Զուգահեռներ Լիբիայի եւ 1990-ականների սկզբի ԼՂ իրավիճակի շուրջ - Mediamax.am

Զուգահեռներ Լիբիայի եւ 1990-ականների սկզբի ԼՂ իրավիճակի շուրջ
4495 դիտում

Զուգահեռներ Լիբիայի եւ 1990-ականների սկզբի ԼՂ իրավիճակի շուրջ


Հեղափոխական Լիբիայի իրավիճակը շատ ընդհանրություններ ունի այլ խոցելի տարածաշրջանների հետ: Առաջին եւ կարեւորագույն խնդիրը մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումն է, երբ կառավարությունը իր բնակչության եւ միջազգային հանրության կողմից մեղադրվում է լեգիտիմության կորստի մեջ: Կոսովո, Հարավային Սուդան, Արեւելյան Թիմոր, Հարավային Օսիա եւ Լեռնային Ղարաբաղ` բոլորն էլ նախկինում օտարերկրյա ռազմական միջամտության առարկա են դարձել` նախաձեռնված առանցքային պետությունների կամ տարածաշրջանային  կազմավորումների կողմից: Միջամտությունների նպատակն է եղել կասեցնել մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների համատարած խախտումները` բարելավելով մարդու իրավունքների իրավիճակը տվյալ տարածաշրջանում, ներառյալ խաղաղության եւ ազգային վերածննդրի համար համապատասխան մթնոլորտի ստեղծումը ` միաժամանակ չսահմանափակվելով դրանցով:

Իրավիճակը Լիբիայում, ինչպես եւ վերոհիշյալ մյուս դեպքերում, կառավարության անկարողության կամ անպատրաստակամության հետեւանքն է իրականացնելու իր առաջնային erga omnes պարտավորությունը, այն է` իր բնակչության պաշտպանությունը: Ավելին, Լիբիայում ականատեսն ենք հակառակ իրավիճակի, երբ հիմնական քաղաքները, ինչպիսին է Բենգազին, ենթարկվում են հարձակումների կառավարության օդուժի կողմից: Նման իրավիճակները միջազգային անհանգստության առիթ են դառնում` դրդելով անմիջական կանխարգելիչ գործողությունների: Քանի որ արտասահմանյան միջամտության ճանապարհը հարթվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1973 բանաձեւով, հետաքրքիր է դիտարկել հակամարտությունների լուծման նախորդ դեպքերը, ինչպես նաեւ հումանիտար միջամտության դոկտրինը: Հետաքրքիր է նշել, որ BRIC ոչ պաշտոնական միավորումը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան եւ Չինաստան) եւ Գերմանիան ձեռնպահ մնացին մարտի 18-ի այս բանաձեւի քվեարկության ժամանակ:

Առհասարակ, մարդասիրական միջամտության դոկտրինը, որը 2005թ. վերափոխվեց
“Պաշտպանելու պատասխանատվության/Responsibility to Protect” կամ R2P քաղաքականության, վիճելի դեր ունի աշխարհում տարբեր հակամարտությունների լուծման գործում: Թեեւ չլինելով միարժեքորեն ընդունված միջոց` այն վերածնվեց 1990-ականների սկզբին, իր գագաթնակետին հասավ 1999թ. Կոսովոյում եւ ձեւափոխվեց 2005թ-ին: Ձեւափոխման կարեւորագույն մասը վերաբերում է դրա էության ընկալման փոփոխությանը. 1990-ականների սկզբին Սոմալիում, Ռուանդայում, Բոսնիայում եւ Հաիթիում կիրառված “միջամտելու պարտավորվածությունից” (duty to intervene) անցում կատարվեց “միջազգային պատասխանատվության” (R2P) պրակտիկային` 2008թ-ի օգոստոսին Վրաստանում, իսկ այսօր նաեւ Լիբիայում: Տարածաշրջանային կազմակերպությունների կամ միավորումների միջամտությունը “համարվել է անհրաժեշտ ի շահ Լիբիայի ժողովրդի”  (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեւակերպում), հաշվի են առնվել նաեւ Արաբական Լիգայի կոչերը` դադարեցնել դաժանությունները եւ գործել հանուն Լիբիայի տառապող ժողովրդի եւ նրա անունից:

Հաշվի առնելով սա` փորձագետները կարող են վերհիշել 1988-1990թթ. Սումգայիթում եւ Բաքվում հայերի ջարդերի, 1992թ. Մարաղայի կոտորածի եւ Ադրբեջանի կառավարության կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված միջազգայնորեն դատապարտելի (internationally wrongful) այլ քայլերը` որպես Հայաստանի սահմանափակ ռազմական միջամտության հիմնավորում: Մինչ այժմ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել գործադրել այս դոկտրինը 1992-94թթ. ռազմական միջամտությունը օրինական հիմքերի վրա դնելու համար, այնինչ առկա են բազմաթիվ պատշաճ կերպով փաստաթղթավորված նյութեր:

Իհարկե, բազմաթիվ պնդումներ կան առ այն, որ միջամտության տնտեսական պատճառները գերակշռում են մարդասիրական պատճառաբանություններին: Կոսովոյում կային ածուխի հանքեր, Հարավային Սուդանում ու Լիբիայում` նավթ: Սակայն Լեռնային Ղարաբաղում, Հարավային Օսիայում եւ Արեւմտյան Թիմորում գործել են զուտ մարդասիրական նկատառումներ, եւ հոռետեսները ստիպված կլինեն գտնել ավելի ծանրակշիռ փաստարկներ այս բանավեճում:

Ամեն դեպքում, արտասահմանյան միջամտությունը պահանջում է միջազգային հանրության միանշանակ գնահատականն առ այն, որ կենտրոնական կառավարության գործողությունները /կամ գործելու անկարողությունը/ վտանգում են միջազգային եւ տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը: ՄԱԿ Անվտանգության Խորհրդի կողմից 1993թ. չորս բանաձեւ էր ընդունվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ոչ պակաս թվով բանաձեւեր են ընդունվել Կոսովոյի (1998-99թթ), Սուդանի (2003թ-ից ի վեր), Արեւելյան Թիմորի (2006) վերաբերյալ. դրանցում խոսվում էր տարածաշրջանային անվտանգության համար հակամարտության հետեւանքների մասին եւ այդպիսով հիմնավորվում էր արտասահմանյան զինված միջամտությունը առանցքային պետության կամ ժամանակավոր կոալիցիայի կողմից: Միջամտության որոշ դեպքերում, ինչպես օրինակ Կոսովոյում, դա տարածաշրջանի համար պատասխանատու անվտանգության կազմակերպությունն էր, այլ դեպքերում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան ու Արեւելյան Թիմորը,  հանդես էր գալիս առանցքային պետություն “ցանկացողների կոալիցիայի” (1994թ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի կողմից կերտված եզր) ուղեկցությամբ կամ առանց դրա: Արեւելյան Թիմորի կառավարության խնդրանքով 2006թ. ձեւավորվեց Ավստրալիայի առաջնորդած կոալիցիան, իսկ 1990-ական թվականների սկզբին նորանկախ Հայաստանը ստիպված էր միայնակ դիմակայել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիային: Այլ պետությունները, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Իտալիան, Ֆրանսիան, Բելգիան, ԱՄՆ եւ այլք, նպաստում էին կիսաարդյունավետ խաղաղ բանակցություններին 1991թ. սեպտեմբերից մինչեւ 1994թ. մայիսը` Ժելեզնովոդսկի կոմյունիկեի եւ Բիշքեկի արձանագրության միջեւ ընկած ժամանակահատվածում:

Վերադառնալով Լիբիային` նշենք որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին` 1970 բանաձեւը դատապարտեց Լիբիայում տիրող դաժանությունները, կոչ արեց այդ երկրի իշխանություններին ենթարկել միջազգային պատասխանատվության` հղում կատարելով Միջազգային քրեական դատարանին, որին, ի դեպ, Լիբիան չի անդամակցում: Սա ապացուցեց, որ անկախ Հռոմի Ստատուտին այս կամ այն երկրի անդամակցությունից` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իրավասու է վկայակոչել միջազգային արդարադատության այս ատյանը: Սա չափազանց տեղին կլինի, եթե Ադրբեջանի իշխանությունները եւ զինվորական առաջնորդները հետեւեն սեփական խոսքին եւ գնդակոծեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ ուղեւորվող քաղաքացիական օդանավերը:

Լիբիայի ներկայիս իրավիճակը պետք է հավելյալ կոչ դառնա միջազգային հանրության համար` Վեստֆալյան ժամանակաշրջանին հատուկ բացարձակ սուվերենության դրույթները չհամարել «ստիկա պետությունների» պաշտպանիչ վահան եւ չդարձնել նրանց կողմից սեփական ժողովրդի հանդեպ համատարած դաժանություններն արդարացնելու մեխանիզմ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձեւը թեպետ փոքր, բայց խիզախ քայլ էր այդ ուղղությամբ:

Ամփոփելով` կցանկանայի հիշել Իեն Բրոունլիին` իրական մեծություն եւ ճանաչված հեղինակություն միջազգային իրավունքի ոլորտում, ով ասում էր, որ մարդասիրական միջամտությունը նման է էվթանազիայի. նրան օրենսդրական ուժ տալը հավասարազոր է միջազգային իրավակարգի փլուզման, սակայն դա միակ կիրառելի միջոցն է բացառիկ հանգամանքներում:

Հովհաննես Նիկողոսյանը ասպիրանտ է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին