Հրաժեշտ մեր չպատկերացրած 2020-ին - Mediamax.am

Հրաժեշտ մեր չպատկերացրած 2020-ին
5360 դիտում

Հրաժեշտ մեր չպատկերացրած 2020-ին


Ռուսաստանցի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը 2000-ականներին մի նախագիծ էր ձեռնարկել՝ «Հայաստան-2020»: Նպատակը մինչեւ 2020 թ. Հայաստանի զարգացման սցենարների ու հնարավորությունների ռազմավարական վերլուծությունն էր:

Այս ծրագրի մասին հիշեցի պատերազմի տասներորդ օրը, երբ Ռուբեն Վարդանյանը հայաստանյան մի անշուք այգում կանգնած, ներքին փոթորիկը մատնող դեմքի մկանախաղը մի կերպ զսպելով, խնդրում էր ՌԴ նախագահին միջամտել ու դադարեցնել պատերազմը:

Այդ պահին նախ ցավ ապրեցի հայ մարդու համար, ով անտեսելով չլսված մնալու գրեթե հարյուր տոկոսանոց հեռանկարը, այնուամենայնիվ, որոշել էր իջնել ռուսաստանցի հաջողակ միլիոնատիրոջ հարմարավետ բարձունքից ու փրկություն էր խնդրում իր հայրենիքի համար: Հետո միտքս եկավ «Հայաստան-2020»-ը:

Չգիտեմ, թե զարգացման ինչ սցենարներ էին այդ նախագծով ուրվագծվել. մամուլում քիչ էին դրա մասին անդրադարձները: Բայց, ամենայն հավանականությամբ, դրանցից ոչ մեկը իրական Հայաստան-2020-ը  չէր նախանշել որպես հնարավոր սցենար ու խաղաղության հաստատումը դիտարկել որպես Հայաստանի ու Արցախի զարգացման առաջնահերթ գրավական: Այդ բացթողումն  ակնհայտորեն կար ոչ միայն  այս նախագծի դեպքում:

Հայաստանն ու Արցախը 26 տարի ապրում-պլանավորում էին առանց գլխավորը՝ խաղաղության հաստատումը միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերում ներառելու: Ներառելու իրապես, ոչ թե «արցախյան հարցի հայանպաստ լուծում» հերթապահ արտահայտությունը ռազմավարական ծրագրերում copy-paste անելով: Նաեւ դա՛ էր պատճառը, որ արցախյան հարցի համակողմանի քննարկում անցած 26 տարում այդպես էլ տեղի չունեցավ: (Այլ պատճառներին անդրադարձել եմ նախորդ՝ Նոր պատերազմ՝ նոր տարածքներ... Եռաբլուրում հրապարակման մեջ): Արդյունքում իրական Հայաստան-2020-ը եղավ այնպիսին, ինչպիսին չէինք պատկերացնի ամենավատ մղձավանջում անգամ:

Մենք, ըստ էության, որոշել էինք կառուցել Հայաստան առանց ամուր հիմք՝ խաղաղություն ապահովելու՝ լինի դա փոխզիջումներով, թե ցանկացած պահի հակառակորդին խաղաղություն պարտադրելու կարող ռազմական հզորություն ստեղծելով: Հիմա կանգնած ենք ավերակի առջեւ ու չենք պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի էր չհասկանալ այդ պարզ ճշմարտությունը: Ճիշտ այնպես՝ ինչպես 1988-ի երկրաշարժից հետո փլատակների առջեւ չէինք կարողանում ըմբռնել կատարվածը, բացատրել ինքներս մեզ, թե ինչպե՞ս կարելի էր սեյսմիկ գոտում շենքեր կառուցել՝ դրանց  համար նախատեսված ավազից ու ցեմենտից «լեվի» վաճառքի մասնաբաժին հանելով, առանց երկրաշարժի դեպքում տարհանման պլաններ ունենալու, առանց անվտանգության տարրական կանոնների իմացության՝ ապրել այդ շենքերում:  

Հայաստանի զարգացման նախկին բոլոր կանխատեսում-ծրագրերը, փաստորեն, կարելի է արդեն թղթի թափոն համարել: Պետք է մտածել եկող տարի մի համապարփակ «Հայաստան-2025» նախագիծ ունենալու մասին. 2025-ը ռուսական խաղաղապահների ներկայության ավարտի նախնական ժամկետն է...

Շարունակեմ համեմատությունը: Երկրաշարժից հետո Հայաստանին օգնության շտապած խորհրդային հանրապետությունների շինբրիգադները պիտի վերականգնեին աղետի գոտին: Սակայն իրադարձությունների հետագա անսպասելի զարգացումը բոլորովին այլ իրողություններ ստեղծեց: ԽՍՀՄ-ը փլուզվեց՝ ի չիք դարձնելով աղետի գոտու վերականգնման խորհրդային ծրագիրը: Աղետի գոտու բնակիչները երկար ժամանակ միայնակ մնացին իրենց հոգսերի հետ, նրանցից ոմանք՝ մինչ օրս:  

Այնպես որ՝ նրանք, ովքեր հիմա թեթեւացած շունչ կքաշեն կարծելով, թե ռուս խաղաղապահների ներկայությունը հավերժ է  եւ մեզ կազատի անվտանգության մասին հոգալու «գլխացավանքից», չպետք է մոռանան, որ շատ բան անակնկալ եւ շատ արագ կարող է փոխվել: Օրինակ՝ պատկերացնենք  ՌԴ-ում ինչ-որ չնախատեսված իրավիճակի բերումով նոր իշխանություն է ձեւավորվում, որը ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերություններում այլ կուրս է ընտրում: Կամ՝ պարզապես չի կարողանում այդ երկու երկրների հետ լեզու գտնել այնպես, ինչպես ՌԴ ներկա նախագահը, եւ չի հաջողվում պահել արցախյան պայմանավորվածությունները...

Հաշված ժամերից կազատվենք աղետալի 2020-ից: Մինչեւ 2025-ի վերջնահաշվարկը սկսված է: Հայաստանյան հասարակական-քաղաքական ուժերը այսօրվանից պետք է լծվեն «Հայաստան-2025»-ի գաղափարներ գեներացնելու եւ դրանց իրագործման իրատեսական ուղիներ մշակելու դժվարին, բայց անխուսափելի գործին:  Դա՛ է լինելու սպասվող արտահերթ ԱԺ ընտրություններում նրանց այցեքարտը, ոչ թե այն, թե ով ամենասրտակեղեք բառերով կնկարագրի բոլորիս արդեն իսկ հայտնի կորուստներն ու վտանգները կամ՝ ով պարտության պատասխանատու կառավարությանն ամենաթունդը կհայհոյի ու կանիծի կամ՝ ով կառավարության ղեկավարի համար ամենաբարձր գլխագինը կառաջարկի: Անհավատալի է, բայց կոնկրետ հիմա դրա՛ ականատեսն ենք:

Տարեմուտ է: Մենք 26 տարի Ամանորին բաժակ էինք բարձրացնում երկրին խաղաղություն ու  մեր զինվորներին բարի ծառայություն մաղթելով, բայց մոռանում ինքներս մեզ հարցնել, թե ի՞նչ ենք արել անցնող տարում խաղաղություն հաստատելու կամ զինվորների բարի ծառայությունն ապահովելու համար:  Սակայն, սիրված՝ «գործերին հաջողություն» կենացը տեղը տեղին հստակեցնում էինք, ամփոփում, թե անհատապես ինչերի ենք հասել անցնող տարում ու  նոր տարում դեռ է՛լ ինչերի ենք հասնելու: Մեզ, մեծ հաշվով, չէր հետաքրքրում, թե ինչպես են ընթանում բանակի՛ գործերը: Գուցե գեներալիտետի գործերի շատ հաջող լինելը, ի դեմս նրանց դղյակների ու շքեղաշուք ապրելակերպի, համարում էինք նաեւ բանակի՞ գործերի լավ լինելու նշան...

Ամանոր է՝ ցավի ու դառնության աստիճանով համեմատելի 25 000 կյանք արժեցած երկրաշարժից հետո եղած Ամանորի հետ:  Այս տարեմուտին այլեւս չենք կարող ավանդական ճոռոմ ու փուչ կենացները խմել: Այս անգամ կարող ենք միայն ինքնախարազանումի բաժակ բարձրացնել ու մեր նահատակներին ու ինքներս մեզ խոստանալ, որ Հայաստան-2020-ում ենք թողնում մեր չարաչար վրիպած հաշվարկները, մեր արատներն ու մաղձը, մեր եսի շառավղից անդին չանցնող մտահորիզոնը  եւ 2021 մտնում անցյալի սխալները իրատեսական հաշվարկներով հատ-հատ շտկելու վճռականությամբ: Արա՛գ շտկելու:

Ամանոր է: Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում սիրված կատարումներով ամանորյա խնջույքներ խոստացող ռեստորանային գովազդները հուշում են, որ կլինեն մարդիկ, ովքեր կգնան ավանդական երգ ու պարով, բազում համադամ խորտիկներով նշելու Նոր տարին:

Անձամբ անկարող եմ պատկերացնել՝ ինչպե՛ս է հնարավոր հազարավոր թարմ շիրմաթմբեր, բաց երկնքի տակ մնացած ու դեռ չգտնված աճյուններ, գերեվարվածներ, վիրավորներ, ողբից ցամաքած ակնաղբյուրներով մայրեր, հազարավոր անտուն մայր ու մանուկ աչքի առաջ ունենալով՝ «սիրված կատարումների» ներքո ամանորյա խնջույք անցկացնել... Դրան գումարած՝ համավարակի արդեն երեք հազարի հասնող զոհերը: Եթե այս ամենով հանդերձ՝ խնջույքի սիրտ ունեցողներ կլինեն, ինչ արած՝ ուրախ ժամանց նրանց...  

Հայաստան-2020 տեսածներս պիտի որ լուռ եզրահանգման եկած լինենք, որ գոնե այս անգամ մեզ համար սպառողական խրախճանքի գագաթնակետ Ամանորից առավել կարեւոր է լինելու Սուրբ Ծնունդը, որը, ցավոք, ավանդաբար նշում ենք տարեմուտի խնջույքների բուռն խումհարից  դեռ  կարգին չազատված: Գուցե այս անգամ Սուրբ Ծննդյան տոնի խորհուրդը սթափ գլխով ու վիրավոր սրտով ընկալելը մեզ օգնի՞ մաքրագործելու մեր միտքն ու հոգին, որ ի վիճակի լինենք  նոր էջ բացելու մեր անձնական ու պետական կյանքում:

Ովքեր ապրումակցումի ունակ են՝ Ամանորին  կբավարարվեն երեխաների համար  տոնածառի լույսերը վառելով, Ձմեռ Պապից նվերներ փոխանցելով ու ընտանեկան համեստ սեղանի շուրջ կասեն՝ գալդ բարի՛, նո՛ր տարի...

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին