Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ - Mediamax.am

Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ
2378 դիտում

Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ


Մաս Գ

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Հրեաները Երուսաղեմում ապրում են առանձին կյանքով: Միանշանակ նրանք ունեն միայն իրենց Երուսաղեմը: Եվ դա առանձին պատմություն է: Հրեաներն ունեն նաև իրենց Հիսուսը, որ նույնպես առանձին պատմություն է: Հրեաների առանձին Երուսաղեմի առանձին պատմություն է Լացի պատը: Երուսաղեմում օտարերկրացու ամբողջ կյանքն անցնում է արաբական շուկայի միջով: Ուղղակիորեն: Որովհետև անգամ սուրբ Հարության տաճար գնում ես արաբական շուկայի միջով: Իսկ սուրբ Հարության տաճարին համարյա պատկից Օմարի մզկիթն է: Անհեթեթ կապույտ, բացարձակապես անամպ երկնքի տակ Սողոմոնի պալատից պահպանված միակ պատն է, որի տակ հրեաները աղոթում են իրենց Աստծուն, որ վերականգնվի Սողոմոնի տաճարը: Սա բոլոր հրեաների ընդհանրական աղոթքն է, բայց նրանցից յուրաքանչյուրը ունի իր աղոթքը՝ անհատականը: Հրեաները աղոթում են անհեթեթ, անամպ, բացարձակ կապույտ երկնքի ու նույնքան բացարձակ արևի տակ, և նրանց Աստվածը լսում է նրանց աղոթքը: Այլապես չէր լինի Իսրայելը: Նույնքան հավանական է, որ կատարվում են նրանց անհատական ցանկությունները, որովհետև պատը միշտ ունի իր աղոթողները և բոլոր հնարավոր ու անհնար ճեղքերը երկտողներով են պատված: Ու՝ ոչ միայն հրեաների: Լացի պատը Երուսաղեմի խորհրդանիշներից է, որ հավերժական է, ինչպես Սուրբ հողը: Բայց Լացի պատը Երուսաղեմի հրեաների առանձին կյանքի պատմությունն է, հայերին մասնավորապես հորդորվում է Լացի պատ չգնալ ու որևէ ցանկություն չվստահել Սողոմոնի պալատի պահպանված պարսպին, որովհետև Աստված կարդում է մարդկանց ոչ թե նամակները, այլ՝ հոգիները: Իհարկե, այդպես է, բայց մարդկանց միշտ էլ պետք են խորհրդանիշներ ու խաղալիքներ: Հոգևոր խաղալիքի տարբերակ է Լացի պատը, որ բաժանված է առանձին հատվածների՝ ձախը տրված է տղամարդկանց, աջը՝ կանանց: Հրեաների Աստվածը կանանց ու տղամարդկանց համատեղ աղոթքները չի ընդունում:

Ես աջս հպեցի միլիոնավոր մարդկանց ամենա-ամենա-ամենա ցանկություններին հաղորդակից ու աջակից սպիտակ քարին, ուզում էի զգալ քարը: Հակառակ կիզիչ արևին քարը սառն էր, հետո մի քանի ժամ աջիս միջով ալիքներ էին անցնում՝ սպիտակ պատի՞ց, բացարձակ արևի՞ց, թե՞ բացարձակ կապույտ ու բացարձակ անամպ երկնքից, չգիտեմ: Պատի մոտ ցանկություն էլ չունեի, իմ Աստվածը հրեաների Աստվածը չէ:

***

Երուսաղեմի սուրբ Հարության տաճարը պատմություն է, ուր դու հանդիպում ես քեզ: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ այս տաճարն ամփոփում է քաղաքակրթության պատմությունը մեր թվարկության սկզբից ու շատ ավելի առաջ: Մենք գնացինք դեպի տաճար մի ճանապարհով, որտեղ ամփոփված էին հին գերեզմաններ` հռոմեական ժամանակների, իսկ գուցե ավելի վաղ: Պատկերացնու՞մ եք` այդ գերեզմանոցով գուցե անցել է Պոնտացի Պիղատոսը, իսկ գուցե չի անցել, որովհետև նրա ժամանակներում հռոմեացիներն իրենց հանգուցյալներին այրում էին Հուլիոս Կեսարի սահմանած ծիսակարգով: Բայց գերեզմանները կան և ֆոսֆորային փայլ չէին արձակում` դարերն իրենց գործն արել են: Սուրբ Հարության տաճարը Գողգոթայի լեռան վրա լուսարձակում է ուժ ու հավերժության այնպիսի հզոր ալիք, որ դու պարզապես քեզ մաս ես զգում 21 դարի պատմության, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել մ.թ. 33 թվականին, չի ավարտվել մինչև հիմա: Եթե իրականում հանդգնություն ու համարձակություն ունենանք մեզ խոստովանել, Հիսուսի խաչելության և հարության պատմությունը, ի վերջո, մեր բոլորի պատմությունն է ու հենց դա է քրիստոնեության անանց ֆենոմենն ու հզորության աղբյուրը` մենք բոլորս մեր կյանքն ապրում ենք փորձությունների, հաղթահարումի, վերածնունդի միջով, կամ կանգ ենք առնում այդ եռանկյունու որևէ անկյունում, բայց դա ևս պատմություն է, որ արժանի է հարգանքի:

Սուրբ Հարության տաճարի ամեն քարը ու ամեն սանտիմետրը ունի իր պատմությունը, ունի իր գաղտնիքները, որոնք, համոզված եղեք, դեռ չեն բացահայտվել: Եվ խնդիրն այն չէ, որ ամեն սերունդ իր համար է իրականությունն իմաստավորում ու իր արժեհամակարգն է բերում, բնավ, խնդիրն այն է, որ մարդկությունը բոլոր ժամանակներում ու ամեն օր կարիք ունի անակնկալների, հայտնությունների, հրաշքների, ու այդ եռանկյունում անցնում է մեր կյանքը` զգում ենք, թե ոչ, հասկանում ենք, թե ոչ, ենթադրում ենք, թե մնում ենք խուլ մեր զգայարանների ու մեր ենթագիտակցության առաջ: «Վերջապես տեսա», վկայում է արձանագրությունը` ընդամենը լատինատառ երկու բառ, որը, սակայն վերաբերում է այն անձավին, որտեղ երեք օր ամփոփված է եղել Հիսուսի մարմինը, և այդ անձավը գտնվում է տաճարի հայկական մասում: Հայկական մասում է նաև այն անձավը, որտեղ ամփոփված է եղել Հիսուսի խաչը` նախքան վերագտնելը, և միակտուր գորշագույն ժայռի այդ հատվածը կարմիր է: Իհարկե կա նաև այլ բացատրություն` ապարի մեջ մեծ է երկաթի պարունակությունը, բայց ո՞վ ասաց, որ պատահաբար է հենց այդ հատվածի մեջ մեծ երկաթի պարունակությունը: Գողգոթան մեր թվարկությունից առաջ և մեր թվարկության առաջին երեսնամյակում եղել է քարհանք, որտեղից հատված քարերով Հերովդեսը կառուցել է իր տաճարները և ամրոցները: Փաստորեն քաղաքը, որ հետո պիտի կոչվեր Երուսաղեմ: Ես չեմ պատմի հրաշալի ու հազարամյակներով հայտնի իրադարձությունները, անիմաստ է, բայց ականատեսի ու մասնակցի իրավունքով ես վկայում եմ` պատմությունը շարունակվում է: Բոլորի ու յուրաքանչյուրի համար:

…Չեմ կարող չասել, որ դեպի սուրբ Հարության տաճար տանող ճանապարհին կան նաև մզկիթներ, և դա էլ մեր բոլորի պատմությունն է, ու երբ վերևից ես նայում Երուսաղեմին, խաչերի ու կիսալուսինների միահյուսում է: Տաբուներ ունեցողները թող մտածեն նաև այս մասին ու այն մասին, որ հրեաների համար չէ միայն իրենց Լացի պատը, որի առաջ նրանք աղոթում են, որ Սողոմոնի տաճարը վերականգնվի, որի միայն պարիսպն է պահպանվել, ու հրեաները շարված են այդ պարսպի տակ մշտապես: Քանի՞ պարիսպ է մնացել մեր տաճարներից, որի հիշատակը մենք հարգել գիտենք:

***

Ես սկսում եմ հասկանալ Երուսաղեմի առեղծվածը՝ ամեն ինչ բաց է, ափիդ մեջ, բայց ոչինչ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Պարիսպները: Հին քաղաքը՝ իր հավերժական պարիսպների մեջ: Յաֆֆայի դարպասները, որտեղից մեկնում են Յաֆֆա: Դամասկոսի դարպասները, որտեղից ուր էլ գնաս, հասնում ես Դամասկոս: Սիոնի դարպասները, որտեղից սկսվում է Հին Երուսաղեմի սիրտը: Հերովդեսի դարպասները, որ պաշտպանում են նրա պալատը: Հետո՝ Առյուծի, հետո Ստեփանոսի, հետո՝ Նոր: Ու դարպասների դարպասը՝ Ոսկե դարպասը, որից այս քաղաքը Երուսաղեմ դարձնելու համար Պոնտացի Պիղատոսի կուսակալության և Հովսեփ Կայիափայի քահանայապետության օրոք, քաղաք է մտել Հիսուս Նազովրեցին: Ոսկե դարպասները այլևս փակ են՝ մինչև Հիսուսի վերադարձը: Երուսաղեմի ևս մեկ առեղծված՝ Ոսկե դարպասների առաջ՝ պարսպի ամբողջ երկայնքով խաչակիրների, հին ու նոր զինվորների գերեզմաններ են: Զինվորներ, ում հոգիները պիտի պաշտպանեն Երուսաղեմը ու որևէ մեկին, անգամ Հիսուսին, քաղաք չթողնեն: Սպիտակ քաղաք Երուսաղեմը պարսպապատ է: Գուցե ա՞յդ պատճառով է պարսպապատ հրեայի հոգին: Այսքան դարպասների, այսքան պարիսպների ու այսքան պատմության մեջ ապրելը պատյանում է կյանքդ ու քեզ պարտադրում իր գոյությունը, որտեղից էլ գաս ու ուր էլ գնաս: Ով էլ լինես:

***

Սուրբ Աստվածածնի տաճարը Երուսաղեմում այն վայրն է, որտեղ քեզ միանգամից համակում է հանգստությունը: Դրսից գուցե անշուք, Երուսաղեմի սպիտակ քարի մեջ տեղ-տեղ սև երանգներով, հազարամյակների մեջ կառուցված, ավերված, նորից կառուցված, ավերված ու նորից կառուցված: Այս բառերը Նարեկ սարկավագի շուրթերից, որ Երուսաղեմի մասին գիտի, թվում է, ամեն ինչ, այս օրերին հնչել են ու հնչել: 48 աստիճան քեզ վար են տանում՝ մինչև Սուրբ Կույսի գերեզմանը: Աշխարհի ամենատարբեր լեզուներով նրա գերեզմանաքարի վրա գրություններ են թողնվում ամեն օր: Ու ես չգիտեմ՝ որքանո՞վ է ճիշտ այս սքանչելի տաճարն անվանել գերեզմանատեղի, որովհետև հինգերորդ դարում կառուցված, ութերորդում ավերված, հետո նորից կառուցված այս եկեղեցին հիշատակի տաճար է՝ Սուրբ կույսը համբարձվել է նաև մարմնով: Նրան երկինք է տարել որդին: Դեպի Աստվածածնի գերեզմանատեղի տանող աստիճանների աջ ու ահյակ մատուռներում հանգչում են՝ աջում Աստվածածնի հայրը՝ Հովակիմը, մայրը՝ Աննան, ձախում՝ Հովսեփը: Եկեղեցին այսօր հայ-հունական է: Դեպի լեռան խորքը գնացող այս տաճարում ապրում է հանգստությունը և, եթե դու որոնում ես քեզ, այստեղ կգտնես քո անդորրը: Հոգու անդորրը:

***

Սպիտակ սալաքարերով ճանապարհի մի քանի ոլորան, ու դու Գեթսեմանի պարտեզում ես, ձիթենիների հազարամյա ոլորապտույտներով ճյուղերը պտղաբերում են մինչև այսօր: Նրանք տեսել են Հիսուսին, Հուդային ու առաքյալներին: Այս ծառերի տակ են քուն մտել առաքյալները, երբ Հիսուսը խնդրել է նրանց արթուն մնալ ու աղոթել: Ֆրանցիսկյանների եկեղեցու բակում փայլուն ու տպավորիչ մի քարաբեկոր կա՝ Հիսուսի վերջին աղոթքի քարը: Ես չգիտեմ՝ արև ու քամի, ձիթենի ու պատմություն ներծծած այս քարը իրո՞ք հենց Հիսուսի ինքն իր ու իր Հոր հետ մենակության վկան է, վերջին վկան, բայց Նարեկ սարկավագը այնքան համոզիչ է արտաբերում Հիսուսի խոսքերը, հետո համբուրում քարը, որ չհավատալը մեղք է: Ֆրանցիսկյանների եկեղեցին անուն ունի՝ Բոլոր ազգերի եկեղեցի, որ թարգմանաբար նշանակում է Հիսուսի պատգամը իր աշակերտներին՝ գնացեք և աշխարհի բոլոր ազգերին տարեք ճշմարտության խոսքը: Հետո Ղպտիների «Հայր մեր» եկեղեցին է, որ իր պատերին ունի 150 լեզուներով «Հայր մերը», հայերենը երրորդն է:

***

Ամենադաժանը պայծառ արևի ու անսպասելի քամու մեջ խրվեց Համբարձման լեռը: Այստեղից է Հիսուսը հեռացել, փոքրիկ մատուռում նրա երկրային վերջին ոտնահետքերը պահպանած քարը կա: Ու եթե դու ուզում ես տեսնել այդ քարը, դու պիտի մտնես …մզկիթ, որովհետև ժամանակին Համբարձման լեռան վրա հայկական հոյակերտ տաճարը, Հեղինե թագուհու ձեռքով կառուցած, քանդվել է քրիստոնյաների ձեռքով: Երբ 1820-ին տաճարի գմբեթը փլվեց երկրաշարժից, Երուսաղեմի օրվա տեր թուրքերը որոշեցին պարզել՝ ու՞մն է եկեղեցին, որ թույլ տան կառուցել: Հայերը հիմնավորեցին իրենց իրավունքը ու կառուցեցին եկեղեցին, հետո հույներն ու լատինները գնացին թուրքերի դուռը ու հայտարարեցին, որ այդտեղ ընդհանրապես եկեղեցի չի եղել, եղել է մզկիթ: Ու Հիսուսի վերջին ոտնահետքը մզկիթում ստանում է բոլորովին այլ խորհուրդ՝ քրիստոնեությունը իր հզորության մեջ այնքան էր թուլացել, որ նոր ասպարեզ եկող ազգերը պիտի իրենց նոր կրոնն ունենային: Բայց որովհետև ընդլուսնյա աշխարհում ոչինչ նոր չէ, Հիսուսի նվիրական ոտնահետքերով ամենաուղիղ ու ամենախորհրդանշական ճանապարհով ի հայտ եկավ մահմեդականությունը: Եվ ամեն տարի հայ հոգևորականները Համբարձման լեռան վրա պղծյալ խորանի կարգ են անցկացնում՝ մինչև ժամանակները կամ վերադառնան իրենց ելակետին, կամ հասնեն վերջակետին:

***

Մայիսի 7-ին Հուդայի անապատի միջով, բեդվինների բնակավայրերի կողքով, ձախից ունենալով աշխարհի ամենահին Երիքով քաղաքը, ճանապարհը տանում է դեպի սահման՝ սահման Հորդանանի հետ: Գետը փափուկ է, ինչպես միայն ինքը կարող է լինել: Ընկղմվելով Հորդանանի ջրերի մեջ՝ լիովին հասկանում ես ոչ միայն Հովհաննես Մկրտչին, այլև մկրտված Հիսուսին: Հետո հասկանում ես նաև մեկ այլ առեղծված՝ ինչու՞ է ջուրը միակ նյութն աշխարհում երեք վիճակներով՝ սառույց, ջուր, գոլորշի: Ինչու՞ է միայն ջրին տրված լինել երկնքում, երկրի վրա ու հողի տակ: Իսկ գուցե չես հասկանում ջրի առեղծվածը, գուցե ջուրն այսօր էլ Աստծո հետ իրական կապն է՝ աղոթքից ոչ պակաս հզոր ու հասանելի: Հորդանանի փափուկ ջրերի մեջ ջուրը կարծես չի շարժվում, ու դու իրոք ընկղմվում ես հավերժության մեջ՝ հանդիպելու քո անցյալի, ներկայի ու ապագայի առեղծվածներին, որոնք հասկանալը նույնքան անհնար է, որքան հնարավոր: Եթե ջուրը ցանկանա: Եթե Տերը կամենա:

Երբ ուխտավորի շապիկով երեք անգամ սուզվում եմ Հորդանանի ջրերում, որ կաթի նման փափուկ են, դադարում եմ մտածել, ուզում եմ պարզապես զգալ՝ արևը, ջուրը, քամին, ինձ՝ տիեզերքի կենտրոնում, որտեղ մարդը համատիեզերական միասնության մաս է, ու՝ զգում եմ, որ չեմ ուզում Հորդանանից դուրս գալ: Գուցե նաև այն պատճառով, որ ջրում կորցնում ես սեփական մարմնիդ ծանրությունը ու քեզ թվում է՝ ուզենաս՝ ճախրելու ես…

***

Սոդոմ և Գոմոր քաղաքները այսօր չկան, կա նորից ջուր՝ Մեռյալ ծովի տեսքով, որի ջրի բաղադրությունն ուսումնասիրած գիտնականները հայտնաբերել են հրաբխային կրակի մասնիկներ, իսկ այս վայրերում հրաբուխ չի գործել երբեք: Գուցե հենց այստեղ է Ղովտի կինը, իմանալով հանդերձ ինչ գին է ունենալու իր համար ակնթարթային հետահայացը, շրջվել դեպի հրդեհված Սոդոմ ու Գոմորը, որ իր հայրենիքն էր: Ղովտի կինը դարձել է աղե արձան: Մեռյալ ծովը աշխարհի ամենաաղի ծովն է: Անապատի մեջ: Չունի սկիզբ ու չունի վերջ: Ինքն իրեն է սկսում ու ինքն իրենով վերջանում է: Ափեափ կարող ես անցնել, եթե չխրվես տիղմի մեջ, իսկ եթե խրվես, ալիքները քեզ կմաքրեն ու դու աղաջրից դուրս կգաս մետաքսի ու ատլասի պես փայլուն ու փափուկ: Շնորհակալություն Ղովտի կնոջը: Բայց Մեռյալ ծովում լողալը աշխարհի ամենադժվար գործերից է: Ճիշտ է՝ չես սուզվում, բայց նաև զգում ես, որ ջուրը ծանր է: Ծովափին իրենց տիղմով պատած զբոսաշրջիկներ են, որ պառկել ու արևի, քամու լոգանք են ընդունում: Ասում են, որ Մեռյալ ծովի տիղմը բուժիչ է: Չգիտեմ, բայց… մի քանի ջրի շիշ լցնում եմ այդ տիղմով, որ բերեմ Երևան: Ինչու՞ ոչ:

***

Ընդամենը մեկ ժամից բլուր-բլուր կիտված անապատի ու արմավենիների օազիսների միջով ճանապարհը վերադարձում է սուրբ քաղաք, ու քեզ թվում է յոթ դարպասներից որով էլ մտնես, Երուսաղեմը բոլորովին այլ քաղաք է լինելու քեզ համար, որովհետև Հորդանանի ջրերով ու Մեռյալ ծովի ալիքներով անցնելուց հետո ինքդ արդեն բոլորովին այլ ես:

…Սա պատմություն է մի երկրի մասին, որն ապրում է իր պարսպապատ պատմության մեջ՝ պարսպապատ հոգով: Եվ այդ հոգու աղոթքի մեջ այնքան սովորական ու առօրեական է խրվում ազանը, որ հասկանում ես՝ առանց պարիսպների այս քաղաքում ապրել հնարավոր չէ, ամենաանառիկ պարիսպները, որ հնարավոր չէ քանդել, մարդու հոգու մեջ են:

Իսկ Ոսկե դարպասները բացվելու են: Միևնույն է, բացվելու են ու հենց այդ օրը քանդվելու են ամենաանառիկ պարիսպները:

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Կարդացեք նաեւ Ինչ գրեցի`գրեցի

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին