Ընտանիքի գլխավոր բարեկամներն ու թշնամիները - Mediamax.am

Ընտանիքի գլխավոր բարեկամներն ու թշնամիները
6001 դիտում

Ընտանիքի գլխավոր բարեկամներն ու թշնամիները


Քայքայվող ընտանիքների տոկոսը տարեցտարի աճում է, նորաստեղծ ընտանիքների քանակը՝ նվազում։ Մարդիկ ֆեյսբուքում ուրախ կիսվում են այն լուրով, որ համավարակի արդյունքում կտրուկ աճել են ամուսնալուծությունների քանակը Չինաստանում։ Ընտանիքը որոշ ճգնաժամի մեջ է։ Վերլուծաբանները մի քանի պատճառ են բերում՝ մարդկանց ակտիվ կյանքը երկարել է, եւ շատերը չեն պատկերացնում, այն էլ երիտասարդ տարիքում, որ պատրաստ են մեկ այլ մարդու հետ այդ ամբողջ ընթացքում համատեղ ապրել։ Դեր են խաղացել նաեւ ինքնակայացման հնարավորությունների զանազանությունը, հանրության կողմից առանց ընտանիք կազմելու համատեղ ապրուստը որպես նորմ ընկալելը եւ այլն։

 

Այս սյունակում չեմ անդրադառնա ընտանիքի քայքայման պատճառներին, այլ կխոսեմ նրա մասին, թե ինչու է պետք ընտանիքը եւ ինչպես անել, որպեսզի այն ամուր լինի։

 

Երբ մենք կնոջս հետ ընտանիք էինք կազմում, կայացրեցինք երկու հավասարազոր որոշում։ Առաջինը՝ որ այո, ամուսնանում ենք։ Եվ երկրորդը՝ որ երբեւիցե չենք բաժանվելու։ Դրանից հետո այդ հարցը երբեք անգամ չի քննարկվել, անկախ ամեն ինչից։ Մարդիկ երկու տեսակի գործողություններ են կատարում կյանքում՝ գիտակցված եւ անգիտակից։ Մենք կարող ենք անգիտակից կերպով վրդովվել, կոպտել, կարող ենք հակառակը՝ կարեկցել, հոգալ, տարվել։ Այսպիսի քայլերի համար մենք թեեւ կրում ենք որոշակի պատասխանատվություն, բայց նաեւ դրանք գնահատելուց հաշվի ենք նստում մեր մարդկային բնույթի հետ։ Բայց հնարավոր չէ անգիտակից կերպով ամուսնանալ, բաժանվել, անցնել աշխատանքի, ընդունվել համալսարան։ Այս տեսակի որոշումները ամբողջապես գիտակցված են, եւ նշանակում է՝ մենք դրանց համար լիովին պատասխանատու ենք։ Ինչից հետեւում է, որ եթե չափահաս ենք, ապա պետք է կարողանանք այդպիսի որոշումներ կայացնել ամենայն պատասխանատվությամբ։

 

Շատերը ամուսնանալուց գիտեն, որ երբեւիցե չեն բաժանվելու։ Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ այդ «գիտենալը» նշանակում է, որ կա արտաքին, չգիտակցված գործոն, որում դուք համոզված եք, բայց որը միայն ձեզանից կախված չէ։ Դա պիտի լինի ոչ թե «իմանալու» մակարդակով, այլ գիտակցված որոշման, եւ շատ պարզ պատճառով՝ եթե դուք ամուսնանալու պահին նման որոշում համատեղ չեք կայացնում, ամուսնանալը անիմաստ է։ Փորձեմ բացատրել, թե ինչու։

 

Ընտանիքը ստեղծվում է ոչ թե երջանիկ ապրելու (երջանիկ լինելը ամեն մեկիս ընտրությունն է, բայց դա առանձին խոսակցություն թեմա է), այլ համատեղ փորձություններ ունենալու համար։ Մարդիկ ի սկզբանե թերի են, եւ անխուսափելի է, որ սերտ շփման ընթացքում իրար ոչ միայն ուրախացնելու են, այլեւ շատ հաճախ ցավ են պատճառելու։ Փորձությունները համատեղ հաղթահարելով, մենք ամրանում ենք, դառնում ենք ավելի հասուն, ավելի ենք կապվում մեկս մյուսին, ձեռք ենք բերում իմաստություն։ Ընտանիքում ձեռք բերած փորձը օգնում է մեզ հաղթահարել նաեւ արտաքին փորձությունները, իսկ ընտանեկան սերտ ընկերային կապը դառնում է այդ պահերին մեր հիմնական հենարաններից մեկը։ Սակայն ընտանեկան փորձությունները երբեք հեշտ չեն տրվում։ Դրանք պահանջում են ներքին հոգեւոր աշխատանք, ինքնահաղթահարում, պայքար սեփական թուլությունների դեմ։ Ինչքան ավելի դժվար է ապրել ընտանիքով, այնքան ավելի լավ՝ դուք ավելի մեծ փորձ եք ձեռք բերում, ավելի ամուր եք դառնում, սովորում եք ներել, ցավ ապրել եւ հաղթահարել, հոգալ, երբ դուք հոգածության կարիք եք զգում եւ այլն։ Այդ հոգեւոր փորձությունների շնորհիվ դառնում եք ավելի լավ մարդ, ավելի ունակ եւ գիտակից։ Մենք պետք է շնորհակալ լինենք այն մարդկանց, ովքեր մեզ փորձությունների են ենթարկում, քանի որ իրենց շնորհիվ է, որ կայանում ենք։ Այս ամենը հաշվի առնելով, եկեք պատկերացնենք, որ ընտանիքը կազմելիս մենք ընդամենը «հույս ունենք», կամ «գիտենք», որ չենք բաժանվելու։ Դա նշանակում է, որ ամեն պահին ընտանիքի բուն նպատակը վտանգված է դառնում։ Փաստորեն, ամենաիմաստավորված պահին, երբ ընտանիքը իր ամբողջ ուժով ծառայում է իր հիմնական նպատակին, ենթարկելով ձեզ ծայրահեղ փորձության, դուք կարող եք քանդել այն։ Հիմա ասեք՝ ո՞րն էր այդ դեպքում ամուսնանալու իմաստը։

 

Փոխադարձ սերը, ջերմությունը, ընդհանուր հետաքրքրությունները շատ լավ նախադրյալներ են ընտանիք կազմելու համար, քանի որ հեշտացնում են մերձեցումը եւ բազմացնում են հաճույքները։ Դրանք, սակայն, նաեւ ընտանիքի գլխավոր թշնամիներն են, քանի որ թմրադեղի նման փափկացնում են սկիզբը, իսկ հետո, նահանջելով, մերկացնում են մեզ իրականության առջեւ, ինչին մենք պատրաստ չենք լինում։ Հետաքրքրությունները կարող են փոխվել, սիրո եւ ջերմության արտահայտումների աստիճանը՝ նվազել։ Եվ ստացվում է, որ «առանց այդ մարդու» ավելի լավ էր, քան «այդ մարդու հետ»։ Այո, իհարկե, առանց փորձությունների ապրելը շատ ավելի հեշտ է, քանի գնալ փորձությունների ճանապարհով։ Եթե ձեր նպատակը հեշտ ապրելն է, ապրեք ձեր հաճույքների համար, բայց զերծ մնացեք այլ մարդկանց եւ, առավել եւս, ձեր ապագա երեխաներին, այն հաճույքների գործիք դարձնելուց։ Եթե ձեր նպատակը զարգանալն եւ ամրանալն է, հոգեւոր եւ մարդկային արժեքներ ձեռք բերելը, ամուր, հաշտ եւ հավասարակշռված դառնալը, սեփական երեխաների մեջ լուրջ ներդրվելը (իսկ դա կյանքի լավագույն ներդրումն է), ապա ամուսնացեք, բայց որոշեք, որ այլեւս չեք հեռանալու իրարից եւ պայքարեք այդ որոշման համար կյանքի գնով, քանի որ դա է ամուսնության իմաստը։ Այլ կերպ ասած, եթե ընտանիքը ձեր կյանքի ամենակարեւոր բանը չէ, այն կազմել իմաստ չունի։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին