Բացառել զինվորի խոցելիությունը - Mediamax.am

Բացառել զինվորի խոցելիությունը
10911 դիտում

Բացառել զինվորի խոցելիությունը


Զինադադարի կնքումից հետո մեր գլխավոր նպատակներից է եղել սահմանի երկայնքով ամուր պաշտպանական գծի ստեղծումը, խրամատների, ինժեներական կառույցների կառուցումը: Դրա համար օգտագործում էինք բոլոր ուժերը: Այս գործում մեծ նախաձեռնողականություն էր ցույց տալիս հատկապես գեներալ Քրիստափոր Իվանյանը:

1995թ. մայիսն էր գնացել էի Ասկերանի պաշտպանական շրջանի դիրքերը ստուգելու: Մեր գնդի ձախ հարեւանությամբ Մարտակերտի դիվիզիան էր:

Առաջին գծում հանդիպեցի տարեց 65-70 տարեկան անձանց, ովքեր ինժեներական գործեր էին անում: Ինձ ճանաչելով` նրանք բողոքեցին, որ հետ են վերադարձել Մարտակերտի իրենց տները, սակայն Իվանյանը բերել է աշխատացնելու: Տասը րոպեից հայտնվեց Իվանյանը, եւ հասկանալով, որ այդ մարդիկ բողոքել են ինձ, բարկացավ թե՞ ինչու են բողոքում: Ամաչելով, չպատասխանեցին: Ես ջղայնացած հարցրի.

-Ինչու՞ ես այս տարեց մարդկանց բերել խրամատ: Ես քեզ զինվոր կտամ:

Նա շրջվեց ու մոտ տասներկու մարդու հարցեց.

- Кто старшее по возрасту?

Մեկն առաջ եկավ եւ Իվանյանը նրան հարցեց.

- Сколько вам лет?

- 69,- պատասխանեց մարդը: Իվանյանը ձեռքը դրեց նրա ուսին եւ ասաց. Ты еще молодой, иди служи!!!

Սա հեռավոր 1995 թվականն էր, երբ մեր զինվորը կանգնած էր հողե խրամատում, լավագույն դեպքում` ամրացված քարով ու փայտով:

Ժամանակները փոխվել են, մարտահրավերները` ավելացել, սակայն մեր զինվորն էլի նույն խրամատում է կանգնած:

Գրեթե ամեն շաբաթ մենք տեղեկանում ենք նոր զոհերի կամ վիրավորների մասին, մեր զինվորի խոցելիության աստիճանը բավականին մեծ է:

Պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ ես մի շարք բարեփոխումներ էի առաջարկել, ինչը թույլ կտար իջեցնել զինվորի խոցելիությունը:

Այժմ էլ համոզված եմ, որ Պաշտպանության Բանակում բարեփոխումները, սահմանագծի ինժեներական կառույցների, սարքավորումների, մարտական հերթապահության բարելավումը թույլ կտա բացառել հակառակորդի կողմից մեր զինվորի խոցելիությունը: Ողջ պաշտպանական գծի երկայնքով հարկավոր է կառուցել երկարաժամկետ կրակային կետեր` ժամանակակից զենքերին եւ զինամթերքին դիմակայելու նորմերին համապատասխան:

Դրանք կլինեն երկաթբետոնե կառույցներ, համալիր շինություններ` նախատեսված անձնակազմի հանգստանալու, սնվելու, կենցաղային մյուս հարցերը հոգալու եւ մարտական հերթապահությունն իրականացնելու համար: Պետական սահմանի դիտարկումը կկատարվի թե օդից, թե ցամաքից` հատուկ տեղադրված էլեկտրոնային սարքավորումներով:

Կարեւոր պայման է մարտական հերթապահության օրերի կրճատումը: Այն պետք է ներկայիս 14-ից կրճատվի մինչեւ 3-7 օր: Այսօր զինվորը բավական երկար է մնում խրամատում, ստանում գերհոգնածություն, ինչն էլ բերում է բարոյալքման եւ անտարբերության: Միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը հենց այս վիճակի հետեւանքն են: Հերթափոխի օրերը կրճատելով` մենք զերծ կմնանք նման վիճակներից: 

Վիտալի Բալասանյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր է, Արցախի հերոս:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին