Մայր լինելը համակարգ եւ պայմաններ չի ճանաչում - Mediamax.am

Մայր լինելը համակարգ եւ պայմաններ չի ճանաչում
1250 դիտում

Մայր լինելը համակարգ եւ պայմաններ չի ճանաչում


Խոնարհում բոլոր մայրերին, հատկապես՝ մայրիկիս ու նրանց, որոնք չորս կամ ավելի բալիկ են մեծացնում։

Դուռը բացում եմ ոտքով։ Մի ձեռքով պահել եմ երեք ու կես ամսական երեխայիս, մյուսով՝ սայլակը։ Վերելակ նստել չի սիրում, եւ որպեսզի իրեն հանգիստ զգա, երբեմն գրկում եմ։ Գրպանումս հեռախոսս է զնգում։ Էլեկտրոնային փոստիս արդեն երրորդ նամակն է գալիս, որն անպատասխան եմ թողնում։ Տան մի անկյունում խաղալիքներ են լցված, սեղանին կիսաչորացած լավաշն է, որ մոռացել եմ դնել հացամանի մեջ, իսկ բազմոցին թրթռում է նոթբուքիս լույսը՝ հիշեցնելով, որ այն չեմ անջատել, եւ դեռ անավարտ գործ կա։

Երեխա ունենալուց հետո աշխարհը գլխիվայր չի շրջվում, փոխվում է շատ ավելի լուռ, գրեթե աննկատ։ Կյանքը դառնում է խտացված, ճշգրտված՝ լի մեծ ու փոքր պարտավորություններով ու անչափելի սիրով։ Ամեն ինչ մի փոքր այլ է՝ սուրճը սառում է սեղանին, տեքստերը մնում են կիսատ, մազերի արմատները՝ մերկացած... Միակ բանը, որ անդավաճան շարունակում է ուղեկցել՝ ժպիտն է, երբեմն շատ լարված, ցավող մկաններով։

Դու կին ու պատասխանատու գործընկեր ես մնում՝ անկախ նոր դերից։ Մայր լինելը չի հեռացնում քեզ կնոջից, այլ ընդհակառակը՝ ընդգծում է նրա բազմաչափությունը։ Ու այդ բազմաչափությունը, երբեմն, կարող է հենց այնպես վերցնել ու պայթեցնել քեզ՝ առանց նախազգուշացնելու։ Քո ներսում դեռ ապրում է այն աղջիկը, որ սիրում էր զբոսնել երեկոյան կամ փրփրուն գինի խմել սրճարաններից մեկում, զբաղվել սիրելի գործով, քսել սիրելի շրթներկը՝ առանց մտածելու, որ չկպնի երեխայի նուրբ մաշկին կամ հագուստին։ 

Աշխատանքի վերադառնալը՝ թեկուզ կարճ ժամանակով հանդիպումների գնալու կամ մեկ ու կես ժամանոց դասախոսություն կարդալու տեսքով, սկզբում ուղեկցվում է մեղքի սուր զգացումով։ Ներկա լինել այնպես, կարծես գիշերը լիարժեք քնել ես։ Միանալ առցանց հանդիպման՝ անջատելով տեսախցիկը, որպեսզի զուգահեռ հասցնես նաեւ կերակրել երեխային, որովհետեւ նորածին է, եւ դեռ ռեժիմ չունի, ուզեց՝ պետք է տաս։ Լսել, կենտրոնանալ, արձագանքել՝ առանց բացատրելու, որ էկրանի հետեւում մի փոքրիկ մարդուկ կա, որ մայրիկիդ կամ իր հոր գրկից դեպի քեզ է ձգվում անհամբեր աչուկներով։ Կամ կերակրելու արանքում փորձել մի ձեռքով հեռախոսով կարդալ կիսատ մնացած էլեկտրոնային նամակն ու այդպես էլ չհաջողել, որովհետեւ ինչքան էլ կիսաքնած, ուզում է երկու ափերդ էլ զգալ իր մեջքին։  

Մայր լինելը համակարգ եւ պայմաններ չի ճանաչում։ Հաճախ սպասում են, որ մայրանալուց հետո վերադարձդ լինի նախկինի պես լիարժեք, բայց մոռանում են, որ դու հիմա մի նոր տեղ ու մի նոր հարցում ես լիարժեք։ Որ այս նոր տեղում քեզ փոխարինողներ չեն կարող լինել։ 

Երբեմն մտածում եմ՝ այս երկրի ապագան չափելու համար հարկավոր է նայել ոչ թե ծնելիության ցուցանիշներին, այլ՝ մայրերի հայելիներին։ Տեսնել՝ հասե՞լ են արդյոք վարսավիրանոց, հագե՞լ են իրենց սիրած վերնաշապիկը, մնացե՞լ են մի կես ժամ իրենց հետ մենակ, գնացե՞լ են աշխատանքի, մասնակցե՞լ են այն դասընթացին, որի մասին վաղուց երազում էին, կարողացե՞լ են գնալ սպորտի։ Եթե այս հարցերից գոնե երկուսի պատասխանները լինեն «այո», ուրեմն ինչ-որ բան արդեն ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Այս հարցերը երկար են, ճիշտ այնպես անվերջանալի, ինչպես տանը սպասող գործերը, որոնց հետ հաճախ կանայք մնում են մենակ, որոնք հաճախ կիսատ են մնում, քանի որ տնից աշխատելու եւ երեխային խնամելու արանքում են արվում։ Ու քչերի բախտն է բերում, երբ ամուսինը կիսում է այս հոգսերը։

Մենք հաճախ ընկնում ենք մեր իսկ ուժի ծուղակը՝ կարծելով, թե պիտի ամեն ինչ ինքներս անենք։ Բայց ուժը միայն կատարելու մեջ չէ։ Ուժը նաեւ օգնություն խնդրելու, չգերագնահատվելու եւ չսպառվելու մեջ է։ Մայր լինելը հերոսություն չէ, դա մարդկային վերապրում է, որ արժանի է արժանապատիվ պայմանների։ Արժանի է համակարգերի, որոնք հնարավորություն կտան վայելել մայրությունն ու չկտրվել մասնագիտական զարգացման ուղուց։

Այդ համակարգերը դեռ շատ պետք է բարելավվեն, որովհետեւ, օրինակ, մանկապարտեզների մասին պետք է սկսել մտածել դեռ ծննդատնից դուրս չեկած, քանի որ հերթը կարող է տարիներով չհասնել, իսկ դու այդպես էլ աշխատանքի չվերադառնաս, եթե չունես հնարավորություն երեխայիդ խնամքը կազմակերպելու։ 

Մեկ այլ բան՝ հայրիկին հասանելիք արձակուրդը մեզ մոտ չափվում է օրերով, այն էլ մեկ ձեռքի մատների վրա հաշված։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում հայրը չի կարող լիարժեք մասնակցել երեխայի խնամքին, որովհետեւ իր ունեցած հինգ օրերն ընտրելիս պետք է երկար ծանրութեթեւ անի, թե երբ կլինի իր կարիքն ամենից շատ։ Իսկ իր կարիքը միշտ կա։ Միշտ։ Որովհետեւ երեխան հավասարապես իրենն էլ է, եւ ինքն ունի թե այդ նույն սիրո, թե նաեւ պատասխանատվության չափն, ինչ մայրը։ Եթե, օրինակ, հայրը հնարավորություն ունենար լիարժեք կիսելու խնամքը, մայրը կունենար մի փոքր ավելի շատ ժամանակ իր համար։ Պատկերացրեք՝ ինչ դժվարությամբ ենք մենք վերադառնում աշխատանքային առօրյային ընդամենը երկու շաբաթ արձակուրդից հետո։ Իսկ մայրերի դեպքում այդ «փոքր դադարները» երբեմն տեւում են կես, մեկ, նույնիսկ երեք տարի։ 

Այս ամենի միջով անցնելով՝ հասկանում ես՝ դու ինքդ ես դարձել տան միջուկը, աշխատանքի ու ընտանիքի հատման գծի ամենախոցելի, բայց ամենակայուն կողմը։ Դու ես երկընտրանքների առանցքը, որ քայլում է առավոտյան երեխայի հետ ու մի ձեռքով էլ գրում է նամակը, որին ժամանակ չուներ պատասխանել երեկ։

Երբ երեկոյան երեխան քնում է, եւ տունը վերջապես լռում է, մի քանի ժամում խցկում ես կիսատ մնացած գործերդ, պատրաստում առավոտյան դասախոսությունդ, հետո մի կես ժամով վերադառնում ես քեզ։ Իսկ այդ «դու»-ն արդեն նոր մարդ է։ Ավելի զգայուն է, ավելի համարձակ, ավելի հոգնած ու մի տեսակ ավելի ամբողջական։ Որովհետեւ այդ ամբողջության մեջ տեղ է գտել սեր, որ երբեք չես ճանաչել, պատասխանատվություն, որ երբեք չես կրել, ու երկիր, որի հանդեպ սպասումն արդեն միայն անձնական չէ։

Ես դուռը բացում եմ ոտքով։ Բայց մեջքով՝ իմ տան մեջ եմ։ Ձեռքերով՝ միաժամանակ երեխային ու կյանքիս պատառիկներն եմ բռնում։ Ու եթե ինձ հարցնեն՝ ինչպես ես հասցնում, կպատասխանեմ․ ոչինչ իր տեղում չէ, բայց ամեն ինչ իմ ձեռքերում է։

Հ․Գ․ Այս սյունակը սկսեցի գրել փետրվարին, երբ տղաս շուրջ երեք ու կես ամսական էր, ավարտեցի հուլիսին, հենց այն օրը, երբ նրա առաջին ատամիկը հայտնվեց։ Կյանքը շարունակվում է, շատ ավելի հիասքանչ է, քան նախկինում էր, պարզապես առաջնահերթությունների առանցքն է մի քիչ տեղաշարժվել։

Մարի Թարյանը Մեդիամաքսի զարգացման տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին