Կլիենտալիզմը Հայաստանում - Mediamax.am

Կլիենտալիզմը Հայաստանում
10023 դիտում

Կլիենտալիզմը Հայաստանում


ՀՀ կառավարությունը մարտի 28-ի նիստում հավանություն է տվել Շվեդիայում, Մեքսիկայում եւ Ինդոնեզիայում դեսպանատներ բացելու որոշմանը: Կառավարությունը 400 մլն դրամ կհատկացնի այդ դեսպանատները բացելու համար:

Նոր դեսպանատների բացումը ոչ թե կապված է արտաքին քաղաքական խնդիրների լուծման հետ, քանի որ Մեքսիկան կամ Ինդոնեզիան մեծ առնչություն չունեն մեր արտաքին քաղաքական օրակարգի հետ, եւ դեսպանատների բացումը իշխանության ընդլայնման եւ պետական ծախսերի ավելացման եւս մի փորձ է, որը ծառայում է իշխանության պահպանման համար:

Ֆրենսիս Ֆուկույաման նման պետությունները անվանում է «կլիենտալիստիկ»: Կլիենտալիզմը քաղաքական աջակցության նպատակով ապրանքների եւ ծառայությունների փոխանակումն է, որն ի հայտ է գալիս, երբ իշխող քաղաքական ուժը օգտագործում է հանրային միջոցները` հատկապես պետական պաշտոնները, որպես միջոց` հատուցելու քաղաքական աջակցության կամ իր շահերից բխող խնդիրներ լուծելու համար: Դա ստեղծում է մի իրավիճակ, երբ քաղաքական ուժը ոչ թե հանրային քաղաքական ծրագիր է իրականացնում, այլ անհատական փոխհատուցում է կատարում պաշտոնի միջոցով, կամ էլ գումարի ու այլ տարբերակով:

Ի դեպ, կառավարությունը մարտի 28-ի նիստի մեկ այլ որոշմամբ Պարույր Հայրիկյանին 20 500 000 դրամ է հատկացրել, որպեսզի վերջինս իր առողջության վերականգնի եվրոպական որեւէ առաջատար կլինիկայում: Կառավարությունը ՀՀ մյուս քաղաքացիներին նման փոխհատուցում չի տալիս, եւ սա եւս մեկ անգամ հաստատում է իշխանության կլիենտալիստիկ վարքագիծը:

Կլիենտալիզմը ենթադրում է, որ անհատը կամ մարդկանց խումբը պետք է փոխհատուցվի իրենց որոշումների ու աջակցության համար: Իսկ իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժը փոխհատուցում է անհատներին կամ մարդկանց խմբին ոչ թե իրենց անձնական միջոցների հաշվին, այլ՝ պետական միջոցների:

Կլիենտալիզմի սկզբունքները առաջ տանելու համար, երբեմն, անհրաժեշտ է լինում ընդլայնել պետության գործառույթները, որպեսզի հնարավոր լինի փոխհատուցել աջակիցներին: Այդ ամենը կատարվում է քաղաքացիների հարկերի հաշվին: Նման կերպ վարվեց Սերժ Սարգսյանը, երբ 2008թ. իշխանության ընդլայնման գործունեություն սկսեց: Նա ստեղծեց Արտակարգ իրավիճակների եւ Սփյուռքի նախարարությունները, ինչը նպատակ էր հետապնդում նախագահական ընտրություններից հետո փոխհատուցել աջակցություն ցույց տված մարդկանց: Ազգային անվտանգության խորհրդի հանձնումը Արթուր Բաղդասարյանին եւս այդ նպատակն էր հետապնդում, ու պատահական չէ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը եւս հանձնվեց ՕԵԿ-ին:

Պատահական չէ եւ այն, որ Սերժ Սարգսյանը 2008թ. նախագահական ընտրություններից առաջ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր. «Ես վստահ էի, որ որեւէ մեկը մեկին չէր միանալու, ես վստահ էի, որ գնալու ենք ընտրությունների 9 թեկնածուներով»: «Որովհետեւ, ինչպես ասում են` մենք մեր հաճախորդներին գիտենք», - նկատեց նա:

Կլիենտալիզմը պետական կառավարման համակարգի թույլ տված վարքագիծ է: Կառավարման համակարգն է թույլ տալիս, որ իշխող քաղաքական ուժը հանրային միջոցները օգտագործի իր քաղաքական նպատակների համար` հանրային կամ այլ քաղաքական ուժերի կողմից վերահսկողության բացակայության պատճառով: Ուստի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ կատարել:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին