Վերջերս հայկական հեռուստահաղորդումներից մեկում քննարկվում էր մեր պատմական ժառանգության թվայնացման թեման: Ես մասնակցում էի այդ հաղորդմանը, եւ հաղորդավարն ինձ հարցրեց, թե որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչ` ի՞նչ գաղափարներ ունեմ այդ երեւույթի վերաբերյալ: Ինձ մոտ այդպիսի գաղափար վաղուց է հասունացել, եւ ես այն արտահայտեցի. մենք պետք է ամբողջ աշխարհի հայերի ջանքերը համախմբենք մեր գրականությունը թվայնացնելու եւ հիմնական համաշխարհային լեզուներով թարգմանելու ծրագրում: Սա պետք է լինի նախագիծ Web 2.0 գաղափարախոսությամբ, երբ աշխատանքը բաժանվում է բոլորի միջեւ, յուրաքանչյուրն անում է մի փոքր բան, իսկ ներգրավված մարդկանց քանակի հաշվին մենք ստանում ենք զգալի արդյունք:
Պատկերացրեք, մենք կարողացել ենք մեր ամբողջ դասական գրականությունը մատչելի դարձնել ինչպես հայերին, այնպես էլ բոլոր նրանց, ում այն կարող է հետաքրքիր լինել, այդ թվում նաեւ իրենց լեզուն չիմացող հայերին: Չի կարելի ասել, որ մեզ մոտ այդ ոլորտում դատարկություն է. կան մի քանի թվային գրադարաններ, որոնցում պահպանվում է որոշակի գրականություն, թեեւ շատ կցկտուր: Սակայն մենք չունենք ոչինչ, որն ընդհանուր աղերսներ կունենար “Գուտենբերգի ծրագրի” (http://www.gutenberg.org/) հետ:
Ամեն ինչ լավ կլիներ, եւ ես պատրաստ կլինեի ձեռնարկել այդպիսի ծրագիր կամ մասնակցել նման նախագծի, սակայն մեկ միտք ինձ հանգիստ չի տալիս: Ավելի ճիշտ, ոչ թե միտք, այլ` դիտարկում: Այսօր Երեւանի կենտրոնում զբոսանքից հետո ինչ-որ արտասահմանցի կկարծի, որ մեր մայրաքաղաքը քիչ բանով է տարբերվում տիպիկ եվրոպական քաղաքից: Բազմաթիվ խանութներ, սրճարաններ, բարեր, ռեստորաններ: Սակայն հետեւողական զբոսաշրջիկը անպայման կարձանագրի մեկ կարեւոր բացթողում. Երեւանում գրեթե բացակայում են գրախանութները: Օրինակ, համեմատենք Վիլնյուսը, որում ես հաճախ եմ լինում: Նույնպես նախկին ԽՍՀՄ փոքր անդամ պետության մայրաքաղաք (շուրջ 3 միլիոն բնակչություն): Սակայն եթե քայլեք քաղաքի կենտրոնում, կտեսնեք բազմաթիվ գրախանութներ, եւ միջազգային բոլոր նորագույն բեսթսելլերներն առկա են այդ խանութներում լիտվերեն լեզվով, շատ գեղեցիկ, ժամանակակից հրատարակությամբ: Հայաստանում գրեթե ոչինչ չի թարգմանվում եւ գրեթե ոչինչ չի հրատարակվում, քանի որ գրքեր գրեթե ոչ ոք չի գնում: Այն ամենը, ինչին մենք պատրաստ ենք, դպրոցական գրքեր գնելն է մեր երեխաների համար, ինչպես Պապա Կարլոն` Այբուբենը Բուրատինոյի համար: Մենք հպարտ ենք, որ մեր նախնիները, վտանգելով իրենց կյանքը, գրքեր են փրկել: Իսկ ինքներս գիրքը չենք արժեքավորում:
Այն տարիներին, երբ լույս չկար, մենք կորցրեցինք ոչ միայն անտառներ: Մենք կորցրեցինք կարդալու սովորությունն ու մշակույթը: Շատ գրքեր այրվեցին` ջերմացնելով մեզ սառնամանիքին: Գիրք կարդալու փոխարեն մենք հիմա դիտում ենք անվերջ հեռուստասերիալներ: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի ինտերնետում ստեղծել հայերեն գրքերի էլեկտրոնային գրադարաններ: Ո՞վ է դրանք կարդալու:
Այդ հարցն ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից: Խորհրդային տարիներին գոյություն ուներ առավել կարեւոր ժամանակակից գրականությունը հայերեն լեզվով թարգմանելու զարգացած գործընթաց, ընդ որում, այդ թարգմանություններից շատերը շատ լավ որակի էին: Դա մեզ հնարավորություն էր տալիս աշխարհին նայել տարբեր մտածողությամբ մարդկանց աչքերով: Ինչի շնորհիվ հարստանում էր մեր լեզուն, քանի որ մենք սովորում էինք հայերեն լեզվով արտահայտել իսպանացիների, ֆրանսիացիների, ամերիկացիների եւ ճապոնացիների մտքերն ու զգացմունքները: Մենք հիմա կտրված ենք այդ ամենից: Որպես խրախուսական պարգեւ` մեզ դեռեւս հասանելի է ռուսալեզու մշակութային դաշտը` հիմնականում երկրորդ կարգի ռուսական հեռուստատեսության միջոցով: Իսկ այդ բեկումն արդեն շատ վտանգավոր է, քանի որ մենք պարփակվում ենք ինքներս մեր աշխարհի, մեր տեսլականի մեջ: Դա մեզ խոցելի է դարձնում, հեշտ է դառնում մեզ շահագործելը: Իսկ մեր լեզուն սկսում է աստիճանաբար ետ մնալ արտահայտչամիջոցներում: Այդ պատճառով մեզ համար կարեւոր է ոչ միայն տպագրել մեր դասական եւ ժամանակակից հեղինակների գրքերը, այլեւ` գրքեր թարգմանել այլ լեզուներից:
Դուք կհարցնեք` իսկ ի՞նչ ելք եմ ես տեսնում ստեղծված իրավիճակից: Եթե մարդիկ գրքեր չեն կարդում, նրանց անհնարին է ստիպել, սակայն կարելի է աստիճանաբար համոզել: Դա համազգային խնդիր է, եւ այն պետք է լուծի պետությունը: Ես ելքը տեսնում եմ գրականության նկատմամբ հետաքրքրության խթանման պետական թիրախային ծրագրի մեջ: Պետությունը պետք է ֆինանսավորի ընթերցելու սովորույթի քարոզչությունը` որպես անձնական զարգացման կարեւոր բաղադրիչ: Նա պետք է սուբսիդավորի ժամանակակից համաշխարհային դասական գրականության հայերեն թարգմանությունն ու հրատարակումը, որպեսզի գրքի գինը մատչելի լինի նույնիսկ փոքր տպաքանակի դեպքում: Մենք պետք է վերադարձնենք ընթերցելու սովորությունը: Պետք է կրկին դառնանք ազգ, որի համար գիրքն ինչ-որ բան է նշանակում:
Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: