Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. Ազատությունը նախ կորցնում ես ներսում, հետո՝ դրսում - Mediamax.am

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. Ազատությունը նախ կորցնում ես ներսում, հետո՝ դրսում
4563 դիտում

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. Ազատությունը նախ կորցնում ես ներսում, հետո՝ դրսում


Լյուդմիլա Տեր-Պետրոսյան (Պլեսկովսկայա)՝ գերմանագետ, հեռուստալրագրող, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը։ Լյուդմիլա Պլեսկովսկայան ծնվել է Լենինգրադում, Խորհրդային բանակի կադրային սպա, ֆիննական եւ Հայրենական մեծ պատերազմների մասնակից Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկու եւ բժշկուհի Բրախա Լեյբովնա Կուրտաչի ընտանիքում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը։



1972-ին ամուսնացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ տեղափոխվել Հայաստան։ 1975-ին ծնվել է նրանց որդին՝ Դավիթը։ 20 տարի աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի ռուսական խմբագրությունում՝ որպես լրագրող-խմբագիր։ 1990-ից զբաղվել է հասարակական գործունեությամբ: 1994-ին հիմնադրել է եւ նախագահում է Կանանց համահայկական միությունը, որն իրականացնում է «Ես 21-րդ դարի քաղաքացի եմ» երկարաժամկետ ծրագիրը: Միությունը կազմակերպել է կանանց միջազգային չորս համաժողով (1994, 2005, 2006, 2007): 1996-ին ՄԱԿ-ի՝ Պեկինում կազմակերպված կանանց 4-րդ համաշխարհային համաժողովում ներկայացրել է Հայաստանը։ 1995-ին ստացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հուշամեդալ: Սա պաշտոնական կենսագրությունն է մի կնոջ, ում հետ պտտվել եմ ամբողջ Հայաստանը եւ ում հիշում եմ ակնածանքով ու սիրով:

***

Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հետ ծանոթացել եմ 1996-ի մարտի 30-ին: ՀՀ առաջին տիկնոջ, առողջապահության նախարարության եւ Կանանց համահայկական խորհրդի նախաձեռնությամբ կառավարության Ընդունելությունների տանը կազմակերպվել էր «Օշականի մանկական վերականգնողական կենտրոն» ծրագրի շնորհանդեսը: Ներկա էին նախարարներ, դեսպաններ, պատգամավորներ, հոգեւորականներ, բժիշկներ, հասարակական գործիչներ… Առաջին անգամ չէի նման միջավայրում, համարյա բոլորին ճանաչում էի, բայց կաշկանդված էի ու մինչ մտածում էի՝ մոտենա՞մ, չմոտենա՞մ Առաջին տիկնոջը, շամպայնի երկու գավաթ ձեռքին ինքը ինձ մոտեցավ…

-Ճի՞շտ եմ գուշակում, «Հայաստանի Հանրապետութիւնից» Դուք եք եկել, Հրանուշ Հակոբյանը հուշեց, կարծում եմ՝ շնորհանդեսը ստացվեց, չէ՞,- ինձ պարզելով շամպայնի գավաթը՝ ասաց նա: Մնում էր մի ձեռքով գավաթը, մյուսով ձայնագրիչը պահելով՝ առաջին անգամ Առաջին տիկնոջը հարց տալ… շնորհանդեսի մասին.

-Ելույթներն այնքան համակողմանի էին, որ շատ ասելիք չմնաց: Վերջին հինգ տարում առաջին անգամ ես դիմում եմ ոչ թե միջազգային կազմակերպություններին, սփյուռքի կազմակերպություններին, որ միշտ օգնել են ու շարունակում են օգնել, այլ դիմում եմ ՀՀ քաղաքացիներին: Երեք տարի առաջ Նյու Յորքում մի առիթով ելույթ ունենալիս ասացի, որ կարճ ժամանակ անց իմ երկիրը ոտքի կկանգնի, շատ ու շատ խնդիրներ կկարողանանք լուծել մեր ուժերով: Ես ուրախ եմ, որ այդ երջանիկ օրը եկել է, մենք սեփական ուժերով փորձում ենք ու անպայման կկարողանանք լուծել մեր խնդիրները: Ես հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց կկարողանանք օգնել ուրիշ ժողովուրդներին ու պետություններին, որոնք կգտնվեն մեզ նման դժվար պայմաններում: Եվ իմ երկիրը, մեր երկիրը սատար կկանգնի նրանց: Մենք այսօր հերթական հիմնադրամ չենք ստեղծում: Ժամանակ լինելիս՝ երեկոները ես նայում եմ Օստանկինոյի ալիքով ցուցադրվող ամերիկյան «Փրկության հեռախոս 911» հաղորդումները եւ հավատացեք՝ ուրախ ու երջանիկ եմ, որ կարողացել եմ օգնել թեկուզ մեկ երեխայի, փրկել թեկուզ մեկ կյանք: Անշուշտ, օգնության ծառայություն ստեղծելը շատ թանկ հաճույք է, նման ծառայություն կարող է ունենալ զարգացած պետությունը: Ես հավատում եմ, որ մենք կունենանք այդպիսի ծառայություն, որ գուցե կոչվի 777:

-Ու՞մ է ուղղված լինելու ծառայությունը:

-Այստեղ հավաքվածները եկել են օգնելու ամենաանպաշտպան մարդկանց՝ երեխաներին: Նրանցից շատերը նույնիսկ չեն կարող խոսել ու պատմել իրենց ցավը: Բոլորս, Ձեզ հետ միասին, սկսում ենք հենց այդ փրկության, շտապ օգնության ծառայությունը: Մենք Ձեզ հետ ժամանակ ունենք, բայց երեխան մեծանում է օրից օր եւ ժամանակ չունի սպասելու՝ մինչեւ մենք հաղթահարենք մեր դժվարությունները: Ուրեմն՝ եկեք շտապենք չուշանալ ու գտնենք այն ուղին, որով առաջ տանենք մեր գործը, որ կարողանանք ասել՝ փոքրիկ, շատ փոքրիկ ու կարեւոր գործ արեցինք մեր երեխաների համար: Շատ կարեւոր է, որ մեր երիտասարդները մեր կողքին են: Մի օր մենք հեռանալու ենք, բայց այս երկրում միշտ կան մարդիկ, որ մեզնից հետո գալու են ու պատրաստ են երկրի, պետության պրոբլեմները լուծել: Ես հպարտ եմ ու համոզված, որ մեր երիտասարդները մեր կողքին են ու մեզնից հետո շարունակելու են մեր գործը:

***

1996-ը ընտրական տարի էր՝ նախագահական ընտրության: Առաջին ու վերջին անգամ ՀՀ առաջին տիկինը դե ֆակտո ամուսնուն զուգահեռ քարոզարշավ էր վարում: Նրա «շքախմբում» առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ էին, հիվանդանոցների տնօրեններ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Կազմը նպատակային էր ընտրված: Բժիշկները համարյա չէին մասնակցում քարոզարշավին, անմիջապես գնում էին հիվանդանոցներ: Այցերը հիմնականում երեք հասցե ունեին՝ դպրոց, հիվանդանոց, զորանոց: Հենց այդտեղ էլ կազմակերպվում էին հանդիպումները, որ անցնում էին ելույթների եւ հարցուպատասխանի ձեւաչափով:

Հուլիսի սկզբին ես հնարավորություն ունեցա Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի բազմամարդ պատվիրակության հետ լինել Սյունիքում՝ Եղեգնաձոր-Սիսիան, Գորիս, Մեղրի, Կապան երթուղով: Եղեգնաձորում ուսուցիչների հետ հանդիպմանը Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը ամփոփեց գիտության ու կրթության փոխնախարար Վլադիմիր Մշեցյանի, առողջապահության նախարար Արա Բաբլոյանի, Աժ առողջապահության, սոցիալական հարցերի, բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի ելույթները. «Ես հաճախ եմ անցել ձեր շրջանով՝ Գորիս, Սիսիան, Կապան, Մեղրի գնալիս եւ կանգ չեմ առել, հավատացած, որ դիմանում եք բոլոր դժվարություններին, աշխատում են դպրոցները, հիվանդանոցները: Եվ դա ուշադրության պակաս չէ, այլ մեծ վստահություն ձեր հանդեպ: Հիմա, երբ այլեւս անհրաժեշտություն չկա շտապել որեւէ քաղաք, որ ռմբակոծվել է, ուր աղետ է, կարելի է հերթով գնալ մարզից մարզ, զբաղվել դպրոցներով, հիվանդանոցներով՝ ինչ արել եմ 5 տարի շարունակ: Եվ այսօր ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետեւ պահելով ձեր մարզը, դուք պահել եք ամբողջ հանրապետությունը: 5 տարում մենք փորձել ենք ոչ միայն պահպանել առողջապահական համակարգը, այլեւ զարգացնել: Մեր բժիշկները հերոսաբար են աշխատել, եւ հանրապետությունը կամաց-կամաց դառնում է տարածաշրջանի բժշկական կենտրոնը: Արդեն նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, հարեւան երկրներից հիվանդներ են գալիս Երեւան: Ես հպարտ եմ, որ երկրաշարժից հետո, երբ մենք կորցրինք 25 000 հայ, չհուսահատվեցինք, դուրս եկանք այդ ահավոր վիճակից՝ զարգացնելով բժշկությունը: Նախկին ԽՍՀՄ-ից ո՞ր հանրապետությունն է ունեցել այդպիսի կորուստներ՝ ահավոր երկրաշարժը, դաժան պատերազմը: Մեր բժիշկները հիմա աշխատում են եվրոպական մակարդակով: Այսօր Հայաստանում գործում է պրոթեզների արտադրության ամենաժամանակակից գործարան, եւ մեր հաշմանդամներն անվճար պրոթեզ են ստանում, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում շատ թանկ է: Որտեղի՞ց փողը: Պետությունն է տալիս: Դուք եք տալիս: Բոլոր տուժածներին: Բոլորիս գրպանից: Անշուշտ, միջազգային կազմակերպությունները շատ են օգնում, բայց եթե մենք մեզ տեր չլինեինք, ի՞նչ կունենայինք: Ո՞վ օգնեց մեզ պատերազմի ժամանակ: Մեր տղաները փրկեցին հանրապետությունը, ազատ, անկախ Հայաստանը: Աստված տա, պատերազմ չլինի, մենք ուրիշ պրոբլեմներ չունենք: Անշուշտ, դժվար է, բայց դուք շատ լավ եք հասկանում՝ ինչ արժի պատերազմը եւ դուք գիտեք խաղաղության գինը: Ու այսօր պետք է մտածենք վաղվա մասին, այն մասին, որ ձեր աշխատավարձը համապատասխանի իրական պահանջներին: Արդեն աշխատում են մեր գործարանները, զարգանում է մեր տնտեսությունը: Որպեսզի մեր աշխատանքն ավելի որոշակի ու արդյունավետ լինի, պետք է կազմակերպել տնօրենների խորհուրդներ: Կրթության բնագավառի մասին ամենատարբեր տեղեկություններ են ստացվում Երեւանում, սա բնական է: Մեզ պետք են ճշգրիտ տվյալներ, որ միայն ու միայն դուք կարող եք հաղորդել, որովհետեւ միայն դուք գիտեք՝ ո՞վ ինչպե՞ս է ապրում, ու՞մ՝ ի՞նչ է պետք: Դպրոցի ու դպրոցականի հոգսերով անմիջաբար զբաղվելուն է կոչված այս խորհուրդը: Ես Ամերիկայում, Եվրոպայում հատուկ գնացել եմ նախարարությունները, կրթօջախները՝ տեսնելու ինչպե՞ս են աշխատում, որովհետեւ միշտ պետք է սովորել: Մենք բոլորս դուրս ենք եկել ԽՍՀՄ-ից եւ ի՞նչ ենք իմացել աշխարհի մասին: Եթե որեւէ մեկն ասի, թե ամեն ինչ գիտի, մի հավատացեք: Հիմա շահում է այն պետությունը, որտեղ մարդիկ սովորում են: Ես ավարտել եմ Սանկտ Պետերբուրգի մանկավարժական համալսարանը եւ շատ լավ եմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում մանկավարժական ծրագիր ամբողջ ազգի համար: Ես չեմ հասկանում նրանց, ովքեր ասում են՝ պիտի քանդել հինը, հետո նորը ստեղծել, ոչ, ոչինչ քանդել պետք չէ, պետք է զարգացնել, որովհետեւ մեր դպրոցը հիմնել է Մեսրոպ Մաշտոցը: Նրա կառուցածը քանդել չի կարելի, փորձենք զգույշ, քայլ առ քայլ զարգացնել, համապատասխանեցնել արդի պահանջներին: Հայաստանի ազգային դպրոցով կարելի է հպարտանալ, ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են, շատ փորձությունների ենք դիմացել: Կարեւորը, կարողացել ենք պաշտպանել հանրապետությունը, պահպանել մեր հույսն ու հավատը: Հիմա ամեն ինչ ունենք՝ հայրենիք, ազատություն, հավատ ու ապագայի վստահություն»:

Այդ օրը հիվանդանոցում 37-ամյա մի կին, 200 կգ քաշով, մայրության դժվար խորհուրդն էր ապրում: Պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը կեսարյան հատումով կյանք տվեց նրա 4 կգ 800 գրամ քաշով առաջնեկին: Մանուկն անվանակոչվեց Լեւոն: Դա ավանդույթ էր՝ Առաջին տիկնոջ պատվիրակության բժիշկների աջակցությամբ լույս աշխարհ եկած փոքրիկներին անվանում էին Լեւոն ու Լյուդմիլա:

Հաջորդ կանգառը Սիսիանն էր: Ուսուցիչների հետ հանդիպմանը այնպիսի անկաշկանդ մթնոլորտ էր, ասես՝ ուսուցչանոցում հավաքված իրենց խնդիրներն էին քննարկում, Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանը ամփոփում է՝ «Մեզ մեծապատիվ մուրացկաններ պետք չեն, մեզ հզոր մանկավարժներ են պետք»:

Առողջապահության նախարար Արա Բաբլոյանը մեկ միլիոն դրամ է տրամադրում Սիսիանի հիվանդանոցին ու զորանոցի լազարեթին: Հրամանատարն ու բժիշկը Առաջին տիկնոջ հետ զրույցում չեն թաքցնում վիճակը, չեն արդարանում, բացատրում են ու խնդրում օգնել: 6-րդ դարում կառուցված Սեւ եկեղեցու հովանու տակ սահմանամերձ մարտերում զոհված 42 մարտիկների շիրիմներին մեծագույն ակնածանքով ծաղիկներ են դրվում: Ուշ գիշերին գնում ենք կոտեջներ:

Առավոտը սկսվում է ինձ համար տարօրինակ: Գիշերը քունս չի տանում, ժամը 6-ին վեր եմ կենում ու գնում եմ խոհանոց՝ ջուր խմելու: Եվ տեսնում եմ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը մենակ նստած՝ սուրճ է խմում: Ուզում եմ հեռանալ, նա կանչում է ու առաջարկում սուրճ խմել միասին: Երբ փորձում եմ սուրճ, սրճեփ ու բաժակ գտնել, ասում է.

-Նստիր, նստիր, ես արդեն ամեն ինչի տեղը գիտեմ, ես կեփեմ: Քա՞ղցր, թե՞ դառը:

-Դառը, իհարկե, շնորհակալ եմ:

-Ես էլ եմ դառը նախընտրում:

Ու մինչեւ մյուսները կարթնանան, մենք խոհանոցում մի բաժակ սուրճի, գաթայի, մրգերի ընկերակցությամբ երեկվա օրն ու վաղվա օրն ենք քննարկում: Բնականաբար՝ առաջարկում եմ հարցազրույց անել, բայց նա հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ մյուս լրագրողների առնչությամբ արդար չի լինի, խոստանում է, որ Երեւան վերադառնալուց հետո հարցազրույց կտա: Խոստում, որ չկատարվեց:

***

Հուլիսի 4-ին հանդիպումներ են Գորիսում, հետո գնում ենք Մեղրի: Ճանապարհի հերթական շրջադարձին դեմ դիմաց է դուրս գալիս Իրանից եկող երկար բեռնատարը, չբախվելու համար վարորդը մեքենան փախցնում է դեպի ժայռը, կանգ ենք առնում 50 սանտիմետրի վրա: Վարորդը, որ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մշտական ներկայացուցիչ Միքայել Ալեքսանյանն է, իջնում է մեքենայից ու ասում՝ «Ժամանակ տվեք, ուշքի գամ, մահից փրկվեցինք»: Մինչ նա լվացվում է, ջուր է խմում ու դողացող ձեռքերով վառում սիգարետը, մի մեքենա է կանգնում մեր կողքին՝ Արա Ասոյանն ու Վահագն Դեմիրճյանն են են. «Տեսանք՝ չկաք, տիկին Լյուսյան ուղարկեց՝ իմանալու ի՞նչ է եղել»: Պատմում ենք, Արա Ասոյանը նստում է մեր մեքենայի ղեկին ու փորձում ենք հնարավորինս արագ ու անվտանգ հասնել խմբին: Վահագն Դեմիրճյանը մխիթարում է՝ «Մի վախեցեք, երկու անգամ նույն տեղը ռումբ չի ընկնում», Վլադիմիր Մշեցյանը առարկում է. «Կարկուտը ծեծած տեղն է խփում»: Հասնում ենք Մեղրի, երբ արդեն ավարտվել են հիվանդանոցի ու դպրոցի հանդիպումները ու միասին գնում ենք զորանոց: Կիսալույսի մեջ շարք կանգնած զինվորներին Առաջին տիկինը հարցուփորձում է առօրյայի, ծառայության, տնից ստացվող ու տուն ուղարկվող նամակների, ցանկությունների ու խնդիրների մասին: Արդեն կիսամութի մեջ մեկնում ենք մաքսատուն: Տարօրինակ զգացողություն էր՝ ահա, այստեղ, կամրջի վրա ոտքիդ տակ վերջանում է քո հողը, հայացքդ սահմանախախտ է, հայացքիդ մեջ օտար երկրի լեռներ են, հայացքիդ մեջ քո Արաքսն է, նաեւ ոչ քո ափով: Ուզում եմ հիշողությանս մեջ պահել անտանելի սեւ ու կապույտ ժայռերը, որ թվում են անիրական, որովհետեւ անհավանական գեղեցիկ են: Ու հանկարծ կողքիս լսում եմ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ձայնը, որ դառնում է պատասխան իմ չտված հարցին. «Մենք այսօր անկախ ենք, բայց անկախությունն իր գինն ունի, եւ մենք մեզ համար որոշում ենք՝ պատրա՞ստ ենք վճարել այդ գինը: Ժողովուրդը ապացուցեց, որ պատրաստ է, չնայած դժվար է, եւ իրատես լինենք, դեռ բավական ժամանակ դժվար կլինի, բայց մենք որոշել ենք պետություն ունենալ: Ես դեռ չեմ տեսել աշխարհում որեւէ հայ, որ մոռանա իր պատմությունը, ուրանա իր ազատությունը»:

***

Հուլիսի 5-ին Կապանում ենք: Հիվանդանոցից ու զորանոցից հետո, որտեղ նորակոչիկների երդման արարողությունն էր, գնում ենք դպրոց: Երկարատեւ հարցուպատասխանից հետո մարզպետը կարդում է պատմության ուսուցչի նամակը.

«Հայաստանի բաժանումից եւ Կիլիկիո թագավորության անկումից հետո հայոց աչքերը թագուհի չեն տեսել: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ իմ մահից առաջ իմ աչքերը, հայի աչքերը իրենց թագուհուն տեսան»: Մարզպետը հրաժարվում է հեղինակը անունը հրապարակել, պատճառաբանում է՝ բոլորը սյունեցիներն են:

Վերադառնում ենք Երեւան ուղղաթիռով, ես երկար նայում եմ բլուրներին, սրածայր ժայռերին ու ինձ համար էլ անսպասելի ասում եմ Լյուդիմիլա Տեր-Պետրոսյանին.

-Պատկերացնու՞մ եք՝ ինչ երկիր կունենանք, որ այս լեռները դառնան դաշտավայր:

-Չէ, լեռները ուժ են, թող լեռ մնան, մենք թիկունքի կարիք ունենք:

***

Հաջորդ այցը սեպտեմբերին էր, Գեղարքունիք՝ կանգառները՝ Սեւան, Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ: Դպրոց-հիվանդանոց-զորանոց՝ սկզբունքով: Երբ վերջապես դուրս էինք գալիս Ճամբարակից՝ հատկապես հիվանդանոցում երկար տեւած հանդիպումից հետո, հանկարծ մի տղա աղաղակելով ու կաղալով վազեց ուղիղ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մեքենայի վրա: Մեքենան լրիվ չկանգնած՝ տիկին Լյուսյան դուրս թռավ ու վազեց նրան ընդառաջ: Որեւէ մեկս չհասկացավ՝ ի՞նչ է կատարվում: … Դա իմ կյանքի ամենազարմանալի պահերից էր՝ ՀՀ նախագահի կինը գրկել էր ու փաղաքշում էր մի տղայի, որի ձախ ձեռքը արմունկից ներքեւ չկար, քիթ համարյա չուներ, մի աչքը կույր էր, ձախ ոտքը չէր ծալվում, բայց նա ժպտում էր, ծիծաղում էր, խոսում էր, մենք չէինք հասկանում, իսկ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը ոչ միայն հասկանում էր, այլեւ՝ պատասխանում: Եթե չեմ սխալվում՝ անունն Արմեն էր: Երեք տարի առաջ Ճամբարակին խփել էին «Գրադով», այդ պահին Առաջին տիկինը հերթական այցով եղել էր հիվանդանոցում, ուր հասցրել էին արնաքամվող ու գիտակցությունը կորցրած տղային: Բժիշկները ասել էին՝ ոչինչ անել չենք կարող, մեռնում է: Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը նրան իր մեքենայով բերել էր Երեւան, հիվանդանոցում կարողացել էին փրկել կյանքը, բազում վիրահատություններից հետո մեր առաջ կանգնած էր ոչ թե հուսահատ հաշմանդամ, թեպետ գուցե ոչ մի անվնաս մարմնամաս չէր մնացել, այլ՝ կենսախինդ ու կյանքի ծրագրերից պատմող մեկը, որ չէր իմացել Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի գալու մասին եւ միայն գնալիս էր տեսել նրան: Հետո ես պիտի իմանայի, որ նրան էլի վիրահատություններ էին սպասում՝ ոտքի, դեմքի, ծնոտի ու ատամների վերականգնման: Բոլոր վիրահատությունները կատարվում են Առաջին տիկնոջ հովանու ներքո, որ Արմենի համար նաեւ աշխատանք էր գտել Ճամբարակում… Երեւանի ճանապարհին լրագրողներին փոխանցվեց, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը խնդրում է՝ տղայի մասին չգրել: Ու միայն հիմա եմ գրում՝ խախտելով նրբանկատության տաբուն:  

***

Սեպտեմբերի 16-ին մեկնեցինք Տավուշ: Դեռ շոգ էր, հիշողությանս մեջ երկար ճանապարհից դաջվել է մի ձի, որ բլուրի վրա մենակ կանգնած էր ու իրենով իմաստավորում էր տարածքը՝ երկնքի կապույտը կապտում էր, երկրի կանաչը կանաչում էր, որովհետեւ ձին իր տեղում էր: Չգիտեմ՝ գեղեցի՞կ էր ձին, հովատա՞կ էր, թե՞ զամբիկ, երիտասա՞րդ էր, թե՞ ծեր: Ձին պարզապես երկրի ու երկնքի հատույթում էր: Արեւը նրա համար էր ծագել, երկիրը նրա համար էլ իր առանցքից մի քիչ շեղվել… Պառավաքարում հանդիպումը երկարում էր ու երկարում, մարզպետ Պավել Ասատրյանը ասում էր, որ 1200 հեկտար հողից 800 հեկտարը չի մշակվում, պատերազմ չկա, բայց լուծված չեն սահմանամերձ հողերի մշակման հնարավոր-անհնար լինելու հարցերը: Պառավաքարում Առաջին տիկնոջ ձեռքով փոքրիկ ՀԷԿ է բացվում: Հանդիսավոր խոսքեր չեն ասվում, ՀԷԿ-ը էներգիա կմատակարարի դպրոցին, մանկապարտեզին, արտադրական օբյեկտներին, մնացածը ցածր գներով կտրվի բնակիչներին: Դիլիջանում հանդիպումը մանկապարտեզում է, Առաջին տիկինը եկել է նվերներով: Հանդիպումների մանրամասների մեջ չխորանալով՝ Բերդում սկսեց անձրեւ մաղել, ինչ-որ մեկը հոգատար բացեց հովանոցը Առաջին տիկնոջ գլխավերեւում, բայց թիկնապահներն անմիջապես ձեռքից վերցրին ու փակեցին: Ես չհասկացա նրանց արածը՝ ճիշտը թրջվե՞լն էր: 15 րոպեից, երբ մենք արդեն շարժվել էինք Բերդից, կրակ բացվեց հենց այդ հատվածում… Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մշտական ներկայացուցիչ Միքայել Ալեքսանյանը, որ դարձյալ մեզ հետ էր, սառն արձանագրեց. «Երկրորդ անգամ մահից փրկվեցինք, հանդիպումը երկարեր, հիմա ոչ մեկս ողջ չէր լինի»: «Բայց ի՞նչ իմացան նախագահի կինն է եկել, որ խփեցին» իմ հարցին պատասխանեց մարզպետ Պավել Ասատրյանը՝ «Բերդում այդպես է, հենց տեսնում են՝ մարդիկ են հավաքվել մի տեղում, խփում են, առաջին անգամը չի…»:

***

Սեպտեմբերի 17-ին նախընտրական հանդիպման հասցեն Արարատի մարզն էր: Միայն այդ օրը ես գլխի ընկա, որ Լեռան անունով կոչված մարզում… լեռներ չկան, եւ Լեռան անունով է կոչվում Հայաստանի ամենամեծ դաշտավայրը՝ կենտրոն ունենալով Արտաշատը՝ հինավուրց մայրաքաղաքներից մեկը, որի հողում դեռ լիքը հայտնագործություններ կան՝ պեղող լինի: Առաջին հանդիպումը Վեդիում էր՝ դպրոցում, հետո՝ Արարատի հիվանդանոց, Արտաշատ՝ երաժշտական դպրոց ու հիվանդանոց: Ամփոփելով հանդիպումները՝ Առաջին տիկինը ասում է. «Իմ գործընկերներն այնքան հրաշալի խոսեցին, որ, կարծես, ամեն ինչ ասացին, ես ուզում եմ խոսել… սիրո մասին: Մեր ժողովուրդը հինգ տարում օրեցօր ապացուցեց իր ուժը: Հանրապետության բոլոր մարզերում շրջագայելով՝ ես համոզվել եմ, որ համբերություն, քաջություն, ուժ, դիմացկունություն ունենք, մեզ պակասում է միայն մի բան՝ մենք միշտ պատրաստ ենք տեսնել վատը, քննադատել, ասել, որ ինչ-որ տեղ՝ այնտեղ, կյանքն ավելի լավ է: Այս հինգ տարում ստրկության հարյուրամյակներից հետո պարզեցինք մեր որակները: Մենք համոզվեցինք, որ աշխարհի ոչ մի ժողովրդի չենք զիջում: Զրոյից սկսելով՝ կառուցեցինք եւ այսօր ունենք հզոր բանակ: Մեզ սիրելու իրավունք ունե՞նք: Հող չենք կորցրել, եւ սա ամենակարեւորն է: Դրա համար ամենից շատ պիտի սիրենք մեզ: Այսօր կյանքի առօրյա հոգսերի մեջ խրված՝ դժվարանում ենք ամեն ինչ պատմական ճշմարտության տեսակետից ըմբռնել, բայց եւ ազատության գինը, ստրկության գինը, հայրենիքի պաշտպանության, խաղաղության գինը պիտի իմանանք: 3000 տարում մեր բոլոր կորուստները մեզ հասցրել են ճակատագրական սահմանների, երբ ամեն կորուստ կարող է ապագան վտանգել: Ես չեմ կասկածում Հայաստանի պայծառ ապագային, եթե բոլորս միասին կառուցենք մեր պետությունը: Ժողովրդավարությունը մեզ համար սկզբունք է, գոյության հիմք, առանց որի կարող ենք ազատությունը կորցնել, որովհետեւ աշխարհի պատմությունն էլ դա է ապացուցել՝ ազատությունը նախ կորցնում ես ներսում, հետո՝ դրսում: Պետականության եւ ազգային շահը ամենակարեւորն է: Սիրենք մեր պետությունը, սիրենք մեզ, մեր պահպանածը, մեր ստեղծածը, մեր ստեղծելիքը: Սիրենք, որովհետեւ ատելով, նախանձելով, ստելով ոչինչ չես կառուցի, միայն սիրով ու սիրելով ես տեր»:

…Հուլիսից-սեպտեմբեր Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հետ Հայաստանը մարզ առ մարզ պտտվելով՝ տարատեսակ հանդիպումների, խոսակցությունների, քննարկումների ընթացքում ես նշույլն իսկ չէի նկատել այն ամենի, որ եղավ սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից հետո: Մինչեւ հիմա էլ համոզված եմ, որ ընտրություններից մի քանի օր առաջ ընդդիմության միավորումը, Վազգեն Մանուկյանի «20 րոպեն» ու ԱԺ Բաղրամյան մուտքից մտնելով՝ Դեմիրճյան մուտքից դուրս գալը սցենար էր, որ կապ չուներ բուն հայկական իրականության հետ: Այո, դժվար էր կյանքը, բայց նոր էինք հաղթել պատերազմում, նոր էինք հրադադար կնքել, նոր էինք ոտքի կանգնում, ժողովուրդը հրաշալի հասկանում էր ու չէր բողոքում դժվարություններից: Իշխանափոխության պահանջ ժողովուրդը չուներ, ունեին իրադարձությունների այդ զարգացումից դժգոհ, ներքաղաքական ասպարեզը աղմուկով լցրած մարդիկ… Ու 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հիմքում նաեւ 1996-ի ընտրությունների հետեւանքներն էին…

***

1997-ի հունվարի 4-ին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հրավերով գնացի «Հաղթանակ» գյուղի ծերանոց: Հրաշալի հանդիպում էր, 195-րդ դպրոցի սան, տասնամյա Գուրգեն Դաբաղյանի՝ Սայաթ Նովայի երգերի շշմեցնող կատարումով, երգ ու պարով: Տնօրեն Ռամոնա Կտակյանը պատմում էր շենքի կապիտալ վերանորոգման, հանգստի գոտու ստեղծման մասին՝ տաղավարներով, ջրավազանով, մատուռով… Սպիտակ մատուռի մասին մանրամասներ էր պատմում ճարտարապետ Սարգիս Սարդարյանը… Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը վերջում ասաց.

-Ես հիշում եմ մեր ապրած հինգ տարիների բոլոր դժվարությունները՝ լույս չկար, հաց չկար, ցուրտ էր, մեր լավագույն ցանկությունները սահմանափակվում էին՝ մի քիչ լույս, մի քիչ ավելի հաց, մի քիչ տաքություն ունենալով: Փառք Աստծո, հիմա դա անցյալ է: Ու մեր բոլոր ցանկություններն ավելի պայծառ են դարձել: Աստծուց միայն մի բան եմ խնդրում բոլորիս համար՝ խաղաղություն: Եթե խաղաղ լինի, բոլորս միասին, ձեզ հետ միասին, որովհետեւ ձեր հավատը, ձեր հույսը, ձեր գոյությունը մեզ այնքան պետք են, կկերտենք հաստատուն, պայծառ պետություն, հավերժական Հայաստան: Շնորհավոր ձեր նոր տարին, առողջ եղեք:



…Ես նրան տեսել եմ զորանոցներում, հիվանդանոցներում, դպրոցներում, խարխուլ ու շքեղ դահլիճներում, ամենուր նա եղել է պարզ, կիրթ, հոգատար ու զգոն: Իր բոլոր ելույթներում հույս ու լավատեսություն է փորձել տարածել՝ շեշտելով խաղաղության կարեւորությունը եւ բոլորիս միասնության անհրաժեշտությունը: Եվ հիմա, երբ ուզում եմ ոչ գրավոր փաստերի վրա հենվելով հիշել նրան, հիշողությունս ամենայն մանրամասներով վերականգնում է մի պատկեր, որի մասին չեմ գրել, որ փորձել եմ մոռանալ՝ տեսնելուց հետո ու ընդմիշտ, բայց հենց այդ պատկերն է խրվել հոգուս մեջ՝ Խարբերդի մանկատանը, որտեղ խեղանդամ երեխաներն են: Նրանք, որ կարողանում էին շարժվել, խոսել, երգում ու պարում էին, արտասանում, ես նրանց ջանքերից լաց էի լինում: Հետո գնացինք այն պալատները, որտեղ անշարժ երեխաներն էին՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը արագ մոտեցավ մի երեխայի, որի մահճակալը օրորոցի չափ էր ու հետաքրքրվեց նոր դեղից հետո նրա վիճակով: Բժիշկն ասաց՝ փոփոխություն չկա: Մանկան սքանչելի սեւ աչքերը փայլում էին, ժպտում էր ու փորձում էր շարժել թաթիկները… Իմ տարակուսած հայացքը որսալով՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ասաց.

-15 տարեկան է, չի տեսնում, չի լսում ու չի մեծանում, Ֆրանսիայից հորմոններ ենք բերել, գուցե մեծանա…

***

Հետո ես Առաջին տիկնոջ հորդորով եղա Երեւանի ու մարզերի մանկատներում, ծերանոցներում ու հոգեկան խնդիրներ ունեցողների պահման վայրերում՝ գժանոցներում: Նպատակը՝ նրանց խնդիրներին ծանոթանալն ու հանրության ուշադրությունը սեւեռելն էր: Շարքը ստացվեց դաժան, ու այն ամենը, ինչ տեսա գժանոցներում, փորձել եմ մոռանալ: Տեղեկությունները, որ հավաքեցի մասնագետներից հաշմանդամների մասին, հատկապես մենթալ խնդիրներ ունեցողների, մխիթարական չէին: Նրանց պարզապես պահում էին, բուժում չկար: Հարազատները հրաժարվել էին, պետությունը դարձել էր միակ հարազատը: Ես գրեցի համակարգային, առողջապահական, բարոյական, մարդկային խնդիրների մասին: Շարքի հրապարակումից հետո Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը ինձ հրավիրեց Պուշկինի փողոցում գտնվող իր գրասենյակը: Ասաց, որ կարդացել է հետաքրքրությամբ ու նույնիսկ իր համար, որ երկար զբաղվել է այդ խնդիրներով, նորություններ են եղել: «Շնորհակալություն չեմ ասում, կարեւոր ու անհրաժեշտ գործ էր, պիտի արվեր, որ մենք՝ մեր առօրյա հոգսերի մեջ չմոռանանք մեր այն մերձավորներին, որ առանց մեր օգնության չեն կարող ապրել»: Իմ առարկությանը, որ մի քանի հոդվածով ոչինչ չի փոխվում ու չեմ կարող ասել, որ այդ հաստատությունների բնակիչներից որեւէ մեկի կյանքը մի քիչ բարելավել եմ, նա պատասխանեց. «Ոչ, փոխվում է, մեկ օրվա մեջ ոչինչ չի լինի, կլինի ժամանակի մեջ՝ բժշկությունն է զարգանում, մեր սոցիալական վիճակն է փոխվում, մթնոլորտն է փոխվում: Նրանք հասարակության լիարժեք անդամներ են: Պիտի լինեն: Ու դու նրանց օգնել ես»: Այդ օրը մենք երկար խոսեցինք՝ ամեն ինչի մասին՝ խաղաղության, պատերազմի, իշխանության, ընդդիմության, երեկվա ու վաղվա, իմ ծրագրերի… Ես դեռ չգիտեի, գուցե նա էլ չգիտեր, որ մեր վերջին տետ ա տետ հանդիպումն է:

***

Վերջին անգամ նրան տեսել եմ 2007-ի հուլիսին, Աբովյան փողոցի վրա՝ Այդին Մորիկյանն ու ես իջնում էինք դեպի հրապարակ, Թումանյան-Աբովյան հատույթում նա դեմ-դիմաց դուրս եկավ ու… անցավ: «Չտեսավ, կամ՝ չճանաչեց»՝ ասաց Այդինը, ես առարկեցի՝ «Տեսավ ու ճանաչեց՝ քեզ էլ, ինձ էլ»: Չգիտեմ՝ ո՞վ էր ճիշտ: Թերեւս՝ Այդին Մորիկյանը: Բոլորս փոխվում ենք, 10 տարի էր անցել, գուցե չտեսավ, չհիշեց: Իսկ ես սիրով եմ հիշում Հայաստանի ճանապարհներին մեր խոսակցությունները, հպանցիկ ռեպլիկները, հանդիպումները սոցապ նախարարությունում, Հայրենիքին սիրո ու նվիրումի գեղեցիկ դասը, որ հասկացել եմ նրան ճանաչելով:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին