Սոցիալական ցանցերը չեն կարողանում խթանել հասարակական երկխոսությունը - Mediamax.am

Սոցիալական ցանցերը չեն կարողանում խթանել հասարակական երկխոսությունը
6035 դիտում

Սոցիալական ցանցերը չեն կարողանում խթանել հասարակական երկխոսությունը


Վերջին տվյալներով, Հայաստանից Facebook սոցիալական ցանցում մոտ 125 հազար մարդ է գրանցված: Եթե ընդունենք, որ մեր երկրում իսկապես 3 միլիոնից ավել մարդ է ապրում, որի մոտ կեսը երեխաներ եւ տարեցներ են, ապա կստացվի, որ ակտիվ տարիքի բնակիչներից յուրաքանչյուր տասներորդը հսկայական այդ ցանցի մասնիկ է կազմում: Ընդ որում, այդ թիվն օրըստօրե աճում է, վիճակագրության համաձայն` ամսական մոտ 5 հազարով միայն Հայաստանից: Facebook-ի կառուցվածքն այնպիսին է, որ այն, մեղմ ասած, “Օդնոկլասնիկի” չէ, որտեղ շփվում ես ընկերների, մտերիմների կամ համադասարանցիների հետ: Կայքն այնպես է սարքած, որ կամա թե ակամա տեղեկանում ես նորությունների, կիսվում ընկերներիդ հետ, հետեւում ծանոթ եւ անծանոթ մարդկանց ստատուսներին եւ մեկնաբանություններին եւ ակամայից ներքաշվում բանավեճի մեջ: Վերոհիշյալ սոցցանցը ազդեցության հսկայական ռեսուրս ունի: Այդ մասին վաղուց արդեն գիտեն Վաշինգտոնում, վերջերս իմացան նաեւ Եգիպտոսում եւ Թունիսում, իսկ այժմ հասկանում են նաեւ Հայաստանում:

Վերջերս տարբեր բլոգներում եւ բուն Facebook-ում հաճախ եմ հանդիպում բանավեճերի, որի թեման է, թե կարող են արդյոք սոցցանցերը եւ բլոգները կրիտիկական քանակությամբ բողոքական մասսա կուտակել, ինչը կհանգեցնի նրան, որ իրադարձությունները կզարգանան եգիպտական սցենարով: Բանավիճողների մի մասն ակնհայտորեն գերագնահատում է սոցցանցերի, բլոգների եւ ընդհանրապես ինտերնետի հնարավորությունները, մի մասն էլ դրանք անլուրջ է համարում: Նրանցից ով էր ճիշտ, ցույց կտա ժամանակը: Սակայն ես կուզենայի կանգ առնել երկու այլ խնդիրների վրա:

Առաջինը` համացանցում քաղաքական հայացքների ծայրահեղականությունն է, ատելության գերակայությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքականությունը:

Երկրորդը` ինտերնետում, ինչպես եւ ԶԼՄ-ներում, երկխոսության, էթիկական չափանիշների բացակայությունն է, միմյանց լսելու անկարողությունը: Սա հատկապես ակնհայտ դարձավ օրերս Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հրապարակային «բազարներից», որը շատ արագ վերաճեց հակամարտության:

Մտահոգում է այլ բան. ինչպես եւ 2008-ի ընտրությունների նախաշեմին, ընթանում է հասարակության բեւեռացում, բաժանում յուրայինների եւ թշնամիների, բացասական էներգիայի էսկալացիա, որը վաղ թե ուշ պետք է ելք գտնի: Նշեմ նաեւ, որ սոցիալական ցանցերը, բլոգները, բազմաթիվ կայքերը առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում խթանել հասարակական երկխոսությունը: Նույնիսկ հակառակը, դառնում եմ փոխադարձ ծաղրուծանակի հսկայական հրապարակ:

Այսօր, այն ողբերգական իրադարձություններից 3 տարի անց, երբ երկիրն իսկական քաղաքացիական պատերազմի եզրին էր, ես մի տեսակ դեժավյու եմ ապրում: Այնպիսի տպավորություն է, որ ես այս ամենն արդեն առնվազն մեկ անգամ ապրել եմ: Բայց մի՞ թե իշխանությունն ու ընդդիմությունը դասեր չեն քաղել պատահածից: Արդյոք արժե՞ առատորեն սնել ատելության այն դեւին, որը հետո կարող է խժռել հենց կերակրողին: 

Ասում են, պատմությունն երկու անգամ է կրկնվում, երկրորդ անգամ որպես ֆարս: Համոզված եմ, այսպիսի ֆարսի գինը կարող է չափազանց թանկ լինել մեր երկրի համար:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին