Ծակող հարցերի ժամանակը - Mediamax.am

Ծակող հարցերի ժամանակը
2985 դիտում

Ծակող հարցերի ժամանակը


Եռակողմ չարաբաստիկ այդ յայտարարութիւնից յետոյ մէջս իսկական քաոս սկսուեց: Առաւօտեան, երբ տղեքս արթնացան, չը կարողացայ իրենց աչքերին նայել: Չ’նայած տարիքով փոքր են, բայց ինձ թւում էր, որ ինչ-որ բան կը հարցնեն, ու ես ասելիք չեմ ունենայ եւ կամաչեմ: Դրանից աւելի յիմար վիճակում կեանքում չեմ յայտնուել: Մի քանի օր պահանջուեց, որ սկսեմ այդ քաոսն աւելի սառը վերլուծել:

Ինքս ինձ հարց եմ տալիս. եթէ պարտութիւնն այլ կերպ լինէր, ներսումս նման քաոս կը լինէր արդեօք: Կրկին մեծ ցաւ կապրէի, բայց մէջս անարդարութեան խորը զգացում գուցէ չը լինէր, որը չեմ կարողանում առ այս պահը յաղթահարել: Ինձ խաբել են: Դերասանական վարպետութեամբ ամեն օր «մտել» են մեր տուն եւ ստել, իսկ ես վստահել եմ սպայի խօսքին` չ’նայած` ճակատից ընկերներս պատմում էին ճիշտ հակառակը: Մենք ոչ մի պարագայում արժանի չէինք դրան: Քաոսն աւելի է խորանում, երբ գիտակցում ես, որ խօսել են ընդհանուր բանակի անունով, որին վստահում էի շատ: Սա դէռ մի կողմ. իշխանութիւնն ուզում է, որ մարդիկ շարունակեն իրեն վստահել:

Ու էլի հարց եմ տալիս ինքս ինձ. մի՞թէ այս վճռորոշ յայտարարութիւնը ինձ պիտի փոխանցէին ֆեյսբուքի ստատուսով. ես օգտատէր լինելուց բացի նաեւ իրական մարդ եմ:

***

Թէ ինչու այսպէս եղաւ, ժամանակը մանրամասներն, անունները, իրական նպատակները կը պարզի, բայց զուգահեռ մտքումս դէռ հարցեր են առաջանում, որոնք վերաբերւում են նաեւ անձիս:

Արժանի՞ էի ես արդեօք այդ սուրբ հողին: Ի՞նչ եմ արել այդ հայրենիքը «գրաւելու եւ կենտրոն դարձնելու» համար: Կոստան Զարեանի հերոս Հերեանի պէս քանիսս հաւատացինք, որ մեր «նաւը» լեռներով կարող ենք տեղ հասցնել, ասենք` Ֆիզուլի կամ Զաբրայիլ` յետագայ այլ «ափեր նաւարկելու» համար: Անշուշտ, ես այս հարցադրումներով չեմ փորձում արդարացնել այն ղեկաւար-պատասխանատուներին, որոնց անգործութեամբ, փնթիութեամբ կամ դիտաւորութեամբ այս պատուհասը եղաւ: Թող նախեւառաջ իրենք իրենց գործերի համար օրէնքով պատասխան տան, նոր յետոյ միայն խօսեն այս եւ նման հարցերից:

Յայտնի Գետաշէն երգը բոլորս գիտենք: Երգում էինք Արցախի կորցրած մի հատուածի մասին: Յիշում եմ` մեր դպրոցում ժամանակին լաւ էլ սովորեցնում էին, բայց քանի՞ անգամ ինձ որպէս աշակերտի տարան ուխտագնացութեան դէպի Արցախ` տեսնելու, հաղորդուելու իրականի հետ: Մենք բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը` ըստ մեր հոգեւոր ընկալումների, բայց կորցրած հայրենիքն աւելի շատ ենք սիրում, որովհետեւ կորցրածի յանդէպ իրական պատասխանատւութիւն չունենք: Ինչպէս աւագ ընկերս` Արամն է ասում. «Չարենցին սպանելու համար ոչ մէկս պատասխանատւութիւն չը վերցրինք, չապաշխարեցինք, բայց բոլորս սիրում ենք նրան, որովհետեւ չկայ»: Միշտ էլ կարելի է ասել` դէ՛ յանգամանքներն այլ էին: Եթէ այս հարցերի դառը պատասխանները չը դառնան մեզ համար ապաշխարութեան առիթ, մենք դատապարտուած ենք մեծ պարտութեան, իսկ կռիւները դէռ առջեւում են:

Նոր քննական աչքով պիտի նայենք մեր անցեալին եւ ներկային, գուցէ պարզուի` հարցեր կան, որոնց ազնիւ չենք մօտենում: Չեմ ասում, որ նսեմացնենք որեւէ բան կամ աւելորդ, վտանգաւոր պաթօս բերենք մեզանում, բայց օրինակ` ինչո՞ւ ենք մեր երեխաներին դպրոցներում սովորեցնում Ուրարտուի պատմութիւն: Որովհետեւ մեզ համարում ենք իրենց ժառա՞նգը: Ինչքանո՞վ ենք ազնիւ, երբ իրենց թողած ժառանգութիւնը երեսուն տարի ծածկում ենք շինարարական ծանր աղբով: Պիտի ընտրենք, թէ իրականում որն ենք ցանկանում. լինել ժառա՞նգ, թէ՞ լցնել շինաղբով մեր ողջ իրականութիւնը: Պիտի այդ ցաւեցնող հարցերը հնչեն բովանդակութիւն ունեցող մարդկանցից, այդ խօսոյթները պիտի կայանան մեզանում, որպէսզի կարողանանք կանգնել ապաշխարութեան: Ըստ իս` առաջ գնալու այլ տարբերակ չկայ, թէ՛ հաւատացեալ, թէ՛ անհաւատ մարդու համար:

***

Ու մենք պիտի ապաշխարենք: Որպէս քրիստոնեայ` ինձ համար ապաշխարելն ունի շատ խորը եւ հասկանալի իմաստ: Ցաւով եմ ասում` մեր առաջնորդներից ոչ մէկը երբէք ժողովրդից ներողութիւն չը խնդրեց իր որեւէ սխալի համար: Մէկը գործեց վատ, միւսը` աւելի վատ, մէկը` մի քիչ վատ կամ լաւ, չգիտեմ, բայց ոչ մէկը որեւէ աստիճանում ուժ չունեցաւ հանրային ձեւով ապաշխարելու. պարզ ասէր` կը ներէք ինձ, բայց այնպէս ասէր, որ չը կասկածէինք: Ապաշխարանքի իրենց ընկալումը եղաւ այն, որ ցոյց տուեցին, թէ յաջորդը կամ նախորդը իրենցից ինչքան աւելի վատն է, կամ թէ մենք ինչքան մեղաւոր ենք իրենց մեղքերի համար:

Մեր եկեղեցին սահմանել է եօթ մահացու մեղքեր, որոնցից մէկը հպարտութիւնն է: Ա՛յ հենց այս հպարտութիւնն է, որ չի թողնում մեզ անձնական եւ հանրային տիրոյթներում կանգնել ապաշխարութեան: Աւելին` հպարտութիւնը իմաստութեան փոխարեն դարձել է շատերի քաղաքական նոր կենսակերպը:

Մենք պիտի պատրաստ լինենք մեզ ծակող, ցաւեցնող հարցեր տալ: Պիտի ինքնաքննութեան ճանապարհ անցնենք: Այս գործը միայնակ անելը չափազանց դժուար է լինելու, որովհետեւ անձը հեշտ չի խոստովանում իր մեղքը: Դրա համար հոգեւոր եւ աշխարհիկ մտածող մարդիկ պիտի իրար օգնելով սկսեն այս ընթացքն օր առաջ: Չը կայ մէկը որ չը պիտի անցնի այս ճանապարհը: Անգամ թողութիւն տուող քահանան Սբ. Պատարագի ժամանակ միշտ խոստովանում է. «Մեղայ, մեղայ: Աղաչեմ զձեզ, խնդրեցէք վասն իմ յԱստուծոյ զթողութիւն»:

***

Ինչքան էլ տագնապած եմ, բայց հաւատում եմ, որ մենք առաքելութիւն ունեցող ազգ ենք ու պիտի արժանի լինենք այդ առաքելութեանը: Եվ զգոյշ պիտի լինենք, որ այդ առաքելութեան զգացումը չը լցուի անբովանդակութեամբ եւ ծնի հպարտութիւն:

Նարեկ Աշուղաթոյանը «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետերն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ծակող հարցերի ժամանակը
Մեր ընտրանին