Խաղաղության քննարկումը պետք է կայանա ցանկացած եղանակի - Mediamax.am

Խաղաղության քննարկումը պետք է կայանա ցանկացած եղանակի
2799 դիտում

Խաղաղության քննարկումը պետք է կայանա ցանկացած եղանակի


Արցախյան հարցի լուծման իրական հնարավորությունների մասին 24 տարի հասարակության հետ գիտակցաբար չանցկացված զրույցը տարիների «բարձրությունից» համապատասխան թափով այսօր ընկել է հասարակության գլխին: Պատերազմի հարվածից դեռ ուշքի չեկած հանրությունը բռնել է գլուխը. hեշտ չէ տասնամյակներով չքննարկվածը լսել, հասկանալ եւ եզրակացություն անել  արագացված կարգով: Հեշտ չէ կոտրած տաշտակի առաջ կանգնած լինելու զայրույթը հաղթահարել. սրա՞ համար էին 30 տարվա մարդկային կորուստներն ու զրկանքները, որ նորից հայտնվենք այն կետում, որից սկսել էինք:
Իհարկե, հեշտ չէ, բայց անխուսափելի է:

Ներկայում կատարվողը արցախյան պայքարի պատմության առանցքային փուլերի հետ համեմատության եզրեր ունի: Դրանք վերհիշելը օգտակար կարող է լինել՝ հասկանալու իրավիճակը եւ չկրկնելու սխալները, որոնք հասցրին «կոտրած տաշտակին»:

Դարձյալ աշխարհաքաղաքական փոթորիկի մեջ

Արցախյան շարժումը սկսվեց գորբաչովյան «պերեստրոյկայի» ու «գլասնոստի» ալիքի վրա: Այն սկզբնապես ծավալվեց ԽՍՀՄ-ի շրջանակում  խնդրին լուծում տալու տրամաբանությամբ՝ բողոքի ցույցեր, խնդրագրեր կենտկոմին եւ այլն:  Լուծման այն ժամանակվա պատկերացումը համառոտ հետեւյալն էր՝ այնքան ցույցեր, գործադուլներ ու դասադուլներ անել,  պատվիրակություններ գործուղել Մոսկվա, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդում համոզիչ ելույթներ ունենալ՝ մինչեւ համապատասխան որոշմամբ Արցախը Հայաստանին միացվի: Այդ ժամանակ, բնականաբար, ոչ ոք չէր պատկերացնում, որ  ԽՍՀՄ-ի փլուզման ծավալի աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի, եւ Հայաստանն ու Արցախը  կհայտնվեն բոլորովին նոր միջավայրում արցախյան խնդիրը հետապնդելու հրամայականի առջեւ:

ԽՍՀՄ-ի փլուզմանը զուգահեռ սկսված արցախյան պատերազմը խորհրդային ժամանակի տրամաբանությամբ հայտարարված նպատակին նոր միջավայրում հասնելու շանսերը գնահատելու, նպատակը նոր իրողություններին համահունչ դարձնելու,  այլընտրանքային ուղիների մասին  խորհելու ժամանակ չթողեց: 1994թ. ռազմական հաղթանակից հետո էլ ավելորդ համարվեց անդրադառնալ դրանց:  Հաղթանակն ինքնին համարվեց նպատակին հասած լինել եւ այդ փաստի ընդունումը Ադրբեջանին պարտադրելու կարողություն: Այդ սպասումը իրականություն չդարձավ: Փոխարենը եղավ 2020թ. ադրբեջանական ռազմական հաղթանակն ու դրա ընդունման պարտադրանքը:   

2020թ. մի հրապարակման մեջ անդրադարձել էի նոյեմբերի 9-ից հետո ռուս խաղաղապահների ներկայությանը ու հավանական ֆորսմաժորային իրավիճակների, որոնց դեպքում կարող է վտանգվել Արցախի անվտանգության ապահովումը, ինչը ստիպում է օր առաջ ձեռնարկել կայուն անվտանգության հասնելու օրակարգ: Որպես օրինակ նշել էի, որ առաջիկա տարիներին ՌԴ-ում իրավիճակի փոփոխության բերումով նոր իշխանություն կարող է  ձեւավորվել (ներկայում դրա հավանականությունը, թերեւս, ավելի է մեծացել), որը ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերություններում գուցե այլ կուրս կընտրի կամ՝ պարզապես չի կարողանա այդ երկրների հետ լեզու գտնել այնպես, ինչպես ՌԴ ներկա նախագահը եւ չի հաջողվի պահել արցախյան պայմանավորվածությունները:  

Նյութը գրելու պահին, խոստովանեմ, երեւակայությունս չէր ներել պատկերացնելու Ուկրաինայում կատարվողի մասշտաբի ֆորսմաժորային իրավիճակ, որը կարող է Ռուսաստանի խոսքի կշիռը կազմող պարամետրերի ազդեցիկությունը զգալի խարխլել: Այն մշտապես չափվել է նրա ռազմական եւ տնտեսական  ուժով, իսկ Ուկրաինայում պատերազմը եւ պատժամիջոցները ժամ առ ժամ մաշում են այդ կարողությունները, եւ դրա վերջը դեռ չի երեւում:

Այսպիսով, Հայաստանն ու Արցախն այսօր դարձյալ հայտնվել են ԽՍՀՄ-ի փլուզման մասշտաբի աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում եւ դարձյալ անպատրաստ: Անպատրաստ, քանի որ 44-օրյա պատերազմին հաջորդած մեկուկես տարին Հայաստանի եւ Արցախի ճակատագրի պատասխանատվությունը կրող քաղաքական ու հասարակական վերնախավը՝ իշխանություն եւ ընդդիմություն, ռուս խաղաղապահների ապահոված խախուտ դադարը ոչ թե համախմբվելու եւ կայուն անվտանգության լուծումներ, խաղաղության բանաձեւ գտնելու, այլ իրենց հին հաշիվները մաքրելու ժամանակային պատուհան դիտարկեցին:

Ուկրաինայում պատերազմը, բնականաբար, կլանել է Ռուսաստանի ամբողջ ուշադրությունն ու ներուժը եւ գրեթե զրոյացրել նրա պատրաստակամությունն ու կարողությունը՝ գործուն արձագանքելու արցախյան գոտում հնարավոր տարբեր ծավալի ռազմական գործողություններին (առանց այդ էլ՝ մինչ այս համարժեք արձագանքի դեֆիցիտ կար տարբեր պատճառներով):  Միջազգային հանրությունը եւս ամբողջովին զբաղված է ուկրաինական հարցով: Սա, կարելի է ասել, իդեալական իրավիճակ է Ադրբեջանի համար, ուստի, զարմանալի կլիներ եւ կլինի, եթե նա ձեռքերը ծալած նստեր կամ նստի... Նրա ձեռքերին անսահմանափակ ազատություն չտալու ելքը համապարփակ համաձայնությունների գալն է:

Պարտության դրոշմով խաղաղության համաձայնագիր կնքելուն դեմ եղողները, ազատագրական պլաններ կռողները,  Արցախի դրոշի նոր «դիզայնով» կամ տեղաբաշխմամբ զբաղվողները միգուցե հարցնե՞ն ռազմական գործի մասնագետներին, թե քանի՞ ժամանոց «ձեռքերի ազատությունն» է բավարար Ադրբեջանին, որ հայերը ստիպված լինեն նաեւ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» կամ «Սյունիք, Սյունիք» երգել... Ընդ որում, դա կարող է դեռ ամբողջ «երգացանկը» չլինել. այն ավելի մեծ թվով երգերով համալրելը Ադրբեջանի տրամադրությունից է կախված... Նաեւ հարցնեն, թե որքանո՞վ է հավանական, որ ռուս խաղաղապահները ձեռքերին ազատություն տվող ադրբեջանցիներին հետայսու դիմադրություն կցուցաբերեն: Առհասարակ, նրանք ունե՞ն նման իրավիճակում համապատասխան հրաման, կամ, ունենալու դեպքում անգամ, ի՞նչ կարող են անել երկու հազար զինվորները ադրբեջանական կանոնավոր բանակի շարժի դեպքում: Հատկապես հիմա, երբ հարցական է Ռուսաստանի՝ Ուկրաինայում դրած նպատակներին հասնելը, որքա՞ն է հավանականությունը, որ Կրեմլը այս թեւում Ադրբեջան-Թուրքիա միության դեմ որեւէ գործուն քայլ կնախաձեռնի: Որ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանի սահմաններին ադրբեջանցիներն արդեն գրեթե երկու տարի թե ձեռքերին եւ թե ոտքերին անարգել, անհետեւանք ազատություն են տվել, պետք է որ այս օրերին Արցախի շահերի մասին անցյալ տասնամյակների խրոխտ պատկերացումներով վերջնագիր-պահանջներ ներկայացնողներին հուշի  այս հարցերի պատասխանները...

Արեւմուտքին, միջազգային հանրությանը կոչեր հղողներն էլ պիտի համակերպվեն իրողությանը, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքում գտնվելով՝ Արցախում նոր «տաք» իրավիճակում հայտնվելու դեպքում Արեւմուտքից գործուն միջամտություն ակնկալելը հիմա առավել եւս անարդյունք զբաղմունք է. Ուկրաինայում պայթող ռումբերի աղմուկը այս պահին խլացնում է ցանկացած այլ կանչ, հատկապես այն վայրերից, որտեղ ռուս զինվորներ են կանգնած...

Դարձ ի շրջանս յուր. պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

1997թ. ՀՀ առաջին նախագահի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» երկընտրանքի հրապարակումը նմանություն ունի այս օրերին կատարվողի հետ, բայց նաեւ՝ որոշ տարբերություններ:

Այն ժամանակ իրական հնարավորությունների մասին խոսում էր եւ որոշում կայացնելու առաջարկ անում ՀԱՂԹԱԾ պետության նախագահը:  Նա հավասարակշիռ, շրջահայաց, առաջնայինը երկրորդականից տարբերակող  գիտնական էր, որը նաեւ հիմնավոր պատկերացում ուներ միջազգային գործող կանոնների եւ դրանց շրջանակում արցախյան հարցի լուծման իրական սահմանների մասին:

Այսօր Արցախի հարցի լուծման մասին իրատեսական քննարկման կոչ է անում ՊԱՐՏՎԱԾ երկրի  վարչապետը, որը ժամանակին չօգտվեց ՀԱՂԹԱԾ երկրի նախանձելի լեգիտիմությամբ ղեկավարի դիրքից այս խոսակցությունը սկսելու հնարավորությունից (չմոռանանք, որ նախանձելի կամ գոնե անվիճելի լեգիտիմությունը պակասում էր ՀՀ առաջին նախագահին իր պատմական դարձած հոդվածի հրապարակման պահին): Բացի այդ, նա մինչ օրս մեղմ ասած՝ աչքի չի ընկել հավասարակշիռ, շրջահայաց, ամենակարեւորը պակաս կարեւորից տարբերակելու գործելակերպով: Այս հանգամանքը որոշակի բացասական ֆոն է ստեղծում Արցախյան հարցի լուծման իրական հնարավորությունների մասին անհետաձգելի դարձած խոսակցության համար: Հասարակության մի տեսանելի մաս չի վստահում նրա՝ երեւույթներն ու գործընթացները համապարփակ գնահատելու եւ կշռադատված որոշումներ կայացնելու կարողությանը, բայց վերջին ԱԺ ընտրություններում ընտրողների տպավորիչ մեծամասնությունը որոշեց, այդ ամենով հանդերձ, նրան օժտել գործողությունների եւ որոշումների մանդատով (դրա պատճառներին մասին՝ այստեղ):

Հանգամանքը, որ հայաստանյան ակտիվ քաղաքական դաշտում այս պահին չկա հանրային ընդգծված մեծ ու անվերապահ վստահություն վայելող որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ, անգամ իշխանափոխություն լինելու դեպքում, անլուծելի է թողնում խաղաղության բանակցություններում համազգային վստահությամբ օժտված նոր ղեկավար ու կառավարություն ունենալու խնդիրը: Բացի այդ, պետք չէ տրվել հուսո իլյուզիաների, թե նոր բանակցային կազմի դեպքում Ադրբեջանի նախագահը իր պահանջները մեղմացնելու է: Նոր բանակցությունների բովանդակության առանցքը եւս, ինչպես միշտ, կազմելու է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի աննահանջ պատկերացումը՝ հակամարտությունը լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ: Ալիեւը դա պնդելու է ճիշտ այնպես, ինչպես հաջողությամբ արել է երկու տասնամյակ եւ ինչը արտացոլվել է համապատասխան բանակցային փաստաթղթերում: Հետեւաբար, մնում է «ունենք այն՝ ինչ ունենք» արձանագրմամբ մեկնարկել արցախյան հարցի լուծման իրատեսական ուղիների շուրջ հասարակական քննարկումը՝  այն չդարձնելով այս պահին քննարկումն առաջարկողի հանդեպ վերաբերմունքի պատանդ:

Քննարկումը դժվար է լինելու: Նախ՝ ինչպես որ 1998թ. էր, հիմա էլ այն իշխանության համար թեժ պայքարի վերածվելու եւ մանիպուլացվելու մեծ վտանգի է ենթարկված: Այն ժամանակ ականատես եղանք, թե ինչպես բուն հարցի բովանդակային քննարկումը չսկսած՝ վերածվեց ռազմա-պատմահայրենասիրական-առավելապաշտական ամպագոռգոռ հարայհրոցով  մի գործընթացի, որի ավարտից մինչ օրս հայ հանրությունը անտեղյակ մնաց խնդրի կարգավորման էական սկզբունքներից, որոնք լուծման ցանկացած տարբերակի անքակտելի մաս էին լինելու:

Դրանցից էին, օրինակ, ադրբեջանցիների՝ Արցախ վերադարձի եւ անհայտ ժամանակ անց՝ անհայտ տարածական ընդգրկմամբ (պարզ չէր՝ ամբողջ Ադրբեջանում, թե՞ միայն Արցախում) կազմակերպչական անհայտ շրջանակով եւ իրավական ուժով, բայց միանշանակ ադրբեջանցիների մասնակցությամբ կարգավիճակի շուրջ անցկացվելիք հանրաքվեի սկզբունքները (հանրաքվեները լինում են նաեւ ոչ պարտադիր կատարման ենթակա, խորհրդատվական-կողմնորոշիչ բնույթի): Սա առանցքային հարց է, քանի որ ժողովրդագրական պատկերը վճռորոշ գործոն է բանակցային ցանկացած արդյունքի դեպքում. բնական անհամեմատ մեծ աճի շնորհիվ ադրբեջանցիները կարող են հասնել մեծամասնության եւ հանրաքվեով, թե առանց հանրաքվեի «վճռել» Արցախի կարգավիճակը: Դա աչքի առաջ ունենալով էր Ալիեւը բանակցային առաջարկներում պնդել հանրաքվեն առանց հստակ ժամկետների ու բովանդակային-իրավական-կազմակերպչական պարամետրերի հստակեցման նախատեսելու կետը:  Հիշեցման կարգով՝ 1979թ. դրությամբ ադրբեջանցիները ԼՂԻՄ-ում արդեն մոտ 23%  էին կազմում (1989թ. մարդահամարի տվյալները բնակչության զանգվածային տեղաշարժի պատճառով ճշգրտության խնդիր ունեն):

Արցախյան հարցի լուծման բանակցված վերոհիշյալ եւ այլ սկզբունքների մասին տեղեկատվական շրջափակման մեջ գտնվող հայ հասարակությունը տարիներ շարունակ կարծում էր, թե բանակցություններում ապահովել է Արցախը միայն հայերի բնօրրան պահելու եւ լիարժեք ինքնուրույն պետություն ճանաչվելու հնարավորությունը: Հավանաբար, նաեւ այդ համոզմունքն էր պատճառը, որ հանրությանն առանձնապես չէր հուզում փաստը, որ  մինչեւ 44-օրյա պատերազմը Արցախի բնակչության թիվը հակամարտության սկսվելու պահին առկա հայ բնակչության թվի համեմատ, ըստ պաշտոնական տվյալների համադրության, ընդամենը  3400-ով էր ավելացել...

Հասարակությանը տասնամյակներով օրորել էին նաեւ տարածքային ամբողջականություն-ազգերի ինքնորոշման իրավունք իրականում խրթին բալանսի մակերեսային մեկնաբանություններով, բանակցային առաջարկների մասին «հայանպաստ» մշուշոտ, ընդհանրական արտահայտությամբ: Համազգային ակնկալիք էր, որ աշխարհը կպարտադրի Ադրբեջանին ընդունել Արցախի անկախ պետականությունը, իսկ  եթե նա չընդունի՝ ապա Ալիեւը մինչեւ խոր ծերություն ստիպված  կլինի զբաղվել  միջնորդների զանազան առաջարկները ուսումնասիրելով, մինչեւ գա նրա հաջորդը եւ սկսի ուսումնասիրել նրա ուսումնասիրածը, ապա՝  նոր առաջարկներ եւ այսպես շարունակ... Ի դեպ, որոշ հայ քաղաքական գործիչներ մինչ օրս պնդում են, թե դեռ տասնամյակներով բանակցելու հնարավորություն կար:  Ադրբեջանի նախագահը նման պնդումները լսելիս լիարժեք իրավունք ունի դրանք իր մտավոր կարողություններին հասցված ծանր վիրավորանք համարել...

Ինչեւէ: Հիմա պետք է անել ամեն ինչ՝ խուսափելու 1998-ին քննարկումը տապալելու սխալը կրկնելուց: Այս առումով ավելորդ չէ անդրադառնալ այդ փուլի որոշ նրբերանգների:

Առանց նսեմացնելու այդ ժամանակներում արցախյան պայքարում ընդգրկված այլ դերակատարների տարբեր ոլորտներում ունեցած մասնագիտական կարողությունները, պետք է նկատել, որ մի քանի օտար լեզվի տիրապետող, 30 գիրք եւ 80 գիտական հոդված հեղինակած ՀՀ առաջին նախագահը, որը քաջատեղյակ էր Եվրոպայի հին ու նոր պատմությանը, միջազգային հարաբերությունների, այլ հակամարտությունների պատմական եւ ժամանակակից համատեքստերին, Արեւմուտքին ու նրա դիրքորոշումները կառուցվածքավորված հասկանալու եւ դրանցից արցախյան հարցի հետագան «արտածելու» ավելի մեծ հնարավորություն ուներ: Դրա վրա հիմնված եւ նախագահի պաշտոնում միջազգային գործընկերների հետ բանակցություններ վարելիս կուտակած փորձը նրան «առաջանցիկ» հեռատեսություն էր ապահովել արցախյան խնդրի ապագայի վերաբերյալ:

Նա հասարակությանը փաստերի եւ իրողությունների ամբողջական համադրմամբ, ինչպես սովորաբար աշխատում են գիտնականները, ներկայացրեց խնդրի լուծման իրատեսական հնարավորությունները եւ կոչ արեց օգտագործել պահը, որ Ադրբեջանը համաձայնություն է տվել բանակցային առաջարկին եւ գնալ դրանում ներառված փոխզիջումներին:  Նա չհաջողեց. ոչ միայն հասարակությունը, այլեւ նախագահի քաղաքական անմիջական շրջապատի մեծամասնությունը մասամբ՝ միջազգային մեծ համատեքստերի վերաբերյալ մակերեսային ու հատվածական պատկերացումների, մասամբ՝ առավելապաշտական երազանքների տրվելու գայթակղության բերումով «ստատիկ» վիճակում էին եւ գերադասեցին գնալ այլ ճանապարհով: Այդ ճանապարհը լի էր անորոշություններով, որոնք ժամանակի ընթացքում, ըստ առկա փաստերի տրամաբանության, չէին կարող հայերի օգտին որոշակիանալ:

ՀՀ առաջին նախագահը չկարողացավ թե իր պաշտոնավարման ժամանակ եւ թե դրանից հետո քաղաքական գործընթացներում իր մասնակցությամբ սա ընկալելի դարձնել:  Զարմանալի է, բայց հասարակությունը մինչ օրս այդպես էլ չցանկացավ ինքն իրեն հարցնել, թե ինչո՞ւ պիտի արցախյան եւ անկախության շարժման առաջնորդությամբ երկրի ղեկավարումը ստանձնած անձը պատերազմում հաղթած երկրի նախագահի դիրքից ցանկանար «պարտվողական» լուծում տալ արցախյան հարցին, եթե հայկական կողմի բոլոր պատկերացումներն իրականացնող «հաղթողական» լուծում կար...

ՀՀ առաջին նախագահի երկարամյա քաղաքական գործունեության առանձին դրվագներին կարելի է տարբեր գնահատականներ տալ՝ թե դրական եւ թե բացասական, բայց փաստ է, որ նա ՀՀ միակ ղեկավարը եղավ, որը չցանկացավ հանուն իշխանության պահպանման հասարակությանը կերակրել ամբոխահաճ, անիրականանալի խոստումներով, քարոզչական հնարքներով եւ անողոք շարադրեց իրականությունը:

Սակայն, մի հասարակությունում, որտեղ ընդունված է հիվանդից թաքցնել «վատ» հիվանդության ախտորոշումը, փոխանակ հայտնելու եւ խոսելու այն մասին, թե ինչ պետք է անել փրկվելու շանսը մեծացնելու համար, հավանաբար, անխուսափելի էր դառը ճշմարտության հանդեպ համատարած զայրույթը (դրա խորքային պատճառներից էին նաեւ պատերազմած երկրում առկա սոցիալ-տնտեսական ահռելի խնդիրները): Մի հասարակությունում, որտեղ փոխզիջում հասկացությունը կենցաղայինից մինչեւ քաղաքական ու միջպետական մակարդակում գործնականում հասկացվում է որպես այդ պահին ուժեղ դիրքում գտնվողի ցանկությունների եւ պատկերացումների 99%-ի պարտադրում, իսկ մնացած անկարեւոր մեկ տոկոսն էլ մյուս կողմին «փոխզիջել», անհնար էր պատկերացնել, որ հաղթելուց հետո կարելի է «բաց աչքով» ինչ-որ բան զիջել: Ուստի, հայ-ադրբեջանական շահերի բալանսավորման անխուսափելիությունն այդ տարիներին հանրային ընկալման մեջ տեղ չգտավ:

Բանակցային հին փաթեթներին անտեղյակ՝ նորը հասկանալ չի լինի

ՀՀ առաջին նախագահին հաջորդած երկրորդ եւ երրորդ նախագահները իշխանության եկան  արցախյան հարցը «հաղթողական» լուծելու խոստմամբ եւ գնացին այն չկատարած: Բանակցային այս կամ այն հանգրվանում սեղանին լավ առաջարկ-փաստաթուղթ ունենալը դժվար է ինքնին հաջողություն համարել, քանի որ հաջողության համար անհրաժեշտ Ալիեւի գործնական «այո»-ն չեղավ: Ալիեւն արդեն յուրացրել էր տեսական «այո» ասելուց հետո գործնական պահին վճռական «ոչ» հայտարարելու արվեստը եւ արդյունավետ օգտագործում էր ժամանակը՝ պատրաստվելով անհրաժեշտ պահին զենքի ուժով վերջնական եւ ամեն ինչին «ոչ» ասելուն: Իսկ առանց Ադրբեջանի «այո»-ի ոչինչ չէր կարող ստացվել եւ հիմա էլ չի կարող ստացվել: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ոչ մի միջազգային դերակատար, ոչ էլ՝ Հայաստանի ամենասերտ դաշնակից Ռուսաստանը չի պատրաստվում (եւ շատ առումներով չեն էլ կարող) Ադրբեջանին պարտադրել, քանի որ նա ունի միջազգային իրավունքի հիմնավոր կռվան՝ տարածքային ամբողջականությունը (միջազգային հանրությունը կարող է ընդամենը բարոյական ճնշում գործադրել):

Իմիջիայլոց, հասկանալու համար տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման  իրավունքի գործնական համադրումը եւ սահմանները,  դրա վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը՝ կարելի է հայացք նետել դեպի Ուկրաինա՝ սկսած 2014 թվականից մինչ օրս: Անգամ ատոմային զինանոցով Ռուսաստանի՝  ուկրաինական տարածքների «ռուսական ինքնորոշման» պատկերացումները չեն հասնում հաջողության, քանի դեռ Ուկրաինան համաձայն չէ: Նայած պատերազմի արդյունքի՝  նա գուցե համաձայնություն տա: Բայց Հայաստանն ու Արցախը մի՞թե Ռուսաստան էին կամ են, որ կարողանան զենքի ուժով «այո» պարտադրել Ադրբեջանին եւ ամեն անգամ զենքով ճնշել ցանկացած ընդվզում...

ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները չնախաձեռնեցին հասարակության հետ արցախյան խնդրի լուծման մասին հանգամանալից ու բաց խոսակցություն (դրա որոշ պատճառներին անդրադարձել եմ նախկինում): Անգամ 2016թ. քառօրյա պատերազմից հետո, երբ, ինչպես հետագայում պարզվեց, հայկական շահերի նշաձողը բանակցային ամբողջ պատմության ընթացքում ամենացածր կետում էր հայտնվել եւ նույնիսկ այդ կետում չէր արժանացել Ալիեւի հավանությանը՝ դրանով ամրապնդելով վերահաս պատերազմի գիտակցումը, ՀՀ նախագահը չխոսեց հանրության հետ: Այդպիսով՝ երկրորդ եւ երրորդ նախագահների կառավարման տասնամյակներում արցախյան հարցի լուծման «տհաճ» ասպեկտների մասին հասարակության անգիտությունը ցեմենտվեց, ինչը այսօր լրացուցիչ դժվարացնելու է հանրային քննարկումը:

Նաեւ այդ պատճառով է հիմա անհրաժեշտ խաղաղության պայմանագիր բանակցելուց առաջ վերջապես հրապարակել 1997-ից հետո եղած բոլոր բանակցային փաթեթները, որպեսզի հասարակությունը կարողանա գնահատել սպասվելիք համաձայնագրում հնարավորի ու անհնարինի սահմանը (1997-ի փաստաթուղթը վաղուց հրապարակայնացված է եւ հասանելի է տարբեր աղբյուրներում, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի էջում):

Ներկա վարչապետն ու նախորդ նախագահները միմյանց դեմ քարոզչական պատերազմի շրջանակում երբեմն-երբեմն նախկին բանակցային փաստաթղթերից առանձին կետեր են բանավոր  մեջբերում կամ մեկ-երկու նախադասություն փաստաթղթից «ֆոտոկոպիա» անում եւ հրապարակայնացնում, ինչը անտեղյակ հասարակության պատկերացումներն ավելի է խճճում: Ոչ նախկին եւ ոչ էլ ներկա իշխանությունները գոնե վերջին պատերազմից հետո հիմնավոր բացատրություն չեն տվել, թե ինչո՞ւ չեն այլեւս արխիվային դարձած փաստաթղթերը հրապարակվում: Ո՞վ է դեմ դրան՝ համանախագահնե՞րը: Հազիվ թե. նրանք վաղուց կարեւորում են հասարակության հետ այդ թեմայով խոսակցությունը եւ ոչ միայն դեմ չեն եղել, այլեւ խրախուսել են, որ 1997-ի տարբերակը հրապարակայնացվի: Ալիե՞ւը՝ դարձյալ հազիվ թե: Ադրբեջանը եւս դեմ չի եղել 1997-ի տարբերակի հրապարակայնացմանը, իսկ հիմա նրա համար պետք է որ բացարձակապես միեւնույն լինի, թե նախկինից ինչ կհրապարակվի ինչ՝ ոչ: Մնացին ՀՀ նախկին նախագահներն ու ներկա վարչապետը: Եթե նրանք են դեմ ՝ պետք է համոզիչ բացատրեն՝  ինչո՞ւ:  

Ներկա իշխանություններից միջազգային գործընկերների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ արցախյան թեմայով բոլոր հանդիպումների մասին ԱԺ բաց նիստում հանրության համար տեղեկատվական հաշվետվություններ պահանջող նախկին իշխանությունների ներկայացուցիչները բանակցային արխիվացված փաստաթղթերը հանրայնացնելու պահանջ չեն ներկայացնում, ոչ էլ՝ սեփական նախաձեռնությամբ դրանք հրապարակում: Իսկ վարչապետի ակնարկը, թե նախկին փաստաթղթերի մասին ավելին ասել չի ուզում սպասվող բանակցություններում հայկական դիրքերը չվնասելու համար՝ առնվազն տարօրինակ է: Ինչ է, Ալիե՞ւը չգիտե, թե՞ համանախագահները, թե ինչ են դրանք պարունակում: Այդ ո՞ւմ չիմացությունն է հիմա հայկական բանակցային դիրքերն ամրապնդելու՝ Հայաստանի եւ Արցախի հանրությունների՞...

Քանի դեռ բանակցային նախկին առաջարկ-փաստաթղթերը ամբողջովին չեն հրապարակայնացվել, Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում ոչ իրատեսական պահանջ-վերջնագրեր ներկայացնելու գայթակղությանը տրվելու պարարտ միջավայր է լինելու, ինչի նշաններն արդեն տեսանելի են: Դա կարող է հերթական անգամ անիրականանալի ակնկալիքներ առաջացնել հասարակության մեջ, ինչի հետեւանքները, փորձի բերումով, կարելի է կռահել: Արժե, որ սա աչքի առաջ ունենա նաեւ Արցախի քաղաքական վերնախավը, որի շատ ներկայացուցիչների ՀՀ երրորդ նախագահը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգելու հեռանկարից զգուշացրել էր՝ ի պատասխան վերահսկվող տարածքները վերադարձնելու եւ այլ փոխզիջումների վերաբերյալ նրանց արտահայտած դժկամությանը:

Ինչպես 1997-98թթ. այնպես էլ հիմա Արցախից պահանջկոտ գրեր ու խոսքեր են հղվում Երեւան: Հասկանալի է, որ այնտեղ գերլարված եւ գերզգայուն վիճակ է, բայց Հայաստանից ի նպաստ Արցախի բան պահանջելու կարիք չկա. Հայաստանը իր անկախության նախօրեից մինչ օրս կամովին իրեն, իր ապագան եւ իր համար ամենաթանկը՝ իր զավակների կյանքը անմռունչ դրել է զոհասեղանին՝ ամեն գնով պաշտպանելու Արցախի իր եղբայրների ու քույրերի շահերը: Այդ պատրաստակամության առումով ոչինչ չի փոխվել: Պահանջագրեր ու մեղադրականներ պետք չեն, պետք է առանց տեսարաններ սարքելու նստել եւ Երեւանի հետ քննարկել, թե ներկա իրողությունների բերումով ինչ  է հնարավոր անել եւ ինչպես:

Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունները պետք է որ շահագրգիռ լինեն սպասվող համաձայնագրին ընդառաջ ստեղծելու խորհրդատվական, խորհրդապահական մի շրջանակ, որի դռները բաց կլինեն նաեւ ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների համար: Անկախ նախկինների եւ ներկաների՝ հասարակության եւ միմյանց նկատմամբ  գործած սխալներից եւ փոխադարձ հակակրանքից, նրանց բոլորին միավորող մի առանցք կա՝ Արցախի ճակատագրի հանդեպ մտահոգությունը: Եթե նրանք հիմա էլ չկարողանան իրենց քաղաքական օրակարգերն ու անհատական թշնամանքը գոնե ժամանակավորապես ստորադասել համընդհանուր մտահոգությանը եւ որպես արցախյան հարցի նրբություններին տիրապետող հավաքական միտք  բանակցային տակտիկա մշակել եւ նվազագույնը մի իրատեսական «buttom line» ուրվագծել խաղաղության համաձայնագրի համար, ապա այլ բան չի մնա, քան ի գիտություն ընդունել, որ հայերի համար բոլոր ժամանակներում, թերեւս, ավելի հեշտ է եղել եւ դեռ է թուրքերի կամ ադրբեջանցիների հետ խնդիրներ քննարկել քան՝ միմյանց...

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին