Հսկայ խզումների ժամանակը եւ Շուշիի մշակութային կորուստը - Mediamax.am

Հսկայ խզումների ժամանակը եւ Շուշիի մշակութային կորուստը
2785 դիտում

Հսկայ խզումների ժամանակը եւ Շուշիի մշակութային կորուստը


Այս պարտութեան ցաւեցնող դրուագներից մէկն էլ այն էր, որ Շուշի քաղաքից չը տարհանուեցին թանգարանային առարկաները, իսկ դրանց ճակատագիրն առ այս պահն անյայտ է, սակայն մեզ համար` ենթադրելի: Շուշիում կար գորգերի մասնաւոր թանգարան, որի հաւաքածուի սեփականատէրը բարեբախտաբար կարողացել է դուրս բերել հիմնական ցուցադրութեան նմուշները: Պարզ է չէ՞, թէ ինչ կը լինէր դրանց վիճակը, եթէ այդ հաւաքածուն եւս գտնուէր պետական կառաւարման ներքոյ:
    
Միշտ էլ կարելի է հազար պատճառաբանութիւն բերել եղածի եւ չեղածի վերաբերեալ, սակայն իրողութիւնը մնում է այն, որ պետական թանգարանների առարկաները մնացին թշնամուն: Այդ թանգարանների շարքում էր նաեւ Շուշիի կերպարուեստի թանգարանը, որն ունէր ժամանակակից հայ ստեղծագործողների աշխատանքների բաւականին հարուստ հաւաքածու: Անուններ չեմ նշի, բայց Երեւանում որոշ անհատներ մխիթարւում են նրանով, որ այդ նիւթերի մեծ մասը ժամանակակից արուեստագէտների գործեր են: Եվ պատկերացրէք, որ դա ասում են մշակոյթի կառաւարմանն առնչուող մարդիկ: Իրականում` սրանով շատ լաւ արտացոլւում է մեր վերաբերմունքը ժամանակակից ստեղծագործողի նկատմամբ. քանի դէռ արուեստագէտը չի «մեռել», նրա գործը մեզանում արժէք չունի: Ներկայի արժէքը թողած` անհամբեր սպասում ենք ողբալ արժէք ստեղծողի վախճանը ու «վայելել» յիշատակի անբովանդակ ծէսերը:

Մի քանի օր առաջ քեռիս ինձ հետ զրոյցում ճիշտ բան նկատեց: Մարդիկ այս պատերազմի ընթացքում տներից հանում էին կենցաղային իրեր, անգամ` սանհանգոյց եւ նման այլ բաներ, բայց, փաստացի, թանգարանային ժառանգութիւնը դուրս հանող չեղաւ` թէկուզ դէմ գնալով օրէնքին կամ վերադասի անգործութեանը (իրական պատճառը չը գիտեմ, արձանագրում եմ զուտ փաստը): Յիշում էք չէ՞ մեր գաղթականների օրինակները, որոնք առանց պետականութիւն ունենալու բնազդաբար ինքնակազմակերպւում էին եւ հազարաւոր մասունքներ փրկում: Միայն Մշո Ճառընտրի օրինակը մի ամբողջ ֆիլմի սցենար կարող է լինել: Ժամանակին առիթ ունեցել եմ գրելու այդ մասին, թէ ինչպէս էին հայ գաղթականները փրկում ասեղնագործ պատառիկներ, որոնց շնորհիւ յետագայ սերունդները կարողացան վերականգնել մշակութային աւանդոյթներ: Ի դէպ, ցեղասպանութեան տարիներին գաղթականների կողմից դուրս բերուող շատ նմուշներ յետհայաց կարելի է համարել այն օրերի «ժամանակակից արուեստի» գործեր:

Սրանք խօսուն օրինակներ են այն մասին, որ մեր մի քանի սերունդների միջեւ առկայ են հոգեւոր զգացողութեան, ընկալումների անբնական հսկայ խզումներ:

Պետութիւնները պատերազմները յաղթում են, պարտւում են: Թէ՛ յաղթանակի եւ թէ՛ պարտութեան պատճառները հասարակութիւնները յետոյ մշտապէս քննարկում են, որպէսզի դասեր քաղեն: Զգացողութիւն ունեմ, որ ներկայ պարտութեան պատճառները, ի շարս այլնի, ուղակիօրէն առնչւում են յիշատակածս խզումների հետ: Եթէ առաջիկայում ցանկանում ենք որպէս կազմակերպուած հասարակութիւն կամ պետութիւն որեւէ լուրջ հարց լուծել, ապա աստիճանաբար պիտի սկսենք խորհել այս խզումների իրական ակունքների եւ դրանց հնարաւոր շտկումների մասին: Գուցէ ասածս վերացական թուայ, բայց մի բանից պիտի սկսենք ու սկսելու ենք հենց պատճառների ախտորոշումից:

Յ.Գ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Էրմիտաժի գանձերը փրկուել են մարդկային նուիրումի եւ մեծ ջանքերի հաշուին: Թանգարանի ղեկավարն այդ սեւ օրուան պատրաստուել էր 1939 թուականից, երբ երկիրը դէռ պատերազմի մէջ չէր: Եվ հեռուն տեսնող այդ ղեկավարն ազգութեամբ հայ Յովսէփ Օրբելին էր:

Նարեկ Աշուղաթոյանը «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետերն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ծակող հարցերի ժամանակը
Մեր ընտրանին