Ահաբեկչության զոհերի տարբերության մասին - Mediamax.am

Ահաբեկչության զոհերի տարբերության մասին
2996 դիտում

Ահաբեկչության զոհերի տարբերության մասին


Փարիզյան ահաբեկչությունից հետո ոչ միայն միջազգային, այլեւ հայաստանցի բազմաթիվ օգտատերեր սկսեցին ակտիվորեն քննարկել Ֆրանսիայում եւ Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչությունների՝ միջազգային լրատվամիջոցներում քննարկման եւ լուսաբանման հարցը։

Համեմատության, այսպես կոչված, փաստագրական մասն ակնհայտ է՝ արեւմտյան քաղաքում կատարված ահաբեկչությունը շատ ավելի խոր զայրույթ եւ ռեակցիա է առաջացնում, քան արեւելյան քաղաքում տեղի ունեցածը։

Սակայն ի՞նչի արդյունք է սա.միջազգային լրատվամիջոցների գործունեությա՞ն, թե՞ ինչպես որոշ մարդիկ են նշում, ռասիզմի։ Այսինքն, եվրոպացու կյանքը շատ ավելի է գնահատվում, քան Բեյրութում զոհված մուսուլմանինը։

Ես ինքս համոզված եմ, որ լրատվական լուսաբանումը հանրային ընկալման վրա շատ ավելի քիչ է ազդում, քան շատերը ենթադրում են։ Լրատվամիջոցները, վերջ ի վերջո, ձգտում են բավարարել հանրության պահանջարկը․ եթե բեյրութցու սպանդը ավելի քիչ է հուզում ընթերցողին կամ ունկնդրին, քան փարիզեցու, ապա առաջինի մասին ավելի քիչ են խոսում կամ գրում, քան երկրորդի։

Ռասիզմի խնդրին անդրադառնալն ավելի բարդ է, քանի որ խոսքը ոչ թե ֆորմալ, այլ լիովին ոչ ֆորմալ երեւույթի մասին է․ այսօր աշխարհում չկա որեւէ պետություն կամ հասարակություն, որն ակնհայտորեն կարող է հայտարարել, որ տարբերություն է դնում եվրոպացու կամ ասիացու կյանքի գների միջեւ։ Եթե կա ռասիստական բաղադրիչ, ապա այն թաքնված է գիտակցության, իսկ ամենայն հավանականությամբ՝ ենթագիտակցության խորքերում։ Սակայն իմ համոզմամբ՝ ռասիզմի հնարավոր դերը նույնպես գերագնահատված է, իսկ երեւույթի ակունքները գտնվում են ոչ թե քաղաքական կամ ռասսայական, այլ մշակութային աշխարհընկալումների խորքերում։

Այդ ընկալումներից ես կառանձնացնեի, իմ կարծիքով, հիմնականը։

Փարիզում կատարված ահաբեկչությունը շարքային քաղաքացուն զայրացնում է ավելի, քան Բեյրութինը, ոչ թե էթնիկ կամ ռասսայական, այլ աշխարհագրական եւ մշակութային նկատառումներից ելնելով։ Խնդիրն այն է, որ Արեւմուտքը եւ Եվրոպան, մասնավորապես, առնվազն Երկրորդ աշխարհամարտից հետո հանդիսանում են հանրային կայունության, տնտեսական եւ սոցիալական հաջողության խորհրդանիշները, կանտյան «հավերժ խաղաղության» մարմնավորման նման մի բան, որը միլիոնների համար սկզբունքորեն տարբերվում է սեփական երկրներից ու հասարակություններից։

Նաեւ այս պատճառով միլիոնավոր մարդիկ, անկախ սոցիալական ապահովության խնդրից, հենց այս «հավերժ խաղաղության» դաշտ են ուզում մտնել օրինական կամ ոչ օրինական ճանապարհներով։ Կեղծելով փաստաթղթեր եւ անուններ՝ հազարավորները «դարձել» եւ «դառնում են» Հոմսի փախստական, Թալիբանի զոհ, փախստական Բաքվից կամ Գրոզնիից, սեռական կամ հալածվող կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ, քաղբանտարկյալ եւ այլն։ Նպատակը մեկն է՝ ձեռք բերել սոցիալական, քաղաքական ու տնտեսական «հավերժ խաղաղություն»։

Ավելի կոմպետենտ մարդիկ այս խաղաղության մաս են դառնում՝ օգտվելով մասնագիտական կարողություններից․ ուսանողներ, գիտնականներ, ծրագրավորողներ, երեխա խնամողներ, բժիշկներ եւ բուժքույրեր։ Սակայն իր բնույթով սա մեծ հաշվով որակական առումով է միայն տարբերվում Հոմսի փախստականների հոսքից․ մարդը ձգտում է հայտնվել այնտեղ, որտեղ խաղաղ է, կայուն եւ բարեկեցիկ։

Հենց այս երեւույթն է, իմ կարծիքով, առաջացնում Փարիզի ահաբեկչության նկատմամբ նման ուշադրություն ու բարկություն։ Այդ պայթյուններն ու գնդակահարությունները պայթեցնում եւ գնդակահարում են միլիոնների «հավերժ խաղաղության» երազանքը։ Իսկ այդ երազանքը կապված է Փարիզի եւ Հռոմի եւ ոչ թե Բեյրութի ու Նայրոբիի հետ։

Սեւակ Սարուխանյանը «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի
Մեր ընտրանին