Դեպի 25-ամյակ. միմյանց ճանաչելու եւ «խմորը» միասին հունցելու մասին - Mediamax.am

Դեպի 25-ամյակ. միմյանց ճանաչելու եւ «խմորը» միասին հունցելու մասին
3717 դիտում

Դեպի 25-ամյակ. միմյանց ճանաչելու եւ «խմորը» միասին հունցելու մասին


Անհավատալի է, բայց 2024 թվականին Մեդիամաքսը կդառնա 25 տարեկան:

Մենք մեկնարկեցինք 1999 թվականի մարտին՝ որպես «դասական» լրատվական գործակալություն: Այն ժամանակ հայկական շուկայում 5 գործակալություններ կային  եւ գրեթե բոլորն ասում էին, որ մրցակցությանը չենք դիմանա եւ արագ կփակվենք: Բայց մենք շատ հստակ գիտեինք, թե ինչ ենք ուզում անել եւ ինչով ենք տարբերվելու մյուսներից: 2024 թվականին դեռ առիթներ կլինեն վերհիշելու մեր անցած ճանապարհը, իսկ այսօր, ավանդույթի համաձայն, կպատմեմ, թե ինչ ենք հասցրել անել անցնող տարում:

Մեդիամաքսը չէր լինի, եթե չլիներ «Մաքսիմում» թերթը, իսկ այն չէր լինի, եթե չլիներ Bravo թերթը, որում մենք աշխատեցինք 1992-ից 1993-ը: Եթե այդ տարիներին ապրել եք Երեւանում եւ շատ փոքր չեք եղել, կարծում եմ, հաստատ լսել եք Bravo-ի մասին: Իսկ եթե չեք լսել, կարող եք կարդալ Bravo. երբ «ամբողջ աշխարհը մեր ոտքերի տակ էր» հոդվածը: Այն լույս է տեսել «Նորագույն պատմություն» շարքում, որը մեկնարկեցինք 2023 թվականի հունվարին:

Այս շարքը «Հանրապետություն» (1918-1920թթ.) եւ «Հայկական Կարմիր» (1921-1991թթ.) հատուկ նախագծերի տրամաբանական շարունակությունն է եւ ներկայացնում է տարբեր իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 1991-ից հետո: Բոլոր երեք նախագծերը կյանքի են կոչվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործընկերությամբ՝ դա որակյալ եւ ոչ կոմերցիոն մեդիա-բովանդակությանը աջակցելու բացառիկ օրինակ է: «Նորագույն պատմությունը» շարունակելու ենք 2024-ին:

Այս տարի կյանքի կոչեցինք մի նախագիծ, որի գաղափարը մշակել էինք տարիներ առաջ, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում իրագործման փուլին հասցնել՝ «Մանկության խաղեր»: ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակների աջակցությամբ ներկայացրել ենք 6 բակային խաղ եւ դրանցից յուրաքանչյուրը խաղացել ենք երեխաների հետ:

2023-ին հրապարակել ենք «Հատուկ գործ» շարքը, որը պատմում է «Նեմեսիս» օպերացիայի հայտնի եւ անհայտ դերակատարների մասին: Շատ փաստեր եւ լուսանկարներ հրապարակվել են առաջին անգամ, իսկ շարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում: Այն ավարտին կհասցնենք 2024-ին:

Անցնող տարում առաջին լուրջ հոբելյանը նշեց մեր Sport.Mediamax.am նախագիծը՝ այն դարձավ 10 տարեկան: Իսկ 2024-ին, Մեդիամաքսի 25-ամյակը նշելուց բացի, ունենալու ենք երեք այլ հոբելյան. Bravo.am եւ Itel.am կայքերը կդառնան 15-ական տարեկան, իսկ GastroVino.Mediamax.am-ը՝ 5 տարեկան:

2023-ին շատ հետաքրքիր համագործակցություն ունեցանք Թուֆենքյան հիմնադրամի հետ: Վերջինիս աջակցությամբ ամռանը մեկնեցի Մոսկվա եւ հարցազրույցների շարք արեցի ռուսաստանցի քաղաքագետների հետ, որոնք կարող եք գտնել մեր կայքի համապատասխան բաժնում:

Մեկ այլ կարեւոր շարք՝ «Հայաստանն ու աշխարհը», 2023-ի հունիսից իրագործում ենք (եւ շարունակելու ենք 2024-ին) «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Յուրաքանչյուր շաբաթ թարգմանաբար ներկայացնում ենք 2-3 հոդված արտասահմանյան մամուլից՝ ոչ միայն Հայաստանի եւ մեր տարածաշրջանի, այլեւ աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մասին:

Այս տարի հրապարակեցինք «Ապրողներ» շարքը՝ Արեւմտյան Հայաստանից: Սոֆիա Հակոբյանը այն պատրաստել էր նախքան 2022 թվականի սեպտեմբերին Արցախ տեղափոխվելը, բայց Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված, անընդհատ հետաձգում էինք հրապարակումը: Շարքը լույս տեսավ գարնանը, երբ Սոֆիան, ինչպես եւ բոլորը Արցախում, կրում էր բլոկադայի զրկանքները:

Հետաքրքիր համագործակցություն ունեցանք HONOR սմարթֆոնի հետ, որի աջակցությամբ պատմեցինք դեպի Էվերեստի հիմնական ճամբար արշավի մասին:

2023 թվականը հագեցած էր «Կարմիր թել» հաղորդաշարիս համար: Զրուցել եմ 31 հյուրի հետ՝ քննարկելով ամենատարբեր թեմաներ:

Տարեվերջին հայտնեցինք «Մեկնարկի՛ր» ծրագրի մասին, որն իրականացնելու ենք Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ ավագ դպրոցների աշակերտների համար: Ե՛վ մենք, ե՛ւ պատանիներն անհամբեր սպասում ենք 2024-ին, երբ սկսվելու են դասընթացները:

2023-ին փորձել ենք հավատարիմ մնալ «մարդակենտրոն» լրագրությանը եւ ներկայացրել ենք բազմաթիվ պատմություններ, որոնց ընտրանին հասանելի է այս հղումով:

2024-ի համար շատ մտքեր ու ծրագրեր ունենք: Մի մասն արդեն հստակ ձեւավորված են, մյուսները դեռ «խմորվում են»: Բայց մի կարեւոր նրբություն կա՝ այդ «խմորը» երբեք չի «հասնի», եթե մենք չզգանք ձեր՝ մեր ընթերցողների աջակցությունը: Դուք ճանաչում եք մեզ, իսկ մենք ճանաչում ենք ձեզ: Մենք միշտ ազնիվ ենք եղել ձեզ հետ՝ ի պատասխան ստանալով ձեր դրական էներգիան, որն օգնում է չհիասթափվել եւ ստեղծագործել անգամ այնպիսի սարսափելի տարվա ընթացքում, ինչպիսին էր 2023-ը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին