Ֆադեյ Սարգսյան. Հայերը հավատում են իրենք իրենց - Mediamax.am

Ֆադեյ Սարգսյան. Հայերը հավատում են իրենք իրենց
2182 դիտում

Ֆադեյ Սարգսյան. Հայերը հավատում են իրենք իրենց


1999-ի մայիսին «Միասնության» շտաբը ԳԱԱ շենքում էր, ԳԱԱ նախագահը՝ «Միասնության» ցուցակով առաջադրվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու: Չգիտեմ՝ ուրիշ լրագրողներին ինչպես էր դիմում, բայց քարոզարշավի ընթացքում Ֆադեյ Սարգսյանը ինձ միշտ ասում էր… բալիկ ջան: Մտածում էի՝ անունս չի հիշում, հարմար դիմելաձև է, սխալվում էի, որովհետև խոսակցության ժամանակ և անունս էր հնչում, և ազգանունս: Մի անգամ նույնիսկ երկար ինձ բացատրում էր՝ ինչ երջանկություն է մարդկության նախահոր անունն ունենալ իբրև ազգանուն, իսկ երբ ասացի, որ մնում էր անունս էլ Եվա լիներ՝ ամբողջացնելու մարդկության սկիզբը երկու բառով, ի պատասխան ստացա ևս մեկ բացատրություն ու լիովին գիտական վարկած, որ ճիշտ կլիներ՝ անունս Լիլիթ լիներ այդ դեպքում: Միով բանիվ՝ Ֆադեյ Սարգսյանը մշտապես անկանխատեսելի ու հրաշալի զրուցակից էր ու քարոզարշավի ընթացքում ես հաճախ էի «շահագործում» նրա համբերությունն ու բարությունը՝ անփոփոխ «բալիկ ջան» արձագանքով: Ու չնայած արդեն 76 տարեկան էր, ոչնչով չէր զգացնում տարիքը՝ երբեք նրան չեմ տեսել հոգնած կամ տկար, միշտ ժպտադեմ ու միշտ պատրաստակամ՝ օգնելու, բացատրելու, հասկացնելու ու… պարզապես թիկունքիդ լինելու: Ու ոչ միայն իմ:

***

«ՀՀ»-ի «Դարավերջ-դարասկիզբ» խորագրով ես ներկայացնում էի գիտնականների, մշակույթի առաջին դեմքերի տեսակետները: Այդ հրապարակումները, որպես կանոն, հարցազրույցներ ունեին հիմքում, բայց հետո հանում էի հարցերը, որ ստանամ զրուցակցիս մենախոսությունը, իմա՝ խոսքը ընթերցողին: Ուղերձը: Խորհուրդը: Պատգամը: Երբ՝ ինչպես ստացվի: Ֆադեյ Սարգսյանին ստիպված էի երկար համոզել, չէր մերժում, ուղղակի ժամանակ չէր գտնում, իսկ ես համառ էի: Սկսել էի աշնանը, վերջապես 1998-ի դեկտեմբերին հանդիպեցինք, ակադեմիայում: Ցուրտ ու ձնառատ օր էր, ու երբ հայտնվեցի իր առանձնասենյակում, առանց ինձ հարցնելու, խնդրեց երկու բաժակ թեյ բերել: Հետո ձեռքերը շփելով ու թեյի բաժակով տաքացնելով՝ երկար-բարակ «հարցաքննում» էր ինձ՝ ո՞վ եմ, որտե՞ղ եմ ծնվել, ովքե՞ր են ու ինչո՞վ են զբաղվում ծնողներս, ի՞նչ գրքեր եմ կարդում, ի՞նչ երաժշտություն եմ սիրում… Քիչ է ասել՝ զարմացած էի, գնում ես հանդիպման ԳԱԱ նախագահի հետ, որ եղել է Հայաստանի վարչապետը, որ քո քաշով գրքերի հեղինակ է, ու նա… սկսում է քեզ քո կյանքի մասին հարցեր տալ: Իմ չափազանց երկար լրագրական կյանքում միայն մեկ-երկու նման դեպք է եղել: Գուցե՝ երեք: Եվ միայն տաք թեյը խմելուց հետո ու համոզվելով, որ ես «վաղը չեմ հիվանդանա», Ֆադեյ Սարգսյանը սկսեց խոսել…

***

20-րդ դարը հայերիս համար մեր ամբողջ պատմության կտրվածքով ամենակարևոր և նպատակամետ ժամանակներից էր՝ պետականության վերահաստատման առումով, որովհետև եթե անգամ Կիլիկիայի հայկական պետականությունն էլ հաշվենք, մեր պատմությունը հազիվ մի քանի հարյուր տարի հաշվի անկախ պետության գոյությունը: Դժվարություններ կան ու կլինեն, բայց ժողովուրդն իր նպատակին հասել է: Չէի ասի, որ ամեն ինչ ճիշտ է արվել ու լավ է արվել: Ոչ: Շատ բան սխալ է արվել ու վատ է արվել: Եվ սխալվել ենք հաճախ: Սկզբունքորեն: Սխալ էր մեր քաղաքականությունն աղետի գոտում, երբ տարբեր երկրներից օգնության եկած շինարարներին մեր գործադուլներով համարյա հետ ուղարկեցինք, սխալ էր «Նաիրիտի» փակումը, որ աշխարհում հզոր գործարաններից մեկն էր և որի բնապահպանական հարցերը կարգավորելու համար պատկառելի գումարներ էին առաջարկվում: Եվ եթե մենք գնում էինք անկախության, ուզում էինք անկախ պետություն ունենալ, մեզ պետք էր կայուն աշխատող արդյունաբերություն, պետք էր նույնքան կայուն գյուղատնտեսություն, հստակ համագործակցող ինֆրակառույցներ էին պետք: Հետո մենք կանգնեցրինք Մեծամորի ատոմակայանը, որ դարձյալ սխալ էր, որովհետև երկրի էներգետիկ ապահովությունը ներքին ու արտաքին անվտանգության խնդիր է: Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել: Եվ չեմ կարծում, որ դրանք մասնավոր սխալներ էին՝ այս կամ այն անհատի: Հիշենք՝ այդ որոշումները ոգևորության ինչ ալիքների վրա ընդունվեցին: Ինչպես համընդհանուր մի բռնկումով մի կաթսայի մեջ խառնեցինք մեր ազգային բոլոր խնդիրները՝ քաղաքական, տնտեսական, բնապահպանական, մշակութային: Դա սկզբունքային սխալ էր:

Անկախության համար քաղաքական որոշումները մեզ բավարար էին թվում, մենք չէինք պատկերացնում, որ ԽՍՀՄ-ի փլուզումը ոչ միայն մեզ քաղաքական ազատություն էր տալիս, այլև՝ տնտեսական կապերի խզում, հետևաբար և արդյունաբերության կազմաքանդում: Առանց գործուն տնտեսության ի՞նչ անկախություն: Մենք ունեինք մեզ բավարարող գյուղատնտեսություն, հզոր արդյունաբերություն: Մենք տարեկան 10 միլիարդ ռուբլու արդյունք էինք տալիս: Մենք կարող էինք մեզ պահել:

Եվ հիմա էլ ինչքան ուժեղ լինենք, այնքան արագ կլուծենք Ղարաբաղի հարցը: Ներկա դրությունը մեզ համար դրական երևույթ է: Պատերազմ չկա՝ մեկ, Ղարաբաղն ինքնուրույն պետություն է՝ երկու: Անկախ աշխարհի ճանաչումից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գործող կառույց է: Փոխզիջումների ճանապարհով հարցն ի վերջո կլուծվի: Քննադատելն ամենահեշտն է, բայց յուրաքանչյուրս մեր տեղում մեր աշխատանքը գնահատելով, պիտի շուրջներս նայենք: Ու առաջ նայենք: Հայ ժողովուրդը այդ իրավունքն ունի: Եվ Հայաստանի Հանրապետությունն այդ հնարավորությունն ունի: Մենք միայն մեկ գլոբալ խնդիր ունենք՝ արդյունաբերության վերագործարկումը, որ կլուծի կենսամակարդակի կայունացման ու աստիճանական բարձրացման հարցը, մարդկանց աշխատանք ու երաշխիք տալով: Մենք շուկայական հարաբերությունների մեջ ենք: Միամիտ կլինի այն մարդը, որ կկարծի, թե ձեռքով կարող է կոշիկ ու շոր կարել ու համաշխարհային շուկա դուրս գալ: Նոր տեխնոլոգիաներ են հարկավոր:

Հարկավոր է նոր մտածողություն: Համաշխարհային շուկա մտնելու համար մենք պիտի կարողանանք ստեղծել նորը և եղածից լավը, որպեսզի դիմակայենք մրցակցությանը: Իսկ դա պիտի անի գիտությունը: Եվ պիտի անի պետության գլխավորությամբ: Մեկ միասնական քաղաքական-տնտեսական-գիտական-մշակութային զարգացման ծրագրով: Մի կողմից արտադրության վերագործարկումը և մրցունակության ապահովումը, մյուս կողմից՝ գիտության զարգացումը: Աշխարհի ոչ մի երկրում գիտությունն անմիջաբար շահութաբեր չէ և փող չի ստեղծում միանգամից, բայց առանց զարգացած գիտության, առանց գիտություն-արտադրություն փոխկապի ոչ մի երկիր չի առաջադիմի:

Եվ այսօր պիտի մտածենք 10-20-30 տարվա հեռանկարով, այսինքն՝ 21-րդ դարի: Պիտի մտածենք պետական մակարդակով: Գիտությունը չի կարող այս կամ այն գիտնականի մենաշնորհը կամ մասնավոր լինել: Գիտությունը համաշխարհային արժեք է: Երբ մենք ստեղծում էինք «Նաիրի» հաշվիչ մեքենան, աշխարհում առաջավոր տեխնիկա էր: Եթե կարողանայինք շարունակել նույն ոգով ու նույն արդյունավետությամբ, այսօր համաշխարհային շուկայում համակարգիչների առումով լրջագույն մրցակից կլինեինք՝ վիթխարի շահույթ ապահովելով Հայաստանի Հանրապետությանը: Բայց մենք կանգ առանք: Տարբեր պատճառներով՝ անբավարար զարգացած տեխնոլոգիաների, մտածողության ետ մնալու: Ամերիկացիները կարողացան ստեղծել համաշխարհային մտքի սիմբիոզ: «ԱյԲիԷմ» ֆիրմայի հետ Եվրոպայում տասնյակ գործարաններ ու ակադեմիաներ էին աշխատում: Մենք չկարողացանք այդ և այլևայլ երևույթների փիլիսոփայական իմաստավորումը տալ, և մեր հասարակական մտքի ոչ բավականաչափ զարգացումը կաշկանդեց մեր տեխնիկական մտքի առաջընթացը: Առհասարակ գիտաարտադրական տեսակետից ԽՍՀՄ-ը հետ էր մնում աշխարհից, և մենք հիմա Հայաստանի Հանրապետությունում պիտի ջանանք հաղթահարել այդ «ժառանգությունը»: Մեր գիտնականներն ունեն այդ ներուժը: Բայց ֆինանսական միջոցների սահմանափակության պատճառով մենք դարձյալ կաշկանդում ենք գիտության առաջընթացը, օրինակ, մեր գիտնականներին հրավիրում են ամենատարբեր գիտական կոնֆերանսների, հրավերքների շատ քիչ մասն ենք կարողանում ընդունել, բայց չէ՞ որ այդ հանդիպումներում մտքերի փոխանակություն է ծավալվում, մտքից միտք է ծագում, մինչդեռ մենք արտաքին աշխարհի հետ մեր հաղորդակցությունը ֆինանսական պատճառներով սահմանափակելով՝ կղզիանում ենք, պահածոյացնում մեր միտքը: Իսկ մենք գիտական մակարդակի պահպանության խնդիր ունենք, որը համաշխարհային գիտության հետ պիտի համեմատվի: Ուրիշ ճանապարհ չկա: Գիտնականի աշխատանքը պետք է գիտական շրջանառության մեջ դրվի, որպեսզի զարգանա և արդյունքներ ունենա: Ուրախ եմ, որ վերջին տարիներին աշխուժացել է գիտական կոչումների ձգտումը, գիտական մրցույթներին մասնակցությունը, մեր հանրապետությունը միջազգային գիտական գրանտներ ստանալու մեջ բավականին առաջադիմել է: Եվ պետք է ընտրել այն ուղղությունները, որոնք շահեկան են ու պետք են մեր երկրին ու մեր ժողովրդին:

Ժամանակը միշտ սրբագրում է ինքն իր սխալները և մարդկության գոյությունը վկայում է, որ մարդկությունը միշտ առաջադիմել է՝ տարբեր տեղապտույտները միայն ժամանակավոր են: Ես համոզված եմ, որ 2000-ին և հետո մենք բարելավելու ենք մեր երկրի և ժողովրդի վիճակը: Մի օրում ոչինչ չի փոխվում: Մի օրում հեղափոխություններ չեն լինում: Եվ գիտության մեջ հեղափոխություններն անում են ավելի շուտ որևէ նպատակի շուրջ համախմբված գիտնականները, քան՝ անհատները: Անհատները ղեկավարում են, առաջնորդում, բայց առանց կոլեկտիվ մտածողության լուրջ նվաճումներ չեն լինում: Դժվար թե գիտության որևէ ասպարեզում այսօր հայտնվի նոր Գալիլեյ ու ասի. «Այնուհանդերձ, պտտվում է», այսինքն՝ ի հեճուկս ընդունված և իշխող պատկերացումների և օրինաչափությունների, հայտարարի ու հաստատի նոր սկզբունք, նոր ճշմարտություն, որի օրենքները գործեն: Գիտության առանձին ասպարեզներում գուցե գտնվեն մարդիկ, որ նոր հիպոթեզներ առաջադրեն ու պաշտպանեն: Ասենք՝ անբուժելի ինչ-որ հիվանդության բուժումը գտնվի: Դա կլինի, չեմ կասկածում, բայց ընդհանուր առմամբ, մեկ մարդը կամ մարդկանց խումբը հեղափոխություն անել գիտության մեջ՝ հազիվ թե կարողանա այլևս: Զարգացումը պետք է լինի ճիշտ ուղղությամբ և համալիր մոտեցումով: Չի կարելի, որ տեխնիկական ու հասարակական միտքը իրենց զարգացման մեջ միմյանց չներդաշնակեն, այդ պարագայում նրանք կկաշկանդեն մտքի զարգացումն ընդհանրապես: Մեզ պետք չեն մարդասիրական օգնություններ, մեզ պետք են զարգացման ծրագրերում ներդրումներ: Հայերն աշխատել գիտեն: Հայերն աշխատել սիրում են: Հայերը հավատում են իրենք իրենց:

***

Ֆադեյ Սարգսյանի խոսքը հրապարակվեց «ՀՀ»-ում, 1998-ի դեկտեմբերի 10-ին «Հայերը հավատում ենք իրենք իրենց: վերնագրով: Իսկ հետո ընտրարշավն էր, «Միասնության» հաղթանակը մայիսին, երրորդ գումարման Ազգային ժողովը, 1999-ի հոկտեմբերի 27-ը… Ֆադեյ Սարգսյանը վախճանվեց 2010-ի հունվարի 10-ին: 87 տարեկանում: Նա ԳԱԱ նախագահն էր 1993-2006-ին, իսկ 2006-ին նշանակվել էր վարչապետի խորհրդական: Ես, իհարկե, աշխատանքի բերումով տարբեր առիթներով շարունակում էի նրան հանդիպել տարբեր միջոցառումների ժամանակ՝ արդեն ոչ իբրև լրագրող: Եվ ամեն անգամ անփոփոխ լսում էի «բալիկ ջանը», թեպետ վաղուց «բալիկ»-ության տարիքից դուրս էի եկել… Բայց այնքան տաքուկ ու հարազատ էր նրա թեթևակի թլվատ խոսքը, որ անվերջ ուզում էիր լսել այդ «բալիկ ջանը», որին անփոփոխ հաջորդելու էր «Ո՞նց ես, ինչի՞ կարիք ունես», թեպետ երբեք ու ոչինչ նրան չէի խնդրել: Վստահ եմ, այդպես էր հարաբերվում բոլորի հետ՝ լինելով շռայլ հոգով, ուժեղ ու բարի մարդ, ում ճակատագիրն ամեն ինչ տվել էր՝ հավելելով փորձություններն ու ցավը…  

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին