեփական պատմության մասին հիշեցնող ցանկացած մանրուք ու ամեն քայլափոխին պատմում իրենց՝ դաժան լինելու մասին: Քաղաք, որտեղ հին ու ժամանակակից ճարտարապետությունը համերաշխ ապրում են կողք կողքի ու երբեւէ չեն վիճում, որտեղ լուսացույցի վրա պատկերված մարդուկը՝ բարի Ամփելմանն, այսօր դարձել է քաղաքի խորհրդանիշներից մեկը: Այն վայրերում, որտեղ նացիստները հասարակայնորեն այրում էին գրքերը, այսօր՝ գրքեր են վաճառվում, Բեռլինյան Պատի դիմաց, որտեղ հազարավոր մարդիկ էին սպանվում այսօր՝ Մերսեդես Բենց Արենան է, ուր համաշխարհային աստղերի համերգներն են կայանում: Քաղաքի կենտրոնում սպանված հրեաներին նվիրված հուշարձանն է` 2711 սալիկներ, որոնք առավոտյան կենդանանում են իրենց լաբիրինթոսներում խաղացող երեխաների ձայներից, իսկ գիշերը լռում ու թախծում են: Քաղաք, որ շնչում է արվեստով, եռում գործարանների աղմուկից, շոգում մարդկանց ջերմությունից ու օգնելու պատրաստակամությունից, ընդունում անցյալի սխալներն ու ներողություն հայցում:

Իսկ հետո գրքի էջերում եկավ հաղթանակն ու սկսվեց խուճապը. 17 տարեկան աղջնակը տարիներ շարունակ կռվել է, տղամարդու հագուստ կրել, սպանել, թաղել ու մոռացել՝ ինչպե՞ս պիտի ապրի: Մենք էլ գնացինք Բունդեսթագ-Ռեյխստագ, որի պատերին առ այսօր պահպանվել են սովետական բանակի զինվորների, նրանց թվում նաեւ գրքի ձայների՝ մի քանի շաբաթ շարունակ արված գրառումները՝ «Հիթլերի վերջը եկավ», «Վրեժխնդիր եղանք», «Ստալինգրադից ենք», «Երեւանից ենք», «Այստեղ եղել է Իվանովը» … «Գալինա+Անատոլի=Սեր»: Այո, պատերազմում սեր էլ կար, մարդիկ մոռացել էին ապրել, բայց սիրել՝ չէին դադարել: Ձայներից մեկը միանգամից հիշեցնում է ՝ «Մարդ ատելության ու սիրո համար երկու առանձին սրտեր չունի՝ միայն մեկ սիրտ»: Մեր էքսկուրսավարը պատմեց, որ «Գալինայի ու Անատոլիի» թոռները վերջերս Բեռլին էին եկել ու լուսանկարվել տատիկի ու պապիկի գրառման մոտ: Էքսկուրսավարի հետ էինք զրուցում՝ «ախր մենք բարդույթով ազգ ենք, հեշտ չէ նման անցյալ ունենալ ու ամեն օր կրել դրա պատասխանատվությունը: Դրա համար էլ այսօր աշխատում ենք դառնալ անցյալի հակապատկերը»:

Այնքան կուզեի, որ ձայները լսեին ու իմանային, որ անցյալի սխալներն ընդունված են ու նրանց ներմանն են սպասում: Չնայած գուցե դա ոչինչ չփոխեր՝ միլիոնավոր չիրականացած երազանքներ, մտքեր, չասված խոսքեր, չտված համբույրներ, այլեւս երբեք չհնչած ձայներ: Իսկ մենք դեռ խոսում ենք գերմանացիների սառնությունից, բայց ամեն առավոտ պարզապես արթնանում ենք, ու չենք էլ մտածում, որ խաղաղ պայմաններում ապրելով շարունակում ենք պատերազմել` խոսքերով սպանում ենք, նախանձով վիրավորում, արարքներով անդամալուծում, անտարբերությամբ որբացնում ...

«Մեր զգացմունքներից տաճարներ եմ կառուցում … կառուցում եմ մեր ցանկություններից, հիասթափություններից, երազանքներից»` Սվետլանա Ալեքսիեւիչ:

Լենա Գեւորգյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին