Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ որակում է «ազնիվ եւ լավ, նույնիսկ կարող եմ ասել՝ բարեկամական»:
«Հատկապես արժեքավոր է այն, որ մենք կայուն հարաբերություններ ենք պահպանել Ռուսաստանի հետ: Ընդհանուր առմամբ, ռուսաստանյան ուղղությամբ կա երկու մակարդակ՝ Ռուսաստանի նախագահի հետ իմ անձնական եւ պետական հաստատությունների միջեւ հարաբերությունները: Իմ անձնական հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ արագ հաստատվեցին: Ես դրանք համարում եմ ազնիվ եւ լավ, նույնիսկ կարող եմ ասել՝ բարեկամական: Որոշ հաստատությունների միջեւ հարաբերություններում կան որոշակի խնդիրներ: Ես վստահ եմ, որ դրանք շուտով կհաղթահարվեն», - ասել է Նիկոլ Փաշինյանը «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ հարցազրույցում:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ տեղի չի ունեցել: Եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն դրական ուղղությամբ: Ինչպես խոստացել էի, մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում ու շփումներում չի տարբերվում հանրայինից, եւ դա շատ լավ հնարավորություն է՝ մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը»,- նշել է ՀՀ վարչապետը:
«Մեր հարաբերությունները Եվրամիության հետ ավելի ակտիվ են դարձել: Բայց այդ մասին մեր ռուս գործընկերները տեղեկացված են: Մենք, ինչպես եւ խոստացել էինք, թափանցիկ ենք մեր ռուս գործընկերների հետ հարաբերություններում», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
















