«Նաւը լեռան վրայ». նոր ծանոթություն Կոստան Զարյանի հետ - Mediamax.am

exclusive
10197 դիտում

«Նաւը լեռան վրայ». նոր ծանոթություն Կոստան Զարյանի հետ


Կոլաժը՝ Աննա Աբրահամյանի
Կոլաժը՝ Աննա Աբրահամյանի

Լուսանկարը` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հուշային բաժին

Արամ Մեհրաբյանը
Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոստան Զարյանը
Կոստան Զարյանը

Լուսանկարը` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հուշային բաժին


Մեդիամաքսը վերագործարկում է «Գրքերի տաղավար» խորագիրը: Այսուհետ շաբաթ օրերին ներկայացնելու ենք ոչ թե մի քանի, այլ մեկ գիրք՝ զրուցելով հրատարակիչների, խմբագիրների կամ թարգմանիչների հետ:

 

«Սարգիս Խաչենց « եւ «Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի շրջանակում, Երվանդ Տեր-Խաչատրյանի աշխատասիրությամբ լույս է ընծայվել Կոստան Զարյանի «Նաւը լեռան վրայ» վեպը:

 

Մեզ հետ զրույցում  «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը նշեց, որ  անդրադառնում են այն գործերին, որոնք անցել են ժամանակի փորձությունը եւ ուրույն տեղ ունեն մշակույթի պատմության մեջ. «Կոստան Զարյանը մեր հրատարակչական ծրագրի առանցքային հեղինակներից է: Երվանդ Տեր-Խաչատրյանի աշխատասիրությամբ հնարավոր դարձավ ընթերցողին մատուցել «Նաւը լեռան վրայ» վեպը իր նախնական տարբերակով: Այլ կերպ ասած, սա «պեղումնաբանական» աշխատանք է, երբ հայտնաբերում ես, մաքրում քաղաքական ճնշումներից խեղաթյուրված, պատմական հանգամանքներից մոռացության մատնված  գործերը եւ իր սկզբնական տեսքով մատուցում ընթերցողին»:

 

-Երեւանում «Նաւը լեռան վրայ» վեպը լույս էր տեսել 1963-ին՝ փոփոխություններով եւ աղճատումներով: Համեմատելով գրաքննության ենթարկված եւ մայր տարբերակը` կարո՞ղ ենք ասել, որ այնուամենայնիվ, Զարյանին հաջողվել էր ասելիքը տեղ  հասցրել:

 

-Գիտեք, երբ կրճատում եւ արհեստականորեն աղճատում են երկխոսությունների, մտքերի ու մտորումների  խճանկարը, ասելիքը չի հասկացվում: Զարյանն այդ հրապարակման վերաբերյալ ասել է. «Ես ուզում եմ իմացվի, որ «Նավի» երկրորդ հրատարակությունը լույս է տեսել ճնշման, խաբեության եւ սպառնալիքի տակ: Երկրորդ հրատարակության վերջին մասը բոլորովին ավելորդ է, ինչպես նաեւ շատ փոփոխություններ վեպի ներսում....»: Ի վերջո, խորհրդային շրջանի եւ մերժամանակյա  ընթերցողը տարբեր է, եւ կարող էր այլ մեկնաբանությունների տեղիք տալ գիրքը:

 

-Կարելի՞ է ասել, որ գործ ունենք ոչ թե վերահրատարկված, այլ բոլորովին նոր, ընթերցողին անծանոթ վեպի հետ:

 

-Խորհրդային միության տարիներին այնպիսի փոփոխությունների է ենթարկվել, որ եթե համեմատենք, նոր վեպի ակնկալիք պիտի ունենանք: Թվում է ` ունի պարզ, ուղղագիծ սյուժե, բայց  մտորումները, զրույցները, բովանդակությունը գալիս են հաստատելու այն թեզը, որ այս տարածքում նախադրյալներ կան նոր, Արարատյան մարդու ծնունդի: Այլ կերպ պիտի ընթերցվի նոր գիրքը: Շատ կարեւոր է ամեն մանրամասնություն, ամեն մի փոքր երկխոսություն: Սա նոր ծանոթություն է Կոստան Զարյանի հետ:

 

-Արծրուն Ավագյանը «Եռակի վտարանդին» աշխատությունում նշում է, որ Կոստան Զարյանի մասին իր կենդանության օրոք մեզանում ավելի շատ լռել են, քան խոսել: Այսօր արդեն ըստ արժանվույն գնահատվո՞ւմ է Զարյանը: Հրատարակված գրքերը ավելի շատ ընթերցասերների՞, թե՞ մասնագետների շրջանում են արձագանք գտնում:

 

-Մենք խնդիր չենք դնում (մեր հրատարակած բոլոր գրքերին է վերաբերվում )  անմիջապես արձագանք տեսնելու: Իբրեւ հրատարակչություն` փորձում ենք ամրագրել Կոստան Զարյան գրողի, մտածողի ժառանգությունը: Այստեղ կարեւոր է նաեւ հասարակության վերաբերմունքը, որոնումները, անհանգստությունը: Կան արձագանքներ, բայց արձագանքը, այսպես ասենք, միայն դրվատանքի խոսքը չէ: Ես ավելին եմ ակնկալում, որ ընթերցողը, ըմբռնելով այդ ամենը, ինքնաճանաչողության ճանապարհով ավելի լավը դառնա: Մենք տեսնում ենք հերոսի անձնական զոհաբերությունների մի ամբողջ շղթա, հանուն վերանձնական մի գաղափարի, երազանքի: Պատրաստ կլինի՞ ընթերցողն այդ զոհաբերություններին, թեկուզ մասնակի, ուրեմն ինչ-որ չափով հասկացել է Զարյանին:

 

-Զարյանը գրում է, որ այս վեպը սովորական իմաստով պատմական վեպ չէ, այլ պատմություն մի քանի հայ հոգիների, որոնց վիճակված էր ապրել մեր ազգային կյանքի ամենաբախտորոշ շրջաններից մեկում: Էդուարդ Թոփչյանն իր գրախոսականում հավելում է, որ այն յուրատեսակ փիլիսոփայություն էի իր ժողովրդի ճակատագրի վերաբերյալ: Ակնհայտ է, որ «Նաւը լեռան վրայ» գիրքն այսօր էլ, գրեթե մեկ դար անց նույնչափ արդիական է: Ի՞նչ եք կարծում, եթե այն գրված լիներ այսօր,  նավը տեղ կհասնե՞ր:

 

-Ոչ, չէր հասնի: Պատմական ցանկացած ժամանակաշրջանում մարդը վերանձնական ծրագրեր պետք է ունենա: Երկրում աղետալի ժամանակներ էին, եւ տվյալ իրավիճակից ելքը` Հէրյանը տեսնում էր նավը Բաթումից Սեւանա լիճ հասցնելով, նավատորմ կառուցելով, իռացիոնալ քայլ անելով: Խենթություն, ուտոպիա: Բայց հենց այդ ժամանակներում Հայաստան եկան մի քանի հէրեաններ. Ռոմանոս Մելիքյան, Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Թամանյան…եկան, յուրաքանչյուրը իր «նաւ»-ը տեղ հասցնելու երազանքով եւ կամքով:

Կոստան Զարյանը Կոստան Զարյանը

Լուսանկարը` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հուշային բաժին

Նորը անընդհատ պիտի գա` չսահմանափակվելով չափումներով` երկիրը փոքր է, մեծ է, քանի հազար քառուկուսի մետր է: Մեծ-փոքր պայմանավորված է տվյալ ժողովրդի երազանքներով: Մեծ է երազանքը, մեծ է ժողովուրդը:

 

-Մենք ունենք անկախ Հայաստան, նավը տեղ հասցնելու արահերյանական երազանքը կարո՞ղ ենք ինչ-որ չափով իրագործված համարել:

 

-Ինչ-որ առումով` այո, անկախ Հայաստան ունենալը մեծ արժեք է: Հայաստանի անկախությունը հրովարտակներով, կոչերով չի իրագործվում, այլ ամենօրյա տքնաջան աշխատանքով: Յուրաքանչյուրս մեր աշխատանքով վերահաստատում եւ վերահաստատում ենք մեր երկրի անկախությունը:

 

-Անդրադարձը վեպին գուցե գրավի նաեւ ռեժիսորների ուշադրությունը: Արա Հերյանի պատմությունը, չե՞ք կարծում, որ խաղարկային ֆիլմի հրաշալի սցենար կարող է դառնալ:

 

- Ընթերցելիս` յուրաքանչյուր ոք յուրովի «ստեղծում  է» այդ ֆիլմը: Եթե որեւէ սցենարիստ, ռեժիսոր կարող է ասելիքը խտացնել ու կինոյի լեզվով մատուցել, ուրախ կլինենք: Կինոն մասսայականացնելու հնարավորություն է տալիս: Բայց դա երեւի ռեժիսորների, կինոգետների խնդիրն է:

Արամ Մեհրաբյանը Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Կոստան Զարյանի գործերի ո՞ր մասն է հրատարակված, որքան գիտեմ ձեռագրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

 

-Ոչ բոլորը, անտիպ նյութերը շատ են, հիմնական մասը ժառանգների մոտ է: Ուրախ կլինենք, որ հնարավորություն  լինի մի օր հրատարակել, բացահայտել ամբողջական Կոստան Զարյանին, որովհետեւ նոր նյութեր, նոր ձեռագրեր են հայտնաբերվում: Սարգիս Խաչենց « եւ «Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի շրջանակում հրատարակել ենք «Դեպի Արարատը», «Անցորդը եւ իր ճամփան», «Միացյալ նահանգները», «Բառերի ոսկին», մոտակա տարիներին լույս կընծայենք «Գիրք դյուցազներությանցը», «Բանկոոպը եւ մամութի ոսկորները»,  էսսեների ամբողջական երկհատորյակը եւ այլն:

 

-Զարյանին դրսում ներկայացնելու քայլեր արվո՞ւմ  են:

 

-Մենք նախ ներսում ներկայացնենք: Մեր հրատարակչական ծրագրի խնդիրը  հայերեն ներկայացնելն է: Արա Հէրեանը Սեւ ծովում էլ կարող էր նավապետ դառնալ, ի՞նչ կարիք կար նավը Սեւան բերել: Կարծում եք` Զարյանը ֆրանսերենով, գերմաներով չէ՞ր կարող գրել եւ հռչակ ապահովել:  Բայց ինքն էլ մի Արա Հէրեան էր: Վեպը նաեւ ինքնակենսագրական է: Նույն կերպարն է, նույն անձը, նույն մտորումներն ու զոհաբերությունը, այնպես չէ, որ  առասպելական կերպար է ստեղծել: Բարձրացվում են հարցեր, որ հավերժական են դառնում, կրկնվում են պատմական տարբեր փուլերում: Այն, որ վերջում բոլոր լքում են երկիրը, ինքը վերադառնում  է, դա անդավաճան նվիրումն է իր երազանքին, կոչումին, իր երկրին, եւ այս առումով նույնպես վեպը շատ արդիական է: Այսօր էլ թողնում-գնում են: Ո՞վ է իմաստավորում այստեղ մնալը:

 

- Իր բանաձեւմամբ`այստեղ մնալու համար սեր է պետք, կրակ  է պետք, եզան ճակատով խեւություն է պետք...

 

-Այո, եւ մի պահ չես հասկանում `100 տարի առաջ է գրվել վեպը, 20 տարի առաջ, թե երեկ: Ուղղակի քիչ է ասել, որ արդիական է, պետք է հասկանալ, որ եթե մենակ չլիներ, հինգ հոգով ունենային նավի երազանքը , խնդիրը կփոխվեր:  Քանի՞սն էին հավատում այդ ծրագրին: Ա'յ, սրա մասին է խոսքը...

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին