Իրան-«վեցյակ» համաձայնագրի հակառակ կողմը - Mediamax.am

Իրան-«վեցյակ» համաձայնագրի հակառակ կողմը
30505 դիտում

Իրան-«վեցյակ» համաձայնագրի հակառակ կողմը


Հուլիսի 14-ին Իրանի եւ միջազգային հանրությունը ներկայացնող վեց պետությունների միջեւ ստորագրված համաձայնագիրը չի կարելի թերագնահատել։ Այն առաջին լուրջ քայլն է, որը կարող է կարգավորում բերել Իրանի եւ միջազգային հիմնական խաղացողների հարաբերություններում եւ, ինչն ամենակարեւորն է, բացառել կամ գոնե միջնաժամկետ կտրվածքով հետաձգել Իրանի եւ ԱՄՆ միջեւ ռազմական բախումը։

Սակայն սա համաձայնագրի հենց միջազգային հարթությանը վերաբերող մասն է։ Իսկ խնդրի ավելի տեղային եւ մեզ վերաբերող հարթությունը՝ տարածաշրջանայինը, բացարձակապես այլ հետեւանքներ կարող է ունենալ։

Պետք է հիշել եւ գիտակցել, որ Իրանը թեեւ նպատակ ունի միջազգային ասպարեզում ազդեցության որոշակի մակարդակի հասնել, այնուամենայնիվ, տարածաշրջանային խաղացող է, որի հիմնական շահերն ու խնդիրները կենտրոնացած են հենց Մերձավոր Արեւելքում, այլ ոչ թե «վեցյակի» հարթությունում։ Եվ հենց այս հարթությունում Իրան-«վեցյակ» համաձայնագիրը որեւէ լուծում եւ առաջընթաց չի առաջարկում։ Ավելին, այն բերելու է իրադրության էլ ավելի սրման, ինչն ունի մի քանի հիմնական պատճառ․

1.Համաձայնագրին դեմ է գրեթե ողջ Մերձավոր Արեւելքը, այդ թվում սկզբունքային խաղացողներ հանդիսացող Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը։ Վերջիններս համաձայնագրի ստորագրումից հետո «տեղայնացնելու» են իրենց պայքարը Թեհրանի դեմ․եթե մինչ վերջերս սաուդական կամ պրո-իսրայելական լոբբիստական խմբերը Վաշինգտոնում կամ Բրյուսելում հասնում էին հակաիրանական պատժամիջոցների փաթեթների ընդունմանը, դրանով իսկ հարվածելով Իրանի դիրքերին, ապա այժմ Թեհրանի դիրքերի դեմ պայքարը տեղափոխվում է բուն Մերձավոր Արեւելք։

Որպես այս համաձայնագրի արդյունք մոտակա շրջանում պետք է ակնկալել, առնվազն Սաուդյան Արաբիայի կողմից, Սիրիայում հակաասադական եւ Իրաքում հակաշիական խմբավորումների աջակցման լուրջ ավելացում։ Սա այս երկու երկրներն էլ ավելի է ուղղելու դեպի խորը քաղաքացիական պատերազմ, որի հետեւանքները արդեն մի քանի տարի է ինչ տեսանելի են բոլորի համար։

2. Իրանը բանակցությունների վերջին ամիսների ընթացքում լրջորեն սահմանափակել էր իր ռազմական ներգրավվածությունը Իրաքում եւ Սիրիայում ու հրաժարվել էր նման ներգրավումից Եմենում։ Վերջինիս ռմբակոծությունները Սաուդյան Արաբիայի կողմից Թեհրանում շատ սառնասրտորեն գնահատել էին որպես սադրանք՝ ուղված Իրանի ներգրավմանը հակամարտության մեջ, ինչը կբերեր միջուկային հարցով բանակցությունների տապալմանը։ Ինչում եւ շահագրգռված էին տարածաշրջանային արաբական պետությունները։ Եվ այստեղ պետք է ընդգծել, որ համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանի գործելակերպը Սիրիայում, Իրաքում եւ Եմենում սկզբունքորեն փոխվելու է։ Իրանը համաձայնագրից հետո ազատ եւ պատրաստ է լինելու հակահարվածի, ինչը իրադրության ապակայունացումը դարձնելու է երկկողմանի։

Միջուկային հարցով համաձայնագրի այս տարածաշրջանային հարթությունը Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայ համայնքների համար ունենալու է առավել կարեւոր նշանակություն, քան միջազգայինը, որտեղ ամեն ինչ պարզ է․խաղաղություն, բանակցություններ եւ բիզնես։

Սեւակ Սարուխանյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի
Մեր ընտրանին