Հայաստանը չզբաղվեց Թուրքիայով՝ Թուրքիան «զբաղվեց» Հայաստանով... - Mediamax.am

Հայաստանը չզբաղվեց Թուրքիայով՝ Թուրքիան «զբաղվեց» Հայաստանով...
3063 դիտում

Հայաստանը չզբաղվեց Թուրքիայով՝ Թուրքիան «զբաղվեց» Հայաստանով...


Հայաստանում տասնամյակներ շարունակ Թուրքիայի մասին հրապարակումներն ու քննարկումները կենտրոնացած են եղել ցեղասպանության եւ դրան հարակից թեմաների վրա: Դա սահմանափակել է թուրքական պետության ու հասարակության ընթացքն ու փոխակերպումները տարբեր դիտանկյուններից հետեւելու-հասկանալու հնարավորությունը:

44-օրյա պատերազմում Թուրքիայի ուղիղ մասնակցությունը Հայաստանի համար, մեծ հաշվով, անակնկալ էր: Մինչդեռ, անցած երեք տասնամյակում այնտեղ կատարվող հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական լայնածավալ փոփոխությունները խորությամբ ուսումնասիրելու, շարունակաբար վերլուծելու դեպքում՝  դրա հավանականությունը, եւ շատ այլ խնդիրներ, ճիշտ ժամանակին գնահատված ու գիտակցված կլինեին:

Հայաստանում ու Արցախում թե քաղաքական դերակատարները եւ թե հասարակությունն աչք էին փակել այն իրողության վրա, որ ոչ միայն Թուրքիայում, այլեւ նրա մասնակցությամբ միջազգային հարաբերություններում շատ բան է փոխվել:

Հայաստանն անհրաժեշտ չէր համարում գիտական մակարդակի պրոֆեսիոնալ վերլուծություններով հասկանալ նոր միջավայրը եւ փոփոխված համատեքստերը, գնահատել Հայաստանի համար դրանցից բխող հնարավորություններն ու վտանգները: Մենք չէինք կարեւորում մեր անվտանգության գլխավոր սպառնալիք համարվող երկրի մասին բոլոր առումներով մանրամասն տեղեկացված լինելը, որպեսզի կարողանանք նաեւ կանխատեսել նրա քայլերը եւ ըստ այդմ՝ դինամիկ քաղաքականություն մշակել, անհրաժեշտության դեպքում՝ հակազդել կամ համաքայլություն դրսեւորել:

Մենք նույնքան էլ անկարեւոր էինք համարում թուրքական վտանգի չեզոքացման գործում մեր դաշնակցին՝ ԽՍՀՄ փլատակներից վեր հառնած նոր Ռուսաստանին, այնտեղ կատարվող փոփոխությունները եւ նրա արդի բազմաշերտ շահերը հասկանալը: Այս ամենը մոտավորապես այն ոգով, թե՝ դե ի՛նչ նոր բան կա պարզելու՝ խորհրդային տարիների մեր եղբայրական Ռուսաստանն է, էլի՛, ու մեր երկրում ռազմաբազա ունի:

Իսկ Թուրքիան էլ մեզ ցեղասպանած Թուրքիան է, ինչ կա նոր ճանաչելու, մենք նրան հո նո՛ր չգիտենք... Էլ չասած Ադրբեջանի մասին, ում արցախյան առաջին պատերազմում հաղթածի սնապարծության բարձունքից քամահրանքով չտեսնելու էինք տալիս, ուր մնաց՝ այդ երկրում կատարվող ամեն ինչով հետաքրքրվեինք ու փորձեինք հասկանալ, կանխատեսել ու համապատասխան քայլեր մշակել:

Հայ հանրային ու քաղաքական միտքը, ինչպես շատ այլ հարցերում, այնպես էլ այս, ակնհայտորեն մնացել էր խորհրդային ժամանակների պատկերացումներում՝ կարծելով, թե այսօրվա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի անհատական կշիռները, շահերն ու հարաբերությունները դեռ խորհրդային դարաշրջանի տրամաբանության մեջ են, ուստի, կարելի է շարունակել Ռուսաստանի սաստիչ դերին ապավինել:

Դրան ու միմիայն դրան ապավինելը կուրացրեց հայ հասարակական-քաղաքական միտքն այն աստիճան, որ նա անտեսեց ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանի աշխարհաքաղաքական կոորդինատային համակարգում Թուրքիայի եւ Ադրբեջանի մերձեցման կորերը եւ չկատարեց դրանց հատման կետի ժամանակային հաշվարկը, չգնահատեց դրա հնարավոր հետեւանքները արցախյան հարցի վրա: Այդ պայմանական հատման կետը լինելու էր մերձեցման այնպիսի մակարդակի հասնելը, որի դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը նաեւ ռազմական ոլորտում կսերտաճեին այնպես, որ Թուրքիան իրեն թույլ կտար անել այն, ինչը նրան արգելվեց արցախյան առաջին պատերազմում՝ միջամտել:

Թուրքիա-Ադրբեջան կապերի շարունակական սերտացման ֆոնին Հայաստանի խնդիրն էր մինչեւ այդ հատման կետը կա՛մ համաձայնության գալ Ադրբեջանի հետ արցախյան հարցում կա՛մ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ այնպես, որ նրան հակամարտությանը ուղիղ եւ ջանադիր մասնակցությունից զերծ մնալու բավարար շահավետ հիմք տար: Հայաստանը 2009թ. փորձեց բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ ի դեմս հայ-թուրքական արձանագրությունների, ինչը չստացվեց (թե ինչու եւ ինչպես՝ այլ հրապարակման թեմա է): Դրանից հետո պետք է որ ակնհայտ լիներ, որ մնացել է միայն մյուս տարբերակը՝ համաձայնության գալ Ադրբեջանի հետ, քանի դեռ ադրբեջանա-թուրքական կորերը չեն հատվել, քանի դեռ  ընկալումն այնպիսին չէ, որ իրենց մեկ ժողովուրդ՝ երկու պետություն կոչողների միասին պատերազմ վարելը դեպքերի բնական ընթացք կթվա: Բայց խորհրդային ժամանակներում մնացած, կաղապարված հայ հասարակական-քաղաքական միտքը դեռ անխախտ հավատ ուներ, որ Ռուսաստանը իր զսպիչ դերը խորհրդային տարիների ոգով շարունակելու ցանկություն եւ կարողություն ունի:

Անտեսված փոփոխություններ

ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տասնամյակում Թուրքիան դեռեւս իներցիոն պատկառանքի մեջ էր Ռուսաստանի հանդեպ, եւ դա էր պատճառը, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա չմիջամտեց: Բացի այդ, Թուրքիան այդ ժամանակահատվածում դեռ կրում էր 80-ականներից եկող ներքին քաղաքական անկայունության եւ տնտեսական միմյանց հաջորդող ճգնաժամերի դրոշմը: Իսկ 90-ականներին դրանց ավելացել էր նաեւ քրդերի հետ արյունալի կոնֆլիկտը: Ներքին անկայունության եւ բազում խնդիրների մեջ խճճված եւ Եվրամիությունից մեծապես կախում ունեցող Թուրքիան չուներ ինքնավստահության այն աստիճանը, ինչ որ այսօր (թեեւ հիմա էլ բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանք այլ համատեքստերում են, եւ Թուրքիան շատ հարցերում արդեն հանդես է գալիս թելադրողի դերում, այդ թվում նաեւ՝ Եվրամիությանը): Այդ պայմաններում ՌԴ պաշտպանության նախարար Շապոշնիկովի մեկ նախադասությունը, թե Թուրքիայի միջամտության դեպքում երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի, բավարարեց, որ նա զսպվի: Դա կատարվեց ոչ թե հայերի գեղեցիկ աչքերի համար, այլ այն պատճառով, որ Ռուսաստանը դեռ խորհրդային տարիների բարեկամ-թշնամի աշխարհաքաղաքական կողմնացույցով էր առաջնորդվում, ըստ որի՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ թշնամական երկիր էր, ում միջամտությունը, եւ առհասարակ՝ ցանկացած շարժ սահմանից անդին պետք էր բացառել:

Դրանից բացի, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն եւս զսպիչ դեր էին ունեցել Թուրքիային չափավորելու գործում, որպեսզի տեղի չունենա այն, ինչից սառը պատերազմի ամենակոշտ դիմակայության փուլում անգամ հաջողվել էր խուսափել՝ ռազմական բախում Ռուսաստանի հետ: Արեւմուտքը շահագրգիռ էր հետխորհրդային քաոսի վերածվող   տարածքում կայունության շուտափույթ հաստատմամբ եւ ժողովրդավարության  տարածմամբ, ինչն անչափ կբարդանար Ռուսաստանի հետ Թուրքիայի միջոցով կրկին սառը կամ տաք պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում:

Թուրքիան դրան հաջորդած տարիների ընթացքում սկսեց աստիճանաբար ձերբազատվել Ռուսաստանի հանդեպ երկյուղածությունից: Երկու երկրները սկսեցին տնտեսական ակտիվ համագործակցություն ծավալել: Ձեւավորվեցին փոխադարձ մեծ շահեր, որոնք մեղմեցին բլոկային մտածելակերպն ու ընկալումները եւ նրանց միմյանց նկատմամբ հանդուրժող եւ պայմանավորվելու պատրաստ դարձրին նաեւ արտաքին քաղաքականության շատ հարցերում:

Այս ամենում վճռորոշ եղավ հանգամանքը, որ Թուրքիայի ճակատագրի տնօրինումը 2003թ. հայտնվեց Ռեջեփ Թայիփ էրդողանի՝ մի մարդու ձեռքերում, ով անասելի լավ ռացիոնալ հաշվարկել գիտեր, ինքնավստահության եւ սեփական կանոնները ոչ ստանդարտ քայլերով թելադրելու անսովոր վճռականություն ուներ եւ տեսակով չափազանց տարբերվում էր Թուրքիայի մինչ այդ եղած քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից, հատկապես՝ իր անկանխատեսելիությամբ:  

Ռուսաստանում իշխանությունը 1999թ. Ելցինից ժառանգած Վլադիմիր Պուտինը եւս նորեկ էր: Սկզբնական շրջանում նա միջազգային հարաբերություններում, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ, նոր, հանդարտ ուղիների փնտրտուքի պարտադրանք ուներ թեկուզ միայն այն պատճառով, որ Ռուսաստանին ոտքի կանգնելու ժամանակ էր պետք, եւ որտեղ հնարավոր էր կոնֆլիկտից խուսափել՝ պետք է խուսափեր: Երկու նորեկները սկսեցին համագործակցության մի շրջափուլ, որը զարգացավ միմյանց հետաքրքրություններ հաշվի առնելու եւ դրանցից տնտեսական եւ միջազգային անցուդարձում համատեղ շահեր բխեցնելու առանցքով: Դա հնարավորություն տվեց Թուրքիային եւ Ադրբեջանին ռուսական մեղմացած հայացքի ներքո մեծ ինտենսիվությամբ մերձենալ:

Ռուս-թուրքական եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների վերափոխմամբ պայմանավորված՝ քաշային փոփոխություններ եղան նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Դրա մասին էր վկայում, օրինակ, փաստը, որ Ռուսաստանին չհաջողվեց Ադրբեջանում խորհրդային ժամանակներից գործող Գաբալայի ռուսական  ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման պայմանագիրը երկարաձգել: Ադրբեջանը 2002 թվականից կայանը տարեկան 7 մլն դոլարով վարձակալության էր հանձնել ռուսներին, իսկ երկարաձգելու համար վարվող բանակցություններում նախնական 15 մլն դոլարից իր պահանջները հասցրեց մինչեւ 300 մլն դոլարի՝ ակնհայտորեն նպատակ ունենալով գինն այնքան բարձրացնել, մինչեւ այն այլեւս շահավետ չլինի Ռուսաստանի համար եւ այդպիսով ազատվել ռուսական ներկայությունից: Կողմերը համաձայնության չեկան, եւ 2012թ. ռուսները հեռացան Ադրբեջանից (ըստ մասնագետների՝ Ռուսաստանի համար այդ կայանը ռազմավարական վճռորոշ նշանակության չէր եւ վարձակալության մեծ ծախսը համարժեք չհամարվեց):

Երբ Ռուսաստանը համակերպվեց Ադրբեջանի «ոչ»-ին, պարզ էր, որ ամեն ինչ այլեւս առաջվանը չէ: Բայց հայ հասարակական-քաղաքական միտքը ասես իր շուրջը կատարվողին անտեղյակ՝ շարունակում էր Շապոշնիկովի նախադասության տասնամյակներ առաջ ունեցած ազդեցությունը բառի բուն եւ փոխաբերական իմաստով անվտանգության բարձիկ դարձրած՝ անխռով ննջել դրա վրա...

Զարգացած երկրներում գիտական-ուղեղային կենտրոնները հարեւան, բարեկամ, գործընկեր եւ խնդրահարույց պետությունների սոցիալ-տնտեսական, հասարակական, ներքին եւ արտաքին քաղաքական, ռազմական, մշակութային ոլորտների մասին շարունակաբար վերլուծություններ են կատարում, ուրվագծում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներ ու մշակում դրանց դիմագրավելու առաջարկներ: Հայաստանում չկային եւ դեռեւս չկան նման կարող կենտրոններ, որոնց վերլուծությունները կօգնեին ու կօգնեն ոչ միայն պետական-քաղաքական մակարդակում որոշում կայացնողներին, այլեւ հասարակությանը, որպեսզի նա տեղեկացված լինի այդ երկրների մասին, ընկալի նրանց հետ կապված գործընթացների ու որոշումների համատեքստը:

Ընդհանրապես, հայ հասարակությունը երկար ժամանակ անտեսել է մի պարզ իրողություն. հարեւան, գործընկեր, բարեկամ կամ հակառակորդ երկրների պատմությունների, հասարակությունների, դրանցում կատարվող փոխակերպումների, ներքին եւ արտաքին խնդիրների, առաջնահերթությունների, նախասիրությունների, ցավոտ թեմաների, կարմիր գծերի մասին լավ տեղեկացված լինելը նրանց հետ հարաբերություններն արդյունավետ կառավարելու նախապայման է: Բարեկամների դեպքում չիմացությունը կարող է ինչ-որ դրվագում նրանց անտարբեր դիտորդի կամ նույնիսկ հակազդող կողմի վերածել, իսկ հակառակորդների դեպքում՝ խնդրահարույց հարաբերությունները բարելավելու շանսերը չնկատված եւ չօգտագործված թողնել, էլ չասած՝ հակասություններն ակտիվ հակամարտության վերածելու վտանգի մասին:

Առանց թե՛ հակառակորդի եւ թե՛ բարեկամի մեծ ու փոքր շահերը եւ դրանց շարժառիթները հասկանալու՝ անհնար է պատեհ պահի  սեփական շահը հարմար դիրքավորել դրանց ծիրում եւ իրացնել: Իսկ սահմանափակ աշխարհագրությամբ եւ նվազ ռեսուրսներով պետությունը, ինչպիսին Հայաստանն է, կարող է իր շահերը սպասարկել միայն այդ բանաձեւով, քանի որ շահ պարտադրելու ազդեցիկ ու կայուն լծակներ չունի: Կոնֆլիկտային բեռով ծանրացած հայկական շահերը Ռուսաստանին կամ Արեւմուտքին պատվիրակելը, ակնկալելով, որ նրանք իրենցը մի կողմ թողած՝ մեր շահերը հենց մեր պատկերացրած ձեւով այլոց կպարտադրեն, հայկական «way of  life» է արդեն քանի տասնամյակ: Դրա հետեւանքը իրեն սպասեցնել տվեց մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը...

Հատկապես Թուրքիայով հանգամանորեն չզբաղվելը վճռորոշ եղավ վրիպած հաշվարկների փաստի առաջ հայտնվելու առումով. Հայաստանը չզբաղվեց Թուրքիայով՝ Թուրքիան «զբաղվեց» Հայաստանով...

Այսօր, երբ Հայաստանը կրկին ներգրավվում է Թուրքիայի հետ երկխոսության մեջ, ցավոք՝ շատ անբարենպաստ ելակետային դիրքից, այլեւս հնարավոր չէ անտեսել այդ երկրում կատարվող գործընթացների եւ միջազգային հարաբերություններում առկա նոր իրողությունների համատեքստերի վերաբերյալ վերլուծություններով կառավարությանը սպասարկող պրոֆեսիոնալ խորհրդատվական կառույց ստեղծելու անհրաժեշտությունը: Նաեւ հայ հանրությանը պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի նա հարեւան, թեկուզեւ խնդրահարույց, երկրի մասին բավականաչափ տեղեկացված լինի:

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին