Հայկական դպրոցի առասպելներն ու իրականությունը. մաս 3 - Mediamax.am

Հայկական դպրոցի առասպելներն ու իրականությունը. մաս 3
12780 դիտում

Հայկական դպրոցի առասպելներն ու իրականությունը. մաս 3


Առաջին մասը կարդացեք այստեղ: Երկրորդ մասը կարդացեք այստեղ:

Կրթական ոլորտի անառողջ գործընթացներում հատուկ տեղ են զբաղեցնում դպրոցի ու բուհերի միջեւ հարաբերությունները: Այսօր միջին եւ ավագ դպրոցներում ծրագիրը երեխայից պահանջում է յուրաքանչյուր առարկայի խորացված ուսումնասիրում: Սովորաբար ծրագիրը կազմված է այնպես, որ աշակերտը պետք է ստանա խորացված մասնագիտական կրթություն բոլոր առարկաներից: Պահանջները չափազանց մեծ են, երեխայից ակնկալում են իսկական գիտնականի եռանդ՝ առարկան ինքնուրույն սովորելու հետաքրքրություն եւ ցանկություն առաջացնելու փոխարեն:

Չափազանց մեծ պահանջների արդյունքում ավագ դպրոցում բոլոր առարկաները յուրացնում են միայն մի քանի աշակերտներ: Մնացածների մոտ այն լավագույն դեպքում անցնում է գիտակցության կողքով, կամ ողջ կյանքի ընթացքում առաջանում է մշտական հակակրանք դրա նկատմամբ: Ձեր ծանոթներից քանի՞սը լավ գիտեն քիմիա եւ դրան չեն վերաբերվում ատելությամբ կամ ագնոստիկ զարհուրանքով: Իմ շրջապատում վիճակագրությունը ամենեւին ոգեւորիչ չէ:

Ուսումնառության վերջին երկու տարիների ընթացքում դպրոցում տեղի է ունենում ընտրողական գիտելիքի ինտենսիվ մշակում՝ անգիրի մակարդակով: Հենց այս շրջանում, օրինակ, երեխաների մեծ մասը սկսում է հակակրանք ապրել «հայ ժողովրդի պատմություն» առարկայի նկատմամբ, քանի որ նրանց ստիպում են քննության համար պատմությունը սովորել հաշվապահական հաշվետվությունների մակարդակով՝ զրկելով հոգուց, գեղեցկությունից եւ իմաստից: 

Դրանից հետո երիտասարդը հայտնվում է համալսարանում եւ «կոտրվում»: Եթե դպրոցում աշակերտին հանգիստ չէին տալիս, ապա շատ բուհերում եւ ամբիոններում նա բախվում է այն երեւույթին, որ իր նկատմամբ պահանջների մակարդակը կտրուկ նվազում է: Պահանջներն երբեմն այնքան են նվազում, որ անգամ առանց որեւէ կաշառքի դիպլոմ են ստանում նույնիսկ նվազագույն գիտելիքների չտիրապետողները: Իհարկե, դա չի վերաբերում բոլոր բուհերին ու ամբիոններին, սակայն դա Հայաստանում ակնհայտ միտում է: Ստացվում է, որ հաճախ համալսարանների մասնագիտական պահանջները գործնականում ավելի ցածր են, քան դպրոցում:

Առասպելների մասին կարելի է երկար գրել: Բայց ակնհայտ է, որ քանի դեռ հանրությունը չի ստանձնել այն դպրոցի կառուցման խնդիրը, որը կընկալվի որպես հենց այդ հանրության հիմքը, մենք միայն կորցնելու ենք մեր ներուժը՝ հույսներս դնելով հրաշքի եւ այն մտքի վրա, որ այս կամ այն երեխայի մեջ տաղանդ կզարգանա:
 
Դպրոցական համակարգ կերտելու հասարակության անկարողությունը քանդում է հանրությունը ներսից: Դպրոցը պետք է կառուցի հասարակությունը, այլ ոչ թե միայն պետությունը: Վստահել միայն պետությանը՝ նշանակում է ստանալ շատ իներտ համակարգ, որը պատրաստ չէ դինամիկ գործելու: Եվ խնդիրն այն չէ, որ պետությունը վատն է, պարզապես մասնավոր հատվածի եւ սոցիալական պատվերի բացակայությունը միշտ էլ լճացման է հանգեցնում: Դպրոցական համակարգ կառուցելու ձգտումը՝ առանց պատկերացում ունենալու այն մասին, թե ինչպիսի անհատականություններ ու ինչ քաղաքացիներ ենք պատրաստում, հանգեցնում է նրան, որ հասարակությունը սկսում է լողալ հոսանքի ուղղությամբ՝ կորցնելով ուղենիշերը:
 
Սամվել Մարտիրոսյանը մեդիա-փորձագետ է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին