Ինչպես երազը դարձավ իրականություն - Mediamax.am

Ինչպես երազը դարձավ իրականություն
3556 դիտում

Ինչպես երազը դարձավ իրականություն


Արտգործնախարարի պաշտոնը թողնելուց հետո սկսեցի գրառել տասնյոթ տարվա դիվանագիտական աշխատանքիս ընթացքում եղած հուշերը: Այդպիսի մի հուշ ունեմ 1992 թվականի այս օրվանից՝ մարտի 2-ից, երբ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց վեր խոյացավ Հայաստանի Հանրապետության դրոշը:

Նյու Յորք, մարտի 2, 1992 թ. - Ամբոխներ չկային. այնտեղ նունիսկ հազար մարդ չէր հավաքվել: 1992թ. մարտի 2-ին, երբ ինը նորանկախ պետություն պետք է պաշտոնապես անդամակցեր Միավորված ազգերի կազմակերպությանը, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանը շրջապատող պարսպի մոտ հավաքված էին տարբեր ծագում ունեցող ամերիկացիներ, որոնք սպասում էին, որ ինը նոր դրոշ է վեր խոյանալու:

Կատարվել էր անհավանական մի բան՝ մի քանի ամիս առաջ Խորհրդային Միությունն էր փլուզվել` վերջնականապես և պաշտոնապես: Իսկ մարտի 2-ին ՄԱԿ-ը պատրաստվում էր ազգերի միջազգային ընտանիքի գիրկն առնել 15 հանրապետություններից ութին:

Նյու Յորքի Առաջին ավենյուն լի էր մարդկանցով, որոնք ցանկանում էին ականատես լինել կարճ արարողությանը, որ պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի շենքի մոտ և տեսնել, թե ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և, հանգամանքների ուշագրավ  բերումով՝ նաև Սան Մարինոն, դառնում են մեծ ընտանիքի անդամներ: Վրաստանը պետք է անդամակցեր հուլիսին, Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան, ինչպես նաև բալթյան երկրները, արդեն անդամներ էին:

Իրադարձությունը շրջադարձային էր աշխարհի համար և կարևորագույն իրադարձություն էր այդ օրն այնտեղ ներկայացված յուրաքանչյուր երկրի համար: Հայաստանը անկախություն էր ստացել առաջին անգամ գրեթե հարյուր տարիների և միայն երկրորդ անգամ՝ ողջ հազարամյակի ընթացքում: Հայերի համար սա երազանք էր, որը հանկարծ իրականացավ:

1992թ. մարտին Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում ես ավարտում էի մագիստրոսական ծրագիրը: Մարտի 2-ին ես Բոստոնի Լոգան օդանավակայանում ինքնաթիռ նստեցի և, հետևում թողնելով դիվանագիտական դպրոցը, շտապեցի դիվանագետների ամենախոշոր հավաքի վայրը` Միավորված ազգերի կազմակերպություն:


Լուսանկարը` Վ. Օսկանյանի անձնական արխիվից

Տաքսիից դուրս եկա ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ. շենքի ներսը տեսել էի միայն ֆիլմերում: Քայլեցի այնտեղ, ուր մարդիկ էին հավաքված: Հիմնականում հայեր, սակայն այլ ազգերի ներկայացուցիչներ էլ կային. սպասում էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին և ինը երկրների պատվիրակությունները ներսում ավարտեն արարողության պաշտոնական մասը և դուրս գան դրոշները բարձրացնելու:

Ներս մտնելու հրավերը մեծ դժվարությամբ էի ձեռք բերել և պետք է ականատես լինեի պատմական պահի, երբ Հայաստանը` Գլխավոր ասամբլեայի 46-րդ նստաշրջանի 227 որոշմամբ պետք է անդամակցեր Միավորված ազգերի կազմակերպությանը: Առաջին անգամ էի այդ դահլիճում: (Այն ժամանակ դեռ չգիտեի, որ հաջորդ 16 տարիների ընթացքում քսանից ավելի անգամ գալու եմ ՄԱԿ և տասն անգամ խոսելու եմ կանաչ գրանիտով պատված այդ պանծալի սրահում):

Բանաձևն ընդունվեց և յուրաքանչյուր նորանկախ պետության արտաքին գործերի նախարար հանդես եկավ ելույթով:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթն սկսեց ՀԱՅԵՐԵՆ: Հետո արագ անցավ անգլերենի, սակայն դա էլ էր բավարար: Այդ օրը տեղի ունեցավ երկու պատմական իրադարձություն` առաջինը, Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ և երկրորդը` թեև ոչ շատ երկար, սակայն աշխարհի այս ամենաներկայացուցչական կազմակերպության ներսում հնչեց հայերենը:

Պաշտոնական մասն ավարտվեց, և մենք դուրս եկանք շենքից ու գնացինք այնտեղ ուր վերադասավորում էին 180 անդամ երկրների դրոշները, կենտրոնում դատարկ թողնելով ինը ձող: Դրոշերը բարձրացվեցին մեկ առ մեկ` հավաքվածների ծափողջույնների ներքո:

Հայկական պատվիրակությունը ընդունելություն էր կազմակերպել ՄԱԿ-ի ներսում, պատվիրակությունների ճաշասրահի հարևանությամբ: Ընդարձակ, բաց ու էլեգանտ սրահում, որի լուսամուտները նայում էին Իսթրիվեր գետին, մենք՝ դեռ մի փոքր ապշած այստեղ գտնվելու փաստից, շնորհավորում էինք միմյանց` հենց նոր տեղի ունեցած իրադարձության կապակցությամբ:

Պատվիրակության կազմում էին Ալեքսանդր Արզումանյանը, մաթեմատիկոս, Հայոց համազգային շարժման առաջնորդներից մեկը, որը հենց նոր էր նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում: Հետագայում, երբ 1996թ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց արտաքին գործերի նախարար, նա գրեթե մեկ տարի եղավ իմ վերադասը:

Պատվիրակության կազմում էր նաև Արմեն Սարգսյանը, որն ապրում և ուսանում էր Լոնդոնում: Անկախության առաջին իսկ օրերին Արմենը նշանակվեց դեսպան Միացյալ Թագավորությունում և եվրոպական մի շարք այլ մայրաքաղաքներում:

Րաֆֆին ղեկավարում էր հայկական պատվիրակությունը: Նա ծնվել և մեծացել էր Միացյալ Նահանգներում, մեծ ակտիվություն էր ցուցաբերել հայ համայնքի կյանքում և ճանաչում էր գրեթե բոլորին. հիմա նա  զբաղված էր շնորհավորանքներ բաժանելով և ստանալով: Ակնհայտ էր, որ այնտեղ հավաքվածներն իրենց նույնացնում էին Րաֆիին՝ Սփյուռքի զավակին, ում համար իրականացել էր հայերի երազանքը:

Ես հավաքվածներից շատ քչերին էի ճանաչում, սակայն դա որևէ նշանակություն չուներ: Մենք տոնում էինք միասին, կիսում աներևակայելի այդ զգացումը և կրկնում բացահայտը՝ մենք ականատեսներն էինք այն բանի, թե ինչպես անհնարին երազանքը դարձավ շոշափելի իրականություն... մենք դեռ չգիտեինք, թե որքան շոշափելի: Մտքերս այլուր էին: Ես ոչ թե սոսկ պատմության ընթացքն էի դիտում, այլ գիտեի, որ մի քանի ամիս հետո կլինեմ Երևանում և, աշխատելով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, մասնակից կդառնամ այն գործընթացներին, որոնք կդառնան նորանկախ Հայաստանի պատմության մասը:

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին