Անտոնինա Մահարին եւ Ստալինի ուրվականը - Mediamax.am

Անտոնինա Մահարին եւ Ստալինի ուրվականը
28603 դիտում

Անտոնինա Մահարին եւ Ստալինի ուրվականը


Նախորդ շաբաթ ուղեկցում էի մեր երկրում նկարահանումների ժամանած լիտվացի լրագրողների խմբին: Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպմանը գործընկերներս հարցրին՝ կա՞ն արդյոք Երեւանում լիտվացիներ: Որքան մեծ էր զարմանքս, երբ դեսպանն ասաց, որ այստեղ է ապրում հայ մեծանուն գրող Գուրգեն Մահարու ազգությամբ լիտվացի կինը՝ Անտոնինան, ով 1969-ին ամուսնու վախճանից ի վեր բնակվում է Հայաստանում, ինչպես եւ պատգամել էր գրողը:

Լիտվացի լրագրողի առաջարկով այցելեցինք տիկին Անտոնինային: Նա միայնակ ապրում է Կասյան փողոցում՝ դեռեւս խորհրդային իշխանության կողմից տրամադրված բնակարանում: Համոզված եմ, Գուրգեն Մահարու մահվանից ի վեր այն երբեք չի վերանորոգվել եւ մնացել է այնպիսին, ինչպիսին էր գրողի կյանքի օրոք:

Հյուրասենյակի միակ ժամանակակից իրը կտորով ծածկված փոքրիկ հեռուստացույցն է: Իսկ պատերին՝ Մահարու կյանքը պատմող լուսանկարներ, փաստաթղթեր, թերթերի կտորտանքներ…

Գուրգեն Մահարին եւ տիկին Անտոնինան շատ ծանր կյանք են ունեցել: Չարենցի եւ Բակունցի հետ ընկերություն անող երիտասարդ գրողին ձերբակալում են 1936-ին՝ ստալինյան ռեպրեսիաների ամենասկզբում: Մահարին խուսափում է ընկերների ճակատագրից, սակայն դատապարտվում է 10 տարվա ազատազրկման: 1946 թ-ին վերադառնալով գաղութից՝ փորձում է սկսել զրոյից, սակայն 1948-ին կրկին ձերբակալվում է եւ ցմահ աքսորվում Կրասնոյարսկի մարզի հեռավոր գյուղեր: Կոլխոզի նախագահը Մահարուն վստահում է անասնապահի «պատվավոր» գործը…

Տիկին Անտոնինային ՊԱԿ-ը հազարավոր լիտվացիների հետ մեկտեղ ձերբակալում է 1945-ին՝ Լիտվան ֆաշիստներից ազատագրելուց անմիջապես հետո, նրանց հետ համագործակցելու շինծու մեղադրանքով: Քանի որ նման համագործակցության որեւէ ապացույց չի լինում, երիտասարդ Անտոնինային չեն գնդակահարում՝ «ընդամենը» արտաքսում են Սիբիր՝ ինքնուրույն մեռնելու… Նա պատահաբար ողջ է մնում եւ հերթական տեղափոխման ժամանակ 1952-ին ծանոթանում է իրենից 20 տարով մեծ Գուրգենին: Մահարին անմիջապես սիրահարվում է գեղեցկուհի Տոնյային եւ սկսում է բանաստեղծություններ նվիրել նրան: Սակայն սկիզբ առած սիրավեպն ընդհատվում է, երբ Անտոնինային տեղափոխում են այլ գյուղ: Գուրգեն Մահարին շարունակում է սիրով լի նամակներ գրել, հաճախ՝ անպատասխան: 1953-ին Մահարին ծանր հիվանդանում է, բժիշկներն ախտորոշում են երկկողմանի թոքախտ եւ կանխագուշակում արագ մահ: Նրան փրկում է պանի Անտոնինայի սերը…

«Երբ նրա մոտ հիվանդանոց եկա, 45 կիլոգրամ էր կշռում, բժիշկներն ասում էին՝ մի քանի օր էլ չի ձգի… Նա շատ ծանր վիճակում էր, ոչինչ չէր ուտում, մշտապես կրկնում էր՝ «եթե դու գնաս, ես կմեռնեմ»: Ես պարտավոր էի մնալ կողքին, նա իմ մարտական ընկերն էր, հետեւում էի նրան, դեղեր էի տալիս, կերակրում: Մի քանի շաբաթ անց նա ոտքի ելավ, բժիշկները դա հրաշք անվանեցին եւ ասացին, որ Գուրգենին բուժեց իմ սերը»,- պատմում է տիկին Անտոնինան:

Մի քանի օր անց նրանք ամուսնանում են, շուտով ծնվում է նրանց դուստրը: Ստալինի մահվանից հետո՝ 1954-ին Գուրգեն Մահարուն ամբողջովին արդարացնում են, նա մեկնում է Մոսկվա եւ պահանջում, որպեսզի կնոջ արդարացման գործերը եւս արագացնեն: Եվ ահա՝ նույն տարում Գուրգեն Մահարին կնոջ եւ դստեր հետ վերադառնում է Հայաստան…

Երեւանում գրողին դիմավորում են գրկաբաց, տրամադրում են բնակարան, վերականգնում պաշտոնում եւ մեծարում: Սակայն դժբախտությունները շարունակում են հետապնդել Մահարու ընտանիքին. 3 տարեկանում թոքախտից մահանում է դուստրը, իսկ գրողի առողջությունը պարբերաբար վատթարանում է այն աստիճան, որ անհրաժեշտ է լինում հոսպիտալացում: Ոգեւորված որդու ծննդով՝ 50-ականների վերջին Մահարին գրում է իր լավագույն ստեղծագործությունները: Սակայն հիվանդությունը խորը հետքեր էր թողել նրա առողջական վիճակի վրա, եւ 60-ականների կեսին Մահարին ծանր հիվանդանում է, երկար եւ ապարդյուն բուժվում եւ վախճանվում լիտվական Պալանգայում 1969 թ-ին: Մահից առաջ նա խնդրում է կնոջը իր աճյունն ամփոփել Հայաստանում եւ պատգամում Անտոնինային բնակվել իրենց երեւանյան բնակարանում: Գուրգեն Մահարուն վիճակված չէր իմանալ, որ որդուն եւս կարճ եւ տառապանքներով լի կյանք է սպասում…

«Եթե իմանայի՝ ինչ դաժան կյանք է սպասում ինձ, կցանկանայի չծնվել եւ չտեսնել բոլոր այն տառապանքները, որ բաժին ընկան ընտանիքիս»,- ասում է տիկին Անտոնինան:

Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ պատարագի ժամանակ ասաց, որ 20-րդ դարում աշխարհը երեք արհավիրք է տեսել՝ Հայերի ցեղասպանություն, ֆաշիզմ եւ ստալինիզմ: Այս բառերից հետո Ռուսաստանում եւ մասամբ նաեւ Հայաստանում շատերը սկսեցին մեղադրել եւ վիրավորել Հռոմի պապին, որ ֆաշիզմն ու ստալինիզմը նույն կշեռքին է դրել: Անկեղծ ասած, ինձ համար դա զարմանալի չէր. քարոզչության եւ պատմական փաստերի նենգափոխման շնորհիվ Ռուսաստանում Ստալինը մինչ օրս էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող պետական գործիչներից է: Այլ է խնդիրը Հայաստանում: Չնայած բոլորին կարծես վաղուց հայտնի է, թե ինչպիսի հսկայական վնաս է հասցրել ստալինյան ռեժիմը Հայաստանին եւ հատկապես հայերին, մինչ օրս էլ չեն դադարում փորձերը հերոսացնել արնախում բռնապետին եւ արդարացնել Ստալինի եւ նրա շրջապատի բոլոր հանցագործությունները ժամանակի թելադրանքով: Բավական է հիշել Անաստաս Միկոյանի արձանը Երեւանի կենտրոնում կանգնեցնելու սկանդալային որոշումը, որը միայն հասարակության միջամտության շնորհիվ չիրագործվեց՝ գուցե ժամանակավոր:

«Իմ ոդիսականը» ինքնակենսագրականում Անտոնինա Մահարին մանրամասն նկարագրում է ֆաշիստական եւ ստալինյան ռեժիմների գործելաոճը, այն բռնությունները, կտտանքներն ու փորձությունները, որոնց ենթարկվել են սովորական մարդիկ այդ ծանր տարիներին: Կցանկանայի, որ այդ գիրքը անպայման կարդային մեր երիտասարդները: Որպեսզի որեւէ մեկի մոտ երբեւիցե այլեւս ցանկություն չառաջանա արդարացնել կամ առավել եւս հերոսացնել բռնապետերին:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին