Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է Արամազդ Ղալամքարյանի ծավալուն գրառումը, որն այսպես է սկսվում.
«Որոշեցի ամփոփել Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու Հայ ազգային կոնգրեսի էջը՝ մեկ անգամ եւ ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռելով որոշ դրվագների վրա, որոնց միջով ապրել ենք 1988-ից ի վեր»։
Գրառման հիմնական հասցեատերերը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկա եւ նախկին անդամներն են: Ամեն դեպքում, բանավեճին հիմնականում մասնակցում են այդ մարդիկ:
Ես ՀԱԿ-ի (կամ որեւէ այլ քաղաքական կուսակցության) անդամ եւ համակիր երբեւէ չեմ եղել, բայց կարդալով Արամազդի գրառումը, որոշեցի արձագանքել իր հնչեցրած հարցերին եւ 9 «հանրահայտ փաստերին»: Դա անում եմ որպես լրագրող, որը երեք տասնամյակ ուշադիր հետեւում է մեր երկրի գործընթացներին:
Նախքան Արամազդի հարցերին եւ «հանրահայտ փաստերին» անդրադառնալը չեմ կարող զարմանքս չհայտնել այն կապակցությամբ, որ ներքոշարադրյալը Արամազդը (ում ճանաչում եմ շատ վաղուց եւ մշտապես դրական հարաբերություններ եմ ունեցել) գրել է որպես հետգրություն եւ դրանով չի սկսել իր խոսքը.
«Ցանկանում եմ ընդգծել, որ կտրականապես մերժում եմ անձնական վիրավորանքները։ Ցավում եմ, որ վարչապետն ու առաջին տիկինն իրենց խոսքում հատել են մի կարեւոր սահման։ Հորդորում եմ վերադառնալ քաղաքակիրթ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված շփման»։
Քանի որ հեղինակը «սահմանի հատման» օրինակներ չի բերել, դա կանեմ իր փոխարեն: Սրանք այն արտահայտություններն են, որոնք Աննա Հակոբյանը մի քանի օր առաջ արել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին.
«մեռելի զդաչի», «բոլոր ազգադավ վիժվածքների հոգեւոր առաջնորդ», «գիտնական ոջիլ»։
Անցնենք Արամազդի ներկայացված հարցերին.
Մեջբերեմ առաջին երեքը.
«ա. ո՞վ սկսեց 1988-ի ղարաբաղյան շարժումը (հուշում՝ մի՞թե սովետական ԿԳԲ-ն, ինչպես պնդում էր Աշոտ Մանուչարյանը).
բ. 1988-ի ամենաառաջին ցույցերին մասնակցում էին սովետական գործարանների աշխատողներ, տարեց մարդիկ (եթե չեք հավատում, նայեք արխիվային կադրերը). հարց՝ մի՞թե նրանք կարող էին երթով անցնել Երեւանի կենտրոնով ու Լենինի հրապարակով՝ առանց Կոմունիստական կուսակցության «դաբրո»-ի։
գ. ինչպե՞ս պատահեց, որ Շարժումը մեկնարկած Իգոր Մուրադյանին ու պարտիայի հրահանգները մշտապես կատարած մյուսներին փոխարինեցին էնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Մանուկյանը...»:
Չեմ հասկանում, թե ինչ կարիք կա այսօր նորից փորձել ստվեր գցել Շարժման վրա, որը, իմ կարծիքով, ամենալուսավոր բաներից էր, որ եղել է մեր նորագույն պատմության ընթացքում: Կարծում եմ, որ Արամազդը կարդացել է տարիներ առաջ Մեդիամաքսի թողարկած «Շարժում 1988/25» հատուկ նախագծի նյութերը՝ դրանցում կարելի է գտնել իր հարցերից շատերի պատասխանները:
Մի մեջբերում անեմ այդ նախագծի շրջանակում Տիգրան Հակոբյանի հետ իմ ունեցած զրույցից.
«Մենք արժանի չենք լինի մեր նորագույն պատմությանը, մեր հաղթանակներին, նաեւ զրկանքներին հանուն այդ հաղթանակի, եթե չփորձենք ինչ-որ չափով վերականգնել լեգենդը, հավերժացնել Շարժումը, Շարժման ոգին»:
Այսօր լրիվ հակառակ գործընթացներ են տեղի ունենում: Ի դեպ, Շարժման մասին Տիգրան Հակոբյանի հետ խոսել էինք նաեւ պատերազմից հետո, 2021 թվականի նոյեմբերին, միգուցե, դա եւս Արամազդին կհետաքրքրի:
Շարունակեմ մեջբերել.
«դ. 1994-ի զինադադարից հետո Հայաստանը նախաձեռնեց ինքնուրույն բանակցություններ Ադրբեջանի հետ։ ո՞ր պահին, ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանը դադարեցրեց այդ բանակցությունները։
ե. 1997-ին գրված «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածով եւ 1998-ի հունվարին Անվտանգության խորհրդի երկօրյա նիստին իր ելույթներով ի՞նչ նպատակ էր հետապնդում Լեւոն Տեր-Պետրոսյանը։
զ. 1998-ի փետրվարին տված իր հրաժարականի հիմքում ի՞նչ պրոցեսներ էին։ ո՞ւմ նկատի ուներ նախագահը, երբ հիշատակում էր «պատերազմի կուսակցությունը»»։
Այս գործընթացների մասին բազմաթիվ նյութեր կան՝ հասանելի բոլորին: Մասնավորապես, բանակցային գործընթացի տարբեր փուլերի մասին գրքեր ու տասնյակ հոդվածներ ունի դրա լավագույն գիտակներից մեկը՝ Թաթուլ Հակոբյանը:
Մեջբերեմ վերջին երկու հարցը.
«է. ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն 2007-2008-ին։ ինչո՞վ էր նա տարբերվում գործող ՌՔ-ից ու նախագահի պաշտոնին հավակնող ՍՍ-ից»։
ը. ինչո՞ւ են վերջին մի քանի տարիներին Լեւոնն ու Հայ ազգային կոնգրեսը խաղեր տալիս ՌԴ-ի հետ։ ինչու՞ է ՀՀ առաջին նախագահը անում քայլեր, որոնք ակնհայտորեն դեմ են իշխող ուժի մոտեցումներին»։
Կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալու պատճառների մասին հարցը Արամազդ Ղալամքարյանը առիթ է ունեցել անձամբ ուղղել առաջին նախագահին, քանի որ նույն 2008 թվականին նրա ակտիվ աջակիցներից էր:
«Խաղեր տալ» արտահայտությունը՝ թեկուզ միայն ոճի առումով, շատ տարօրինակ է հնչում: Բայց մի հարց էլ ես հնչեցնեմ. արդյո՞ք կարելի է «Ռուսաստանի հետ խաղեր տալ» որակել այս իրողությունները
• ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ որակում է «ազնիվ եւ լավ, նույնիսկ կարող եմ ասել՝ բարեկամական»: (2019թ. մայիս՝ պատերազմից առաջ):
• Փաշինյան. Հայ-ռուսական կապերն օրինակելի են (2019թ. հունիս՝ պատերազմից առաջ):
• Պուտինը խոսել է Փաշինյանի «անձնական մեծ արիության» մասին (2020թ. դեկտեմբեր՝ պատերազմից հետո):
• Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, ասել է Պուտինը (2021թ. հուլիս՝ Հայաստանում կայացած ընտրություններից հետո):
Մի հարց էլ՝ իսկ ինչո՞ւ որեւէ քաղաքական ուժ չի կարող անել քայլեր, որոնք ակնհայտորեն դեմ են իշխող ուժի մոտեցումներին:
Միամիտ չեմ եւ հասկանում եմ, որ Արամազդի եթե ոչ բոլոր, այլեւ շատ հարցեր տողատակեր ունեն, բայց կրկնեմ, քանի որ ՀԱԿ-ի ներքին խոհանոցին ծանոթ չեմ ու չեմ էլ ցանկանում ծանոթանալ, դրանց անդրադարձել եմ որպես որոշակի գիտելիք եւ ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող լրագրող:
***
Արամազդ Ղալամքարյանի ներկայացրած 9 «հանրահայտ փաստերին» անդրադառնալիս շատ ավելի անկաշկանդ կլինեմ, քանի որ դրանք առնչվում են ոչ թե
ՀԱԿ-ի ներքին խոհանոցին, այլ բոլորիս հուզող հիմնահարցերին:
«1. ՀՀ սահմանների մի զգալի հատվածն այսօր վերահսկում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը»։
Իրականությունն այն է, որ Հայաստանի սահմանների զգալի հատվածը, ինչպես եւ նախկինում, համատեղ վերահսկում են հայ եւ ռուս սահմանապահները: Խոսքը, մասնավորապես, հայ-թուրքական եւ հայ-իրանական հատվածի մասին է: Եթե հիշողությունս չի դավաճանում, ռուս սահմանապահները հեռացել են միայն «Զվարթնոց» օդանավակայանից եւ Մեղրիի անցակետից:
«2. Հայաստանը զենք է գնում ոչ թե մեկ աղբյուրից, այլ՝ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ աղբյուրներից»։
Սա, թերեւս, իրականություն է: Բայց կան նաեւ հավաստի տեղեկություններ այն մասին, որ խնդիրներ կան «ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ» աղբյուրներից ձեռք բերված զենքը Հայաստան հասցնելու եւ եղած զենքի հետ դրա փոխհամատեղելիությունը ապահովելու հարցում:
Իրականություն է նաեւ այն, որ «ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ» աղբյուրներից գնումներ են կատարվել նաեւ 2018 թվականից առաջ՝ տեղեկությունները հասանելի են ՄԱԿ-ի համապատասխան ռեեստրում:
«3. Հայաստանն այսօր ՈՒՂԻՂ շփումների մեջ է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ»։
Ե՞վ ինչ:
Թուրքիան չի՞ շարունակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շաղկապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ: Ադրբեջանը օրեցօր առաջ չի՞ տանում «Արեւմտյան Ադրբեջանի» թեզը:
«4. Հայաստանը հիմնել է Արտաքին հետախուզության ծառայություն, որտեղ ներդրված չեն Կայսրության ագենտներ (առնվազն՝ արվել է նման փորձ)»։
Նախ՝ Արտաքին հետախուզության ծառայության հիմնադրման փաստը որպես ձեռքբերում ներկայացնելը լուրջ չէ: Ինչպես եւ պնդումը դրա կազմում «ագենտների» բացակայության մասին:
«5. Եթե նախկինում ՀՀ նախագահը Կրեմլի հետ համաձայնեցնում էր իր ամենակարեւոր որոշումների, ասենք՝ 90%-ը, այսօր՝ ենթադրաբար՝ 10%-ը»։
Մի կողմ դնենք այս պնդման հիմնավոր լինելը եւ արձանագրենք միայն, որ «հանրահայտ փաստ»-ն ու «ենթադրաբարը» համատեղելի եզրույթներ չեն:
«6. Հայաստանն իրականացնում ա բանակի խորքային ռեֆորմ՝ կրճատելով պարտադիր ծառայության ժամկետը, վերապատրաստելով հատուկ ջոկատայիններին, կառուցելով նախադեպը չունեցող ամրաշինական կառույցներ»։
Հայաստանում բանակի «խորքային ռեֆորմը» իրականում մեկնարկել է 2008 թվականին՝ 17 տարի առաջ: Մոտ ապագայում հրապարակվելու նոր գիրքս, որտեղ նաեւ մանրամասն խոսվելու է այդ ռեֆորմի մասին՝ Արամազդին սիրով կհրավիրեմ շնորհանդեսին:
Հատուկ ջոկատայինների վերապատրաստումը մշտական գործընթաց է եւ դա որպես ձեռքբերում կամ «հանրահայտ փաստ» ներկայացնելը շատ տարօրինակ է:
Արդյո՞ք հեղինակը երաշխավորում է, որ «նախադեպը չունեցող ամրաշինական կառույցներ»-ը հակառակորդի գերճշգրիտ սպառազինության հեշտ թիրախ չեն դառնալու:
«7. Գլխավոր շտաբը մաքրվել ա հակապետական տարրերի մի գերիշխող մասից, որոնք հեղաշրջման փորձի մասնակից էին»։
Նման պատասխամատու հայտարարություն անելուց ներկայացնում են անուններ եւ ապացույցներ:
«8. Հայաստանը մաքրում ա ՀԱԵ «ավգյան ախոռները», որոնք տասնամյակներ, եթե ոչ՝ դարեր, հպատակ են էղել մի օտար կենտրոնի»։
9. 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն առաջին անգամ բացահայտ հայտարարել ա, որ Իրական Հայաստանն ա իր միջոցն ու նպատակը, ու որ հարեւան որեւէ երկրի նկատմամբ չունի որեւէ տարածքային պահանջ։
Այս երկուսին պարզապես չեմ արձագանքի: Փոխարենը Արամազդին կառաջարկեմ կարդալ երեք տարի առաջ գրածս «Զրոյական կետից» սկսողի հերթական «մեղայականը» սյունակը:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: