2012-ի ամենամեծ ձեռքբերումը` Մաշտոցի այգու հաղթանակը - Mediamax.am

2012-ի ամենամեծ ձեռքբերումը` Մաշտոցի այգու հաղթանակը
12679 դիտում

2012-ի ամենամեծ ձեռքբերումը` Մաշտոցի այգու հաղթանակը


Այս տարի Հայաստանում մի շարք կարեւոր իրադարձություններ եղան, բայց ես կփորձեմ կենտրոնանալ մի քանիսի վրա, որոնք առանձնահատուկ եմ համարում:

2012-ի ամենամեծ ձեռքբերումը Մաշտոցի այգու հաղթանակն էր: Այգու համար պայքարում իրենց ուժերը փորձեցին տարբեր ակտիվ խմբեր: Պայքարի առանձնահատկություններից մեկը այն էր, որ հասարակական տարբեր խմբեր կարողացան համագործակցության եզրեր գտնել: Հետաքրքիր է, որ պայքարը չուներ հստակ ընդգծված առաջնորդ կամ առաջնորդներ: Առանձնահատուկ էր կոլեգիալ որոշումների սկզբունքը, որն էլ հաջողության գրավականներից մեկն էր:

Մաշտոցի այգու համար պայքարը ցույց տվեց, որ քաղաքական պայքարը կարող է լինել առանց առաջնորդի, երբ տարբեր խմբեր միավորվում են պայքարի համար: Սա Հայաստանի ապագա քաղաքական ուժերի ձեւավորման մոդել կարող է լինել, որտեղ կարեւոր գործոնը մասնակցային կառավարումն է:

Տարվա ամենամեծ անհաջողությունը Հանրապետության հրապարակում ՀՀԿ կազմակերպած համերգ-հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյուն էր:

Դրան հետեւեցին ԱԺ-ի ընտրությունները, որոնք կեղծվեցին իշխող Հանրապետական կուսակցության կողմից: Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում հետընթաց է ապրել, սակայն իշխող կուսակցությունը հաղթանակ է տարել եւ մեծամասնություն կազմել ԱԺ-ում: Մինչդեռ նորմալ ընտրությունների դեպքում Հանրապետականի հաղթանակը պետք է բացառվեր:

ԱԺ-ի ընտրություններին հետեւեց քաղաքական դաշտի փոշիացման գործընթացը, որի արդյունքները երեւացին նախագահական ընտրությունների նախաշեմին: Իրար հետեւից պայքարից հրաժարվեցին քաղաքական մի քանի ուժեր: Նախ` պայքարից հրաժարվեց Գագիկ Ծառուկյանը, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ ընտրություններին որպես դիտորդ հանդես կգա: Լեւոն Տեր Պետրոսյանը եւս հրաժարվեց մասնակցել ընտրություններին, որին հետեւեց ՀԱԿ-ի ընտրություններին չմասնակցելու հայտարարությունը: Այս երկու քաղաքական ուժերը հանդիսանում են ԱԺ-ի երկրորդ եւ երրորդ ուժերը, իսկ ընտրություններին նրանց չմասնակցելը համակարգի եւ հենց այդ ուժերի կառավարման մոդելի ճգնաժամի հստակ նշաններ են: Այս զարգացումները ցույց տվեցին, որ այն քաղաքական ուժերը, որոնք կառուցվում են մեկ անհատի շուրջ, ի վերջո, քայքայման վտանգի առջեւ են հայտնվում:

Մի կողմից, Մաշտոցի այգու շուրջ պայքարը ցույց տվեց քաղաքական օրակարգի ձեւավորման նոր մեխանիզմներ, մյուս կողմից` ճգնաժամ ապրեցին դաշտում գոյություն ունեցող քաղաքական ուժերը: Տարին եզրափակում ենք քաղաքական վակուումի պայմաններում: Այդ իսկ պատճառով 2013-ի առանձնահատկություններից մեկը կլինի պայքարը այդ վակումը լրացնելու համար:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին