Փնտրվում են ժողովրդի հայրերը - Mediamax.am

Փնտրվում են ժողովրդի հայրերը
3570 դիտում

Փնտրվում են ժողովրդի հայրերը


Ոտքերը բոբիկ ժողովուրդը, կոշիկները դարերում մաշած ժողովուրդը, նոր կոշիկներ պարբերաբար փորձող ու ոտքը հիմնականում նո՛ւյն քարին մեծամասամբ նո՛ւյն տեղում խփող ժողովուրդը պտույտ է գալիս: Ժողովուրդը պտտվում է ու փնտրում: Որոնում է ու խճճվում: Պատմության շրջագիծը հարյուրավոր պտույտներ է արդեն արել, հազարամյակների գծեր քաշել: Իսկ ժողովուրդը պար է բռնել ի շրջանս յուր նորից ու կրկին:

Հովիկ Աֆյանը մեկտեղել է մեր դարավոր ու ժամանակակից պատմությունը: Նա գրել է մեր օրերի ու մեր անցյալի  նոր առասպելը: «Ժողովրդի հայրերը» վեպը երեկի ու վաղվա մասին է՝ գրվող այստեղ ու հիմա: Գրվող, որովհետև պտույտը չի կանգնել: Չի կանգնի, քանի դեռ կա հույս, քանի դեռ կա ուժ փնտրելու, ու քանի դեռ փնտրելու բան կա: Իսկ ունենք շատ բաներ գտնելու կարիք՝ օրինակ ակունքին հասնելու, Կաթնով աղբյուրից մի կուժ սառը ջուր կում անելու, օրինակ՝ինքնառերեսման, ինքնաճանաչման ու վերագտնման կարիք: էլի շատ բանի կարիք ունենք, բայց նախևառաջ չմոռանալու: Ահա գրքի առանցքը՝ Չ՛ՄՈՌԱՆԱԼ: Պարզ բառ, բարդ առաջադրանք, հատկապես մեր նման հին ժողովրդի համար ու հատկապես հիմա, երբ ամնեզիան համազգային ախտորոշում է, կուրությունը՝ ընտրովի հիվանդություն:

«Մոռանում ենք, թե ինչի համար են հավաքվել, ընդ որում այս խնդիրը մեզ հետ է դարերով, ինչպես մեր թշնամիները: Հավաքվում ենք հոգեհացի սեղանի շուրջ ու հիշում վերջին ծնունդները, հավաքվում ենք ծննդյան սեղանի շուրջ ու հիշում երեկ մեռածներին: Հավաքվում ենք պետության շուրջ ու մոռանում, թե դա ինչ է»:  

Մարտիրոսը, Գիքորը, Նազարն ու Վրեժը լոկ գրքային հերոսներ չեն:  Նաև մեր մեջի անտագոնիստներն են, կամ հավաքական բնորոշիչներ՝ ով ինչպես կընկալի: Ընդհանրապես, «Ժողովրդի հայրերին» մեկնելը անհատական մոտեցում է պահանջում. ում հիշողությունն ինչքան կկտրի, ում երևակայությունն ուր կհասնի, ում միտքը որքան կպարզվի կամ կպղտորվի, ում երազները կվառվեն վրեժից, և կամ մարտիրոսանալու ցանկությունից, ում նազարյան ճամարտակությունը կկախարդի, ով էլ օտար ափերի ճամփեն կբռնի՝ գիքորությունը դարձնելով ազգային առանձնահատկություն:

«Տեսնես հայրենիքո՞ւմ են ավելի շատ հարբում, թե՞ դրա կարոտից»:

Գրքում ալյուզիաներն ամեն տողում են, որոնք հիշեցնում են ու հուշում: Պատասխաններ գտնելը դժվար է, երբ պտույտդ արդեն սրտխառնոց է առաջացնում, խճճվել ես ու ինքդ քեզնից բան չես հասկանում: Չես հասկանում, որովհետև համակերպվել ես, համակերպվել ես, քանի որ հոգնել ես, իսկ հոգնել ես մաշված կոշիկներիդ պատճառով: Մաշվածությունը հիշողության կորուստ է առաջացնում, ներսումդ մի քանի գլխանի հրեշներ են արթնանում, քեզ ներսից ծվատում ու քո ծովերը գնալով քչանում են, հողերդ նվաճվում:

«Գիտե՞ս թշնամին երբ է հաղթում, երբ գալիս է ոչ թե զենքով, այլ խինդ ու ծիծաղով տունդ մտնում: Սկզբում նստում է սենյակի մի անկյունում, հետո վառարանի մոտ: Հետո թախտին. Հետո թախտը տանում է վառարանի մոտ ու քեզ ասում. «Դե դուռը փակիր, որ չմրսեմ: Դրսից»: Ու դու փակում ես»:

Աֆյանն իր միֆականացված մերօրյա կերպարներով ոչինչ չի պարտադրում, ու դա գրքի հրաշալի մյուս կողմերից մեկն է: Ընթերցողն ազատ է՝ հասկանալու ինչպես ուզում է: Շերտերը շատ են, դրանք հերթով բացել է պետք:  «Ժողովրդի հայրերը» կտեղավորվի տարատեսակ ժանրերում. առասպելաբանությունից զատ, տրագեդիա ու կոմեդիա, կամ երկուսը միասին, դրամա ու թրիլլեր, ըստ նախընտրության: Մի բան հաստատ է, գիրքը գրված է այնպես, կարծես հայ ժողովրդի պատմության ալմանախ լինի՝ իրարից անջատ պատմություններ, միախառնված ժամանակներ, ծանոթ դեպքեր ու անհասկանալի դեմքեր՝ պտտվող մեկ համայնապատկերում: Ա՜յ, քեզ բազմաձայն սիմֆոնիա:

«Եթե ինչ-որ մեկը գրի առնի սեղանի շուրջ հնչած մեր կենացները, ազգային գաղափարախոսությունը պատրաստ կլինի: Իսկ այդ գաղափարախոսությունը չունենք, որովհետև չկա այդպիսի մեկը: Բոլորն ուզում են ասել, ոչ թե գրել, բոլորն ուզում են խոսել, ոչ թե լռել, բոլորը գիտեն և իսկապես գիտեն: Մոռացել են: Թշնամու նետերի, թրերի,  հեծելազորի, տանկերի ու անօդաչու թռչող սարքերի հավերժական աղմուկի  տակ ինքներս մեզ չենք լսում: Ո՞վ կկարողանար...  Իսկ ինքն իրեն լսելը գրելու համար պարտադիր բան է, խոսելու համար՝ ոչ»:

Սա գիրք է փնտրելու ու կորցնելու մասին: Գիրք է հիշելու ու առաջ նայելու մասին: Հեղինակն ասում է, որ «պատերազմից հետո պարտադիր է ապրելու նոր խթաններ գտնելը»:Պարզապես պետք է արթմնի մնալ, թեպետ քունը գրավիչ է: Դա էլ առաջնահերթությունների ու ընտրության հարց է դարձել:

«Գիտե՞ք՝ ինչի ենք մենք հա պարտվում, որովհետև հողը հանձնում ենք, դրա անունով արաղ արտադրում, խմում ու շիշը նետում աղբամանը: Ու չենք հիշում ՝ երեկ ինչ ենք արել»:

Սա հուսահատ գիրք է հավատալու ու սպասումի մասին, որ հայրերին կորցրած որդիները մի օր կհանդիպեն մայրերին, որոնք պար են բռնել հեռվում: Իսկ Ծովինարը փախչում է մորեմերկ՝ միանալու մայրերի պտույտին: Ու այս գիրքն, իրականում, հենց մայրերի մասին է, շրջանը մշտատև պահող մայրերի՛:

«Ոչինչ չի ավարտվում և ամեն ինչ կրկնվում է: Ուրեմն ոչինչ չի ավարտվում և ամեն ինչ այլ կերպ անելու հույս կա»:

ՀԳ. Սա իմ զգացած Աֆյանն էր, քոնն ուրիշ է լինելու հաստատ: Կարդա ու ճանաչիր որդիներին, որ որոնում են հայրերին, ու հայրերին, որ հեռացան, քանի որ որդիները մոռացան վերքը:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին