Արցախին պետք են նոր Իվանյաններ - Mediamax.am

Արցախին պետք են նոր Իվանյաններ
15967 դիտում

Արցախին պետք են նոր Իվանյաններ


Մեր հաղթանակների կերտման գործում մեծ դեր է խաղացել խորհրդային նախկին բանակի հայ սպաների, գեներալների եւ միայն պատերազմի ժամանակ ռազմական գործի մեջ հմտացած, ռազմական կրթություն եւ փորձ չունեցող, սակայն որոշումներ կայացնելու ունակ, բարձր մարտական ոգի ունեցող տղաների համագործակցությունը: Խորհրդային բանակի հայազգի գեներալներից էր Քրիստափոր Իվանյանը, լեգենդար ծերուկը, ով կյանքի վերջին տարիները նվիրեց Արցախյան պատերազմին, իսկ զինադադարից հետո` բանակաշինությանը:

1992թ. ամռանը Արցախի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանն ինձ կանչեց շտաբ եւ ծանոթացրեց քաղաքացիական հագուստով մի տարեց մարդու հետ, ինձ էլ ներկայացրեց որպես Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարի: Պարզվեց, որ ծերուկը ԽՍՀՄ զինված ուժերի գեներալ է եւ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին` Քրիստափոր Իվանյան անուն-ազգանունով:

Ծանոթանալուց հետո մենք շարժվեցինք դեպի Ասկերանի պաշտպանական շրջանի դիրքերը` Քարագլխի ուղղությամբ: Ճանապարհին նա ինձ տարբեր հարցեր էր տալիս մեր անձնակազմի, զենքի, զինտեխնիկայի, պաշտպանական բնագծի մասին:

Քարագլխում շրջեցինք բոլոր պաշտպանական դիրքերով: Գեներալը շատ զարմացած էր, որ այդ կարճ ժամանակահատվածում  կարողացել ենք ձեւավորել ինքնապաշտպանական ուժեր եւ ունենալ ժամանակակից մարտին համապատասխան մարտի բնագիծ: Իվանյանը սպիտակ  վերնաշապիկով էր եւ հաճախ դիրքերից դուրս էր գալիս` հակառակորդին նայելու համար: Անհանգստանում էի, հորդորում զգույշ լինել: Սակայն նա վախի զգացում չուներ:

Քիչ անց թշնամու հրետանին սկսեց ռմբակոծել անմիջապես մեր դիրքերի ուղղությամբ, այնուհետեւ գործի դրվեց «Գրադը»: Թաքնվեցինք խրամատների մեջ: Հրետակոծումից հետո նա սկսեց բարձր ծիծաղել, ասելով` «այստեղ իսկական պատերազմ է»:

Հետո, երբ զինվորների հետ նստեցինք հաց ուտելու, անընդհատ խոսում էր ուսումնական վարժանքներից: Ես ասում էի, որ բոլոր զինվորները, լինեն հետեւակում, հրետանու ստորաբաժանումներում, թե մարտական մեքենայի վրա, վարժվում են: Ինքը շատ ուրախացավ, որ հանպատրաստից զինվոր չենք տանում խրամատ եւ ողջունեց մեր այդ քայլը: Ասաց, որ հետամուտ է լինելու ուսումնական կենտրոնների ստեղծմանը, որտեղ բոլոր զինվորները պարտադիր ուսում կստանան:  Հետագայում գեներալ Իվանյանը մեծ նվիրումով լծվեց զինվորներ ու սպաներ կրթող ռազմական ուսումնարանների ստեղծմանը եւ իզուր չէ, որ Արցախում այսօր Իվանյանի անվամբ են կոչվում քաղաք, փողոցներ, ռազմական հաստատություններ:

Ուշ երեկոյան վերադարձանք շտաբ: Գեներալը Սերժ Սարգսյանին զեկուցեց այդ օրվա իր շրջայցի մասին: Դրական տպավորություններ ուներ եւ միաժամանակ ինձ հարցեց, թե՞ որ ռազմական ուսումնարանն եմ ավարտել: Ես չհասցրի պատասխանել: Սերժ Սարգսյանն ասաց. «Ինքը ոչ մի ռազմական հաստատություն չի ավարտել»: Իվանյանն ավելի ոգեւորվեց եւ ասաց. «Ավելի լավ, որ մենք կարող ենք ունենալ մեծ թվով պատասխանատու կադրերով համալրված բանակ»:

Այդ օրվանից իմ եւ Իվանյանի հարաբերությունները մինչ իր կյանքի վերջը եղել են շատ ջերմ: Ցանկացած հարցով մենք կիսվում էինք իրար հետ` լիներ դա ուսուցման, թե մարտական գործողությունների վերաբերյալ:



Վիտալի Բալասանյանն ու Քրիստափոր Իվանյանը
Լուսանկարը` Վ. Բալասանյանի արխիվից


Այսօր, խաղաղության օրերին, քաղաքացիական կյանքում Արցախին այնքա~ն պետք են տարբեր բնագավառի Իվանյաններ, հայրենիքից հեռու նվաճումների հասած մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ առաջ կմղեին մեր կյանքի տարբեր ոլորտներ:

Վիտալի Բալասանյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր է, Արցախի հերոս:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին