Ռուբինյան-Քըլըչ՝ «պլյուս-մինուս» Ռուդենկո - Mediamax.am

Ռուբինյան-Քըլըչ՝ «պլյուս-մինուս» Ռուդենկո
4994 դիտում

Ռուբինյան-Քըլըչ՝ «պլյուս-մինուս» Ռուդենկո


Հունվարի 14-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Դրա ավարտից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նույնաբովանդակ հաղորդագրություններ տարածեցին՝ հանդիպումը որակելով «դրական եւ կառուցողական»: Պարզ է, որ տեքստը կողմերը պատրաստել եւ համաձայնեցրել էին նախքան հանդիպումը, ինչը վկայում է այն մասին, որ չնայած Փաշինյանի կառավարության պնդումներին` հայ-թուրքական գործընթացը ծավալված էր նախքան Ռուբինյանի եւ Քըլըչի հանդիպումը:

Հանդիպման նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել էր.
«Սա երկխոսություն է երկու երկրների միջեւ։ Մենք այդ ձեւաչափի մաս չենք կազմում»։

Հունվարի 14-ին, երբ Ռուբինյանը եւ Քըլըչը հանդիպում էին ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, Սերգեյ Լավրովը հանդես էր գալիս 2021 թվականն ամփոփող մեծ ասուլիսով, որի ժամանակ, մասնավորապես, ասաց.

«Մեր դերը կայանում է նրանում, որ օգնենք կողմերին ուղիղ երկխոսություն ձեւավորել: Հուսամ, դա մեզ կհաջողվի»:

Լավրովը նաեւ նկատեց, որ Ռուսաստանն է աջակցել, որպեսզի Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվեն հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին:

Դեռեւս 2021թ. նոյեմբերի 25-ին Մարիա Զախարովան ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանից խնդրել է միջնորդել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ միջնորդության համար: Ռուսաստանը շահագրգռված է եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, եւ մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ շարունակել դա»,- ասել էր նա։

Այսինքն՝ փաստ է, որ գործընթացը չէր մեկնարկի առանց Ռուսաստանի միջնորդության կամ աջակցության: Այստեղ տեղին է հիշել, որ Լավրովը ոչ միայն մասնակցում էր 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, այլեւ Էդվարդ Նալբանդյանին նրա ուղարկած երկտողը փաստացի փրկեց իրավիճակը. թուրքական կողմի առաջ քաշած պայմանների պատճառով ստորագրումը հետաձգվել էր մի քանի ժամով եւ կարող էր տապալվել:

Տեղին է հիշել նաեւ, որ Ցյուրիխում Լավրովի կողքին կանգնած էին ԱՄՆ պետքարտուղարը, Եվրամիության Բարձր Ներկայացուցիչը ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Այսօր հայ-թուրքական գործընթացում ներգրավված է միայն Ռուսաստանը, Հայաստանն էլ այն Հայաստանը չէ, որը կար 2009 թվականին՝ իր այն ժամանակվա բոլոր թերություններով հանդերձ: Որքան էլ խոցելի եւ բազմաշերտ էր Թուրքիայի հետ գործընթաց սկսելու Սերժ Սարգսյանի որոշումը, դա իր (կարդա՝ Հայաստանի) որոշումն էր: Այսօրվա գործընթացը Փաշինյանի որոշման արդյունք չէ, այլ մեր աղետալի պարտության եւ տարածաշրջանում տեղի ունեցած հսկայական փոփոխությունների հետեւանք:

Ռուբինյանի եւ Քըլըչի հանդիպումից հետո տարածած հաղորդագրություններում, ըստ էության, որեւէ բան չէր ասվում դրա բովանդակության մասին: Թերեւս, բովանդակային կարելի էր համարել միայն այն, որ «կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն առանց նախապայմանների»:

Ավելի բովանդակալից էր Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունը: Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ «կողմերը պատրաստակամություն են հայտնել երկխոսությունը վարել՝ կառուցողական, չքաղաքականացված հունով, թափանցիկության եւ կիրառական արդյունք նպատակադրելու ոգով, «փոքր քայլերով» պարզից դեպի բարդը շարժվելով»:

Առանցքայինն այստեղ «չքաղաքականացված» բառն է ու հետաքրքիրն այն է, որ այն հնչեցվում է ոչ թե երկխոսության մասնակիցների, այլ Ռուսաստանի կողմից, որի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն նախքան Ռուբինյանի եւ Քըլըչի հանդիպումը առանձին հանդիպումներ էր ունեցել երկու հատուկ ներկայացուցիչների հետ:

Առհասարակ, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո «չքաղաքականացնելը» դարձել է տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության կրեդոն: Մասնավորապես, խոսելով ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարների մասին՝ Սերգեյ Լավրովը մի քանի անգամ կոչ է արել քաղաքական հարցերը (մասնավորապես, Արցախի կարգավիճակին վերաբերող) ժամանակավորապես մի կողմ դնել ու կենտրոնանալ հումանիտար եւ տնտեսական հարցերի վրա: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի համար ցանկալի է նույն տրամաբանությունը տեսնել նաեւ հայ-թուրքական գործընթացում:

«Ստեղծված վիճակի թիվ մեկ պատասխանատու» (իր բառերն են) Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այլեւս «չքաղաքականացված» երկխոսություն է վարում Թուրքիայի հետ: Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Թուրքիան վերադարձել է այս տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար»: Կամ, այսպես ասենք, դա սոսկ հուզական խնդիր է: Իսկ գործնական խնդիրն այն է, որ այս «չքաղաքականացված» «տանգոն» պարում են ոչ թե երկուսով, այլ երեքով: Ընդ որում, այս «տանգոն» ծավալվում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի՝ օր-օրի ահագնացող եւ անկանխատեսելի հետեւանքներով լի լարվածության ֆոնին: Վիճակն այնպիսին է, որ տանգոյի դահլիճում ամեն պահի կարող են անջատվել լույսերն ու երաժշտությունը, ինչը անփորձ պարողի համար կարող է ճակատագրական լինել: Բայց Փաշինյանին դա չի մտահոգում: Նա դեռ 2019 թվականի օգոստոսի 5-ի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի իր հայտնի ելույթում («Արցախը Հայաստան է եւ վերջ») բառացի ասել էր.

«Իրատեսական ծրագրերը մեզ այլեւս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլեւս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է»։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին