Վաղուայ հոգեմտաւոր հայը եւ մեր ներկայ անելիքները - Mediamax.am

Վաղուայ հոգեմտաւոր հայը եւ մեր ներկայ անելիքները
3837 դիտում

Վաղուայ հոգեմտաւոր հայը եւ մեր ներկայ անելիքները


Չը գիտեմ ճիշտ օրն է նման մտքեր շարադրելու համար, թէ ոչ, բայց, տեսնելով լոզունգների այս առատութիւնը եւ իրական ծրագրերի սակաւութիւնը, ամեն դէպքում որոշեցի կիսուել մի քանի առաջարկ-դիտարկումներով:

Այս պատերազմից հետոյ մտքումս բազմաթիւ «քննարկումներ» կան: Մտորումներից մէկը հենց մեր պետականութեան շուրջ է: Ինչո՞ւ ենք հռչակել պետութիւն, ի՞նչն է, որ չէինք կարող անել առանց պետականութեան: Գնալով աւելի եմ համոզւում, որ ազգային պետութիւն ունենալու պարգեւը գոնէ ինձ համար հնարաւորութիւն է իրացնելու հոգեւոր իրաւունքներս` իր ամենալայն իմաստով: Օրինակ` պետութեան գոյութիւնը երաշխիք է, որ ինձ ոչ ոք չի արգելի հայերէնով մտածել եւ ըստ այդմ` գործել: Երաշխիք է, որ իմ ազգային հոգեմտաւոր ժառանգութիւնը կառաւարուելու է յօգուտ մեր ժողովրդի բարօրութեան: Այլ կերպ ասած` պետութիւնը կոչուած է երաշախաւորելու իմ ինքնութեան անվտանգութիւնը ու ապահովելու այդ հենքով մեր զարգացումը: Իսկ թէ ինչ ասել է հայի ինքնութիւն, դա առնուազն այն է, ինչը ոչ մի կերպ չի հանդուրժւում մեր թշնամիների կողմից: Պետութիւնը այս համատեքստում, յատկապէս մշակոյթի ոլորտում, պիտի գործի պռոակտիւ` արդարացնելու իր գոյութեան իմաստը: Այսպիսի տագնապային իրաւիճակում նրա բոլոր ծրագրերը այլեւս չեն կարող չը լինել գերմտածուած եւ արդիւնաւէտ. ի ցաւ սրտի` այլեւս սխալուելու կամ պարապելու ժամանակ չի մնացել. հակառակ դէպքում կորցնում ենք ամեն ինչ… իսկ ինչի՞ց սկսել:

Կապիտալ ներդրումների իրականացում մշակոյթի ոլորտում: Կառաւարութիւնը մշակոյթի ոլորտի իր երկարաժամկէտ ծրագրերում պիտի նախատեսի կապիտալ իրական ներդրումներ, որպեսզի աստիճանաբար բարեփոխի գործող մշակութային ենթակառուցուածքները ու ստեղծի նորերը: Սա ենթադրում է նաեւ ներդրումներ բովանդակային մասի համար: Անկախութեան շրջանում, համեմատ խորհրդային շրջանի, պետութիւնը մշակոյթի ոլորտում կատարել է առաւելապէս «կոսմետիկ» բնոյթի ներդրումներ (բացառութիւն են կազմում մի քանի խոշոր ծրագրեր, որոնք էլ, սակայն, իրագործուել են հիմնականում անհատ բարերարների ներդրումներով), իսկ այդ եղած ներդրումներն էլ` անցնելով բիւրոկրատական համակարգերով՝ յատկապէս յայտնի գնումների ընթացակարգերով, բերել են այս արդիւնքին: Մեր հասարակութիւնը չի փայլում մասնագիտական կարգապահութեամբ, ուստի արդիւնաւէտ կառաւարման համար առնուազն պիտի ունենանք երազել կարողացող ու նուիրում ունեցող կառաւարիչներ: Ժամանակին տարբեր պաշտօնատար անձանց ներկայացրել եմ կապիտալ ներդրումների առաջարկութիւններ, այդ թւում` հնագիտութեան առանձին թանգարան ստեղծելու վերաբերեալ: Այն ենթադրում էր պետական ներդրում կամ գոնէ դրամագլխի տրամադրում, որը կը դառնար երաշխիք՝ մնացեալ մասով մասնաւոր ներդրումներ բերելու համար: Մենք խօսում էինք առնուազն քսան տարուայ կտրուածքով խնդիրներ լուծելու մասին, իսկ մեզ հակադարձում էին իրենց հանդէս-միջոցառումների քանակով: Եթէ ուզում ենք որեւէ յաջողութեան հասնել, պիտի երկարաժամկէտ կտրուածքով կարողանանք խնդիրներ ձեւակերպել: Անորոշ ժամկէտով նշանակուած կառաւարիչը, եթէ չ’ունի խանդաւառութիւն, միշտ էլ նախընտրելու է արագ իրականացուող ծրագրեր: Ուստի կապիտալ ներդրումով ծրագրերի առաջարկները պիտի մշակուեն բացառապէս անմիջական իրականացնողից դուրս հարթակներում: Ցաւօք մշակոյթի ոլորտում կապիտալ ներդրումներ կատարելու որոշման համար յաճախ նկատի է առնւում տնտեսական կամ պոպուլիստական վերջնարդիւնքը: Մեր պետականութիւնը վերաիմաստաւորելու համար պիտի գործենք սրա ճիշտ հակառակ տրամաբանութեամբ:

Հայագիտութեան զարգացում եւ արդիւնքի կապիտալիզացում: Պետք է գիտակցենք, որ առանց պետութեան շահագրգռուածութեան ոչ ոք մեր փոխարէն հայագիտութիւնը ի նպաստ հայի չի զարգացնելու: Պետութեան սրբազան առաքելութիւնն է հայագիտութեան ոլորտում սահմանել երկարաժամկէտ խնդիրներ եւ էապէս մեծացնել ոլորտի ֆինանսաւորումը: Սա այն բացառիկ ուղղութիւններից է, որով կրկին իմաստաւորւոմ է մեր` պետականութիւն ունենալու հանգամանքը: Տարիների քրտնաջան աշխատանքի եւ նուիրումի արդիւնքում ստեղծուել է հայագիտական հսկայ արդիւնք: Մշակութային ոլորտի պետական ծրագիրը պիտի յստակ սահմանի, թէ ինչպէս է այս արդիւնքով մեզ աւելի հոգեւոր եւ մտաւոր մարդ դարձնելու: Պետական քաղաքականութեան կոնկրէտ ծրագրերի շնորհիւ հայագիտութիւնը պիտի անմիջական ազդեցութիւն ունենայ ազգային տարբեր ոլորտներում: Պետութիւնը գոնէ հիմնական ուղղութիւններով պիտի հանդէս գա իբրեւ «պրոդիւսեր» եւ որոշ նախաշաւիղներ արտացոլի կառաւարութեան ծրագրում եւ այլ իրաւական ակտերում: Փոխարէնը` ներկայիս կառաւարութիւնը խնդիր էր դրել մեզ դարձնել «երջանիկ» քաղաքացի (տե՛ս կառ. ծրագիր, էջ 25, 34): Տեսնես ո՞վ էր լիազօրել կառաւարութեանը սահմանելու իմ երջանկութեան չափը: Երբ ձեւաւորւում էր ԿԳՄՍ նախարարութիւնը, ինձ համար ակնյայտ էր, որ արդիւնքում որոշումների ընդունումը բարդանալու է, որի հետեւանքով տուժելու են բոլոր ոլորտները: Պատճառաբանւում էր, որ գիտութեան պոտենցեալը աւելի լաւ կը համադրուի մշակոյթի եւ կրթութեան հետ, սակայն այս առումով ոչ մի ֆունդամենտալ ծրագիր նկատելի չ’եղաւ, որը չէր կարելի իրագործել առանց այս միաձուլման: Ուստի այս ոլորտները պետք է նորից առանձնացուեն եւ միմեանց հետ համադրուեն ոչ թէ զուտ վարչական, այլ բովանդակային առումներով:

Ռազմաւարական նշանակութեան հրատարակութիւնների կազմակերպում: Մեր լեզուի անվտանգութեան եւ, առհասարակ, մեր մտաւոր զարգացուածութեան ապահովման առումով պետութիւնը ունի պոզիտիւ պարտաւորութիւններ: Դրա իրականացման գործիքներից մէկը ռազմաւարական նշանակութիւն ունեցող հրատարակութիւնների կազմակերպումն է: Եթէ պարզ օրինակով խօսեմ, աշխարհում կան կարեւոր նշանակութիւն ունեցող աշխատութիւններ, որոնք չեն կարող չը թարգմանուել հայերէն: Խնդիրն այն է, որ հրատարակիչների համար այդպիսի շատ գործեր կարող են տնտեսական գրաւչութիւն չ’ունենալ: Այստեղ է, որ պետութիւնը պիտի լրացնի այդ բացը: Մէկ այլ հարց է նաեւ մեր անվտանգութիւնից ելնելով հայութեան մօտ ձեւաւորուող միտքը աշխարհին ճանաչելի դարձնելը: Դրա համար նախեւառաջ պիտի ունենանք թարգմանչական քաղաքականութիւն` տեսլական: Թարգմանուող գրականութեան որեւէ ցանկ շրջանառելուց առաջ պիտի յստակեցուեն ակնկալիքները: Առանց խնդիրների սահմանման եւ գործարկման մեխանիզմների որեւէ ֆինանսաւորում շոշափելի արդիւնքի չի բերելու: Այլ կերպ ասած` պատուէրից մինչեւ շահառուին հասցնելու ճանպարհը պիտի յստակ լինի: Եթէ պետութեան խնդիրը «երջանիկ քաղաքացի» ձեւաւորելն է, ապա նման մեխանիզմների կարիք առհասարակ կարող է չը լինել: Հրատարակչական ոլորտում կան նուիրեալ անձեր, որոնց անհատական ջանքերի յաշուին ստեղծուել են զարգացման հնարաւորութիւններ. մինչ ամբողջական ծրագիր մշակելը, պետութիւնը կարող է հաշուի առնել այդ մարդկանց փորձառութիւնը:

Թանգարանային ոլորտի համար իրաւական կարգաւորումների ապահովում: Ինչո՞ւ եմ առանձնացնում հենց թանգարանները, որովհետեւ դրանք այն կառոյցներն են, որտեղ ընթանում են մարդու հոգեւոր եւ մտաւոր ձեւաւորման շատ կարեւոր պրոցեսներ: Թանգարանների ոլորտը իրական բարեփոխութիւնների կարիք ունի: Դրա առաջին քայլը պիտի սկսուի ոլորտը կարգաւորող օրէնքի եւ նրանից բխող մի շարք օրէնսդրական ակտերի ընդունմամբ: Խնդիր կա րոպէ առաջ լուծելու թանգարանային առարկաների անվտանգութեանն առնչուող մի շարք հարցեր, որոնց ահագնացող վտանգների վերաբերեալ բազմիցս խօսել եմ մասնագիտական համայնքում: Սակայն խնդիրը լուծելու համար նախեւառաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք, հակառակ դէպքում իրապէս աշխատող օրէնք հնարաւոր չի լինելու ընդունել: Վերջապէս՝ պետութիւնը իրաւական ակտերով պիտի սահմանի թանգարանների գործառոյթները, որպեսզի կարողանայ գոնէ հասկանալ, թէ իր թանգարանները ինչ դեր պիտի ունենան ընդհանուր մշակութային քաղաքականութեան մէջ: Այլ կերպ ասած` եթէ պետութիւնը չը գիտի, թէ ինչով է զբաղւում թանգարանը, ի՞նչ է պահանջելու նրանից: Աւելին` պետութիւնը այսօր տեղեակ չէ, թէ ինչ նիւթական ժառանգութիւն ունի: Երկրում բացակայում է թանգարանային առարկաների միասնական ռեեստրը: Ոլորտին անտեղեակ մարդու համար անգամ պարզ է, թէ ինչ կարեւորութիւն ունի ռեեստրը յատկապէս վերահսկողութիւն իրականացնելու համար:  

Ժողովրդական արուեստի ոլորտը հռչակել ռազմաւարական: Տարիներ շարունակ այս ոլորտը եղել է պայքարի թէժ կիզակէտ: Գրեթէ այն, ինչ մեզ համար համարվում է ժողովրդական արուեստ, մեր հարեւանների կողմից դառնում է թիրախ: Դրանք կամ ոչնչացւում են կամ գիտական կեղծիքով խեղաթիւրւում կամ պարզապէս իւրացւում: Պատերազմից հետոյ թշնամական այս ծրագրերը գնալով ահագնանալու են: Պարզ օրինակ բերեմ. այլեւս արցախեան գորգերի մասին նոյն կեցուածքով չենք կարողանալու խօսել: Թշնամին այսօր աշխարհի համար աւելի լսելի է դարձել: Իսկ ի՞նչ պիտի անենք մենք: Նախեւառաջ ստեղծուած իրաւիճակում ժող. արուեստի ոլորտը պիտի առնուազն մի քանի տարով հռչակուի ռազմաւարական նշանակութեան, եւ կատարուեն կապիտալ ներդրումներ: Իրաւիճակը պատկերացնելու համար մի օրինակ տամ. մեր պետութիւնը հայկական գորգի վերաբերեալ չունի գոնէ մէկ ժամանակակից ֆունդամենտալ աշխատութիւն, որը ստեղծուել է պետական ջանքերով: Ի՞նչ են նուիրում մեր դեսպանները իրենց կարեւոր հիւրերին: Ի՞նչ քարօզչական նիւթեր է ստեղծում պետութիւնը առհասարակ: Այսպիսի պրոցեսների երեւացող եւ տեղ-տեղ չ’երեւացող պրոդիւսեր պիտի լինի հենց պետութիւնը: Նման հարցերում մեր թշնամիները բաւականին տաղանդաւոր են գործում, սակայն մենք էլ պիտի մեր անելիքները ծրագրենք: Սա թէժացող առաջնագիծ է, որտեղ պարտութիւնը սարսափելի աղէտի է բերելու: Մեր սերունդները մշակութաբանական առումով զրկուելու են բազմաթիւ հենակետերից, որոնցով այսօր հազիւ դիմակայում ենք: Այս համատեքստում օր առաջ անհրաժեշտ է միջազգային նշանաւոր կենտրոնների հետ համատեղ կազմակերպել հայկական մշակոյթը ներկայացնող ցուցահանդէսներ եւ հրատարակութիւններ: 2018-ից առաջ այդպիսի յաջողուած ցուցադրութիւններ եղել են:

Ոլորտային դիտարկումներս շատ են, պարզապէս, չը ծանրացնելու համար սիւնեակը, այս պահին սահմանափակւում եմ այսքանով: Իբրեւ եզրափակում` ցանկանում եմ մի կարեւոր բան շեշտել. պետական մշակութային ծրագրերը եւ դրանցից բխող քայլերը պիտի ունենան առնուազն մէկ յստակ նպատակ` մեզ որպէս հոգեմտաւոր մարդ աւելի լաւը դարձնել եւ հիմք ստեղծել վաղուայ մարդու ձեւաւորման համար: Եթէ մեր ծրագրերը չեն ծառայում այս գաղափարին, ապա նոր պարտութիւնները հեռու չեն լինելու:

Նարեկ Աշուղաթոյանը «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետերն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին