Միջերկրականը, որ հոսում է ժամանակի միջով - Mediamax.am

Միջերկրականը, որ հոսում է ժամանակի միջով
3175 դիտում

Միջերկրականը, որ հոսում է ժամանակի միջով


Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Կարդացեք նաեւ Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

Կարդացեք նաեւ Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ

Կարդացեք նաեւ Հանդիպումներ Հիսուսի հետ Գալիլեայում

Իսրայելում վերջին օրը անցավ Թել Ավիվում: Ավելի ստույգ վերջին մեկ գիշերը և մեկ երեկոն: Իսկ գիշերը սկսվեց հյուրանոցից մի քանի մետր հեռու ծփացող Միջերկրական ծովից, որի ալիքները համառորեն ջնջում էին այն անունները, որ ես ավելի համառ գրում էի ափին: Դեպի գիշեր խորացող ծովի ջուրը ցերեկվա ջերմությունը դեռ չէր կորցրել ու հաճելիորեն սողոսկում էր մաշկիցդ ներս` կամաց-կամաց քեզ էլ դարձնելով իր հետ մեկ ամբողջություն: Ծովը, գիշերը ու ալիքների մեղեդին, որ ամեն մեկը հասկանում է իր լեզվով: Սքանչելի Միջերկրականը ծփում էր միայն իրեն հայտնի օրենքներով, ջուրը տաք էր, այնքան տաք, որ մայրամուտը անցկացնելով ջրերի մեջ՝ դիմավորեցի նաև նիսան ամսվա լիալուսինը: Խոստովանեմ՝ Միջերկրականի ջրերում հայտնվել եմ և Կիպրոսում, և Իսպանիայում, և Իտալիայում, բայց… այդ երեկոն մեխվել է հիշողությանս մեջ՝ իր տեղատվությամբ ու մակընթացությամբ, լիալուսնի ու ծովի անհավանական միասնությամբ, երբ թվում էր՝ ծովը սկսվում է երկնքում, իսկ երկինքը ծովում է, որտե՞ղ ես դու… Չկա այդ հարցը, երբ դու երջանիկ ես…

Լուսաբացին, հենց արևի ծագելու հետ ես վերադարձա Միջերկրականի իսրայելական ափ` ալյուրի պես փափուկ ավազի միջով, որ այնքան էր հոգնել դեպի ծովը գնացողների հետքերից, որ ոչինչ ոչ մեկին չուներ ասելու, իր համար գլորվում էր դեսուդեն, խաղում ալիքների հետ, տուն տալիս խեցիներին ու տրորվում, տրորվում, տրորվում: Ծովը, քամին, արևը, ավազները, լուսինը, ամպերը` այս հեքիաթից ամեն մեկը հյուսում է իր առասպելը կամ առեղծվածը, բայց դա այնքան ներանձնական է, որ ավելին ասել պետք չէ ոչ մեկին: Ինչ էլ ասվի, ալիքները ջնջելու են ավազին գրվածը, որովհետև դա է իրենց զբաղմունքը:

***

Ես Թել Ավիվը համարյա չտեսա, որովհետև քաղաք չես անվանի այն, ինչ տեսնում ես ավտոբուսից: Քաղաքը պետք է զգաս ոտքերովդ: Ես հնարավորություն ունեցա ընդամենը ծովի ափով քայլել` հասնելու Յաֆֆա` Հին քաղաք, որտեղ սուրբ Նիկողայոսի հայոց վանքն էր: Եվրոպայում նրան անվանում են Սանտա Կլաուս: Նա նավագնացների հովանավորն է համատեղության կարգով: Հայր Թեոդորոսը, որ Երուսաղեմից եկել էր մեզ հրաժեշտ տալու, այնքան գորովով էր պատմում սուրբ Նիկողայոսի մասին, որ թվում էր ձգում է ժամանակը` մինչև հույն սուրբն ավարտի օրվա գործն ու մտնի հայոց վանք: 318 թվականի Նիկեայի տիեզերական ժողովում, որին մասնակցել է նաև Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը, Նիկողայոսը, որ այնքան էլ ամրապինդ ու թիկնեղ չի եղել, բանավիճելու վերջին փաստարկ է ունեցել ապտակը և Կոնստանդինոս կայսրը հրամայել է նրանից վերցնել եպիփորոնն ու խաչը` եպիսկոպոսական նշանները, ու բանտարկել: Հաջորդ առավոտ առանձին-առանձին երեք եպիսկոպոսներ կայսեր ընդունելությունն են խնդրել ու նրան պատմել են իրենց երազը` Հիսուսն ու Մարիամ Աստվածածինը Նիկողայոսին են վերադարձրել եպիփորոնն ու խաչը: Կոնստանդինոս կայսրը տեղնուտեղը հրամայել է կռվազանին վերադարձնել ժողովատեղի: Նա Մյուրայի եպիսկոպոսն էր: Քաղաքի բնակիչները խնդրում են նրան, որ գնա կայսեր մոտ ու բարեխոսի` քաղաքը հարկերից ազատելու համար: Եպիսկոպոսը գնում է և դեռ Նիկեայի տիեզերաժողովից նրան հիշող կայսրն ընդունում է եպիսկոսպոսին ու կատարում նրա խնդրանքը: Նիկողայոսին են տալիս կայսեր հրամանագիրը, որ նա տեղնուտեղը խնամքով փաթաթում է անջրանցիկ լաթի մեջ ու նետում ծովը: Հաջորդ առավոտյան կայսեր ականջին սկսում են շշնջալ, որ նա շտապեց Մյուրայրն ազատել հարկերից, որ Մյուրայն այդքան էլ աղքատ քաղաք չէ, որ իմանալով Մյուրայի մասին, մյուս քաղաքներից էլ գալու են նույն խնդրանքով, որ դեռ ուշ չէ հրամանագիրը փոխել, որովհետև հրամանագիրն ուժի մեջ է հրապարակման պահից, իսկ մինչև Մյուրայ Կոստանդնուպոլսից երեք օրվա ճանապարհ է: Կայսրը տեղի է տալիս: Նրա մունետիկները շտապում են Մյուրայ ու տեղում տեղեկանում են, որ ստորագրվելու հաջորդ օրը կայսեր հրամանագիրն արդեն հրապարակվել է ու ուժի մեջ է: «Ինչպե՞ս,-հարցնում են նրանք,-որտե՞ղ է Նիկողայոս սրբազանը»: «Նա դեռ չի եկել, բայց հրամանագիրն ուղարկել է»,-լինում է պատասխանը: Մունետիկներին մնում է վերադառնալ ու կայսերը պատմել, որ Նիկողայոսը, լինելով Կոստանդնուպոլսում, հրամանագիրը մեկ օրում ծովով ուղարկել է Մյուրայ, իսկ երազում հրամայել է Մյուրայի եկեղեցու քահանային` գնալ ծովի ափ և վերցնել հրամանագիրը ծովից: Հավատու՞մ է Կոնստանդինոսը, թե ոչ, բայց Մյուրայը այդպես էլ ազատվում է հարկերից: Այս պատմությունը հայր Թեոդորոսը պատմում է աչքերը ժպիտի մեջ կորած ու հետո ասում է, որ սուրբ Նիկողայոսը շատ հարուստ մարդու որդի էր, կյանքը Աստծուն ու եկեղեցու ծառայությանը նվիրելով` նա իր ամբողջ հարստությունը բաժանում է աղքատներին, հատկապես մանուկներին: Հիշեցի՞ք Սանտա Կլաուսի տարեմուտյան նվերները:

***

Յաֆֆայում է ֆրանցիսկյաններին պատկանող` սուրբ Պետրոս առաքյալի եկեղեցին: Այստեղ նա ապրել է կաշեգործ Սիմոնի տանը և Սիմոնի խնդրանքով կենդանություն է տվել Տալիթային, որ արդեն երեք օր հանգել էր ի Տեր: Այդ հրաշագործությունից հետո Պետրոսի խոսքը նոր ազդեցություն է ստանում: Կեսարիայում, որ այնքան էլ հեռու չէ Յաֆֆայից, պահպանվել է Պետրոս առաքյալի տունը: Հռոմեական լեգիոնի հարյուրապետ Կոռնելիոսը, որ ուներ անծանոթ աստծո պաշտամունք, առաքյալի հրաշագործությունների մասին լսելով` նրան կանչում է Կեսարիա և առաքյալը այնտեղ տեսիլք է ունենում` Տերը նրան հեթանոսներին դարձի բերելու է կոչում, չաստվածներից դեպի Աստված: Դա Պետրոս առաքյալի դեպի Հռոմ ճանապարհի մի ոլորանն էր:

Հայաստանից ուխտավորների 55-րդ խմբին հրաժեշտ տվող հայր Թեոդորոսը, Նարեկ ու Կարապետ սարկավագները մնում են Թել Ավիվում, Բեն Հուրիոն օդանավակայանը իսրայելյան հողի առաջին ու վերջին բեկորն է: Թել Ավիվում ապրող հայերը դպրոց չունեն, նրանք շատ ավելի քիչ են կապված իրենց հայկական գենի հետ, քան բնակավայրի, և գերադասում են արաբանալ կամ հրեանալ` հաջողության բանաձևի առաջին հայտնի համարելով տեղաբնակ ու տեղացի լինելը համատեղելը: Նրանք իրենց մխիթարում են անեկդոտանման պատմություններով, որ շուկայում տաս արաբը մեկ հայ արժեն, որ հրեաների վերանալուց հետո հայ են գտել, որ հրեաներին վերականգնեն, որ... Բայց դրանք հնարված են ի արդարացումն, ուրեմն անաչառ չեն: Ինքնաթիռից վերջին անգամ Միջերկրականը փայլում է ծանր ու երկար մի ալիքով, իսկ իմ մեջ արդեն երեք օր նվացող Հայաստանը սկսում է աղմկել: Այնքան բարձր, որ ես ինձ հարցնում եմ` «Մի՞թե մեր ոտքերը հասել-կանգնել էին քո դռներին, Երուսաղեմ»: Տունդարձի ճանապարհը` Թել Ավիվ-Ստամբուլ-Թբիլիսի ինքնաթիռով, Երևանն արդեն կիլոմետր առ մետր մոտենում է ավտոբուսով: Ճանապարհի ամենամեծ զարմանքը` մայիսի կեսի կարկուտն է, որի ներկայացուցչական հետքերը մեր ճանապարհին սփռված էին Սեմյոնովկայից սկսած: Արևը մինչև երեկո կարկուտի հետքերն էլ կջնջի, ինչպես ծովը ջնջում է մարդկանց ոտնահետքերը: Տասներկու օր` Իսրայելում ու Պաղեստինում` քրիստոնեության հաստատման համարյա բոլոր սրբավայրերում` «Այնտեղ են դրված դատաստանի աթոռները` աթոռներ դրված Դավթի տան մեջ»: Երբ որևէ արբավայրի մասին պատմելիս անընդհատ կրկնվում էր կառուցվել է-ավերվել է-վերակառուցվել է-ավերվել է-կառուցվել է ռեֆրենը, ամեն «ավերվելու» հետ մեջս ափսոսանքի ալիք էր բարձրանում: Երևան վերադառնալուց հետո պիտի հասկանայի, որ թեպետ ավերողները եղել են կոնկրետ մարդիկ, ավերիչը բոլոր դարերում ու բոլոր դեպքերում եղել է մեկը` ատելությունը, որ ծնել է անհանդուրժողականություն, սնել չարություն ու մեծացրել եսակենտրոնություն, այդպես եկեղեցիների կողքին բազմացել են մզկիթները, իսկ շուրջբոլորը սինագոգերը: Այդպես ոչ մի քրիստոնյա մուտք չունի սինագոգ, այդպես ոչ մի հրեա չի մտնում տաճար: «Նրա արյունը թող մեզ ու մեր սերունդների վրա լինի»,-ասել էր քահանայապետ Հովսեփ Կայիափան Պոնտացի Պիղատոսին, որ ուզում էր Զատկի տոնին ներում շնորհել Հիսուս Նազովրեցուն: Այդպես հրեաները խաչեցին Հիսուսին, իսկ հայերը պահպանեցին նրան ու նրա սրբավայրերը: Երուսաղեմն ավերվում ու ավերվում էր պարբերաբար, հրեաներին վտարում էին ու արգելում Երուսաղեմ մուտք գործել, հռոմեացիներից թուրքեր` տերերը փոխվում էին, բայց բոլոր դարերի մեջ, մինչև խաչակրաց արշավանքները, երբ հիսուսապաշտությունը ժամանակի ամենամոդայիկ գործն էր, ու հետո, երբ մոդան անցավ, հայերը շարունակեցին պահել Սիոնն ու Գողգոթան, Համբարձման լեռն ու պատմությունն իր բոլոր ոտնահետքերով ու մատնադրոշմներով: Մզկիթների ու սինագոգերի միջև: Գուցե ի հեճուկս: Գուցե ընդդեմ: Պարզապես հայերը պարտվել չգիտեն, իսկ երկար դարերի մեջ մոռացել են հաղթելը, ու ապրում են հաղթանակի ու պարտության միջակայքում` Հովհաննեսի պես, որ Հիսուսի սիրած աշակերտն էր ու նրա կողքին էր խաչի վրա ու գուցե հիմա էլ կա մեր կողքին` ապահովելու ժամանակների անխզելիությունը:

…Հրեաներն ավերել են Պոնտացի Պիղատոսի պալատը, բայց պահպանել են Հերովդեսի պալատը: Նրանք Լացի պատի մոտ ամեն օր աղոթում են Սողոմոնի տաճարի վերականգնման համար ու չեն վերականգնում, թեպետ հրեական կապիտալն ու ճարտարապետաշինարարական միտքը խնդիր չունեն վերականգնման համար: Մի քանի ամսում: Ընդամենը: Հրեաներին իրականում ոչինչ չի խանգարում Սողոմոնի պալատը վերականգնելուն: Նրանք ամեն ինչ ունեն: Բայց սպասում են: Եվ դա մասն է առասպելի, իսկ գուցե պատժի, որ խաչեցին Աստծո որդուն:

…Ես վերադարձել եմ Երևան: Չէի ուզում խոստովանել անգամ ինքս ինձ, բայց վերջին երեք օրը Հայաստանն ուղղակի նվվում էր մեջս: Նվվում էր միալար ու համարյա լուռ, բայց ես գիտեի, որ որքան մոտենում եմ Հայաստանին, այնքան այդ նվվոցը խորանալու է, իսկ հետո արդեն վերածվելու է աղմուկի, որի միջից չի լսվելու ձայնը: Այդպես լինում է, երբ անպայման ուզում ես ինքդ քեզ լսել, բայց համառորեն լռում ես` ինքդ քո մեջ:  

***

Եվ Երուսաղեմում ես հասկացա՝ Սպիտակ քաղաքը տեսել եմ՝ ինչպես կա ու գրել եմ՝ ինչ կա… Իրականությունը, որ գուցե արդեն հողի վրա չի պահպանվել կամ պահպանվել է առասպելավորված ու բիբիլիականացված, բայց ապրում է՝ ինչ-որ տեղ երկնքի ու երկրի միջև և երբեմն միայն բառավորվում է: Հավելեմ նաև՝ Վեհափառը ճիշտ էր՝ Երուսաղեմից վերադառնալուց երեք տարի անց ես գրեցի Գրքի երկրորդ մասը, ու՝ նույն խելահեղ արագությամբ, կարծես նույնիսկ դադար էլ չէր եղել, և վերնագրեցի «Ես վերադարձել եմ»… Մնում է տպագրելը…

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Կարդացեք նաեւ Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

Կարդացեք նաեւ Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ

Կարդացեք նաեւ Հանդիպումներ Հիսուսի հետ Գալիլեայում

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին