Այսպես կոչված “ՄՌՈ”-ների մասին իմ վերջին հրապարակումն` ինձ համար անսպասելիորեն լայն արձագանք գտավ կառավարական շրջանակներում: Նախ` կառավարության նիստում խնդրին անդրադարձավ վարչապետը, ապա նաեւ ոստիկանապետը` ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ հանդիպման ընթացքում: Երեկ էլ վարչապետն ու ոստիկանության ղեկավարը այցելեցին “ՄՌՈ”:
Այս պահի դրությամբ ես ավտոսիրողների համար երեք լավ նորություն ունեմ: Նախ, այսօրվանից սկսած ՄՌՈ-ներն աշխատելու են առանց ընդմիջման: Դա, իհարկե, չի նշանակում, որ նրանք սոված են մնալու. պարզապես հերթով են ճաշելու:
Երկրորդը` աշխատելու են մինչեւ վերջին հաճախորդ` տրամաբանական սահմաններում: Այսինքն, սպասարկելու են բոլոր այն անձանց, ովքեր տվյալ օրը հերթի մեջ էին:
Երրորդ նորությունն ավելի գլոբալ է. ապրիլի 2-ին ՄՌՈ-ները գոնե Երեւանում կդառնան պատմություն, իսկ դրանց փոխարեն Էրեբունիում կբացվի Ճանապարհային ոստիկանության ծառայության նոր եւ ժամանակակից կենտրոնը: Օրերս ձեր խոնարհ ծառային առաջինը լրագրողներից բախտ է վիճակվել այցելել այնտեղ եւ պատկերացում կազմել, թե ինչ է սպասում ընդամենը 2-3 ամսից մեր համաքաղաքացիներին մեքենա գրանցելիս կամ վարորդական իրավունք ստանալիս: Ասեմ միանգամից` համեմատելու բան չկա: Ցավոք սրտի, ինձ հնարավորություն չտրվեց լուսանկարել շենքը ներսից: Բայց կարող եք հավատալ, որ, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանավորածի, ապա ապրիլից սկսած մեքենան վաճառելը, գրանցումից հանելը, նոր տիրոջ անունով գրանցելը, տեխգրքույկ եւ համարանիշ ստանալը տեւելու է առավելագույնը 20 րոպե` ինչպես ցանկացած նորմալ երկրում: Իսկ վարորդական իրավունքի վկայական ստանալը կխլի առավելագույնը 2 ժամ, ոչ ավել:
Հիմա ամեն ինչի մասին` ըստ հերթականության: Այժմ արդեն ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքները: Ավտոդրոմը, որտեղ քննություն են հաձնելու վարորդական իրավունքի հավակնորդները, գրեթե պատրաստ է, մնացել են հարդարման եւ գծանշման աշխատանքները: Սպասարկման կայանի տարածքը կարող է տեղավորել մինչեւ 400 մեքենա, բայց այժմ քննարկվում է նաեւ հարեւանությամբ ավտոկայանատեղի կառուցելու գաղափարը, որպեսզի նրանք, ում մեքենաները զննման չեն ենթարկվելու, մեքենայով իզուր մուտք չգործեն տարածք:
Մեքենայի առքուվաճառք, գրանցում կամ գրանցումից հանում կատարողների ավտոմեքենաները զննվելու են հենց մուտքի մոտ այս երեք սրահներից մեկում: Զննման արդյունքներն անմիջապես մուտքագրվելու են համակարգ, քաղաքացին կստանա համապատասխան հուշաթերթիկ, որտեղ նշված է նաեւ, թե ինչպիսի վճարումներ է անհրաժեշտ կատարել, կմտնի նորակառույց շենք, նախ բանկի ֆիլիալում կամ տերմինալում վճարում կկատարի, ապա կմոտենա 18 (!) օպերատորներից նրան, ով այդ պահին առաջինը կազատվի: Կա նաեւ հարմարավետ սրահ, ուր կարելի է սպասել սեփական հերթին:
Ընդհանուր առմամբ կենտրոնի անձնակազմը բաղկացած է լինելու 81 հոգուց, բոլոր օպերատորները լինելու են բարետես արտաքինով կանայք, նրանք հաճախորդներից վերցնելու են անհրաժեշտ փաստաթղթերը, կազմելու են պայմանագիր, գրանցումից հանելու են եւ անմիջապես նոր սեփականատիրոջ անունով գրանցելու են մեքենան, տրամադրելու են հերթական համարանիշներ, որոնք շարված են լինելու կանգնակների վրա անմիջապես դահլիճում: Այստեղ ուշադրություն. օպերատորները կարող են գրանցել եւ գրանցումից հանել ՀՀ տարածքում գրանցած ցանկացած տրանսպորտային միջոց: Դա նշանակում է, որ եթե, ասենք, Մեղրիի բնակիչը մեքենա է գնում Իջեւանի բնակչից, նրանք կարող են այլեւս չգնալ նախ Տավուշի ՄՌՈ, հանել մեքենան գրանցումից, հետո գնալ Սյունիքի ՄՌՈ եւ այնտեղ գրանցել այն, այդ ամենը կարելի է անել տվյալ կենտրոնում ընդամենը մի քանի րոպեների ընթացքում: Բնականաբար, սա իր մեջ ռիսկեր է պարունակում. մարզերի բնակիչները, բյուրոկրատական ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, կարող են եւս ցանկանալ առուվաճառքի գործընթացը Երեւանում իրականացնել: Նման դեպքում ես երկու ելք եմ տեսնում. առաջին` ավելացնել նորաստեղծ կենտրոնի հզորությունները, ինչը տեխնիկապես բարդ է: Երկրորդ` նման կենտրոններ բացել նաեւ մարզերում, ինչն այս պահին այնքան էլ իրատեսական չի թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությանը 20 տարի պահանջվեց առաջին նման կենտրոնը կառուցելու համար: Կա նաեւ երրորդ տարբերակը` բարեփոխել մարզային կառույցների աշխատանքը, ավելացնել այնտեղ օպերատորների թիվը, հագեցնել համակարգչային սարքավորումներով, գործավարությունը դարձնել էլեկտրոնային, վերացնել ընդմիջման ժամերը: Այս պահին այս տարբերակն առավել իրատեսական է թվում:
Կուզենայի մատնանշել մի քանի խնդիր, որոնց լուծումն էլ ավելի արդյունավետ կդարձնի գործընթացը.
1. Կենտրոնի գրեթե հարեւանությամբ շաբաթ-կիրակի օրերին գործում է ավտոշուկան: Ցանկալի է, որպեսզի կենտրոնը եւս աշխատի այդ օրերին, գոնե մասամբ, որպեսզի քաղաքացիները կարողանան նույն օրն ամրագրել առքուվաճառքը: Համենայն դեպս, Վրաստանում դա այդպես է: Կարելի է պարզապես չնչին թվով ավելացնել օպերատորների թիվը եւ մտցնել հանգստի ռոտացիոն սկզբունք, որպեսզի ոչ ոք չտուժի եւ չզրկվի հանգստի իրավունքից:
2. Անհրաժեշտ է կենտրոնի օպերատորների վրայից հանել ԱՊՊԱ-ն ստուգելու պարտականությունը, դա պետք է լինի բացառապես ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության պարտականությունը: Բացատրեմ` ինչու: Ըստ գործող կարգի, մեքենան վաճառելուց հետո վաճառողը պետք է հանի մեքենայի վրայից ԱՊՊԱ-ի կտրոնը, իսկ գնորդը փակցնի նորը` արդեն իր անունով: Սա ժամանակ է պահանջում եւ անպայման բերելու է նոր հերթերի եւ խառնաշփոթի, քանզի գործարքի մասնակիցները ստիպված են լինելու լքել կենտրոնը, կատարել ԱՊՊԱ-ի հետ կապված գործերը, կրկին վերադառնալ կենտրոն, ընդ որում, վերադառնալ ոչ թե ազատ օպերատորի մոտ, այլ այն նույն օպերատորի, ով սկսել է գործարքի ձեւակերպումը: Կարծում եմ, խնդիրը շատ պարզ լուծում ունի, եւ այն կարելի է լուծել մինչեւ կենտրոնի բացումը:
3. Կենտրոնն ապահովել համարանիշներ տպագրող սեփական սարքով: Բոլորս գիտենք, թե հայերը ինչպիսի մեծ սեր ունեն “կլոր” եւ “գոլդ” թվերի նկատմամբ: Առանձին սարքի տեղադրումը թույլ կտա դարձնել նման համարանիշների տրամադրումը մաքսիմալ թափանցիկ, քաղաքացին տերմինալի միջոցով կիմանա` ազատ է արդյոք իր նախընտրած համարանիշը, եւ եթե այո, որքան այն արժի: Ցանկության դեպքում կպատվիրի այն, կվճարի եւ րոպեներ անց կամրացնի մեքենայի վրա: Սա կարող է եկամտի լրացուցիչ եւ արդյունավետ աղբյուր դառնալ պետբյուջեի համար, քանզի ցանկալի համարանիշները, անկասկած, պետք է ավելի թանկ արժենան, քան հերթականները:
4. Հարկավոր է կամք դրսեւորել եւ վերջապես հրաժարվել մեքենայի շարժիչի համարը գրանցելուց: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում շարժիչը վաղուց արդեն սովորական պահեստամաս է, ինչպես, օրինակ, անիվը կամ պատուհանի ապակին: Այդ իսկ պատճառով ներկրվող մեքենաների մի մասը գալիս է չհամարակալած կամ այլ համարով շարժիչով: Դա անխուսափելիորեն կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում. մեքենան վերադարձնելը գրեթե անհնար է՝ թե տեխնիկական, թե իրավական առումով: Մնում է հարցի լուծումը գտնել տեղում, իսկ դա նշանակում է՝ գտնել միջնորդ, տալ կաշառք եւ այլն: Ի վերջո, այդ մեքենան մնում է երկրում, բայց որոշ անձինք դրանից եկամուտ են ստանում: Գոյություն ունի մեքենայի նույնացման միջազգայնորեն ընդունված կոդ՝ VIN, որով առաջնորդվում են ամբողջ աշխարհում: Անհրաժեշտ է ձերբազատվել սովետական ժառանգության այդ վերջին նմուշներից մեկից:
Մի քանի խոսք վարորդական իրավունքի վկայականների տրամադրման մասին: Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է: Թեկնածուները նախ վճարում են կատարում, ապա մոտենում 5 օպերատորներից մեկին, գրանցվում քննության համար, լուսանկարվում, մուտք գործում քննասենյակ, համակարգչի օգնությամբ պատասխանում քննաթերթիկի հարցերին եւ, քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում, ստանում երթեւեկության քննությունն հանձնելու իրավունք: Այս փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում թեկնածուն կրկին գնում է սրահ, ուր նրան արդեն սպասում է վարորդական իրավունքի վկայականը:
Իհարկե, այս ամենը հիշեցնում է իդիլիա: Համոզված եմ, մինչեւ կենտրոնը կսկսի բնականոն ռիթմով աշխատանքը, անհրաժեշտ կլինի մի շարք խնդիրներ կարգավորել եւ խոչընդոտներ հաղթահարել: Դրանցից ամենալուրջն այն է, որ առ այսօր ավտոմեքենաների փաստաթղթաշրջանառության մեծ մասը… թղթային է: Դիմումները ձեռքով են գրվում, ձեռքով գրառումներ կատարվում գրանցամատյաններում: Բոլոր այդ տվյալները պետք է թվայնացվեն: Դա հսկայական ծավալի աշխատանք է` ես դա հասկանում եմ: Սակայն առանց դրա պարզապես հնարավոր չէ, եթե ցանկանում ենք շարժվել ժամանակին համընթաց: Ասեմ ավելին՝ այդ գործընթացը պետք էր սկսել տարիներ առաջ, ինչն որոշ պատճառներով չի արվել:
Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ դասախոս:
Լուսանկարները՝ հեղինակի:
Մեքենայի զննումն իրականացվելու է անմիջապես կենտրոնի մուտքի մոտ այս երեք սրահներից մեկում
Նոր կենտրոնը կսկսի սպասարկել քաղաքացիներին ապրիլի 2-ին
Ավտոդրոմը գրեթե պատրաստ է, մնացել են հարդարման եւ գծանշման աշխատանքները
Երթեւեկության քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում րոպեներ անց կարող եք ստանալ ձեր վարորդական իրավունքի վկայականը
Հախախորդներին սպասարկելու են միանգամնից 18 բարետես օպերատորներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: