“Հոգեւորական օլիգարխների ժամանակը…” - Mediamax.am

“Հոգեւորական օլիգարխների ժամանակը…”
5030 դիտում

“Հոգեւորական օլիգարխների ժամանակը…”


Հասարակությանը ալեկոծած վերջին օրերի նորություններից մեկը` Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը “Բենտլի” անունով շատ թանկարժեք ավտոմեքենա է գնել: Ինձ դա չզարմացրեց: Զարմանայի կլիներ, եթե Նավասարդ սրբազանը, ասենք, իր հեղինակած “Հոգեւորականը եւ Աստծո պատվիրանները” գրքի շնորհանդեսը կազմակերպեր, կամ իշխանություներին դիմեր քաղաքացիների հանդեպ ցանկացած տեսակի բռնությունը բացառելու կոչով, քանի որ բռնությունը հանցանք է ոչ միայն հասարակության հանդեպ, այլ նաեւ մեղք է Աստծո դեմ:

Իհարկե, լավ կլիներ, եթե այս բարձրաստիճան հոգեւորականը իր կենցաղում համեստության օրինակ ծառայեր, ոչ թե հաճախակի դառնար տարբեր ասեկոսեների գլխավոր հերոսը (չեմ ցանկանում թվարկել պարոն Կճոյանին վերաբերող բազմաթիվ սկանդալային պատմությունները): Բայց դատավորը ես չեմ: Ի վերջո, մարդը անկատար է, թույլ եւ մեղավոր, իսկ հոգեւորականը, նույնիսկ եթե նա Առաքելոց եկեղեցու ամենամեծ թեմն է գլխավորում, նույն այդ մարդ-արարածն է: Ու եթե այդպիսի արարքներով նա Աստծուն է բարկացնում, Աստվածն էլ նրան կպատժի:

Այս պատմության մեջ ինձ այլ բան է մտահոգում: Այն է, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ եւ ունենում են Հիսուսի պատվիրանները ոտնահարող սրբազանի արարքները: 

Փորձեմ շարադրել մի քանիսը: 

1. Լսելով բարձրաստիճան հոգեւորականի անբարո արարքների մասին, հայ քրիստոնյան “խռովում է” Հայ Առաքելական եկեղեցուց: Յուրաքանչյուր ազնիվ մարդ կարող է ինքն իրեն հարց տալ. “Իսկ ինչ՞ու պետք է մտնեմ այս եկեղեցի, եթե նրա սպասավորը, մոռանալով իր առաքելության մասին, թաղվել է երկրային հաճույքների մեջ”:   

2. Հայը (լինի դա մեր երկրի քաղաքացի, թե սփյուռքահայ) սկսում է ընդհանրացնել կատարվածը: Երկու-երեք եկեղեցականների արարքներով նա դատում է ամբողջ եկեղեցու եւ հոգեւորական դասի մասին: Արդյունքում՝ հիասթափվում է, սկսում է կորցնել հավատքը:

3. Հիասթափվածների մի մասը սկսում է կատարյալ եկեղեցի փնտրել (բայց կատարյալ եկեղեցի չկա եւ չի կարող լինել), համալրում է տարբեր աղանդները, կարող է եւ դավանափոխ լինել: 

4. Ոմանք սկսում են եկեղեցու, եկեղեցական ներկա բարքերի եւ հոգեւորականների մոլի քննադատներ դառնալ: Այդպիսով, թուլանում են մեր եկեղեցու դիրքերն ու հեղինակությունը:  

5. Ինչպես ասում են, վատ օրինակները վարակիչ են: Եվ, համոզված եմ, կգտնվեն  երիտասարդներ, որոնք ձգտելու են ճեմարաններն ավարտելով՝ հոգեւոր դասին կարգվել ոչ թե Աստծուն եւ հավատացյալ ժողովրդին ծառայելու, այլ կենցաղային խնդիրները լուծելու, շքեղ կյանքով ապրելու, եթե ոչ “Բենտլի”, ապա գոնե մի “Մերսեդեսի” ղեկին նստելու համար: 

6. Կարծում եմ, որ ցանկացած այդպիսի արարք կրճատում է հօգուտ եկեղեցու հանգանակությունները: Ոչ բոլորը կցանկանան գումարներ տրամադրել եկեղեցուն, եթե կասկածեն, որ հանգանակությունների ինչ-որ մասը գնում է որոշ տերտերների համար աշխարհիկ խրախճանքներն ապահովելուն:

Ուրեմն, խնդրեմ, ասացեք, ո՞վ է ավելի շատ թուլացնում մեր եկեղեցու հիմքերն ու հեղինակությունը: Եհովայի վկանե՞րը, սատանայականնե՞րը, “ջհուդամասոնական շպիոննե՞րը”, թուրք-ադրբեջանական հատուկ ծառայություննե՞րը, թ՞ե որոշ (փառք Աստծո, թվով դեռ շատ քիչ) “հոգեւորական օլիգարխները”: 

Տիգրան Հակոբյանը տարբեր տարիներին ղեկավարել է Հայաստանի Հեռուստառադիոպետվարչությունը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ: Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին