Պարոն նախագահ, պարոն վարչապետ, պարոն ոստիկանապետ: Անձանց մի խումբ սաբոտաժի է ենթարկում ձեր որոշումները եւ դրդում ՀՀ բազմաթիվ քաղաքացիների ատելությամբ լցվել մեր երկրի, դրա իշխանությունների եւ օրենքների նկատմամբ: Անձանց այդ խումբը ժողովրդի մեջ հայտնի է որպես “ՄՌՈՒ աշխատողներ”, չնայած ի պաշտոնե նրանք ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են: Ստորեւ ներկայացված լուսանկարները պատկերում են ընդամենը մեկ ակնթարթ Մալաթիայում գտնվող ստորաբաժանումից, որը սպասարկում է Երեւանի առնվազն մեկ երրորդը: Լուսանկարները կատարված են ժամը 16:30-ի սահմաններում, երբ արդեն ակնհայտ է, որ այս մարդկանց մի մասն ոչ մի շանս չունի մինչեւ աշխատանքային օրվա վերջ ավարտել նախանշված գործերը:
Մոտ մեկ ամիս առաջ արդեն անդրադարձել եմ Վրաստանում համանման գործընթացների անցկացմանը` http://www.mediamax.am/am/column/12184/ :
Մեկնաբանություններից երեւում է, որ որոշ ընթերցողներ մեղադրում են ինձ սեփականը փնովելու եւ ուրիշինը գովելու համար: Այն ժամանակ ես հրաժարվեցի բանավիճելու մտքից, քանզի բավականին վաղուց մեքենաների գրանցման հետ կապված խնդիրներ չէի ունեցել եւ ՄՌՈՒ-ներ չէի այցելել: Վերջին անգամ դա տեղի էր ունեցել երկու տարի առաջ, եւ ես հոգուս խորքում հույս ունեի, որ այս ընթացքում ինչ-որ բան այնտեղ բարեփոխվել է: Այլ կերպ ասած, ուզում էի սխալված լինեի: Հիմա եմ հասկանում, թե որքան միամիտ եմ ես. դրսում 21-րդ դարն է, աշխարհն օր-օրի փոխվում է, մարդկությունը հայտնագործել է iPhone եւ լայնաշերտ ինտերնետ, իսկ ՄՌՈՒ-ն դեռ նախորդ դարում է, եւ թունելի վերջում ոչ մի լույս չի երեւում. նույն կուտակումները, նույն խառնաշփոթը, նույն անհասկանալի պերսոնաժները ու կարգուկանոնի բացակայությունը: Միակ փոփոխությունը` այլեւս ամեն դռնից, պատուհանից եւ պատուհանիկից հազար դրամ չեն ուզում. հրաշալի առաջընթաց: Փոխարենը կրկնապատկվել է սպասող մարդկանց թիվը, անկանոն հերթը մերթ ընդ մերթ խախտում են առանց համազգեստի ինչ-որ մարդիկ, ովքեր դժգոհ մարդկանց բացականչություններին պատասխանում են. “Աշխատող եմ”:
Պատմեմ աչքերիս տեսածը: Հսկայական հերթն առաջանում է առավոտվանից` բացվելուն պես: Գնալով մարդկանց թիվն ավելանում է, հինգ տեսուչներն ակնհայտորեն չեն հասցնում սպասարկել բազմությանը: Մարդիկ տարբեր սենյակներ են խցկվում, փորձում ծանոթ, բարեկամ գտնել` սեփական գործն առաջ գցելու եւ այդ դժոխքից դուրս պրծնելու համար: Կրքերը թեժանում են, հատկապես երբ սրահում տեղադրված տերմինալը դադարում է աշխատել: Ուղիղ ժամը 13-ին բոլոր դռները փակվում են եւ բացվում 15-ին: Նրանք, ովքեր չեն հասցրել մինչեւ ընդմիջում մտնել ցանկալի կաբինետ, ընդմիջումից հետո ստիպված են նոր հերթ կանգնել: Արդյունքում այն գործընթացը, որը հարեւան երկրում տեւում էր 15-20 րոպե, ինձնից խլեց ուղիղ մեկ աշխատանքային օր: Մեկ օր նվաստացուցիչ, դժոխային պայմաններում:
80-ական թվերին, երբ դեֆիցիտն արդեն սովորական երեւույթ էր, ամեն ինչի համար պետք էր հերթ կանգնել: Հիշում եմ, երբ փոքր էի, երեւի 8-9 տարեկան, տատս երբեմն առավոտյան 7-ին արթնացնում էր ընտանիքիս բոլոր անդամներին, եւ մենք գնում էինք մոտական գաստրոնոմ` տավարի մսի հերթ կանգնելու: Բանն այն է, որ յուրաքանչյուրին տալիս էին կարծեմ մեկ կիլոգրամից ոչ ավել: Եվ մեզ` երեխաներիս, խցկում էին հերթի մեջ, որպեսզի միսը շատ լինի: Բնականաբար, դա առաջացնում էր հերթում ավելի հետ կանգնած մարդկանց դժգոհությունը, որը վերաճում էր հրմշտոցի, քաշքշուկի: Հիշում եմ, թե որքան ստորացուցիչ էր այդ մթնոլորտը, եւ զարմանում, թե ինչու են ոմանք կարոտով հիշում “Սովետ միությունը”: Որովհետեւ այդ ՄՌՈՒ-ները նույն այդ մսի հերթերն են, այն տարբերությամբ, որ այդ մսից կարող էիր հրաժարվել եւ լքել հերթը, իսկ մեքենան գրանցելուց կամ դուրս գրելուց չես կարող` օրենքի խախտում է:
Անկեղծ ասեմ, ես չեմ հասկանում, թե ինչու հնարավոր չէ լուծել այս խնդիրը: Ինչո՞ւ հնարավոր չէ ավելացնել տեսուչների թիվը, մարդկային պայմաններ ստեղծել այդ հիմնարկների համար, փաստաթղթաշրջանառությունը դարձնել էլեկտրոնային, ինչպես դեռեւս մի քանի տարի առաջ հրահանգել է վարչապետը: Չէ՞ որ այդ գործընթացն անվճար չէ, յուրաքանչյուր ծառայության համար վճար է սահմանված: Ի վերջո, ինչո՞ւ չավելացնել այդ հիմնարկների քանակը: Ինչո՞ւ է մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքին սպասարկում ընդամենը երեք նման հիմնարկ: Չէ՞ որ վերջին 20 տարում երկրում ավտոմեքենաների քանակը տասնապատկվել է: Ես պարզապես չեմ հավատում, որ մեր պետությունն այնքան անօգնական է, որ 20 տարի չի կարողանում կարգավորել փոքրիկ մի կառույցի աշխատանքը: Այդ դեպքում ինչպե՞ս հաջողվեց բարեփոխել նոտարների, պետռեգիստրի, կադաստրի, նույնիսկ հարկայինի աշխատանքը: Սա ի՞նչ մի Գորդյան հանգույց է, որ հնարավոր չէ քանդել:
Առաջարկում եմ “Աքիլեսին”, Մարդու իրավունքների պաշտպանին ուշադրություն դարձնել այս խնդրին. այստեղ հսկայական ծավալի նյութ կա ձեզ համար:
Պարոն ոստիկանապետ, մենք` շարքային վարորդներս, խնդրում ենք, որպեսզի դուք այցելեք ոչ միայն նորաբաց անձնագրային բաժիններ, այլեւ ձեր ենթակայությամբ գործող այս կառույցներ: Եկեք մի օր միասին առանց զգուշացնելու այցելենք որեւէ “ՄՌՈՒ” եւ տեսնենք, թե ինչ է այնտեղ կատարվում: Զրուցենք մարդկանց հետ, լսենք նրանց առաջարկները: Մենք ուրախությամբ կլուսաբանենք այդ այցը:
Պարոն վարչապետ, այդ անձինք չեն կատարում ձեր հրահանգները, պատկերավոր ասած, նրանք “խայտառակում են ռեսպուբլիկան”: Եկեք ավելի ռադիկալ միջոցներ ձեռնարկենք, քանզի “բարեփոխումները” այստեղ չեն օգնում: Կարող եք սա պաշտոնական դիմում համարել…
Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ դասախոս:
Լուսանկարները՝ հեղինակի
Կարդացեք նաեւ` Վարչապետն անդրադարձել է Մեդիամաքս-ի հրապարակմանը եւ հանձնարարական տվել ոստիկանապետին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: