Սակարկման ոչ ենթակա նպատակներ - Mediamax.am

Սակարկման ոչ ենթակա նպատակներ
7615 դիտում

Սակարկման ոչ ենթակա նպատակներ


Աշխարհի տարբեր հասարակություններ իրենց առաջընթացը ապահովել են հասարակական շարժումների շնորհիվ: Հասարակական շարժումները առանձնահատուկ են ոչ միայն ավտորիտար ռեժիմներին, այլ նաեւ՝ ժողովրդավարական կարգ ունեցող երկրներին: Ակադեմիական շրջանում տարբեր մոտեցումներ կան շարժումների ծագման խնդրին: Հիմնական մոտեցումներից մեկը այն է, որ գործող կառավարման համակարգը ունակ չի լինում իր վրա վերցնել առկա խնդիրների լուծման բեռը, եւ հասարակությունը իր վրա է վերցնում համակարգի բարեփոխման եւ արդարության հաստատման գործառույթը:

Շարժումները հասարակությունում գործող կոնֆլիկտները դուրս են բերում կառավարման համակարգի գործառույթի շրջանակներից եւ հանրային համաձայնության շրջանակներում լուծումներ տալիս: Ալբերտո Մելուչին գտնում է, որ շարժումները փոխում են գործող խաղի կանոնները, առաջ են քաշում սակարկման ոչ ենթակա նպատակներ եւ հարցականի տակ են դնում իշխանության կողմից ուժի կիրառման լեգիտիմությունը:

Շարժումների ամենամեծ վտանգներից մեկը կուսակցականացումն է: Այն վտանգավոր է, քանի որ հենց նաեւ կուսակցությունների անգործության պատճառով է հասարակությունը իր վրա վերցնում խնդիրների լուծման առաքելությունը: Այսինքն,  կուսակցությունները իրենց անգործության եւ ոչ լեգիտիմ գործողությունների շնորհիվ ժամանակին ի վիճակի չեն լինում խնդիրների լուծման դերակատարը դառնալ: Այդպիսի պայմաններում կուսակցականացումը անմիջապես բերում է շարժման հեղինակազրկման:

Այսօր Հայաստանում վերը նշված իրավիճակն է, երբ բոլոր կուսակցությունները անխտիր կորցրել են իրենց լեգիտիմությունը: Չորս կուսակցությունները իրար հետ միասին չեն կարողացել ապահովել 44 պատգամավորի ձայն, որպեսզի կարողանան «Հարսնաքարի» հետ կապված գործը օրենսդիր մարմնում օրակարգ բերել: Սա ցույց է տալիս, որ նրանք ունակ չեն որեւէ հասարակական հնչեղություն ունեցող հարցին լուծում տալ պետական համակարգի շրջանակներում: Այդ իսկ պատճառով  կուսակցությունների լուծարումը եւ հանրային հենարանի վրա նոր կուսակցությունների ձեւավորումը օրակարգային հարց է դառնում:

Կարծես թե Հայաստանում շարժում է ձեւավորվում, որի արմատները գալիս են Կինո Մոսկվայի ամառային դահլիճից, Թռչկանից, Մաշտոցի այգուց եւ այլ տեղերից: Շարժումը դեռ ձեւավորման փուլում է, սակայն որոշակի խնդիրներ են առաջացել: Արդեն փորձ է կատարվում կամ կուսակցականացնել, կամ էլ այն որեւէ խմբի նպատակներին համապատասխանեցնել: Սակայն շարժման գլխավոր հաջողությունը լինելու է ոչ ֆորմալ ցանցի ձեւով գործելու տարբերակը, քանի որ այդ դեպքում հասարակության լայն շերտերին հնարավորություն կտա մասնակցել եւ իր ներդրումը ունենալ: Այս դեպքում շարժման առաջնորդների դերը պայմանավորված պետք է լինի նրանց ստանձնած պատասխանատվությամբ:

Մյուս կողմից, շարժումը պետք է կարողանա հասարակությունում արդարության վերականգնման ու հաստատման գործառույթն իր ձեռքը վերցնել, որով հարցականի տակ է դնելու իշխանության կողմից ուժի կիրառման գործառույթը: Նաեւ կարեւոր է, որ իր առաջ ոչ սակարկման ենթական նպատակներ դնի ու խաղի կանոնների փոփոխություն մտցնի հասարակությունում: Հասարակական շարժումները անհրաժեշտություն են դառնում այն ժամանակ, երբ գործող համակարգը կորցնում է ունակությունը լուծելու հասարակությունում գոյություն ունեցող խնդիրները:

Ընտրություններից հետո սյունակներից մեկում գրել էի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավոր նոր դերի մասին, որը պետք է պայմանավորված լիներ վերջինիս ընդդիմադիր դիրքորոշման հետ.

Կամ Բարգավաճ Հայաստանը կոալիցիա կստեղծի Հանրապետականի հետ, եւ հասարակությունը ստիպված կլինի երկրի բարեփոխման ամբողջ բեռը իր վրա վերցնել, կամ էլ ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա եւ խորհրդարանում մրցակցային նոր կանոններ կստեղծի, ինչն էլ նոր շունչ կհաղորդի երկրի զարգացմանը: 

Առաջին տարբերակը մնացել է ուժի մեջ, եւ հասարակությունը պետք է երկրի զարգացման ու բարեփոխման գործը իր վրա վերցնի, որն էլ արտահայտվելու է հասարակական շարժման միջոցով:

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին