Հայկական դպրոցի առասպելներն ու իրականությունը. մաս 2 - Mediamax.am

Հայկական դպրոցի առասպելներն ու իրականությունը. մաս 2
14305 դիտում

Հայկական դպրոցի առասպելներն ու իրականությունը. մաս 2


Առաջին մասը կարդացեք այստեղ:

Դպրոցական կրթության շուրջ առասպելների ձեւավորումը հիմնականում պայմանավորված է խորհրդային մտածելակերպով:

Առասպել համար 3. Պետությունը պետք է լուծի կրթական խնդիրները, բայց քանի որ ունակ չէ դա անել, համակարգը տեղից չի շարժվում:

Իհարկե, կան ոլորտներ, որտեղ պետության դերը չափազանց կարեւոր է: Եվ եթե ամեն երկրորդը սկսում է զբաղվել այդ հարցերով, ամեն ինչ վատ ավարտ է ունենում: Օրինակ, պետական անվտանգության համակարգը. դրանով պետք է զբաղվեն հատուկ մարմինները, իսկ շարքային քաղաքացին այնտեղ անելիք չունի: Իսկ ահա դպրոցական կրթության ոլորտում բազմաթիվ երկրներում վաղուց հասկացել են (ի դեպ, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ այդպես արդեն եղել է՝ կրթության մասին առաջին օրենքը բավականին լիբերալ էր), որ կրթական համակարգում չեն կարող գործել միայն պետական կառույցներ, այստեղ կարեւոր է մրցակցությունը: Եվրոպական բազմաթիվ երկրներում պետությունը խրախուսում է մասնավոր հատվածին, ըստ էության, վերացնելով սահմանը պետական ու մասնավոր դպրոցների միջեւ: Մասնավոր դպրոցները եւս վճարվում են բյուջեից. իմաստն այն է, որ ծնողը հանդիսանում է հարկատու, եւ նրա երեխան պետք է պետությունից գումար ստանա ուսուցման համար՝ անկախ նրանից, թե ինչ տիպի դպրոց է հաճախում: 

Հայաստանում դպրոցների միջեւ որոշակի մրցակցությունն արդեն իրականություն է. մի քանի տարի դպրոցները ֆինանսավորում են ստանում՝ ելնելով աշակերտների քանակից եւ, հետեւաբար, շահագրգռված են դրա ավելացման մեջ: Սակայն մասնավոր դպրոցներին դա դեռեւս չի վերաբերվում: Մասնավոր դպրոցներն ընկալվում են որպես «մաքուր» բիզնես՝ ինչպես խորովածանոցները: Ենթադրվում է, որ նրանք պետք է գոյատեւեն ինչպես ցանկանում են, քանի որ գումար են վաստակում: Նման մոտեցումը բացարձակ սխալ է՝ դպրոցը մնում է դպրոց: Եթե կա որակ, եւ ծնողն իր երեխային տանում է այնտեղ, ամենեւին կարեւոր չէ՝ մասնավոր է այդ դպրոցը, թե պետական: Էլ չենք խոսում այն մասին, որ պետական դպրոցները եւս գումար են ստանում. նրանք գոյատեւում են մեր վճարած հարկերի հաշվին: Կրթական համակարգը կիսելով պետականի ու մասնավորի, այլ ոչ թե լավի ու վատի՝ մենք իրականում հասարակության մեջ ստեղծում ենք դասակարգային լարվածություն՝ ինքներս էլ չգիտակցելով դա:   
 
Այսինքն, դպրոցներում կրթության բարելավում հարկավոր է ակնկալել ոչ թե պետության, այլ հենց դպրոցների կողմից: Պետությունն այդ հարցում կարող է օգնել կամ չխանգարել դպրոցներին, բայց ինքնին կրթությունը պետք է բարեկարգվի դպրոցներում, դպրոցների եւ ուսուցիչների կողմից՝ փորձի ու գաղափարների փոխանակման, մրցակցության եւ այլ գործոնների հաշվին: Որակի ներդրումը վերեւից միշտ ավարտվում է ստուգումների ընթացքում խոտը կանաչ գույն ներկելով:

Առասպել համար 4. Երեխաները դպրոցում սովորում են 12 տարի:

Իրականությունն այդ առասպելից տարբերվում է առնվազն 15%-ով: Բուհ ընդունվելու համակարգը մեզ մոտ այնպես է կառուցված, որ երեխան ստիպված է կրկնուսույցների մոտ պարապել ընդունվելուց նվազագույնը մեկ, իսկ երբեմն էլ երկու տարի առաջ: Կրկնուսույցներն աշխատում են որակի վրա, նրանք պետք է ունենան բուհ ընդունված աշակերտների մեծ տոկոս, որպեսզի որոշակի համբավ ձեռք բերեն  եւ նոր դիմորդներ հավաքեն: Համապատասխանաբար, սկսելով պարապել 2-3 առարկա՝ աշակերտը կրկնուսույցից ստանում է տնային հանձնարարությունների այնպիսի ծավալ, որ շատ արագ դպրոցական կրթությունը վերածվում է ձեւականության: 11-12-րդ դասարանների ծրագրերն անցնում են երեխաների գիտակցության կողքով: Պետությունն այդ առումով ծրագրում որոշակի փոփոխություններ է կատարել. 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը փաստացի տրամադրվել է ընդունելության նախապատրաստմանը: Այնուամենայնիվ, խնդիրն առկա է. բուհերը, ավելի ճիշտ՝ ընդունող հանձնաժողովները, շատ ագրեսիվ ազդեցություն ունեն դպրոցական գործընթացի վրա:

Շարունակելի:

Սամվել Մարտիրոսյանը մեդիա-փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին