Աֆյանի «Ժողովրդի հայրերը». նահանջի ճանապարհ կամ վերադարձ սկզբին - Mediamax.am

exclusive
2476 դիտում

Աֆյանի «Ժողովրդի հայրերը». նահանջի ճանապարհ կամ վերադարձ սկզբին


Հովիկ Աֆյանը
Հովիկ Աֆյանը
Հովիկ Աֆյանը
Հովիկ Աֆյանը
Գրքի շապիկի նկարը՝ Լուսինե Մհերյանի
Գրքի շապիկի նկարը՝ Լուսինե Մհերյանի

«Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է»:

 

«Անտարես» հրատարակչությունը «XXI. Արդի հայ արձակ» մատենաշարով հրապարակել է Հովիկ Աֆյանի «Ժողովրդի հայրերը» գիրքը։ «Ժողովրդի հայրերին» նախորդել են «Միս ուտողները», «Չաստվածաշունչ», «Կարմիր», «Քաղցր կյանք» գրքերը։

 

Մեդիամաքսը զրուցել է Հովիկ Աֆյանի հետ:

 

- Ենթադրում եմ, որ պատերազմից հետո է գրվել «Ժողովրդի հայրերը»՝ հատկապես 2020-ից հետո մենք մեր պատմությունը վերարժեւորելու խնդիր ունենք։

 

-Մարտիրոս, Գիքոր, Նազար, Վրեժ անունները վաղուց էին ինձ ինչ-որ բան հուշում: Չնայած հիմա այդ անունները քիչ են տալիս նորածիններին, բայց կարծում եմ մեր ժողովրդի կյանքում սրանք ամենահաճախ հանդիպող անուններն են կամ գուցե նպատակներն ու դրանց չհասնելու պատճառները: Ես ասում եմ, որ ճանապարհը մարտիրոսից՝ վրեժ, ինչին ձգտում ենք՝ համաձայն մեր պատմության հատորների, չի կարող հաջող լինել՝ նազարներով ու գիքորներով, որովհետեւ  այս երկուսի հետ հակառակ ճանապարհն է ստացվում՝ վրեժից՝ մարտիրոս:

Գրքի շապիկի նկարը՝ Լուսինե Մհերյանի Գրքի շապիկի նկարը՝ Լուսինե Մհերյանի

 

Ես սիրում եմ գրել ճանապարհի մասին, «Կարմիր»-ում էլ այն կա, «Քաղցր կյանք»-ում էլ: «Ժողովրդի հայրերը», այո, պատերազմից հետո է սկսվել, երբ մի օր ինձ հանկարծ սկսեց հետաքրքրել, թե ի՞նչը սխալ արեցինք այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ, գնացին պտտելու Կաթնով Աղբյուր»:

 

- Ժողովրդի հայրե՞րը պետք է փոխվեն, թե՞ ժողովրդի որդիները, որ չծնվեն նորից՝ Մարտիրոսը, Գիքորը, նազարն ու Վրեժը։

 

-Ճանապարհը: Հենց ճանապարհը պիտի փոխվի: Մեր ճանապարհը նահանջի ճանապարհ է, ու խոսքը միայն պատերազմի կամ ռազմաճակատների մասին չէ: Մեր կոշիկները պիտի փոխվեն, դրանք պետք է հարմարեցվեն լեռներ պահելու ու ծովեր գրավելու համար: Մեր բառապաշարը կամ բառերի ընկալումը պիտի փոխվի, օրինակ՝ ինչո՞ւ նվաճել՝ հրաշք բառը, հայերենում բացասական իմաստ ունի: Օրինակ եթե կարելի է աշխարհի ամենագեղեցիկ աղջկա սիրտը նվաճել, ինչո՞ւ չի կարելի աշխարհի ամենակապույտ ծովի ափը նվաճել: Հատկապես, երբ ազգային բոլոր երազանքներդ ծովի մասին են:

 

- Որքան էլ փորձենք գիրքը չքաղաքականացնել, ընթերցողը փորձելու է ծանոթ կերպարներ, դրվագներ փնտրել:

 

-Ես դեմ չեմ: Թող փնտրեն, գտնեն: Եթե դու ուզում ես խոսել կամ փորձում ես խոսել մի ամբողջ ժողովրդի անցած ճանապարհից, քաղաքական կերպարներից ու դրվագներից չես կարող խուսափել: Հատկապես հայ ժողովրդի պարագայում, երբ կոշկակարն ու ձիապանը պակաս քաղաքական դեմքեր չեն ու քաղաքական իրադարձություններ որոշող ուժ:

 

- Ի՞նչ կարող է տալ այս վեպը դրսի ընթերցողին։ Առավելապես ներսի՞ ընթերցողին է ուղղված Ձեր ասելիքը։

 

-Գրելիս չեմ մտածել այդ մասին, հիմա էլ չեմ մտածում: Գիտեմ միայն այն, որ եթե մի ֆրանսիացի ժամանակակից գրող գրեր, թե ինչ եղավ այն օրից, երբ իրենց Ռոլանդը երգեց, ինձ այդ պատմությունն անպայման կհետաքրքրեր:

 

- «...Զարմանալին այն չէր, որ ամեն օր լեփ-լեցուն էին գնում, այլ այն, որ քաղաքը չէր դատարկվում»։ Մեր լինելը նո՞ւյնպես զարմանալի է։

 

-Այո: Լինելն առհասարակ զարմանալի է, բայց սա փիլիսոփայություն է, գուցե վիճարկելի: Հողային աբսուրդն այն է, որ մենք մեր մասին ասել ենք, որ ահա կգա թշնամին ու վերջ հայոց պատմությանը։ Ու սա ամեն դարում ենք ասել՝ ավելի սարսափելի դարերում, քան 21-րդը: Զարմանալի չէ՞, որ Ցեղասպանությունից 2-3 տարի հետո այս ժողովուրդը պետություն է ստեղծում, իսկ պատերազմում պարտությունից հետո խոսում է պետության կործանման մասին:

 

- Ըստ Ձեզ՝ հայրենիքում մնալը «համարվո՞ւմ է հայրենասիրություն, թե՞ հայրենասիրություն է»։

 

- Վերջերս ֆեյսբուքյան մի ճանապարհորդական խմբում հարցում էին կազմակերպել՝ ո՞րն է աշխարհի լավագույն քաղաքը: Շատ քաղաքների անուններ էին տվել: Ես գրեցի՝ հարազատը: Հայրենասիրության սահմանումը վերջին ժամանակներում գուցե չափազանց պարզ է դարձել ինձ համար: Այն պարզապես մի բան անելն է: Մի մեխ մեխել կլինի, թե մի քար շարել: Բայց հրաշալի կլինի, որ մեխիցդ ու քարիցդ հետո պետությունդ ամրանա, ոչ թե բոլորն ասեն, որ դու տաղանդավոր պատշար ժողովրդի զավակ ես:

 

- «Քանի որ հավերժ պատերազմի ու խոպանի երկրում մանկավարժը միայն մեկ կոստյումի է արժանանում, այն էլ հնամաշ, հագավ ու տանից դուրս եկավ»...Այսպիսի դիպուկ, հակիրճ, բայց ընդգրկուն մտքեր էլի կան գրքում։ Ընթերցելիս, գրողից զատ, նկատում եմ հրապարակախոսին, լրագրողին։

 

-Ես ավելի շատ դա ոճ եմ համարում: Բայց երբեք էլ չեմ թաքցրել մասնագիտությունս, հատկապես, երբ իմացա, որ իմ սիրելի Մարկեսը նույնպես լրագրություն արել է:

 

- «Թշնամիներին հաճախ պարտված ու միշտ նահանջած ժողովուրդների երկրում սարերը շատ են լինում»։ Տեւական ժամանակ մեզ հաղթանակած էինք համարում, ու դա մեզ ոչինչ չտվեց։ Պարտությունը գիտակցելը մեզ թուլացնելո՞ւ է, թե՞սթափեցնելու։

 

-Մեզնից է կախված: Ընդ որում՝ միա՛յն մեզնից, ոչ ռուս խաղաղապահներից, ոչ անձամբ Պուտինից, ոչ Իրանի հեղափոխության պահպանման կորպուսից, ոչ էլ Ելիսեյան պալատի գլխավոր խոհարարի քմահաճույքի պատճառով՝ Մակրոնի փոխված տրամադրությունից: Իմ ճանաչած մարդուն, օրինակ, հաղթանակը հաճախ ստիպում է ննջել դափնիների վրա, իսկ պարտությունը սովորեցնում է: Բայց ես գիտեմ, որ սովորելն՝ այն էլ սեփական պատմությունից, մեր ժողովրդի ամենաչսիրած զբաղմունքն է:  

Հովիկ Աֆյանը Հովիկ Աֆյանը

 

-«Մարդասպանությունն այնպիսի բան է, որ միայն առաջին անգամ է մեղավորը մարդասպանը լինում։ Հաճախ կրկնվելու դեպքում մեղավորը միշտ զոհն է»։ Աշխարհաքաղաքական խաղերը, թշնամիներով շրջապատված երկիր լինելն ու նման «տեսությունները» հաշվի մեջ չե՞ն։

 

-Հենց այդ խաղերն ու թշնամիներով շրջապատված երկիր լինելն է նման տեսություն ծնել: Եթե դու գիտես, որ տունդ գայլերի շրջափակման մեջ է ու ամեն օր դուրս ես գալիս՝ դա մոռացած, գայլե՞րն են մեղավոր: Բա դու հեչ մեղք չունե՞ս, որ հանդուրժում ես այդ շրջափակումը:

 

- «...Մի թյուր կարծիք կա պատմության մասին, թե իբր դա գիտություն ա անցյալի մասին, այնինչ պատմությունը հենց ապագայի տեսությունն ա»։ Պատմությունը/ապագան փոխելու միակ ելքը սկզբին վերադառնալն է։ «Երբ որդիներն ուզում են տեսնել իրենց մահացած մայրերին, նշանակում է՝ համաձայն չեն իրենց ապրած կյանքի հետ ու ուզում են նորից ծնվել»։

 

-Ապագան փոխելու ելքերից մեկը պատմությունը նախ եւ առաջ չմոռանալն է: Գենետիկ ամնեզիայով չտառապելն է: Պատկերացրեք՝ շուրջբոլորն ականապատ դաշտ է, որի ականները հենց դուք եք դրել՝ երեկ, կամ դուք չեք դրել, բայց գիտեք դրանց բոլորի տեղերը: Ու այսօր պիտի անցնեք այդ դաշտը ու չեք հիշում, որտեղ են ականները: «Չմոռանալ»,-ասում է այս գրքի հերոսներից մեկը: Պարզ բան է ասում, բայց իմ կարծիքով՝ կարեւոր բան է ասում:

 

- «Կաթնով աղբյուրից» փախած Ծովինարն ու 14 կանայք փրկության հույսն են։ Բայց կարծես երկու տարբերակ եք նախանշում. «Ուրեմն ոչինչ չի ավարտվում ու ամեն ինչ կրկնվում է։ Ուրեմն ոչինչ չի ավարտվում ու ամեն ինչ այլ կերպ անելու հույս կա»...

 

- Ես փրկիչ չեմ ու չեմ կարող միայն ասել, որ ուրեմն ամեն ինչ այլ կերպ անելու հույս կա: Փրկիչը մարդիկ են, ցանկալի է՝ ընթերցող մարդիկ, որոնք պիտի կարդան, ապրեն ու որոշեն՝ ուրեմն ոչինչ չի՞ ավարտվում ու ամեն ինչ կրկնվո՞ւմ է, թե՞ ուրեմն ամեն ինչ այլ կերպ անելու հույս կա: Նույնիսկ ուժ կա:

 

- Գիքորն ու Ձեր խաղարկած մյուս կերպարներն իրականությունից են ծնվել, իսկ գրականությունն ունի՞ հնարավորություն իրականությունը վերափոխելու։ Առհասարակ, պատերազմից հետո գրականության նյութը փոխվե՞լ է։ Կամ պե՞տք է փոխվի։

 

-Սա հսկայական բանավեճի թեմա է, նկատի ունեմ՝ գրականության նյութը՝ պատերազմից հետո: Օրինակ՝ այն պետք է լինի երկնքի պես արեւագո՞ւյն, թե՞ հողի պես արնագույն: Գուցե այս երկուսը միասի՞ն: Ես վերքն ու երգը չմոռանալու կողմնակիցն եմ: Գրականությունը, հատկապես պատերազմից հետո, չպիտի խլի երազանքդ ու չպիտի ոտքերդ պոկի հողից, ու պիտի շարունակի խաբել՝ բայց եւ  մնալով կյանքում ամենաքիչ սուտն ունեցող ամբարը: Թե արդյունքում իրականությունը կվերափոխվի, չգիտեմ, գիտեմ, որ գրականությունը փրկիչ չէ, այ կարդացող մարդը կարող է փրկել:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին