Ինքը ԼՐԱԳՐՈ՛Ղ է - Mediamax.am

Ինքը ԼՐԱԳՐՈ՛Ղ է
5843 դիտում

Ինքը ԼՐԱԳՐՈ՛Ղ է


Իմ հիշողության մեջ «լրագրող» տերմինն առաջին անգամ ֆիքսել եմ դեռ մանուկ հասակում՝ Լենինականում։ Մեր քեռու մասին պատմելիս մեկն ասաց՝ նա ԼՐԱԳՐՈՂ է, ԽՍՀՄ լրագրողների միության անդամ, մինչեւ Բեռլին է հասել։

Չէի հասկանում, ինչ կա լրագրող լինելու մեջ, որ այդ բառն արտասանելիս մարդը փոխում էր իր խոսքի ոճն ու ձայնը՝ խորը հարգանք արտահայտելով այդ մասնագիտության նկատմամբ։

Հետո արդեն, երիտասարդ հասակում, երբ ծանոթանում էի Էռնեստ Հեմինգուեյի ու Անտուան դե Սենտ-Էքզյուպերիի աշխատանքներին, ամենուրեք կարդում էի, որ նրանք ԼՐԱԳՐՈՂ են։ Ոչ թե գրող, այլ ԼՐԱԳՐՈՂ։

Չէի հասկանում, ինչ կա լրագրող լինելու մեջ, որ իրենց անունները այդքան հայտնի են աշխարհով մեկ։

Հետո արդեն ԱՄՆ-ի Սան-Խոսե քաղաքում ԱրմԹեք համաժողովի ժամանակ սկսեցի որոշ բաներ հասկանալ։ Ելույթ էր ունենում մի լրագրող, որ Նյու-Յորք Թայմս թերթում հայ-թեքին նվիրված մշտական սյունյակի հեղինակ էր։ Նրա ելույթն ապշեցուցիչ էր։ Խոսում էր ոչ միայն հայ-թեքի, այլ ընդհանարապես աշխարհի մասին՝ ցուցաբերելով խորը գիտելիքներ, փորձ։ Կարողանում էր մասնավոր երեեւույթները մեկնաբանելով անել ճշգրիտ ընդհանրացումներ։ Մի խոսքով՝ ԼՐԱԳՐՈՂ էր։

Եվ վերջնականապես ես հասկացա, թե ինչ է այդ «ԼՐԱԳՐՈՂ» բառը, միայն վերջերս։

Մեկ շաբաթվա ընթացքում միեւնույն թեմայով երկու տարբեր լրագրողի հարցազրույց տվեցի։ Խոսել եմ միեւնույն բանի մասին, գրեթե նույն բառերով։ Առաջին լրագրողի պատրաստած նյութը կարդալով՝ ապշեցի։ Մտքեր արտահայտելու ի՜նչ ցածր մշակույթ ես ունեմ։ Խորը եւ շատ վատ ապրումներ ունեցա։ Որոշեցի ինքս ինձ վրա աշխատել, որպեսզի շտկեմ իրավիճակը, մանավանդ, որ նախկինում ես այդքան վատ չէի արտահայտում իմ մտքերը։ Մեկ շաբաթ անց ստացա երկրորդ լրագրողի նյութը։ Կրկին ապշեցի։ Կարծես հանճա՜ր էի։ Այնքա՜ն սահուն էի խոսել, այնքա՜ն հստակ էի մտքերս ձեւակերպել։

Հենց այսպես էլ ես հասկանում էի, ովքեր են այդ իսկական ԼՐԱԳՐՈՂ-ները։

Դավիթ Սարգսյանը ՀՀԿ անդամ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինքը ԼՐԱԳՐՈ՛Ղ է

Միացնելով կետերը

«Ներքին դիմադրություն»

Մենք կասկածում ենք...
Մեր ընտրանին