Չեչեններին տրված դասի պատմությունը - Mediamax.am

Չեչեններին տրված դասի պատմությունը
25256 դիտում

Չեչեններին տրված դասի պատմությունը


Մինչեւ 1993թ. Աղդամի ազատագրումը տարբեր ուղղություններով, հատկապես` Աղդամի ուղղությամբ, կռվում էին բազմաթիվ վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից, Չեչնիայից եւ այլ վայրերից: Ժամանակին ունեցել ենք գերեւարված անձինք, դիակներ, փաստաթղթեր եւ միջազգային հանրությանը տեղյակ ենք պահել դրա մասին` թե մարտական գործողությունների ժամանակ, թե պատերազմի ավարտից հետո:

Անմաս չէին մնացել նաեւ չեչենական ահաբեկչական խմբավորումները` Շամիլ Բասաեւի գլխավորությամբ: Աղդամի կրակակետերը լռեցնելուց հետո նրանք իրենց բազան տեղակայել էին Բաշ-Ղարբենդ բնակավայրի դպրոցում եւ հարձակողական եւ դիվերսիոն գործողություններ էին կատարում մեր դեմ: Ղարաբաղյան ճակատի այս մասում կանգնած էր Ասկերանի պաշտպանական շրջանը` իմ հրամանատարությամբ: 

Բասաեւի խմբի անդամները, ըստ մեր տեղեկությունների, ժամանակ առ ժամանակ փոխվում էին: Այդպես նրանք հնարավորություն էին ունենում առավել մեծ թվով չեչենների մարտական պատրաստության անցկացնել իրական պատերազմի պայմաններում: Չեչենները հայտնվել էին մեր հայրենիքում` կրոնական դրդապատճառներով, եկել էին սրբազան պատերազմի` ջիհադի` աջակցելու կրոնակից ադրբեջանցիներին:

Չեչենները լավ կազմակերպված, գերազանց մարտունակությամբ, բարձր մարտական ոգի ունեցող մարտիկներ էին եւ նրանց ադրբեջանցիների հետ համեմատել անգամ չէր կարելի:

Մենք ռադիոկապով բազմաթիվ անգամ կապվել էինք չեչենների հետ` բացատրելով որ սա իրենց պատերազմը չէ, որ մենք իրար հետ խնդիր չունենք, այստեղ խաղի այլ կանոններ են եւ նրանց ներքաշել են այս խաղի մեջ: Համոզում էինք հեռանալ Արցախից: Սակայն մեր բանակցությունները արդյունք չտվեցին: Մնում էր այս ամենն ուժով հասկացնել:

Չեչենների վերջին մարտը մեր դեմ 1993թ. աշնանն էր: Բասաեւի խումբը, հսկայական կորուստներ ունեցավ, քանզի ադրբեջանցիները լքել էին դիրքերը Բաշ-Ղարբենդի մատույցներում: Մենք գեղեցիկ հակագրոհով ազատագրեցինք գյուղը: Բասաեւի խմբի ջախջախման օպերացիայի մանրամասները դեռեւս չենք բարձրաձայնում` մարտավարական նպատակներից ելնելով ու հաշվի առնելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել, սակայն այս ամենն այսօր մեր զինվորների ուսուցման ծրագրի մաս է կազմում:

Չեչենները մեծ կորուստներ կրեցին եւ մենք նրանց զինակիցների դիակները հանելու հնարավորություն տվեցինք:

Չեչենները մեկընդմիշտ հեռացան Արցախից: Չեմ բացառում, որ առանձին անհատ չեչեններ մասնակցած լինեն ռազմական գործողություններին նաեւ դրանից հետո, սակայն դա արդեն կազմակերպված բնույթ չուներ:

Շամիլ Բասաեւը մի քանի անգամ արտահայտվել է իր ղարաբաղյան փորձի մասին: Հետագայում նրանք պատերազմում էին Աբխազիայում` Վրաստանի դեմ: Հայկական գումարտակի հետ հերթական անգամ հաջողության հասնելուց հետո, օպերացիայից հետո կազմակերպվում է ճաշկերույթ, հայերը հրավիրում են նաեւ Բասաեւին` իր զինվորների հետ միասին, սակայն վերջիններս հրաժարվում են` ասելով, որ չեն կարող սեղան նստել, քանզի Ղարաբաղում կռվել են հայերի դեմ:

Արժանապատիվ եւ քաջ, զինակցի արժեքն իմացող. ահա այսպիսինն էին մարտի դաշտում ինձ հանդիպած չեչենները: Մեր ժողովուրդների ներկայացուցիչները իրար հետ բնակվել են հարյուրամյակներ, Չեչնիայում առ այսօր էլ հայեր կան: Ափսոսում եմ, որ չեչենական որոշ խմբավորումներ մասնակցել են ղարաբաղյան պատերազմին: Մեր երկու ժողովուրդներն ի վիճակի են շտկել այս բացթողումը: Միեւնույն ժամանակ, այս օրինակը դաս պետք է լինի թշնամական մտադրություններով Արցախ եկողների համար: Առ այսօր որակյալ ուսուցիչներ ունենք, ովքեր ունակ են դասեր տալու:

Արցախյան պատերազմին Շամիլ Բասաեւի մասնակցության մասին կարդացեք նաեւ այստեղ:

Վիտալի Բալասանյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր է, Արցախի հերոս:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին