Անակնկալ արդյունքների մեխանիկան - Mediamax.am

Անակնկալ արդյունքների մեխանիկան
4665 դիտում

Անակնկալ արդյունքների մեխանիկան


Հունիսի 20-ի ուշ երեկոյան ԱԺ ընտրությունների արդյունքների գրաֆիկում կառավարող ուժի ստացած քվեները պատկերող մանուշակագույն սյունի բարձրությունը հայ հանրության հոնքերն այդ սյունի բարձրությամբ վեր թռցրեց... Արդեն մեկ շաբաթ է անցել, բայց դեռ բոլորին չէ, որ հաջողվել է հոնքերը բերել բնականոն դիրքին. հասարակությունը բացատրությունների փնտրտուքի մեջ է:

Անժխտելի է թվում, որ պատերազմի դժոխքով անցած ու մինչ օրս հանդ ու չոլում իր զոհված զավակների մասունքները փնտրող ժողովուրդը պատերազմ տանուլ տված վարչապետին նման մեծ վստահության արժանացրեց ոչ այն պատճառով, որ նրան անփոխարինելի ստրատեգ, մտքի կաճառ ու անգերազանցելի լավ որակներով օժտված է համարում, այլ, որ նախորդ իշխանությունների ու հին կուսակցությունների որոշ անգերազանցելի վատ որակներ հավերժ դաջված են հանրային հիշողության մեջ: Իսկ նոր կուսակցություններից ոչ մեկը հասարակության աչքում դեռեւս չուներ ընդգծված պրոֆիլ:

Քարոզարշավի ընթացքում անցյալից եկող ուժերի խոսքի ինքնահավան երանգներն ու «հին ավանդույթների» որոշ դրսեւորումներ լրացուցիչ թարմացրին հանրության հիշողությունը: Այդ ավանդույթներից մեկն ընտրապայքարին մասնակից քաղաքական որեւէ ուժի  համար նրա անդամների ու համակիրների ջանքերով ձայն ապահովելն է՝  սեփական քաղաքական ճաշակը պարտադրելով իրենց ենթակայության ներքո գտնվող մարդկանց:

Ընտրվողի պատիվը գերակա չէ ընտրողի պատվին

Քաղաքացին ապօրինի կամ օրինական ձեռք բերված գույք չէ, որ տնօրինես՝ հրահանգես, թե ում պետք է ընտրի կամ սպառնաս հետեւանքներով, եթե չընտրի: Երկու տասնամյակից ավելի նման պրակտիկայի զանգվածային կիրառմամբ անցկացված ընտրություններից հետո մարդիկ մինչեւ կոկորդը կուշտ էին դրանից, եւ մեծամասնությունն այլեւս համաձայն չէր իր քաղաքացիական արժանապատվությունն իր գործատուի կամ վերադասի քաղաքական ճաշակին զոհելուն:

Երբ բժշկական կենտրոնի անվանի ու հարգված բժիշկ-տնօրենն իր ենթականերից  պահանջում է քվեարկել իր, գուցեեւ շատ հիմնավորված, քաղաքական կողմնորոշման օգտին ու սպառնում քվեարկության տվյալների ստուգմամբ՝ նա իր մասնագիտական եւ մարդկային բարձունքից իջնում է եւ վերածվում գործընկերների քաղաքացիական արժանապատվությունը խլողի: Երբ համայնքապետն ընտրացուցակում ընդգրկված իր, գուցեեւ շատ արժանավոր, դստեր քաղաքական բեմելը հաջողելու համար իր աշխատակիցներից պահանջում է քվեարկել նրա կուսակցության օգտին, նա ըստ էության, ասում է՝ զիջե'ք ինձ ձեր քաղաքացիական պատիվը, որ զավակիս քաղաքական ուժը պատիվ ունենա...

Բժիշկ-տնօրենը դատապարտելի բան չտեսավ նրանում, որ գործընկերներին ասել է, թե կարժանանան կոշտ վերաբերմունքի, եթե իր պահանջին համապատասխան չքվեարկեն: Նա դա հիմնավորեց այն բանով, որ ...աշխատակիցներին կամ նրանց ընտանիքի անդամներին բուժկենտրոնում անվճար վիրահատվելու հնարավորություն է տվել եւ պարզապես ակնկալում էր, որ դրա դիմաց իր պահանջը կհարգվի: Այսինքն, նա բնական է համարում, որ եթե մարդկանց նեղ պահին օգնել է, ապա կանխավճարով ձեռք է բերել ինչ-որ պահի նրանց իր կամքը թելադրելու իրավունք:

Այս օրինակը մեկն է հազարավոր հայտնի ու անհայտ այդպիսի իրավիճակներից, երբ նման մտածելակերպի մարդիկ, իսկ նրանք կան քաղաքական բոլոր ճամբարներում, իրենց քաղաքական կամքը փաթաթում են իրենցից կախում ունեցողների վզին: Սա վկայում է, թե ինչ աստիճան է հասարակության մեջ անցած տասնամյակներում արմատավորվել քաղաքական հոգեվաճառությունը, որ դա չի դիտվում որպես անարժանապատիվ վիճակ թե պարտադրողի եւ թե պարտադրվողի համար, այլ նորմալ  երեւույթ է համարվում:

Բուժկենտրոնի աշխատակիցները դժվար թե տեղյակ չլինեին, որ իրենց ղեկավարը պատգամավորության թեկնածու է, եւ եթե նրանց մեջ կային մարդիկ, որոնք ինքնաբուխ կուզենային անվճար վիրահատությունների դիմաց վարձահատույց լինել իրենց քվեն նրա ներկայացրած քաղաքական ուժին տալով՝ առանց այդ պահանջ-ելույթի էլ կանեին դա: Առանց նրա հրահանգի էլ, անշուշտ, կլինեին նաեւ մարդիկ, որոնք համոզմունքի բերումով կգերադասեին այդ քաղաքական ուժին: Կարելի էր բավարարվել այդքանով եւ չգնալ ամեն գնով առավելագույնը ստանալու ճանապարհով:

Այս օրինակի  ցավալիությունը միայն այն չէ, որ մարդկանց քաղաքական կամքի վրա ճնշում է բանեցվել: Ցավալի է նաեւ, որ դա արել է ոչ թե ձայների առքուվաճառքի հարուստ կենսագրությամբ շարքային մեկը, այլ մարդկային կյանքեր փրկածի կենսագրությամբ մի բժիշկ, ով գուցե իր գործունեության ընթացքում միայն այս վրիպումն է ունեցել եւ հայտնվել է նման տգեղ պատմության մեջ եւ դատարանում, մինչդեռ, ձայների առքուվաճառքով զբաղվող բազում «պրոֆեսիոնալներ» հանդուրժվել են տասնամյակներ շարունակ: Բայց այս օրինակի հետ կապված մի նրբերանգ էլ կա:

Աշխատակիցներին հրահանգավորելիս բժիշկը նաեւ հղում էր արել հոգեւոր բարձրագույն դասին՝ ասելով, թե նա էլ է իր քաղաքական կողմնորոշմանը, եւ գործընկերներին հիշեցրել, որ եկեղեցին իրենց բժշկական կենտրոնի հոգաբարձուն է... Արձագանքելով հրապարակված ձայնագրությանը՝ Մայր Աթոռի ներկայացուցիչը հերքեց եկեղեցու կողմից նման պարտադրանքը, բայց հերքման տեքստում վրդովմունքի նշույլ չկար, որ Մայր Աթոռին քաղաքական քարոզչության եւ պարտադրանքի համահեղինակություն էր վերագրվել: Ավելին, հերքողը նաեւ միացավ բժշկի տարակուսանքին, թե ինչպես կարելի է ձայնագրության մեջ լսվող խոսքում քվեարկության ուղղորդման փորձ տեսնել...

Մարդկանց քաղաքացիական իրավունքների վրա ճնշում գործադրելու այս «դեժավյուն» եւս, ըստ երեւույթին, պատճառ եղավ, որ շատերը, ում պարտադրել կամ սպառնացել էին, ապա եւ հանրությունը, որը արտահոսքերի միջոցով տեղեկանում էր նման դեպքերի մասին, իրենց պարտավորված զգացին եւս մեկ անգամ մերժելու նախկին համակարգը ու նրա ներկայացուցիչներին: Եվ շատերը ոչ թե խոր համոզվածության, այլ ճարահատության բերումով ընտրեցին ներկաներին ու նրանց՝ պետության կառավարման որակի առումով «չհամակարգը», որում չգործող անհրաժեշտ մեխանիզմներից բացի, բարեբախտաբար, չի գործում նաեւ ավանդական բիրտ ընտրակեղծարարության ու քվեների առքուվաճառքի մեխանիզմը:

Ազատությունների կորստի վախի գործոնը

Թերահավատությունը, որ ժողովրդավարությունը, քաղաքացու ազատությունները կարեւորող այլ ուժեր կհաղթահարեն անցողիկ շեմը, թերեւս, ստիպեց նրանց որոշ թվով համակիրների եւս գերադասել գործող վարչապետին, հաշվի առնելով նրա կուսակցության՝ ԱԺ անցնելու վստահ հեռանկարը: Ի դեպ, հավանաբար նաեւ նույն կերպ կողմնորոշվեցին վարչապետի հեռացումը բոլոր խնդիրների լուծման բանալի համարող այլ քաղաքական ուժերի համակիրներ եւ քվեարկեցին ընդդիմության առավել մեծ շանս ունեցող դաշինքների օգտին: Նաեւ նրանք, ում համար ժողովրդավարությունը, քաղաքացիական ազատությունները, ազատ խոսքը առկա մարտահրավերների պայմաններում, կամ ընդհանրապես՝ աշխարհայացքի բերումով, այնքան էլ էական չեն, կարեւորեցին ներկա պետական կառավարման խառնաշփոթը նախկինների փորձված «ուժեղ» ձեռքով կարգավորելու անհրաժեշտությունը:

Թե կառավարող ուժին եւ թե նախկին քաղաքական եւ տնտեսական վերնախավը ներկայացնող ուժերին քվեարկողների շարքում մի առանձին խումբ էին կազմում նրանց հետ տարիների ընթացքում ձեւավորված բիզնես եւ տարաբնույթ համագործակցային կապերով ու շահերով միահյուսված ընտրողները: Պատահական չէր, որ, օրինակ, ընդդիմադիր առաջատար դաշինքներում եւ նրա շուրջ տեսանելի էին տարբեր տրամաչափի բազմաթիվ նախկին պաշտոնյաներ եւ հանրային հայտնի դեմքեր:

Ինչ վերաբերում է պատերազմին, Արցախի ու Հայաստանի անվտանգության խնդիրներին, ապա կարելի է ենթադրել, որ կառավարող ուժի ընտրողներն այն կարծիքին էին, որ ինչ կորսվել է՝ էլ հետ չես բերի: Հետեւաբար, պետք է այնպես ընտրել, որ չկորսվի նաեւ քաղաքացիական  ազատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, արտոնյալների կաստայի ապամոնտաժման հնարավորությունը, ինչը նրանք, ակնհայտորեն, շատ են կարեւորում: Իսկ հանգամանքը, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը  Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը միայն Ռուսաստանի միջոցով են տեսնում, ընտրողների մեծամասնությանը թերեւս եզրահանգման է բերել, որ ներմուծովի անվտանգության «հանձնում-ընդունում» անելու համար ներկա կառավարության պլանավորման, կառավարչական ու կազմակերպչական համեստ կարողություններն էլ են բավարար:

Կհաջողվի՞ հաղթած ուժին պահպանել քաղաքացիական ազատությունների իր իմիջը, հանուն որի շատերն ընտրել են նրան, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, հիմա այդ իմիջը քերծվածքներ ստանալու վտանգի առաջ է: Լուրերը, որ մարզպետներից մեկը նախկին իշխանությունների քաղաքական հետեւորդ մի համայնքապետից պահանջել է հրաժարական տալ եւ նրա հանդեպ մարզպետարանի շենքում բռնություն է կիրառվել, վկայում է այդ մասին:

Անկախ այն բանից, թե համայնքապետը իր քաղաքական համակրանքը դրսեւորելիս օրենք է խախտել, թե ոչ, նրանից հրաժարական պահանջելն ու  բռնություն գործադրելը պետք է դրա հեղինակների համար օրենքով նախատեսված հետեւանք ունենա: Խախտումներ արած լինելու դեպքում՝ համայնքապետի համար եւս պիտի հետեւանքներ լինեն: Հասարակությունը նախկին հոռի բարքերը չի մերժել, որ շարունակի ականատես լինել համանման դրսեւորումների ու անպատժելիության:  Իրավասություններ վերազանցելու ու ամենակարողություն ցուցադրելու դեպքերն իսպառ բացառել հնարավոր չէ, բայց հնարավոր է բացառել օրենքի ուժով դրանց չարձագանքելու պրակտիկայի վերաարմատավորումը:

«Ներքեւները» չուզեցին, «վերեւները» չկարողացան

Ընտրություններում, թերեւս, զգալի դեր խաղաց նաեւ հանգամանքը, որ հատկապես նախկին իշխանություններին ներկայացնող քաղաքական ուժերը քարոզարշավում ժողովրդավարության ամրապնդումը, քաղաքացիական ազատությունները, հաշվետու եւ թափանցիկ կառավարումը որպես թեմա ընդհանրապես չարծարծեցին: Նրանց հիմնական ասելիքը պտտվում էր սահմանների ամրության, տնտեսական վերելքի ու բարեկեցության աճի շուրջ: Նրանք դիրքավորվել էին որպես փորձառու ամենագետներ, անսխալականներ ու ամենակարողներ՝ պատված իրենց ֆինանսական մեծ կարողությունների եւ «էլիտար» ապրելակերպի շուքով: Այդ «բարձունքից» նրանց ասելիքը, ընդհանուր առմամբ, հետեւյալն էր. մենք հանուն ձեզ պատրաստ ենք թողնել մեր վայելքներով լի անհոգ կյանքը եւ իշխանության գալ՝ փրկելու ձեզ:  Մենք կարող ենք կուշտ կերակրել ձեզ ու պաշտպանել արտաքին թշնամուց: Մենք նաեւ մեծահոգի ենք՝ կներենք ձեզ, որ 2018-ին կարծեցիք, թե առանց մեզ կգոյատեւեք, որ կարծեցիք, թե ժողովրդավարությունը, ձեր կամքով իշխանություն ձեւավորելը լավ բան է: Քանի որ դուք այնքան խելացի չեք, որ ամեն ինչ հասկանաք՝ ձեզ հիմարացրին ու զրկեցին մեր օրոք ունեցած դրախտային կյանքից ու հիմարացնում են մինչ օրս: Ոչինչ, անցած լինի, հիմա մենք վերադառնում ենք ու ամեն ինչ տեղը կգցենք:

Բայց այդպիսով անտեսվեց, որ Հայաստանում փոխվել են ժամանակները: Շատ քաղաքացիների համար այլեւս միայն ամուր սահմանները եւ լիքը սառնարանները չեն միակ պահանջմունքը, որքան էլ որ դրանք կարեւորագույնների շարքում են: Նրանք, ում համար քաղաքացու ազատությունները կարեւոր էին (եթե նույնիսկ ոմանց համար այդ ազատությունն ընդամենն անպատիժ հայհոյել է նշանակում),   ըստ երեւույթին, միակ շանսը տեսան ամբողջ քարոզարշավն ազատ քաղաքացու վճռորոշ գործոն լինելը շեշտադրող, քաղաքացո'ւն եւ ո'չ իրեն ամենակարողություն վերագրող կառավարող ուժին ձայն տալում:

Նախկին վերնախավի ներկայացուցիչների շողշողուն շոուների ոճով քարոզարշավի մթնոլորտը հասարակության մի մասի, հատկապես մայրաքաղաքային «գլամուրից» հեռու, չարքաշ առօրյայով ապրող մարզային բնակչության ընկալման մեջ, ավելի ակնառու դարձրեց նրանց՝ դեռեւս անցյալից եկող «Մենք վերեւն ենք, դուք՝ ներքեւը, մեր մեջ անհաս անդունդ կա»   կերպարը: Մինչդեռ, կառավարող ուժի քարոզարշավի ազդակները ճիշտ դրա հակառակն էին՝ մենք ձեզանից մեկն ենք, բոլորս ներքեւում ենք, մենք գերմարդիկ չենք, նաեւ սխալներ ենք արել, հիմա պիտի տեսնենք ինչպես ենք համատեղ ուժերով մեզ ու պետությունը վերեւ բարձրացնում՝ թույլ չտալով անցյալի վերադարձը: Օգնեք մեզ՝ մնացեք մեր կողքին: Եվ այս ուղերձն աշխատեց: Թե կառավարող ուժին ընտրածներից որ մասն է վստահ, որ իր ընտրյալները բավարար չափով տիրապետում են պետությունն «վեր բարձրացնելու» համար անհրաժեշտ հմտությունների՝ դժվար է ասել: Շատերի համար դա, թերեւս, երկրորդական, երրորդական նշանակություն է ունեցել:

Ի դեպ, թե ինչքան սուր է արտոնյալ «վերեւների» ու ստորադասված «ներքեւների» ընկալումը հասարակության մեջ, նաեւ վկայեց  ընտրության օրը հանրային քննարկման առարկա դարձած մի փոքրիկ դրվագ՝ ընտրատեղամասում վարչապետի ու իր ընտանիքի՝ մյուս քաղաքացիների հետ հերթ կանգնելը եւ երկրորդ նախագահի՝ ընտրատեղամասի միջանցքում ցուցակների մոտ խմբված մարդկանց կողքով անցնելն ու միանգամից ընտրական հանձնաժողովի սեղանին մոտենալը: Հանձնաժողովի անդամը, շտապելով սպասարկել նախկին նախագահին, անտեսեց քվեարկման ծրարը քվեատուփի մեջ գցել ցանկացող քաղաքացուն, ով սպասում էր, որ հանձնաժողովականը բացի քվեատուփի ճեղքը: Լրագրողների եւ ուղեկցող խմբի միջեւ հտմշտվող քաղաքացին ի վերջո սրտնեղած կանչեց՝ «Համբերե'ք՝ գցեմ արկղը»... Միայն դրանցի հետո նա արժանացավ հանձնաժողովի անդամի ուշադրությանը, որը մի ձեռքում նախկին նախագահի թղթերը՝ մյուսով բացեց արկղի ճեղքը:

Անտեսված «մանրուքներ»

Մասնակցության մասին: 1996-ից մինչեւ 2018թ. թե իշխանություններին եւ թե հանրությանն, ըստ էության, անհայտ է եղել, թե ինչ բնականոն ընտրական մասնակցության վարք ունի հասարակությունը: Ընտրությունները միշտ անցկացվել են անբնական մթնոլորտում եւ մեթոդներով՝ հասարակության քաղաքականապես պասիվ կամ կիսապասիվ հատվածին ընտրատեղամաս «բերման» ենթարկելով: Նման պայմաններում անհնար էր իմանալ, թե ինչքա՞ն է քաղաքացիական ինքնաբուխ ակտիվության չափը՝ քանի՞ տոկոս իրական մասնակցություն  կա: Նախորդ եւ այս ընտրություններին արձանագրված մասնակցության մասին խոսելիս սա եւս պետք է հաշվի առնել:

Բայց միայն այս հարցում չէ, որ անտեղյակություն է տիրել: 1996-ից մինչեւ 2018թ. եղած բոլոր ընտրություններում, հայտնի պատճառներով, աղավաղվել է ընտրողների նախապատվությունների պատկերը, եւ անհայտ է մնացել, թե նա «մաքուր», բնական ընտրական միջավայրում ինչպես կդրսեւորի իրեն, ինչը կկարեւորի, ինչը կտրուկ կմերժի եւ այլն: Այդ առումով կարելի է այս ընտրությունները սկզբից մինչեւ վերջ անկանխատեսելիության առումով առաջինը համարել:

Ակնկալիքների եւ արդյունքների տարբերության մասին: Հայ մարդը միշտ ծանոթ-բարեկամի «խաթրը» չկոտրելու բարոյական պարտավորություն  է զգում: Նրա համար դժվար է խնդրողի երեսին «ոչ» ասելը, հատկապես, եթե կախման մեջ է խնդրողից կամ պահանջողից: Ընտրությունների արդյունքներից հիասթափված ուժերն այս հանգամանքը գուցե այնքան էլ հաշվի չէին առել իրենց հաշվարկներում: Ամենայն հավանականությամբ, դեմ առ դեմ «ոչ» չասածների մի ստվար խումբ կամ չի գնացել ընտրելու, կամ քվեախցիկում, այնուամենայնիվ, օգտվել է իր խղճի մտոք քվեարկելու իրավունքից ու հնարավորությունից, քանի որ անցյալում կիրառվող «ստուգման» մեխանիզմները տեխնիկապես եւ տիրող ազատ մթնոլորտի բերումով այլեւս լայնածավալ կիրառելի չէին:

Չի կարելի անտեսել նաեւ հանգամանքը, որ ընտրարշավի ժամանակ կոշտ ընդդիմադիրների՝ «ով գործող վարչապետին ընտրի՝ նա դավաճան է կամ թուրք» եւ ավելի անվայել բառերով պիտակները հասարակության վզից «կանխարգելիչ» նպատակով կախելը եւս հետեւանք ունեցավ: Այդ մթնոլորտում, ըստ ամենայնի, շատերն իրենց թունդ, չափավոր կամ չարյաց փոքրագույն տարբերակով պրոփաշինյանական կողմնորոշումը գերադասեցին չբարձրաձայնել, բայց «խոսեցին» ընտրատեղամասերում:

Դուրս գալ խրամատներից

Հիմա առկա է իրավիճակ, երբ հասարակության կարծիքն իմանալու ժողովրդավարական միակ միջոցով՝ ազատ ընտրություններով պարզվել է քաղաքական ուժերի դասավորությունը: Ուստի, հետահայաց տարվել համեմատություններով, թե ով քանի հանրահավաք էր արել, ում որ հանրահավաքին քանի մարդ էր մասնակցել, նրանցից քանիսը սեփական կամքով, քանիսը ստիպված էին եկել, որ հանրահավաքի ծափերն էին ավելի կամ պակաս բուռն, կամ որ հանրահավաքի մասնակիցներն էին ավելի երջանիկ դեմքերով, անիմաստ է: Հասարակության կարծիքն արտահայտում է միայն ազատ, հավասար պայմաններում ու առանց կեղծիքների տրված եւ հաշվված քվեն:  Այս պահի դրությամբ առկա չէ այնպիսի ծավալի ու բնույթի ընտրախախտումների իրողություն, որը ի զորու կլիներ բացատրել ընտրությունների արդյունքներից հիասթափվածների ակնկալիքների ու փաստացի ստացած ձայների մեծ տարբերությունը: Եթե ինչ-որ պահի պարզվի, որ ընտրության արդյունքների վրա ազդող վճռորոշ ծավալի ու բնույթի խախտումներ են եղել, արդեն այլ խոսակցություն կլինի:

Ընտրության արդյունքների մասին հարցերի պատասխանները ընտրական գործընթացի  տեխնիկական մասի մեջ փնտրելու փորձերն այդքան էլ արդյունավետ չեն կարող լինել: Գլխավոր պատճառը մարդկանց հոգեբանության մեջ պետք է փնտրել: Թե ի՞նչ է զգում ու մտածում հայ քաղաքացին՝ անցած տասնամյակներում երկրի ղեկավարությանն առանձնապես չի հետաքրքրել: Հիմա, սակայն, բոլորը ստիպված են հետաքրքրվել դրանով ու փորձել հասկանալ:

Ժամանակը չի սպասում: Առաջ շարժվել է պետք՝ ուժերի լարումով մի կողմ թողնելով թշնամանքն ու ատելությունը: Ի դեպ, այստեղ եկեղեցին էլ անելիք ունի: Հասարակությանն ու քաղաքական դաշտին հանդուրժողականության, համերաշխության ու երկխոսության հիրավի անհրաժեշտ կոչեր հղելուն զուգահեռ՝ եկեղեցին պիտի այդ առումով աչքաթող չանի նաեւ իրողությունը, որ իր շարքերում էլ կան հրապարակային խոսքով ներհասարակական թշնամանքը կամա, թե ակամա սնողներ:

Դժվար թե Մայր Աթոռի ուշադրությունից վրիպած լինեն ընտրության արդյունքների մասին հայաստանյան երկու թեմերի առաջնորդների ֆեյսբուքյան գրառումները, որոնցում նրանք, ըստ էության, 680 հազար ՀՀ քաղաքացու  կատարած ընտրությանը արգահատանքի խոսքեր են ուղղել: Իհարկե, հասկանալի է, որ հոգեւորականներն էլ որպես քաղաքացիներ ունեն քաղաքական համակրանքներ ու հակակրանքներ, որ նրանք էլ են դառնացած ու վրդովված Հայաստանի ու Արցախի վիճակից, եւ ըստ գրառումների՝ նաեւ խիստ հիասթափված ընտրությունների արդյունքներից: Բայց նման ոճով քաղաքական կարծիք արտահայտելը արդյո՞ք ներդաշնակ է հոգեւորականի զուսպ ու ամեն ինչում սակավապետ կերպարին, արդյո՞ք մեծացնում է հոգեւոր դասի հանդեպ ակնածանքը եւ արդյո՞ք նպաստում է հասարակական համերաշխության վերականգնմանն ու եկեղեցի-հասարակություն կապի ամրապնդմանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընտրությունների հաջորդ օրը խոսեց միասնության, երկխոսության ու հաշտության անհրաժեշտության մասին: Իհարկե, նրա խառնվածքը հաշվի առնելով՝ դժվար է միանշանակ վստահ լինել, որ կարճ ժամանակ անց՝ նրա լեզուն նորից «քոր» չի գա ու իր քաղաքական ընդդիմախոսներին կոլեկտիվ ու մեկ առ մեկ չի ձաղկի աջ ու ձախ: Բայց քաղաքական ակտիվ անցուդարձին մասնակից ուժերի՝ երկխոսության պատրաստակամության պատասխան ազդակ հղելը հնարավորություն կտա այս «ինտերմեցցոն» կայուն վիճակի վերածել՝ լիցքաթափելու ներքաղաքական եւ ներհասարակական կոշտ դիմակայությունը եւ կենտրոնանալու Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած խնդիրները բովանդակային, թեկուզեւ՝ շատ թունդ, բայց կիրթ բանավեճերով լուծելու վրա:  Ի վերջո, եթե այսօրվա առանցքային քաղաքական դերակատարները կարողացել են Ալիեւի հետ մի սենյակում նստել, բանակցել-երկխոսել, պետք է որ կարողանան նաեւ իրա'ր հետ երկխոսել:

Դա չանելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կունենանք մի ԱԺ, որի նիստերը կհիշեցնեն ԵԽԽՎ-ում խրամատավորված հայ ու ադրբեջանական պատվիրակությունների ոխերիմ թշնամությամբ ներծծված հռետորական մարտերն այն մասին, թե ով, երբ, ինչ եւ ինչպես է արել, ով ում քանի անգամ ինչ է ասել...

Ինչպես փորձը ցույց տվեց, այդ մարտերը չնպաստեցին արցախյան խնդրի կարգավորմանը: Ճիշտ այդպես էլ՝ ԱԺ-ում խրամատից խրամատ համազարկերը չեն կարող լուծում տալ ներկա համազգային հրատապ խնդիրներին:

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին