Հայ քաղաքական մտքի տկարությունը, ցավոք, շարունակում է հանդիսանալ մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին ձախողումների պատճառներից ամենակարեւորը։ Թե՛ նախկինում, թե՛ հիմա բացակայել է ակադեմիական եւ քաղաքական լիդերների երկխոսությունը, ակադեմիական ինստիտուտների եւ բազմաթիվ վերլուծական կենտրոնների գործունեությունը որեւէ կերպ չի ուղղորդվում պետական եւ քաղաքական առաջնահերթությունների գիտակցմամբ, պետության կողմից գրեթե չկա խորը ուսումնասիրությունների վրա հիմնված ակադեմիական վերլուծական նյութի ձեւավորված պահանջ։
Այս ամենի հետեւանքով աշխարհաքաղաքական եւ/կամ միջազգային հարաբերությունների ոլորտին վերաբերող պաշտոնական Հայաստանի հայտարարություններն ու գործողությունները կրում են մեծամասամբ սպոնտան, ոչ կանոնակարգված, հաճախ նաեւ՝ հակասական բնույթ, ինչը, օրինակ, հիմք է տալիս տիկին Զախարովային բավական արհամարհական տոնով տարակուսել , թե արդյո՞ք Հայաստանը ինքը գիտի, թե ինչ է ուզում։
Օրերս հրապարակվեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ (Հայաստանի, նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների համար պատասխանատու) դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարի՝ ՏԱՍՍ-ն տված հարցազրույցի տեքստը, որում այս պարոնի անթաքույց համակրանքը Ադրբեջանի կողմն էր։ Զարմանալի է՝ եթե հաշվի առնենք հարցազրույցից ընդամենը երկու օր առաջ Սեւծովյան տնտեսական համաժողովի Խորհրդարանական Վեհաժողովում ՌԴ-ին որպես ագրեսոր ճանաչած Ադրբեջանի վարքագիծը։
Այս ֆոնին որոշակի գրոտեսկային՝ արտգործնախարարներ Միրզոյանի եւ Չավուշօղլուի ողջագուրման տեսարանի ականատես եղանք անցյալ շաբաթ՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի տարածքում։ Հայաստանյան երիտասարդ կառավարիչները պիտի անչափ աչալուրջ լինեն դարերի ընթացքում հղկված թուրքական պետական դիվանագիտության նմանատիպ դրսեւորումների հանդեպ։ Մասնավորապես՝ շատ կարեւոր է գիտակցել, թե ե՞րբ եւ ի՞նչ պարագաներում կարելի է ողջագուրվել, ի՞նչ է հետեւելու ողջագուրմանը, ի՞նչ է թաքնված դրա ետեւում։ Այլապես մեծ է հավանականությունը, որ կհայտնվենք հերթական անգամ մեր դեմ լարած թակարդում։
Վարչախմբի կողմից հայ հանրությանը ներկայացվող արտաքին քաղաքականությանը վերաբերող համար մեկ թեզը «Խաղաղության դարաշրջանն» է, իսկ առաջնային քայլը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ըստ որում, քաղաքական շրջանակներում եւ հանրության մեջ ծավալվել է բավականաչափ անիմաստ վեճ՝ թե՛ այդ պայմանագրի քանի՞ տարբերակ կա, ու՞մ տարբերակներն են դրանք, ու՞մ շահերն են սպասարկում եւ այլն։ Նույն Գոնչարը հայկական կողմին նախատում է գործընթացի մանրամասների հանրայնացման համար՝ ակնարկելով որ դա չի նպաստում վերջնական հաջողությանը։
Իմ կարծիքով, Հայաստանը հնարավոր խաղաղության պայմանագրի համար սխալ կողմ է ընտրել։ Առաջնահերթության կարգով այդ կողմը պիտի լիներ ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան՝ հետեւյալ հիմնավորմամբ․
• Մեր անկախության պահից ի վեր Թուրքիան ոչ միայն փակել է սահմանները, այլեւ ըստ էության պատերազմական գործողություններ է կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ոչ միայն տոտալ շրջափակման ենթարկելով տրանսպորտային ուղիները, այլեւ կտրելով գոյություն ունեցող էներգետիկ եւ այլ կոմունիկացիոն կապը Հայաստանի հետ (դեռեւս ցարական Ռուսաստանի կողմից՝ իր գավառները իրար կապող Գյումրի-Կարս երկաթգիծ, ԽՍՀՄ ժամանակահատվածում կառուցված բարձրավոլտ էլեկտրական գծեր)։ Տնտեսական եւ կոմունիկացիոն բլոկադան պատերազմական գործողություններ են, եւ ուրեմն՝ «Խաղաղության դարաշրջան» հայտարարելուց հետո մեզ համար առաջնային պիտի լիներ Թուրքիայի կողմից դեռեւս 1991-ից հայտարարված պատերազմի կարգավորումը։
• Թուրքիան կանխամտածված ձախողեց Հայաստանի կողմից դեռեւս 2008-ին նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը՝ մեզ համար անընդունելի պահանջներ առաջ քաշելով եւ շարունակելով հետեւել պաշտոնապես չհայտարարված, բայց անշեղորեն իրագործվող պատերազմի տրամաբանությանը։
• Թուրքիան ըստ էության, եւ՛ դե-ֆակտո, եւ՛ դե-յուրե հանդիսացավ 44-օրյա պատերազմի կողմ, եւ նրա արտգործնախարարի հետ ողջագուրվելուց առաջ մեզ հարկավոր է հստակեցնել․ արդյո՞ք պատերազմը ավարտված է, արդյո՞ք սա Թուրքիայի վերջին մասնակցությունն էր Հայաստանի դեմ ռազմական գործողությունների, որո՞նք են Թուրքիայի կողմից տարածաշրջանային խաղաղության «սեղանին» դրվող երաշխիքները։ Այս պահի դրությամբ դրանք չկան։
• Ադրբեջանը՝ որպես ենթադրվող հայ-ադրբեջանական պայմանագրի բաղկացուցիչ մաս է դիտարկում «Զանգեզուրի միջանցքը», որի վերաբերյալ, սակայն, Ալիեւի խոստովանությամբ, բանակցում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ։ Ցավոք, hայաստանյան դիվանագիտությանը չի հաջողվել «դուրս պրծնել» որպես տարածաշրջանում կոմունիկացիոն համակարգերի զարգացմանը խոչընդոտող գործոն որակման ադրբեջանա-թուրքական «ծուղակից», եւ փոխանակ Թուրքիային՝ միջազգային մեր ակտիվության շնորհիվ ավելի քան երեք տասնամյակ շարունակվող բլոկադայի համար պատասխանատվության կանչելու, հակառակ իրավիճակն է տիրում. մեզ են մեղավոր ճանաչում ռեգիոնում կաթվածահար կոմունիկացիոն իրավիճակի համար։ Իմ համոզմամբ, մենք պիտի հայելային մոտեցում ցուցաբերենք Ադրբեջանի՝ նման անհարգալից մոտեցմանը եւ հայելային ոճով հայտարարենք. տարածաշրջանում միջանցքների հարցը մենք պատրաստ ենք քննարկել Թուրքիայի հետ, եւ ոչ Ադրբեջանի։ Ըստ որում «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր կառուցումը եւ գործարկումը մենք պետք է պայմանավորենք Հայաստանին՝ ներկայիս Թուրքիայի տարածքով մինչեւ Թրաբզոն նավահանգիստ, այսպես կոչված, «Անատոլիական միջանցքի» տրամադրմամբ։
Առաջիկայում առիթ կունենամ անդրադառնալու մեր արտաքին քաղաքականության նաեւ այլ հարցերին։ Ուղղակի հրատապության կարգով ցանկացա մի փոքր ուղղել մեր դիվանագիտության կոորդինատային համակարգը։
Արմեն Դարբինյանը Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորն է եւ ՀՀ նախկին վարչապետը (1998-1999թթ.):
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: