Օբամայի այցը Իսրայել, նոր Մերձավոր Արեւելքը եւ Հայաստանը - Mediamax.am

Օբամայի այցը Իսրայել, նոր Մերձավոր Արեւելքը եւ Հայաստանը
7656 դիտում

Օբամայի այցը Իսրայել, նոր Մերձավոր Արեւելքը եւ Հայաստանը


Մերձավոր Արեւելքում նոր գործընթացներ են սկսել, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդելու են Հայաստանի վրա: Մարտի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այցելեց Իսրայել` նպատակ ունենալով ոչ միայն ամերիկա-իսրայելական հարաբերությունները ավելի բարելավել, այլ նաեւ ԱՄՆ-ի շահերը առաջ տանել տարածաշրջանում: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ իր ելույթում Օբաման խոսեց ԱՄՆ-Իսրայել խորը հարաբերությունների, անվտանգության ոլորտի համագործակցության մասին, ինչպես նաեւ Պաղեստինի անկախության իրավունքի մասին: Այցի առաջին արդյունքները, կարծես թե, բուն իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը չեն վերաբերվում, չնայած դրա հետ առնչություն ունեն:

Մարտի 21-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հրապարակեց իր «Զրո խնդիրների» մասին հերթական հոդվածը Foreign Policy Magazine-ում: Դավութօղլուն «Զրո խնդիրներ նոր դարաշրջանում» հոդվածում գրում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում հարեւանների հետ խնդիրները չեն գերակշռում: Նա նաեւ նշում է, որ Թուրքիայի իշխանությունը հույս ունի նոր ռազմավարության շնորհիվ ինտեգրել Թուրքիան իր հարեւաների հետ:

Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը ձեռնարկել է նորարարական նախաձեռնություններ, որոնց թվում են` «Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման ուղղված ոչ սահմանափակ ջանքերը, Սիրիայի հետ թշնամանքի վերացումը եւ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ:»

Դավութօղլուի հոդվածին հետեւեց Իսրայելի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների հրապարակային բարելավման գործընթացը: Մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ընթացքում Նեթանյահուն ափսոսանք է հայտնել «Ազատության նավատորմի» վրա հարձակման պատճառով ինը քաղաքացիների զոհվելու համար: Նրանք նաեւ պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջեւ:

Ավելի ուշ Դավութօղլուն հայտարարեց, որ Նեթանյահուի ներողությունը բավարարել է Թուրքիայի հիմնարար պահանջները:

Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը նաեւ կապված է Սիրիայի եւ Իրանի շուրջ զարգացումների հետ, քանի որ իրավիճակը գնալով էլ ավելի անկառավարելի է դառնում: ԱՄՆ-ի դժվարանում է առանց Իսրայելի եւ Թուրքիայի համատեղ ջանքերի ցանկալի արդյունք ստանալ այս երկրների հետ կապված իր շահերի համար:

Հատկանշական է, որ Բարաք Օբաման Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական նամակում նշել էր. «Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատեւ խաղաղություն եւ անվտանգություն: Ցանկանում ենք նաեւ շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը:»

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը Մերձավոր Արեւելքում «խաղաղաշինական» գործընթացի մաս է կազմում: Իսկ հայ-թուրքական հարաբերությունները կապված են Արցախի շուրջ գործընթացների հետ: Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է այս երկու գործընթացները իրարից անջատ պահել:

Օբամայի կողմից շնորհավորանքը նաեւ կապված է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ծրագիրը առաջ տանելու հետ: 

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը ուժեղացնում է Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել առանցքը: Վերը նշված առանցքի հզորացումը թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Այդ առումով կարեւոր հանգամանք է հանդիսանում ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը` կապված Մոսկվա-Դամասկոս չվերթ իրականացնող ռուսական ինքնաթիռի հարկադիր վայրեջքի եւ ուղեբեռի առգրավման հետ:

Հայաստանը կարեւոր գործոն է դառնում Ռուսաստանի համար եւ կարող է այս իրավիճակում իր շահերին համապատասխան դիվիդենտներ շահել: Իրանի համար եւս Հայաստանը կարեւոր գործոն է դառնում, քանի որ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել առանցքը գործելու է նաեւ ընդդեմ Իրանի:

Մերձավոր Արեւելքում նոր սկսված գործընթացները միանշանակ ազդելու են Հայաստանի վրա: Նոր իրավիճակը ոչ միայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, այլեւ՝ մարտահրավերներ:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին