Արցախյան պատերազմի դասերը եւ Ցեղասպանության հետեւանքների վերացումը - Mediamax.am

Արցախյան պատերազմի դասերը եւ Ցեղասպանության հետեւանքների վերացումը
15756 դիտում

Արցախյան պատերազմի դասերը եւ Ցեղասպանության հետեւանքների վերացումը


Ցեղասպանության մասին առաջին մտորումներս եղան 1995-96 թթ., երբ պատերազմական հիմնական գործողությունները Արցախում նոր էին ավարտվել եւ նորմալ դպրոց հաճախելու ու գրքեր կարդալու հնարավորություն ունեի: Երբ կարդում էի Ցեղասպանության մասին, առաջին հարցը, որը մոտս ծագում էր, հետեւյալն էր` ինչու՞ 20-րդ դարի սկզբին մեզ կարողացան կոտորել եւ հայրենազրկել, սակայն այդ նույն փորձը չհաջողվեց մեր օրերում: Մեր օրերում նույնիսկ կարողացանք վերադարձնել երբեմնի կորուստների մի փոքր մասը:

Շարունակ այս հարցի պատասխանն էի իմ մեջ փնտրում: Ճիշտ է, տարբեր մոտեցումներ եմ ունեցել, որոնք ժամանակի ընթացքում հերքվել են, երբ ավելի շատ բան եմ կարդացել Ցեղասպանության մասին եւ ավելի շատ բան իմացել Արցախում մեր հաղթանակի մասին:

Այսօր մեծ ռեսուրսներ ենք ներդնում, որպեսզի միջազգային հանրությունը Ցեղասպանությանը գնահատական տա, սակայն մի կարեւոր հանգամանք հաշվի չենք առնում` այդ գնահատականները Ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում որոշիչ դեր չեն կարող ունենալ:

Արցախի ազատագրման պայքարում մենք տեսանք, որ միջազգային հանրության գնահատականը որոշիչ դեր չի կարող խաղալ: 1993թ. ապրիլին հայկական զորքերը ազատագրեցին Քարվաճառը: Դրան հետեւեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը կոչ էր անում հայկական զորքերը դուրս բերել այդ տարածքից, սակայն հայկական կողմը ոչ թե հետեւեց այդ բանաձեւին, այլ կենսական նշանակության նոր տարածք ազատագրեց` Աղդամը: Դրան հետեւեց Անվտանգության խորհրդի նոր բանաձեւը, որին էլ հետեւեց Ֆիզուլիի, Ջեբրայիլի ու Կուբաթլուի ազատագրումը: Անվտանգության խորհուրդը իր 4-րդ բանաձեւը ընդունեց, երբ հայկական զորքերը ազատագրեցին Զանգիլանն ու Հորադիզը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շարունակում էր բանաձեւեր ընդունել, իսկ հայկական կողմն էլ իր համար կենսական խնդիրներ էր լուծում: Ընդհանուր հաշվով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ ընդունեց, իսկ հայկական կողմը ամեն մի բանաձեւի պատասխանում էր նոր քայլերով, եւ արդյունքում այսօր ունենք 12 հազ. ք. կմ ազատագրված Արցախ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձեւի դիմաց:

Այս տարի ապրիլի 24-ին Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում հայերեն  Ցեղասպանության մասին ելույթ ունեցավ եւ գնահատական տվեց 1915թ.  Թուրքիայում հայերի հանդեպ կատարվածին: Հայաստանից բացի 20 երկիր ճանաչել է Ցեղասպանությունը, սակայն այդ ճանաչումները չեն օգնել Ցեղասպանության հետեւանքների վերացմանը: Երբ 20-րդ դարի սկզբին Շուշիում հայերին կոտորում էին, այդ կոտորածների հետեւանքները վերացան միայն այն ժամանակ, երբ Շուշիում 1992թ. մայիսի 9-ին հայկական դրոշ բարձրացավ:

Վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան իր առջեւ խնդիր է դրել դառնալ ոչ միայն տարածաշրջանային առաջնորդ, այլ նաեւ` համաշխարհային գերտերություն: Նա հավելել է. «Առաջին հայացքից Թուրքիայի նպատակը կարող է անիրական թվալ, սակայն Թուրքիայի այդ ուղղությամբ ջանքերը ցույց են տալիս, որ այդ նպատակը միանգամայն հասանելի է»: Գերտերություն դառնալու հայտը նաեւ նշանակում է, որ Թուրքիան ավելի քիչ է հաշվի նստելու տարբեր պետությունների գնահատականների հետ:

Արցախի ազատագրման գործընթացը ցույց տվեց, որ հայ ժողովրդի խնդիրները լավագույնս կարողանում է լուծել հենց հայկական պետությունը: Հենց մեր հույսը դնում ենք այլ պետությունների վրա, կորցնում ենք նույնիսկ մեր հայրենիքը: Այդ իսկ պատճառով հայ ժողովրդի գերխնդիրը պետք է լինի հզոր Հայաստանի կառուցումը, որն էլ ի զորու կլինի վերացնել Ցեղասպանության հետեւանքները:

Արմեն Գրիգորյանը քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին