Գլոբալ Մատենադարան եւ հայկական «Ֆինլանդիզացիա» - Mediamax.am

Գլոբալ Մատենադարան եւ հայկական «Ֆինլանդիզացիա»
21534 դիտում

Գլոբալ Մատենադարան եւ հայկական «Ֆինլանդիզացիա»


Առաջին մասը`Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում

Երկրորդ մասը` «Մոռանալ» Տիգրան Մեծին ու արժեք ստեղծել


2020 թվականի օգոստոսի 15-ին՝ պատերազմից մեկ ու կես ամիս առաջ, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց՝ «անվերապահ աջակցություն» հայտնելով Հունաստանին ու Կիպրոսին եւ կոչ անելով Թուրքիային քայլեր ձեռնարկելու Միջերկրական ծովի արեւելյան հատվածում լարվածության նվազեցման ուղղությամբ։

Թուրքիան արձագանքեց՝ ասելով, որ հայերը կարծես Միջերկրականը շփոթել են Սեւանա լճի հետ։ «Սեւրի պայմանագրի մասին Հայաստանի սադրիչ հայտարարությունից հետո Արեւելյան Միջերկրականի մասին վերջինիս կարծիքը անսահման անպատասխանատվության հերթական օրինակն է»,- նշել էր Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Դրանից մեկ ամիս անց հանդիպել էի մի բարձրաստիճան դիվանագետի հետ եւ տարակուսանք հայտնել, թե ինչու ենք նման «համարձակ» քայլեր անում։ Ի պատասխան լսեցի, որ անհանգստանալ պետք չէ՝ արտգործնախարարը նոր է վերադարձել Եգիպտոսից, նրան ընդունել է նախագահ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսին, որը հակաթուրքական ճակատ է ձեւավորում։

Սեպտեմբերի 13-ին Կահիրեի մամուլի ասուլիսում խոսելով Թուրքիայի դերակատարության մասին՝ Զոհրաբ Մնացականյանն ասել էր.

«Մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանն ուղղված ջանքերը»:

Երկու շաբաթ անց սկսվեց պատերազմը Թուրքիայի եւ ահաբեկիչ զինյալների մասնակցությամբ, եւ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսին մեզ ոչնչով չօգնեց, չնայած
ՀՀ նախագահը սեպտեմբերի 30-ին նրան նամակ էր գրել՝ խնդրելով «օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները»:

Հոդվածաշարի երկրորդ մասում գրել էի, որ հսկայական խզում կա մեր հավակնությունների եւ իրական հնարավորությունների միջեւ. վերը շարադրվածը, ցավոք, դրա ապացույցներից է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իհարկե առանձնանում է բացառիկ դիլետանտիզմով եւ ինֆանտիլությամբ արտաքին քաղաքականության հարցերում։ Բայց անպատասխանատվության օրինակները խոր արմատներ ունեն։

2013 թվականի ամռանը, երբ արդեն զգացվում էր, որ Մոսկվան որոշել է հակազդել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու Հայաստանի ծրագրին, մի եվրոպացի դիվանագետ ինձ ճաշի էր հրավիրել։ Երբ ասացի, որ ինչ-որ բան այնպես չի գնում, ասաց. «Հայկական կողմը մեզ վստահեցրել է, որ Պլան Բ չունի»։ Պլան Ա-ն Ասոցացման համաձայնագիր կնքելն էր։ Ես էլ ասացի, որ Պլան Բ միշտ պետք է ունենալ, անգամ եթե համոզված ես, որ Ա-ն հաջողելու ես։ Մեր այդ զրույցից երկու ամիս հետո Սերժ Սարգսյանը Սոչիում հայտարարեց «ի հայտ եկած» Պլան Բ-ի մասին՝ անդամակցություն Մաքսային միությանը։ Երբ փորձում էի հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց, մի բարձրաստիճան դիվանագետ այսպիսի անհավատալի թվացող բացատրություն տվեց. «Դե, մենք գործընթացի ակտիվ փուլը սկսել էինք Մեդվեդեւի նախագահության օրոք, եւ այն ժամանակ ռուսները մեզ չէին ասում, որ դեմ են»։ Սա գրեթե բառացի մեջբերում է։

Պատերազմի օրերին բոլորս էինք տարակուսում, թե ինչու ենք մենակ մնացել, ինչու են մեզ այդքան քիչ սատարում։ Պատերազմի երկրորդ օրը ռուսաստանյան մեդիայում նախկինում ազդեցիկ պաշտոն զբաղեցնող մի մարդ ինձ անձնական հաղորդագրություն ուղարկեց. «Բոլորս ձեզ հետ ենք եւ շատ անհանգիստ ենք ձեր երկրի համար»։ Ես էլ մտածում էի, եթե «բոլորդ մեզ հետ եք», ինչո՞ւ չեք բարձրաձայնում այդ մասին։

Պատերազմի ավարտից հետո ավելի սառը գլխով ինչ-որ եզրահանգումներ արեցի։ Մի պահ մի կողմ դնենք աշխարհաքաղաքական հարցերը եւ փորձենք հասկանալ, թե ինչու մեզ «չեն սիրում» կամ «քիչ են սիրում»։ Նախ՝ որովհետեւ մեզ չեն ճանաչում։ Հայաստանի ճանաչելիությանն ուղղված վերջին խոշոր միջոցառումները տեղի են ունեցել 2006 եւ 2007 թվականներին՝ Հայաստանի տարին Ֆրանսիայում եւ Հայաստանի տարին Ռուսաստանում։ Քանի որ ներգրավված եմ եղել այդ միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, կարող եմ փաստել, թե որքան ռեսուրս ու էներգիա էր ներդրվում դրանց մեջ։ Մեծագույն ձեռքբերում էր Լուվրում մի քանի ամիս տեւած Armenia Sacra («Սուրբ Հայաստան») ցուցահանդեսը։ Բայց անցել է 15 տարի, իսկ ժամանակակից «սոցցանցային» աշխարհում պետք է անընդհատ ներկայանաս, հիշեցնես քո մասին։ Աշխարհը փոխվեց, իսկ մենք շարունակեցինք ապրել հին ձեւերով։ Եթե 15-20 տարի առաջ մարդիկ բաց նամակներ եւ հայտարարություններ էին տարածում, այսօր շատերն անկեղծորեն հավատում են, որ «լացող սմայլիկ» դնելով՝ իրական կարեկցանք են հայտնում։

Պատերազմի օրերին ինքս հաճախ մտածում էի՝ լավ, ինչո՞ւ են լուռ ռուս մտավորականները, որոնք այդքան աջակցում էին մեզ Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ Հետո հասկացա՝ հին սերնդի ներկայացուցիչները կամ հեռացել են կյանքից, կամ արդեն չունեն նախկին ազդեցությունը, իսկ նոր սերնդի հետ մենք չենք աշխատել։ Ե՞րբ ենք վերջին անգամ Հայաստան հրավիրել ժամանակակից ռուս (ֆրանսիացի, գերմանացի, հույն՝ դուք շարունակեք) գրողների, դերասանների, երաժիշտների։

Մենք չենք գիտակցում, որ Ռուսաստանում արդեն ակտիվ չէ այն սերունդը, որը կարդացել է Անդրեյ Բիտովի ֆանտաստիկ «Հայատանի դասերը»։ Իսկ նոր «դասեր» մենք չենք տալիս։

Որքան էլ զավեշտալի ու ցավալի է, բայց պատերազմի օրերին Ռուսաստանը մեզ համար մարմնավորում էին երեք հոգի՝ Վլադիմիր Սոլովյովը, Արամ Գաբրելյանովը եւ վերջինիս կողմից Արցախ գործուղված լրագրող Սեմյոն Պեգովը։ Սա իրական ողբերգություն է, որից մենք դասեր չենք քաղել։ Անցել է մեկ տարի, որի ընթացքում ոչինչ չենք արել Ռուսաստանում նոր բարեկամներ գտնելու համար։

Կրկին դառնանք մեր չփաստարկված հավակնությունների թեմային։ Մեզ թվում է, որ աշխարհը մեզ պարտական է, որ մեզ պետք է սիրեն ու փայփայեն։ Բայց ինչո՞ւ։ Պետք է հասկանանք այն պարզ ճշմարտությունը, որ եթե ուզում ենք շահել աշխարհի սիմպատիաները, ապա պետք է հետեւողականորեն եւ շատ աշխատենք այդ ուղղությամբ։ Առհասարակ, վերջին պարտությունից հետո, երբ դեռ չենք վերականգնել մեր «կոշտ ուժը» (hard power), պետք է շեշտը դնենք «փափուկ ուժի» (soft power) վրա: Դառնալով երկրորդ մասում արծարծված արժեքների ստեղծման թեմային, մի օրինակ առաջարկեմ։

Մատենադարանը կարող ենք մարդկային ժառանգության պահպանության իրական համաշխարհային կենտրոն դարձնել՝ հատուկ ազգային ծրագիր մշակելով եւ դրա իրագործմանը պետական ու մասնավոր միջոցներ ուղղելով։ Ինչպես Լուվրը «մասնաճյուղեր» ունի տարբեր երկրներում, այդպես էլ Մատենադարանը կարող է ունենալ։ Վերջերս հերթական սկանդալը եղավ. ամերիկաբնակ լրագրող Հարութ Սասունյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին մեղադրեց 99 տարով մի հողակտոր վարձակալությամբ տալու համար։ Տեսականորեն այդ հողակտորում կարող էր լինել Մատենադարանի մասնաճյուղը։ Գիտեմ, թե որքան խրթինություններ կան Պատրիարքարանի եւ Սբ Էջմիածնի հարաբերություններում, բայց վստահ եմ, որ մեծ ազգային ծրագրերի ձեւակերպման պարագայում դրանք լուծելի են։

Մենք պետք է հետաքրքիր լինենք արտաքին աշխարհի համար եւ փոխկապակցված նրա հետ. այլ տարբերակ չունենք։ Եթե Ադրբեջանը աշխարհին տալիս է նավթ ու գազ, պետք է հասկանանք՝ մենք ինչ ենք տալու։ Եթե ոչինչ չենք տալու, որեւէ ակնկալիք էլ չպիտի ունենանք։

Լավ մոդել կարող է ծառայել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հիմնված Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից։ Իր հայկական արմատներով հանդերձ այն ընդամենը վեց տարվա ընթացքում հասցրել է էական դերակատարում ունենալ միջազգային մարդասիրական ինդուստրիայի ոլորտում։ Այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սամանտա Փաուերին նշանակեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար։ Սամանտա Փաուերը 2017 թվականից «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ էր, եղել էր Հայաստանում, եւ այդ հանգամանքներն անկասկած որոշակի ազդեցություն կունենան Հայաստանին աջակցության ծրագրերի դիտարկման ժամանակ։

Վերադառնանք քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերին։ Պատերազմի ավարտից հետո գրել էի Լավրովը, նրա «պլանը» եւ մեր անփութությունը հոդվածը, որտեղ ներկայացրել էի պատերազմին նախորդած հինգ տարվա ընթացքում Ռուսաստանի քայլերն ու հայտարարությունները եւ հայկական կողմի արձագանքները:

Հոդվածն ավարտվում էր այսպես.

«Խոսքը ոչ թե Մոսկվայի քաղաքականությունը փոխելու (դա, թերեւս, անհնար էր), այլ սեփականը որոշակի փոփոխությունների ենթարկելու մասին է: Ցավոք, առանց պատերազմի եւ պարտության մենք դրա անհրաժեշտությունը չհասկացանք»:

Ցավոք, մեկ տարի անց եւս չենք հասկացել։ Ռուսաստանի հնարավոր դերակատարության մասին մեր պատկերացումները (եւ ակնկալիքները) հիմնված են վաղ 90-ականների մասին հիշողությունների վրա (Վազգեն Սարգսյանի եւ Պավել Գրաչովի ընկերություն եւ այլն)։ Մոռանում ենք կամ չենք ցանկանում գիտակցել, որ անցել է գրեթե 30 (!!!) տարի, աշխարհում եւ Ռուսաստանում շատ բան է փոխվել։

Օրինակ, ըստ չհերքված հրապարակումների, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը սերտ կապեր ունի Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից մեկի՝ Գոդ Նիսանովի հետ։ Մենք երբեւէ փորձե՞լ ենք հակակշիռ ստեղծել։ Այսօր Հայաստանի լոբբիստները նույն մարդիկ են, ինչ 20-30 տարի առաջ։ Օրինակ՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, որ Զատուլինի եւ Նարիշկինի «քաշային կատեգորիաները» անհամեմատելի են։

Վրդովվելով Նարիշկինի եւ Նիսանովի ենթադրյալ մտերմությունից՝ դարձյալ ելնում ենք արդեն հիշատակված պատկերացումից, որ Ռուսաստանը մեզ ինչ-որ բան է պարտք։ Չենք հասկանում, որ եթե Ռուսաստանի շահերից է բխում լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, Մոսկվան ամեն ինչ անելու է այդ նպատակին հասնելու համար։ Պայքարել սրա դեմ՝ նշանակում է նմանվել Դոն Կիշոտին։ Փոխարենը պետք է փորձել հարաբերությունների այնպիսի որակ ու ծավալ ձեւավորել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում ընկալվեն որպես քիչ թե շատ համարժեք գործընկերներ։

Մենք ուզում ենք, որ աշխարհը մեզ ճանաչի ու սիրի, բայց գրեթե ոչինչ չենք անում դրա համար։ Տասնամյակների ընթացքում կարելի էր Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բուհերում ստեղծել Հայաստանի ուսումնասիրությամբ զբաղվող կրթական ծրագրեր։ Կարելի էր հատուկ անվճար տեղեր հատկացնել մեր բուհերում եւ տարեկան մի քանի տասնյակ ուսանողներ հյուրընկալել Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Եվրոպայից։ Միգուցե դրա արդյունքում չէինք ունենա այն իրավիճակը, երբ արեւմտյան քաղաքագիտական հանրույթում կա ընդամենը 1-2 փորձագետ, որ քիչ թե շատ ծանոթ է Հայաստանի ներքին անցուդարձին։

Նույն ամուլ վիճակը մեր երկրի ներսում է. դուք ճանաչո՞ւմ եք հայաստանյան որեւէ լուրջ քաղաքագետի, որը մասնագիտանում է բացառապես Ռուսաստանի վրա, Ռուսաստանի էլիտաներում ծավալվող իրադարձությունների գիտակ է։

Ինչպե՞ս ենք կառուցելու հարաբերությունները Ռուսաստանի հետ պատերազմից ու պարտությունից հետո։ Ինչպես արդեն նշեցի, պետք է մեծ ուշադրություն դարձնենք «փափուկ ուժին» եւ ավելի հասկանալի դառնանք ռուս մարդկանց համար։
Քաղաքական հարթության մեջ պետք է  խուսափենք մի գործընթացից, որը քաղաքագիտական շրջանակներում անվանում են «կալինինգրադիզացիա»։

Պատերազմից որոշ ժամանակ անց արդեն հիշատակված Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ «Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի Իսրայելը Կովկասում»։ Սա արմատապես սխալ հայեցակարգ է. Իսրայելը ոչ թե «ԱՄՆ-ի Իսրայելն» է Մերձավոր Արեւելքում, այլ «իր իսկ Իսրայելը»։

Քանի որ այսօրվա իրավիճակում մեր ընտրության հնարավորությունները խիստ սահմանափակ են, կարծում եմ, որ «կալինինգրադիզացիա»-ի փոխարեն տեսանելի ապագայում պետք է գնանք պայմանական «ֆինլանդիզացիայի» ճանապարհով։ «Ֆինլանդիզացիան» եւս քաղաքագետների կողմից ներմուծված եզրույթ է, որով բնորոշում էին Խորհրդային միության եւ Ֆինլանդիայի հարաբերությունները Երկրորդ աշխարհամարտից հետո։ 1982 թվականին Ֆինլանդիայի նախագահի պաշտոնում ընտրված Մաունո Կոկվիստոն ասել էր.

«Դաժան պատերազմները սովորեցրել են Ֆինլանդիայի ժողովրդին, որ փոքր ազգերը
պետք է հաշվի առնեն մեծ հարեւանի անվտանգային շահերը եւ զգուշանան կառուցել իրենց ապագան՝ ակնկալելով օվկիանոսի այն կողմի աջակցությունը»։

Որպես վերջաբան

Այս շարքը գրել եմ, քանի որ կարծում եմ, որ բոլորս էլ ազնիվ երկխոսության կարիք ունենք։ Ընդ որում՝ այդ երկխոսությունը չպետք է պարտադիր քաղաքականացված լինի։ Մենք կարող ենք ընդունել կամ չընդունել իշխանությանը կամ ընդդիմությանը, բայց չպետք է օգտագործենք այդ հանգամանքը սեփական անգործությունն արդարացնելու համար։ Պատմության ընթացքում կարող ուժերը միշտ էլ գտել են ճանապարհը՝ անգամ անելանելի թվացող իրավիճակներում։ Ինչպես ասում է իմ լավ բարեկամ Արամ Մեհրաբյանը, օրգանական պետություն կերտելու համար մենք պետք է առողջ հյուսվածքներ ստեղծենք ու դրանք միմյանց միացնենք։

Առաջին մասը`Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում

Երկրորդ մասը` «Մոռանալ» Տիգրան Մեծին ու արժեք ստեղծել

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին