Բյուրոկրատական էլեգիա - Mediamax.am

Բյուրոկրատական էլեգիա
4568 դիտում

Բյուրոկրատական էլեգիա


Երբ մեր ընտանիքում ծնվեց երրորդ երեխան, մեզ ուրախացրեցին` ասելով, որ պետությունը խրախուսում է ծնելիությունը եւ երրորդ երեխայի համար միանվագ կստանանք 430 հազար դրամ միանվագ օգնություն։ Առաջին եւ երկրորդ երեխաների դեպքում այդ գումարը կազմում է 50 հազար դրամ։ Մեր մեծ երեխաները ծնվել էին «մութ ու ցուրտ» տարիներին, երբ «շունը տիրոջը չէր ճանաչում», եւ մենք չէինք էլ դիմել նպաստի համար։ Հիմա ուրախացանք, որոշեցինք դիմել, եւ իրականությունը բացահայտվեց իր նոր երանգներով։

Պարզվեց, որ նորածին տղաս պետք է սոցիալական քարտ ունենա, այլապես իր մաման ու պապան փող չեն ստանա։ Գնացի «պասպորտ սեղան»։ Ասացին, որ նախ պետք է երեխային գրանցեմ։ Դիմում գրեցի։ Հաջորդ օրը եկա, գրանցումը արել էին։ Ասացին, դիմում գրի, սոցքարտը կտանք։ Գրեցի, մյուս օրը եկա, քարտը ստացա։ Ֆիքսենք, որ արդեն երեք անգամ հասցրել եմ աշխատանքային ժամերին գնալ «պասպորտ սեղան», հերթ կանգնել։ Անհասկանալի մնաց, թե ինչու չէր կարելի միանգամից գրել գրանցման եւ սոցքարտի դիմումը, եւ գոնե մեկ օրով կրճատել վազվզոցը։ Բայց դե սա դեռ ոդիսականի սկիզբն էր։

Նորածին երեխան սոցքարտն արդեն ունի, ինչի կապակցությամբ շատ երջանիկ է ողջ ընտանիքը։ Գնում եմ «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին»։ Ամեն ինչ շատ հին է, բայց մարդիկ շատ բարեհամբյուր են։ Ուրախանում են, որ երեխա եմ ունեցել։ «Դե եկեք նայենք, թե ինչ թղթեր եք բերել»։ Նախորոք բարեկամներին հարց ու փորձ արել էինք, եւ ինչ պետք էր, հետս տարել էի, ամեն ինչ նախապես պատճենահանված։ Բայց մոռացել էի, որ մեր ծանոթները երեք երեխա չունեին, նրանցը առաջնեկն էր։ Ու այստեղ պարզվեց, որ իրականությունն էլ ավելի բազմազան է։ «Պետք է բերեք ձեր մյուս երեխաների սոցքարտերը»։ Իսկ նրանք, բնականաբար, սոցքարտ չունեն՝ դեռ թոշակի չեն անցնում, ոչ էլ նույնիսկ սկսել են աշխատել…

«Մի բան էլ․ ձեր սոցքարտը հին է, դու անձնագիրը փոխել եք, իսկ սոցքարտը` ոչ: Եվ ձեր կինն էլ պետք է փոխի սոցքարտը»: Գլխումս ծնվում է, իմ կարծիքով, հանճարեղ միտք․ «Բայց սոցքարտի թիվը նույնն է մնում, թիվը գրեք, կանցնի»։ Բարեհամբյուր կինը թախծոտ ժպիտով պատասխանում է․ «Էէէէ, փորձել ենք, համակարգը չի ընդունում»։ Միտքս շարունակում է ճախրել․ «բայց հունվարից, որքան գիտեմ, այլեւս սոցքարտ չի լինելու»։ «Քանի կա, պետք է բերեք, համակարգը չի ընդունում։ Բայց մի շտապեք, դեռ ժամանակ ունեք, մի տարվա ընթացքում կարող եք դիմել նպաստի համար»։

Գլուխս կախում եմ, գնում տուն։ Տանը որոշում ենք մինչեւ հունվար սպասել, որ սոցքարտը իր մահով մահանա, պրծնենք դրանից։ Բայց մեկ էլ մտնում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայք` «հաճախ տրվող հարցեր» մարդասիրական բաժինը։ Կարդում ենք եւ հրճվում․

Հարց 6. Ե՞րբ եւ ինչպե՞ս  դիմել միանվագ դրամական օգնության համար:

Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Նույն էջում․

Հարց 8. Որտե՞ղ եւ ե՞րբ դիմել երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի տրամադրման համար:

Երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Համոզված եմ, որ լավ ման գայինք, մի քանի այլընտրանքային պատասխան էլ կգտնեինք։

Կարճ ասած, ողջ ընտանիքով նորից գնում ենք «պասպորտ սեղան», դիմում գրում, մյուս օրը գնում ենք, ստանում ենք սոցքարտերը։ Փաստաթղթերն արդեն հանձնել ենք, բայց անհամբեր սպասում ենք, թե երբ մեզանից արյան խմբի մասին վկայական կուզեն ԱԱԾ-ից, կամ էլ Սպորտի նախարարությունը թուղթ կպահանջի այն մասին, որ մեզ Հաագայի տրիբունալով երբեք չեն դատել։ Կամ էլ հունվարից կստիպեն սոցքարտերը ետ հանձնել: Էլի զբաղմունք է, բյուրոկրատական համակարգը անգործ չի մնա, հետն էլ թղթի արտադրությունը կխրախուսենք։

Սամվել Մարտիրոսյանը մեդիա փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին