Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն - Mediamax.am

Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն
2269 դիտում

Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն


Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում եւ Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել: Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետեւ Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն: Նա չէր ներկայացնում անգամ իր սեփական ողջ կուսակցությանը կամ ողջ կառավարությանը, որովհետեւ ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այնտեղ չկան մարդիկ, որ դեմ չէին լինի նրա մասնակցությանը։

Ես մի կողմ եմ դնելու հարցի զգացական եւ բարոյական մասը առ այն, թե ինչ արժեքներ տրորելով նա հասավ Անկարա. ցուցակը շատ երկար է։ Հարցը կներկայացնեմ միայն քաղաքական ու դիվանագիտական տեսանկյունից։

Այս այցով Փաշինյանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից։ Ես հաճախ եմ ասել եւ չեմ զլանա կրկնել, որ եթե նա դիվանագիտական նվազագույն հմտություն ունենար, նախ կխուսափեինք պատերազմից եւ այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։

Փաշինյանը չի հասկացել, որ Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիան իր քայլն անելու է, երբ ինքը նպատակահարմար համարի։ Ավելին, հայ-թուրքական սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանալին Բաքվում է։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Բաքվին, եւ շուտով կբավարարվեն Ադրբեջանի մյուս պայմանները, Թուրքիան բացելու է սահմանը՝ անկախ նրանից՝ այդ այցը կլիներ, թե ոչ։

Այստեղ կա նաեւ Փաշինյանի արժանապատվության խնդիրը։ Էրդողանը բառի իսկական եւ փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ անձամբ Փաշինյանին։ Իր եղբայր Ալիեւի հետ Փաշինյանի ու հայերի նկատմամբ նրանց վիրավորանքների համադրումը չէր կարող որեւէ մեկի մոտ ցանկություն առաջացնել մասնակցելու արարողության վասն ոչնչի։

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարեւոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։ Սակայն ո՛չ Մակրոնը, ո՛չ Միցոտակիսը չմասնակցեցին այդ արարողությանը՝ իմ համոզմամբ՝ նաեւ այն պատճառով, որ Էրդողանն անձնական վիրավորանք է հասցրել նրանց։

Ճիշտը չգնալն էր։ Եթե ամբողջ հայ ժողովրդի մեջ կար ընդամենը մի մարդ, որին այս այցը ցավ էր պատճառելու, պետք չէր գնալ, որովհետեւ չգնալուց ոչինչ չէինք կորցնելու։

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին