Սոցապաշնորհության մուղամ - Mediamax.am

Սոցապաշնորհության մուղամ
3858 դիտում

Սոցապաշնորհության մուղամ


Որոշ ժամանակ առաջ «Բյուրոկրատական էլեգիա» սյունակում նկարագրել էի երրորդ երեխայի համար նպաստ ստանալու փորձս։ Սյունակին ստացա երկու պաշտոնական պատասխան։

Առաջինը ինձ շատ ուրախացրեց։ Անմիջապես մեկնաբանություններում իրենց ֆեյսբուքյան էջից գրեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնից, որն ունի նաեւ ավելի կոշտ «Գիլյոտինի գրասենյակ» անվանումը․

Հարգելի Սամվել, շնորհակալություն նյութի համար: Նշեմ, որ այս պահին Գիլյոտինի գրասենյակը սոցիալական ոլորտի օրենսդրական բարեփոխումների փաթեթ է պատրաստում, որտեղ ներառված են նաեւ Ձեր կողմից բարձրացված խնդիրներին առնչվող իրավական ակտերը: Մեր առաջարկությունները ձեւավորելիս Ձեր ԲՈԼՈՐ նկատառումները հաշվի կառնենք: Միաժամանակ նշենք, որ հոդվածում նշված 6-րդ հարցը վերաբերում է միայն ընտանեկան նպաստի իրավունք ունեցողներին (սոցիալապես անապահով ընտանիքներ), իսկ 8-րդ հարցը՝ բոլորին: Ուրախ կլինենք, եթե նման կառուցողական դիտարկումներ առաջիկայում ներկայացնեք նաեւ մեր կայքում: Ահա մեզ դիմելու բոլոր եղանակները՝ http://www.regulations.am/am/social-issues

Համաձայնեք, որ նման օպերատիվ արձագանքը խոսում է նրա մասին, որ կան մարդիկ, որոնք գիտակցում են խնդիրների առկայությունը եւ դրանք լուծելու անհրաժեշտությունը:

Փոխարենը խիստ հիասթափեցրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն պատասխանը, որը հեղինակները անվանել էին «Թյուրըմբռնման էլեգիա»։

Ամենավատն այն է, որ մարդիկ նույնիսկ մեկ վայրկյան չեն կասկածել, որ համակարգում մի բան այն չէ։ Մարդիկ համոզված են, որ կատարյալ են աշխատում եւ ամեն կերպ պաշտպանում են իրենց բյուրոկրատական համակարգը։

Իսկ հիմա զարմանք հարուցող մի քանի կետեր․

ա․ Ես, որպես Մեդիամաքսի սյունակի հեղինակ եւ քաղաքացի, իրավունք ունեմ օրենքի սահմաններում իմ ուզած ոճով գրել նախարարության աշխատանքի մասին, որին ֆինանսավորում եմ նաեւ ես։ Պետական կառույցը իրավունք չունի նման հեգնական տոնով պատասխանել քաղաքացուն, քանի որ նախարարությունն «իրենց հոր դուքյանը չէ», իրենք պետություն են ներկայացնում։

բ․ Իրավաբանական կրթություն չունեցող քաղաքացին պատասխանի բովանդակության կեսը հասկանալ չի կարող։
գ․ Պատասխանից այդպես էլ պարզ չեղավ` մեծ երեխաներին սոցքարտերը պե՞տք են, թե ոչ։ Ասեմ ավելին․ «պասպորտ սեղանում» շատ զարմացան, որ մենք միանգամից բոլոր երեխաների սոցքարտերն ենք վերցնում։ Իսկ հերթում կանգնած մի տղամարդ ասաց, որ ինքն էլ է վերջերս ստացել երրորդ երեխայի նպաստը, եւ իր մյուս երեխաների սոցքարտերը չեն պահանջել։ Ստացվում է, որ ամեն բաժանմունք իր օրենքներն է հորինու՞մ։

դ․ Եվս մեկ շատ հետաքրքիր հանգամանք, որի պատճառով այս սյունակը գրել եմ ուշացումով։ Սոցապի պատասխանում ինձ հեգնանքով գրել էին․ «Իսկ եթե հենց սկզբից այցելեիք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքէջ ու «լավ ման գայիք», կգտնեիք նաեւ «հետադարձ կապ» թափանցիկ բաժինը (կամ որ նույնն է՝ hasmik.khachatryan@mss.am էլեկտրոնային փոստի հասցեն): Ես այդպես էլ վարվեցի, նույն օրը բացեցի Մելանյա Բարխուդարյանի անունով էլեկտրոնային հասցե եւ նախարարությանը հարց ուղղեցի hasmik.khachatryan@mss.am հասցեով ։ Ըստ օրենքի, ինձ պարտավոր էին հինգ օրվա ընթացքում պատասխանել։ Անցել է շատ ավելին։ Կարող եք տեսնել, որ պատասխան չկա։

Ինչպես երեւում է, առանց գիլյոտինի հարցերը դժվար թե լուծվեն։


Սամվել Մարտիրոսյանը մեդիա փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին